ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ
դատարանի որոշում ՀՅՔԴ5/0043/02/08
Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ5/0043/02/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Ավանեսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լյուդմիլա Շահբազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Լյուդմիլա Շահբազյանի ընդդեմ Գագիկ Մանուկյանի, երրորդ անձ Գուրգեն Շահբազյանի` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լյուդմիլա Շահբազյանը պահանջել է անվավեր ճանաչել Գագիկ Մանուկյանի հետ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.01.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Լյուդմիլա Շահբազյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լյուդմիլա Շահբազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել նույն հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վիճարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի հիմքով, ոչ միայն որպես կեղծ գործարք, այլ որպես շինծու գործարք: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ վերը նշված գործարքը որպես շինծու գործարք անվավեր ճանաչելու հիմքով չի վիճարկվել, անհիմն է:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել նաև այն հանգամանքը, որ Լյուդմիլա Շահբազյանի 19.09.2006 թվականի պարտավորագիրը շինծու գործարք է, որը նպատակ է հետապնդել քողարկելու Գուրգեն Շահբազյանի և Գագիկ Մանուկյանի միջև կնքված պայմանագիրը: 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը նույնպես շինծու գործարք է, քանի որ Լյուդմիլա Շահբազյանի կամքը չի համապատասխանում անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրում շարադրվածին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 23.04.2008 թվականի թիվ 3-163 (ՎԴ) նախադեպային որոշմամբ արտահայտել է իր դիրքորոշումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.01.2009 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Լյուդմիլա Շահբազյանը Գագիկ Մանուկյանին 19.09.2006 թվականին տվել է պարտավորագիր, որով պարտավորվել է մինչև 30.01.2007 թվականը վերադարձնել 2.760.000 ՀՀ դրամ, ինչպես նաև նշվել է, որ «Նշված գումարը ժամանակին չվերադարձնելու դեպքում պարտավորվում եմ իմ սեփական տունը, որը գտնվում է Աշտարակի շրջանի Կարբի գյուղում նոտարական կարգով ձևակերպել Գագիկ Մանուկյանի անվամբ, մինչև իմ կողմից լրիվ վճարվի պարտք գումարը ամբողջությամբ» (հատոր առաջին գ.թ. 23):
2) Լյուդմիլա Շահբազյանի և Գագիկ Մանուկյանի միջև 09.04.2007 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով որպես վաճառվող ապրանքի գին նշվել է 5.000.000 ՀՀ դրամ:
Պայմանագրից բխող իրավունքները ստացել են պետական գրանցում և Գագիկ Մանուկյանին տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր առաջին գ.թ. 29-31):
3) Անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվության համաձայն` ՀՀ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող, Գագիկ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան շուկայական արժեքը կազմում է 17.810.000 ՀՀ դրամ (հատոր առաջին գ.թ. 10-17):
4) Դատարան ներկայացված հայցադիմումում նշվել է, որ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրականում քողարկվել է վթարի ենթարկված ավտոմեքենայի արժեքը վճարելու վերաբերյալ պարտավորության կատարման ապահովումը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`
1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ
2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):
Դատարանը հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ «Նման եզրահանգման համար հիմք է տալիս նաև հայցվորի գրած պարտավորագիրը, ըստ որի մինչև 30.01.2007 թվականը 2760000 ՀՀ դրամը չվերադարձնելու դեպքում, հայցվորը պարտավորվել է իր սեփական տունը, որը գտնվում է Աշտարակի շրջանի Կարբի գյուղում, նոտարական կարգով ձևակերպել Գագիկ Մանուկյանի անվամբ մինչև իր կողմից լրիվ վճարվի պարտքի գումարն ամբողջությամբ: Դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև գույքի շուկայական արժեքը, որը ըստ դատարան ներկայացված հաշվետվության 11.07.2008 թվականի դրությամբ կազմում է 17.810.000 ՀՀ դրամ:»:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «սույն քաղաքացիական հայցով Լյուդմիլա Շահբազյանը վիճարկում է 09.04.2007 թվականի առուվաճառքի պայմանագիրը 306-րդ հոդվածի 1-ին հիմքով, որպես կեղծ գործարք»:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լյուդմիլա Շահբազյանը 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վիճարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի հիմքով և Դատարան ներկայացված հայցադիմումում բերված են գործարքը շինծու լինելու մասին հիմնավորումներ: Այսպես, սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումում նշվել է, որ 09.04.2007 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով իրականում քողարկվել է վթարի ենթարկված ավտոմեքենայի արժեքը վճարելու վերաբերյալ պարտավորության կատարման ապահովումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտն անհիմն է:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան