ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ԵՔԴ/0846/02/08
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0846/02/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան
Դատավորներ` Ա. Մկրտչյան
Ն. Բարսեղյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վազգեն Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վազգեն Ասատրյանի ընդդեմ «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) 42.925.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վազգեն Ասատրյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 42.925.000 ՀՀ դրամ:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Վազգեն Ասատրյանի բռնագանձվել է 15.500.000 ՀՀ դրամ, հայցը մնացած մասով մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.04.2009 թվականի որոշմամբ Վազգեն Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության բողոքը բավարարվել է` Երևանի քաղաքացիական դատարանի 15.12.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը բեկանվել և փոփոխվել է` Վազգեն Ասատրյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վազգեն Ասատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասը, 51-րդ հոդվածը, 132-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին մասը, 227-րդ, 228-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ, 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վկայակոչել է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը և նշել, որ փոխառության պայմանագրերը և Ընկերության տնօրենի ու փոխատուի միջև կազմված փոխառության գումարը ստանալու մասին ակտերը չեն կարող թույլատրելի ապացույցներ համարվել, քանի որ Ընկերության կողմից ներկայացվել են ապացույցներ գումարներն Ընկերության կողմից ստացված չլինելու մասին` նկատի ունենալով ներկայացված դրամարկղային գրքերը, որոնցում բացակայում են վիճելի գործարքների վերաբերյալ գրառումներ:
Մինչդեռ դրանք վերաբերելի ապացույց չեն սույն գործի համար, քանի որ Դատարան է ներկայացվել թիվ 1 դրամարկղային գրքից պատճեններ, որտեղ արտացոլված են Ընկերության 03.02.2003 թվականից մինչև 30.09.2006 թվականը կանխիկ դրամի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև թիվ 2 դրամարկղի գրքից պատճեններ, որտեղ արտացոլված են Ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 11-28-ն ընկած ժամանակահատվածի կանխիկ դրամի մուտքերն ու ելքերը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից որպես հաստատված փաստ ընդունված փոխառության պայմանագրերը կնքվել են 01.02.2007 թվականին և 27.02.2007 թվականին:
Վերաքննիչ դատարանն անհիմն նշել է նաև, որ փոխառության պայմանագրերով գումարի փոխանցման փաստն ապացուցված համարելու հիմք կարող է հանդիսանալ միայն Ընկերության կողմից գումարի ստանալը հավաստող թույլատրելի ապացույցը, և եկել է այն եզրահանգման, որ 27.02.2007 թվականի փոխառության պայմանագիրն Ընկերությանը 15.500.000 ՀՀ դրամ գումարի փոխանցման փաստը հաստատող ապացույց չէ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2009 թվականի որոշումը, այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները
01.02.2007 թվականի փոխառության պայմանագիրը կնքելիս Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը` որպես Ընկերության տնօրեն, գրանցված չի եղել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, այսինքն` Հայկ Հունանյանն Ընկերության անունից հանդես գալու իրավասություն չի ունեցել: Փոխառության պայմանագրերով ստացված գումարները Ընկերության դրամարկղային մուտքերի օրդերներում բացակայում են: Այնինչ, գործող օրենսդրության համաձայն` Ընկերության կողմից կանխիկ դրամի ընդունման դեպքում լրացվում են դրամարկղային գրքում:
Ինչ վերաբերում է 26.12.2007 թվականին կնքված հաշտության համաձայնագրի հիմքով 04.03.2008 թվականին Ընկերությանը 14.975.000 ՀՀ դրամ տրված լինելուն, ապա դա անհիմն է, քանի որ հաշտության համաձայնագիրը չի հաստատվել դատական ակտով և 04.03.2008 թվականի հանձնման-ընդունման ակտում չի նշվել վճարման նպատակը: Բացի այդ, հաշտության համաձայնագրում գումարի չափը նշվել է 15.000.000 ՀՀ դրամ, այլ ոչ թե` 14.975.000 ՀՀ դրամ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև 01.02.2007 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն` Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնում 12.450.000 ՀՀ դրամ Փոխառուի կողմից կանաչ սուրճ ձեռք բերելու համար, իսկ Փոխառուն պարտավորվում է Փոխատուին վերադարձնել նույն չափով ՀՀ դրամ: Վերը նշված փոխառության պայմանագրի համաձայն` 01.02.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև կազմվել է 12.450.000 ՀՀ դրամ ստանալու մասին ակտ (հատոր առաջին գ.թ. 10-12):
2) Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև 27.02.2007 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն` Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնում 15.500.000 ՀՀ դրամ` Փոխառուի կողմից կանաչ սուրճ ձեռք բերելու համար, իսկ Փոխառուն պարտավորվում է Փոխատուին վերադարձնել նույն չափով ՀՀ դրամ: Վերը նշված փոխառության պայմանագրի համաձայն` 01.03.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև կազմվել է 15.500.000 ՀՀ դրամ ստանալու մասին ակտ (հատոր առաջին գ.թ. 7-9):
3) 26.12.2007 թվականին Վազգեն Ասատրյանը և Վալերի-Աշխեն Գործունյան Ասատրյանը կնքել են հաշտության համաձայնագիր, որի 4-րդ կետի համաձայն` համաձայնագիրը ենթակա է ներկայացման ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` ըստ հայցի Վազգեն Ասատրյանի ընդդեմ «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի և Վալերի` Աշխեն Գործունյան Ասատրյանի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա կարճելու նպատակով և ուժի մեջ է մտնում դատարանի վճիռը ուժի մեջ մտնելու պահից (հատոր առաջին գ.թ. 13-14):
