Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 306-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                 ՀՅՔԴ2/0086/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ՀՅՔԴ2/0086/02/09                    2009 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Սահակյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աղունիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Աղունիկ Հովհաննիսյանի ընդդեմ Թերեզա Խանոյանի, Երանուհի Նազարյանի, Սամվել Նազարյանի, երրորդ անձինք` Ստեփանավան նոտարական տարածքի նոտար Արսեն Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ստեփանավանի տարածքային ստորաբաժանման` բնակարանների առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աղունիկ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ստեփանավանի Րաֆֆու փողոցի թիվ 19 տան և Ստեփանավանի Վիրահայոց փողոցի 78-րդ շենքի թիվ 1 բնակարանի առուվաճառքի 11.12.2007 թվականի պայմանագրերը:

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.02.2009 թվականի վճռով Աղունիկ Հովհաննիսյանի հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.02.2009 թվականի վճիռը բեկանվել է, և Աղունիկ Հովհաննիսյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աղունիկ Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Թերեզա Խանոյանը, Երանուհի և Սամվել Նազարյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Աղունիկ Հովհաննիսյանը բնակարանների առուծախի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է դատարան այն հիմնավորմամբ, որ առուվաճառքի պայմանագրերի գինը գնորդը չի վճարել վաճառողին, ինչպես նաև գնորդը վաճառողից փոխանցման ակտով չի ընդունել գնված ապրանքը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը բնակարանների առուվաճառքի պայմանագրերը դիտել է շինծու և առոչինչ գործարքներ, քանի որ դրանք կնքվել են մեկ այլ գործարքի, այն է` փոխանակման գործարքի քողարկման նպատակով և Դատարանը չի փոխել հայցի հիմքը, այլ առուվաճառքի պայմանագրերը գնահատել է որպես շինծու և առոչինչ գործարքներ և կիրառել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 27.02.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Աղունիկ Հովհաննիսյանը դիմելով դատարան, խնդրել է անվավեր ճանաչել 11.12.2007 թվականի կնքված գործարքները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով, որպես կեղծ գործարքներ, այսինքն` վերը նշված գործարքները չի վիճարկել նույն հոդվածի 2-րդ կետի հիմքով: Դատարանն իր նախաձեռնությամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետը, այն դեպքում, երբ Աղունիկ Հովհաննիսյանը գործարքները վիճարկել է այլ հիմքով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 11.12.2007 թվականին Աղունիկ Հովհաննիսյանի և Թերեզա Խանոյանի միջև կնքվել է Ստեփանավանի Րաֆֆու փողոցի թիվ 19 բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը:

Թերեզա Խանոյանի` պայմանագրից ծագած սեփականության իրավունքը 27.12.2007 թվականին ստացել է պետական գրանցում (հատոր առաջին, գ.թ. 10, 15-16):

2) 11.12.2007 թվականին Թերեզա Խանոյանի և Երանուհի Նազարյանի միջև Ստեփանավանի Վիրահայոց փողոցի թիվ 78-րդ շենքի թիվ 1 բնակարանի նկատմամբ կնքվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր:

Երանուհի և Սամվել Նազարյանների` պայմանագրից ծագած իրավունքը 28.12.2007 թվականին ստացել է պետական գրանցում (հատոր առաջին, գ.թ. 11-13):

3) Աղունիկ Հովհաննիսյանը փաստացի բնակվում և 18.04.2008 թվականին հաշվառվել է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի 78-րդ շենքի թիվ 1 բնակարանում (հատոր առաջին, գ.թ. 4, 7):

4) Քաղաքացիական գործում առկա հայտարարությունների, հայցվորի և պատասխանողների բացատրությունների համաձայն` Աղունիկ Հովհաննիսյանը ցանկացել է Ստեփանավան քաղաքի Րաֆֆի 19 հասցեում գտնվող իր սեփական տունը փոխանակել բնակարանի հետ, ինչի մասին տեղեկացրել է Սամվել և Երանուհի Նազարյաններին: Վերջիններս տեղեկանալով, որ Թերեզա Խանոյանը ցանկանում է Ստեփանավան քաղաքի Վիրահայոց փողոցի 78/1 բնակարանը փոխանակել սեփական տան հետ, պայմանավորվածություն են ձեռք բերել նրա հետ, վճարել 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և կատարել փոխանակում, ինչից հետո էլ կնքվել են վերոհիշյալ երկու պայմանագրերը:

5) Հայցադիմումում նշվել է, որ «2007 թ. դեկտեմբերի 11-ին ես, Թերեզա Խանոյանը, Սամվել Նազարյանը և իր կինը` Երանուհի Նազարյանը, գնացել ենք Ստեփանավանի նոտարական գրասենյակ մեր բնակարանները փոխանակելու նպատակով համապատասխան պայմանագրեր կնքելու համար: Ես և Թերեզա Խանոյանը վստահելով Սամվել Նազարյանին ստորագրել ենք պայմանագրեր առանց պայմանագրերը ընթերցելու, համոզված լինելով, որ փոխանակում ենք մեր բնակարանները: Հետագայում պարզվել է, որ մենք կնքել ենք բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որ ես իբր իմ բնակարանը 1800000 դրամով վաճառել եմ Թերեզա Խանոյանի վրա, իսկ Թերեզա Խանոյանը 2100000 դրամով իր բնակարանը վաճառել է Երանուհի Նազարյանի և համասեփականության կարգով Սամվել Նազարյանի վրա»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ`

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց (տե՛ս օրինակ` «ԱՎԱ» ՍՊԸ ընդդեմ Սերգեյ Գաբրիելյան և Վիոլետա Գաբրիելյան` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, Սերգեյ և Վիոլետա Գաբրիելյաններին տարածքից վտարելու պահանջների մասին թիվ 3-89(ՏԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ վերոհիշյալ երկու պայմանագրերն էլ շինծու են և առոչինչ: Նշվածը Դատարանը հիմնավորել է քաղաքացիական գործում գտնվող հայտարարություններով, հայցվորի և պատասխանողների բացատրություններով:

Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցը ներկայացվել էր 306-րդ հոդվածի առաջին մասի հիմքով, այն է` որպես կեղծ գործարք: Մինչդեռ, տվյալ դեպքում գործարքների` կեղծ լինելու մասին որևէ ապացույց գործում առկա չէ: Նշվածից Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից, ինչն էլ բողոքը բավարարելու, բողոքարկվող դատական ակտը փոփոխելու և հայցը մերժելու հիմք է համարել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Աղունիկ Հովհաննիսյանը վեճի առարկա անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերը վիճարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի հիմքով և Դատարան ներկայացված հայցադիմումում բերված են գործարքը շինծու լինելու մասին հիմնավորումներ: Այսպես սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումում նշվել է, որ «2007 թ. դեկտեմբերի 11-ին ես, Թերեզա Խանոյանը, Սամվել Նազարյանը և իր կինը` Երանուհի Նազարյանը, գնացել ենք Ստեփանավանի նոտարական գրասենյակ մեր բնակարանները փոխանակելու նպատակով համապատասխան պայմանագրեր կնքելու համար: Ես և Թերեզա Խանոյանը վստահելով Սամվել Նազարյանին ստորագրել ենք պայմանագրեր առանց պայմանագրերը ընթերցելու, համոզված լինելով, որ փոխանակում ենք մեր բնակարանները: Հետագայում պարզվել է, որ մենք կնքել ենք բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որ ես իբր իմ բնակարանը 1800000 դրամով վաճառել եմ Թերեզա Խանոյանի վրա, իսկ Թերեզա Խանոյանը 2100000 դրամով իր բնակարանը վաճառել է Երանուհի Նազարյանի և համասեփականության կարգով Սամվել Նազարյանի վրա»:

Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 11.12.2007 թվականին կնքված բնակարանների առուվաճառքի պայմանագրերը որպես շինծու գործարքներ առոչինչ են, և սույն գործով պետք է կիրառվեն այն գործարքի կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս:

Հետևաբար, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն գործով հիմնավորվել է այն փաստը, որ 11.12.2007 թվականին կնքված բնակարանների առուվաճառքի պայմանագրերը կնքելիս կողմերը իրականում քողարկել են բնակարանների փոխանակության պայմանագիրը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33-րդ գլխով սահմանված փոխանակության պայմանագրի կանոնները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՀՅՔԴ2/0086/02/09
Որոշում