Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                                   ՏԴ2/0039/02/09

    Քաղաքացիական գործ թիվ ՏԴ2/0039/02/09                      2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Թումանյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Մանուշակ Մակինյանի և Վարշամ Ղարիբյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Մանուշակ Մակինյանին և Վարշամ Ղարիբյանին վերադարձնել «Մերսեդես Բենց VITO-112 CDI» մակնիշի 999 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է պարտավորեցնել Մանուշակ Մակինյանին «Մերսեդես Բենց VITO-112 CDI» մակնիշի 999 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենան վերադարձնել Ընկերությանը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2009 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարշամ Ղարիբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը և 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 4-րդ մասը, 53-րդ հոդվածը և 95-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Վարշամ Ղարիբյանին է ուղարկել 07.05.2009 թվականին, որը նա ստացել է 11.05.2009 թվականին, իսկ գործի քննությունը նշանակվել է 21.05.2009 թվականին, այսինքն` Դատարանը չի ապահովել երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու Վարշամ Ղարիբյանի դատավարական իրավունքը: Վերանայվող դատական ակտը նաև առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-1894 (ՏԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը 06.05.2009 թվականին դիմել է Դատարան և խնդրել է ուղարկել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, Վարշամ Ղարիբյանին պատասխանող ներգրավելու մասին որոշումը, Մանուշակ Մակինյանի հայտարարության պատճենը (գ.թ.64):

2) Դատարանը 06.05.2009 թվականին Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչին ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, Մանուշակ Մակինյանի հայտարարության պատճենը, որը ստացել է 11.05.2009 թվականին (գ.թ.67-69):

3) Դատարանը գործի քննությունը նշանակել է 21.05.2009 թվականին: 21.05.2009 թվականի դատական նիստով ավարտվել է դատաքննությունը (գ.թ.76):

4) Դատարանի 02.06.2009 թվականի վճռով Վարշամ Ղարիբյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ չի կայացվել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 02.06.2009 թվականի և Վերաքննիչ դատարանի 07.08.2009 թվականի դատական ակտերով Վարշամ Ղարիբյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ չի կայացվել, հետևաբար, Վարշամ Ղարիբյանի նկատմամբ վերը նշված դատական ակտերը իրավունքներ և պարտականություններ չեն առաջացրել:

Այսինքն` Վարշամ Ղարիբյանը վճռաբեկ բողոք է բերել իր համար ոչ անբարենպաստ դատական ակտի դեմ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պնդմանը, որ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-1894 (ՏԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված քաղաքացիական գործով փաստական հանգամանքները սույն գործի փաստական հանգամանքների հետ նույնական չեն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՏԴ2/0039/02/09
Որոշում