4) Սույն գործի փաստերից չի հիմնավորվել, որ 26.12.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Վալերի-Աշխեն Գործունյան Ասատրյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից:
5) ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից տրված Ընկերության իրավաբանական անձի պետական գրանցման 01 Ա013789 վկայականի 010 և 011 ներդիրներով հաստատվում է, որ Հայկ Հունանյանի` որպես Ընկերության տնօրենի լիազորությունները գրանցվել են 02.02.2007 թվականին (հատոր առաջին գ.թ. 43-44):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշներով այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքային հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:
Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթների կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
Դատարանը, հայցի մասնակի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հայկ Հունանյանը 01.02.2007 թվականին Ընկերության տնօրեն չի հանդիսացել, բացակայել է Ընկերության անունից գործելու նրա լիազորությունը, պայմանագրային հարաբերություններ են առաջացել Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև, այլ ոչ թե Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև, ինչի հիմքով էլ 12.450.000 ՀՀ դրամ գումարի պահանջը ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է 27.07.2007 թվականին կնքված պայմանագրի և 01.03.2007 թվականին կազմված դրամական միջոցների ստացման մասին ակտի հիմքով 15.500.000 ՀՀ դրամի պահանջին, ապա այդ մասով հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ երբևէ ոչ մի հիմքով նշված գործարքը չի վիճարկվել: ՈՒստի նշված պայմանագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները կողմերի միջև չեն դադարել: Ինչի հիմքով էլ Դատարանը գտել է, որ այդ մասով հայցը ենթակա է բավարարման: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող ըստ Վազգեն Ասատրյանի հայցի ընդդեմ Վալերի-Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին 26.12.2007 թվականին կողմերի միջև կազմված հաշտության համաձայնության և 04.03.2007 թվականի դրամական միջոցների ընդունման-հանձնման ակտի հիմքերով 14.975.000 ՀՀ դրամ գումարը ստանալու պահանջին, ապա Դատարանը այդ մասով հայցը գտել է անհիմն այն պատճառաբանությամբ, որ Դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը դեռևս քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ չի սահմանում, փոփոխում կամ դադարեցնում: Այն գործարք չէ, և դրա նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված գործարքների անվավերության վերաբերյալ դրույթները:
Վերաքննիչ դատարանը Ընկերության վերաքննիչ բողոքի բավարարման և վճռի փոփոխման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վազգեն Ասատրյանը չի ապացուցել վիճարկվող գումարներն Ընկերության կողմից ստացված լինելու փաստը, ուստի 27.02.2007 թվականի փոխառության պայմանագիրը չի կարող Ընկերությանը 15.500.000 ՀՀ դրամի փոխհատուցման հիմք հանդիսանալ:
Սույն գործի փաստերի համաձայն` 01.03.2007 թվականին Վազգեն Ասատրյանը Ընկերությանն է հանձնել փոխառության պայմանագրով սահմանված 15.500.000 ՀՀ դրամը, իսկ Ընկերությունը ստացել է այն:
Վերոհիշյալ պայմանագրի 1.2 կետի համաձայն` փոխատուն փոխառուին է հանձնել փոխառության գումարը մեկ տարի ժամանակով: Գործի նյութերով փոխառուի կողմից փոխառության 27.02.2007 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարված լինելու հանգամանքը չի ապացուցվել: Հիմնավորված է նաև այն հանգամանքը, որ նշված փոխառության պայմանագիրը չի վիճարկվել Ընկերության կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ և 347-րդ հոդվածների հիման վրա 27.02.2007 թվականի փոխառության պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման:
Ինչ վերաբերում է 26.12.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Վալերի-Աշխեն Գործունյան Ասատրյանի միջև կնքված հաշտության համաձայնագրին, ապա այդ հիմքով հայցվող 14.975.000 ՀՀ դրամի մերժումը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքում դատարանը վեճը քննում է ըստ էության:
Սույն գործով չի հիմնավորվել Վերաքննիչ դատարանի կողմից 26.12.2007 թվականին կնքված հաշտության համաձայնությունը հաստատված լինելու փաստը, հետևաբար, այն որևէ պարտավորություն չի կարող առաջացնել:
Ինչ վերաբերում է 01.02.2007 թվականին կնքված պայմանագրին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով հայցապահանջի մերժումը նույնպես հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:
Սույն գործի փաստերի համաձայն` Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև 12.450.000 ՀՀ դրամ ստանալու մասին ակտը կազմվել է 01.02.2007 թվականին, իսկ Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանի լիազորությունները գրանցվել են 02.02.2007 թվականին: Այսինքն` վերոնշյալ ակտը ստորագրելու պահին Ընկերության անունից հանդես գալու Հայկ Հունանյանի լիազորությունը բացակայել է: Հետևաբար, պայմանագրային հարաբերություններ են առաջացել Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև, այլ ոչ թե` Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև:
Վճռաբեկ բողոքի` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի խախտման հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ սույն գործով Վազգեն Ասատրյանը նման պահանջ չի ներկայացրել:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 18.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև` գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան