Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ, 107...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ, 1073-ՐԴ ԵՎ 1074-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ԵԿԴ/3445/02/08

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3445/02/08                      2009 թ.

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արման Ամիրաղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արման Ամիրաղյանի ընդդեմ Հակոբ Համբարձումյանի, Տիգրան Իորդամովի` պարտավորությունը համապարտ ճանաչելու, պետությանը հասցված վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով համապարտ պարտավորության մասնակիցների կողմից իրականացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արման Ամիրաղյանը պահանջել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի` 17.12.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրենից հօգուտ պետության բռնագանձված 115.569.500 ՀՀ դրամի հատուցման պարտավորությունը ճանաչել համապարտ և նշված գումարից 66.636.440 ՀՀ դրամի չափով վնասի վերականգնման պարտավորությունը դնել իր վրա, 42.076.470 ՀՀ դրամի չափով` Հակոբ Համբարձումյանի վրա, իսկ 5.856.600 ՀՀ դրամի չափով` Տիգրան Իորդամովի վրա:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.07.2009 թվականի որոշմամբ Արման Ամիրաղյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 29.04.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արման Ամիրաղյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հակոբ Համբարձումյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածները, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ և 1074-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Արման Ամիրաղյանը չի բողոքարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի դատավճիռն այն պատճառով, որ թե քրեական գործով առաջադրված մեղադրանքի և թե նշված դատական ակտի բովանդակությունից ակնհայտ էր, որ պետությանը պատճառված 115.569.500 ՀՀ դրամի չափով վնասը հասցվել է Արման Ամիրաղյանի, Հակոբ Համբարձումյանի և Տիգրան Իորդամովի համատեղ գործողությունների արդյունքում, նշված վնասի առաջացման հարցում նրանց յուրաքանչյուրի մեղավորության չափը պարզված է եղել և, առաջնորդվելով նշված ակտի եզրափակիչ մասով, որտեղ նշված է, որ ամբաստանյալներից հիշյալ գումարները համապարտության կարգով բռնագանձելու ընթացքում ծագած վեճերը պետք է լուծվեն քաղաքացիական դատավարության կարգով` Արման Ամիրաղյանը հիմք է ունեցել կարծելու, որ վերականգնելով համատեղ պատճառված վնասի մի մասը` նա պահպանում է ինչպես վերականգնված, այնպես էլ դեռ չվերականգնված գումարներն իր և մյուս ամբաստանյալների միջև արդարացի բաշխման հայց ներկայացնելու իրավունքը, և որ համատեղ հասցված վնասն արդարացիորեն կբաշխվի այն պատճառած անձանց միջև` իրենց յուրաքանչյուրի մեղավորության չափին համապատասխան: Արման Ամիրաղյանը չէր կարող կանխատեսել, որ Հակոբ Համբարձումյանի մասով վերը նշված դատական ակտը կբեկանվի և որ բեկանման հիմք կհանդիսանա Արման Ամիրաղյանի կողմից Հակոբ Համբարձումյանի հասցված վնասի վերականգնումը:

Սույն քաղաքացիական գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված ակտերում Արման Ամիրաղյանի պահանջի մերժման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Հակոբ Համբարձումյանի նկատմամբ քաղաքացիական հայց չի հարուցվել: Նշված դատողության տրամաբանությունը հուշում է, որ Հակոբ Համբարձումյանի նկատմամբ քաղաքացիական հայցի հարուցման պայմաններում Արման Ամիրաղյանի պահանջը կլիներ հիմնավոր և բավարարման ենթակա: Քաղաքացիական հայցի հարուցումը եղել է ՀՀ դատախազության պարտականությունը: Հակոբ Համբարձումյանի և Տիգրան Իորդամովի մեղքը պետությանը հասցված վնասի հարցում ապացուցված է քրեական գործով ձեռք բերված ապացույցներով և նշված հանգամանքն իր արտացոլումն է գտել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 26.03.2008 թվականի թիվ 61/08 որոշման մեջ:

Փաստորեն, մյուս ամբաստանյալների նկատմամբ քաղաքացիական հայց չհարուցելու փաստի բացասական հետևանքները կրում է բացառապես Արման Ամիրաղյանը, և նա միանձնյա նյութական պատասխանատվություն է կրում երեք անձի մեղավորության պատճառով առաջացած հետևանքների համար: Անհասկանալի է, թե ինչ կիրառական նշանակություն է տվել Դատարանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռի այն եզրահանգմանը, որ ամբաստանյալներից հիշյալ գումարները համապարտության կարգով բռնագանձելու ընթացքում ծագած վեճերը պետք է լուծվեն քաղաքացիական դատավարության կարգով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի այն եզրահանգմանը, որ Հակոբ Համբարձումյանից ևս 42.076.470 ՀՀ դրամի բռնագանձման դեպքում առաջանում է պատճառված վնասի կրկնակի բռնագանձում, և նրա մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանվել է` Հակոբ Համբարձումյանից 42.076.470 ՀՀ դրամի բռնագանձելու քաղաքացիական հայցի մասով` համապարտության կարգով վնասի բռնագանձման հայցը թողնելով լուծելու քաղաքացիական դատավարության կարգով: Եթե նշված եզրահանգումների տակ Դատարանն ի նկատի է ունեցել միայն ՀՀ դատախազության իրավունքը` վնասների բաշխման պահանջով հանդես գալու և բացառել է քրեական գործով անցնող անձանց` միմյանց նկատմամբ հայց ներկայացնելու իրավունքը, ապա դա միանշանակ սխալ մոտեցում է: Ստացվում է, որ Արման Ամիրաղյանը, 59.001.000 ՀՀ դրամի չափով պետությանը համատեղ պատճառած վնասը վերականգնելով, ոչ միայն ազատել է Հակոբ Համբարձումյանին պետության առջև ունեցած վերջինիս պարտավորությունից, այլ նաև ՀՀ դատախազության կողմից համապատասխան նախաձեռնությամբ հանդես չգալու պատճառով այժմ զրկված է պատճառված վնասն արդարացի բաշխելու հայց ներկայացնելու և սույն քաղաքացիական գործով արդարադատություն ակնկալելու հնարավորությունից և իրավունքից:

Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված սխալի հիմքում ընկած են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 26.03.2008 թվականի թիվ 61/08 որոշման ոչ լրիվ, ոչ բազմակողմանի հետազոտությունը և ոչ օբյեկտիվ գնահատականները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Ինչպես դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կայացրած իրավական ակտերը բխում են օրենքի պահանջներից և կայացվել են համապատասխան իրավական ակտերի կիրառմամբ: Մասնավորապես, Դատարանի կողմից պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների կանոնները, ճիշտ ներկայացվել են ապացուցման կարիք չունեցող փաստերը (մասնավորապես` դատական ակտերը) և բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում կայացվել են օրինական որոշումներ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ և 1074-րդ հոդվածները որևէ կերպ չէին կարող կիրառվել սույն վեճը լուծելու համար, քանի որ դրանց բովանդակությունից պարզ է դառնում, որ նշված հոդվածները բացառապես վերաբերում են տուժողի կողմից ներկայացված պահանջին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածը կիրառված է ճիշտ, քանի որ վեճը վերաբերում է պարտավորությունը համապարտ ճանաչելուն, ուստի վերը նշված նորմն էլ պետք է կիրառվեր:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի դատավճռով Հակոբ Համբարձումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով այն արարքի համար, որ 2006-2007 թվականների ընթացքում օժանդակել է առանց ապրանքների մատակարարման կեղծ հաշվապահական փաստաթղթերի տրամադրմանը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս` գանձման ենթակա առանձնապես խոշոր չափի ավելացված արժեքի հարկի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու եղանակով: Նշված արարքը կատարվել է Արման Ամիրաղյանի հանցակցությամբ:

Տիգրան Իորդամովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով այն արարքի համար, որ 2007 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում առանց ապրանքների փաստացի մատակարարման տրամադրել է կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս` գանձման ենթակա առանձնապես խոշոր չափի ավելացված արժեքի հարկի գումարը պետական բյուջե վճարելուց խուսափելու եղանակով: Նշված արարքը կատարվել է Արման Ամիրաղյանի հանցակցությամբ:

Արման Ամիրաղյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ և 205-րդ հոդվածի 2-րդ մասերով այն արարքի համար, որ 2006 թվականից մինչև 2007 թվականի հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում դրդել է առանց ապրանքների մատակարարման տրամադրել կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի վերաբերյալ հարկային տեսչությանը ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խուսափել է գանձման ենթակա առանձնապես խոշոր չափերի հարկերը պետական բյուջե վճարելուց, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Նշված արարքը կատարվել է Հակոբ Համբարձումյանի և Տիգրան Իորդամովի մասնակցությամբ:

Միաժամանակ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճռով վճռվել է` 1) «Հակոբ Համբարձումյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 42.076.470 ՀՀ դրամ գումար` հաշվի առնելով, որ նա 1.000.000 ՀՀ դրամի չափով արդեն իսկ հատուցել է պատճառված նյութական վնասը` բռնագանձումը տարածելով Երևանի Տիգրան Մեծի փողոցի 28-րդ շենքի թիվ 44 բնակարանի նրա բաժնեմասի վրա», 2) «Տիգրան Իորդամովից, որպես պետությանը պատճառված նյութական վնաս, բռնագանձել 5.856.600 ՀՀ դրամ` բռնագանձումը տարածելով Երևանի Լենինականի փողոցի 8-րդ շենքի թիվ 21 բնակարանի նրա բաժնեմասի վրա», 3) «ՀՀ գլխավոր դատախազության քաղաքացիական հայցը 115.569.500 ՀՀ դրամի չափով, բավարարել մասնակիորեն` 56.568.500 ՀՀ դրամի չափով, նկատի ունենալով, որ Արման Ամիրաղյանն արդեն իսկ հատուցել է վնասի մի մասը 59.001.000 ՀՀ դրամի չափով, ու այն բռնագանձել Արման Ամիրաղյանի անձնական ունեցվածքից` բռնագանձումը տարածելով կալանքի տակ գտնվող «Արման օիլ» ՍՊԸ, «Արման Ամիրաղյան» համատեղ ձեռնարկության շարժական կամ անշարժ գույքի, հաշվարկային հաշիվների դրամական միջոցների, ինչպես նաև Երևանի Շենգավիթ 4-րդ փողոցի թիվ 60 տան նրա բաժնեմասերի վրա» և 4) «Ամբաստանյալներից հիշյալ գումարները համապարտության կարգով բռնագանձելու ընթացքում ծագած վեճերը լուծել քաղաքացիական դատավարության կարգով»:

2) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 26.03.2008 թվականի թիվ 61/08 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ որոշվել է ամբաստանյալ Տիգրան Իորդամովի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ նրա վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքը մերժել: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ «Արման Ամիրաղյանի և Հակոբ Համբարձումյանի մասով ամբաստանյալների կողմից կատարած հանցագործությունների հետևանքով հասցված ընդհանուր նյութական վնասի չափը կազմում է 115.569.500 ՀՀ դրամ և վնասի հատուցումը պետք է կատարվի այդ չափով»` պատճառաբանելով, որ Հակոբ Համբարձումյանի նկատմամբ քաղաքացիական հայց չի հարուցվել և դատահաշվապահական փորձաքննության եզրակացության և փորձագետի ցուցմունքի համաձայն ստորադաս դատարանի լուծման դեպքում առաջանում է 42.076.470 ՀՀ դրամ պատճառված վնասի կրկնակի գանձում, որոշել է ամբաստանյալ Հակոբ Համբարձումյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով կայացված դատավճիռը բեկանել նրանից 42.076.470 ՀՀ դրամ բռնագանձելու քաղաքացիական հայցի մասով և թողնել համապարտության կարգով վնասի բռնագանձման հարցը լուծելու քաղաքացիական դատավարության կարգով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ընդ որում, դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատված ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված դեպքերի` համաձայն նույն հոդվածի 2-րդ կետի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ Արման Ամիրաղյանի պարտավորությունն առաջացել է ոչ թե ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռից, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածը կիրառելի չէ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածը վերաբերում է միայն տուժողին, որպիսին չի հանդիսանում Արման Ամիրաղյանը, եզրահանգում է արել այն մասին, որ քննարկվող պարագայում համապարտ պարտականություն չի կարող առաջանալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների, մասնավորապես` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 26.03.2008 թվականի թիվ 61/08 օրինական ուժի մեջ մտած որոշման պատշաճ գնահատում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1073-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն:

Նշված նորմերի համադրության և վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պարտականություն (պատասխանատվություն), որն էլ ծագում է օրենքի ուժով:

Սույն գործի փաստերից հետևում է, որ 42.076.470 ՀՀ դրամի չափով վնասը պետությանը պատճառվել է Արման Ամիրաղյանի և Հակոբ Համբարձումյանի համատեղ հանցավոր գործողությունների հետևանքով, իսկ 5.856.600 ՀՀ դրամի չափով վնասը` Արման Ամիրաղյանի և Տիգրան Իորդամովի համատեղ հանցավոր գործողությունների հետևանքով: Ընդ որում, նշված հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի հիմքով նախադատելի են և սույն գործի շրջանակներում ապացուցման կարիք չունեն:

Վերոգրյալի հիմքով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ և 1073-րդ հոդվածներում ամրագրված դրույթներն այն մասին, որ վնասը համատեղ պատճառած անձինք տուժողի առջև կրում են համապարտ պատասխանատվություն, իսկ համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) ծագում է, եթե պարտականության համապարտությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոք բերած անձի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի սխալ կիրառման մասին փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

Նշված նորմից հետևում է, որ պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտավորությունը պարտապաններից որևէ մեկի կողմից կատարելու պահանջի, ինչպես նաև պարտապաններից որևէ մեկի կողմից կատարվելիք պարտավորության չափի որոշման իրավունքը պատկանում է պարտատիրոջը:

Սույն գործով Արման Ամիրաղյանը պահանջ է ներկայացրել պետությանը հասցված վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով համապարտ պարտավորության մասնակիցների կողմից իրականացնելուն պարտավորեցնելու մասին, այնինչ սույն գործի փաստերից բխում է, որ պարտատեր է Հայաստանի Հանրապետությունը, և Արման Ամիրաղյանը պարտատեր չհանդիսանալու պայմաններում նման հայցապահանջի ներկայացման դեպքում չի կարող համարվել պատշաճ հայցվոր:

Վերը նշված պատճառաբանություններից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի կիրառումը և դրա կիրառման արդյունքում Արման Ամիրաղյանի` պետությանը հասցված վնասը պատճառողների մեղքի աստիճանին համապատասխանող չափով համապարտ պարտավորության մասնակիցների կողմից իրականացնելուն պարտավորեցնելու մասին հայցապահանջի մերժումն օրինական է և հիմնավորված:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշման` պարտավորությունը համապարտ ճանաչելու հայցապահանջի մերժման մասը, և այդ մասով այն փոփոխել.

Արման Ամիրաղյանի հայցը բավարարել մասնակիորեն.

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.12.2007 թվականի թիվ 1-324/2007 դատավճռով Արման Ամիրաղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվելիք 42.076.470 ՀՀ դրամի հատուցման պարտավորությունը ճանաչել համապարտ` Արման Ամիրաղյանի և Հակոբ Համբարձումյանի մասնակցությամբ, իսկ 5.856.600 ՀՀ դրամի հատուցման պարտավորությունը ճանաչել համապարտ` Արման Ամիրաղյանի և Տիգրան Իորդամովի մասնակցությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.07.2009 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ԵԿԴ/3445/02/08
Որոշում