Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 10-ՐԴ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ2/0125/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0125/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Լալա Խաչատրյանի` 191.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Լալա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության հաստատագրված վճարի գծով 191.500 ՀՀ դրամ, որից ապառք` 125.700 ՀՀ դրամ, տույժ` 65.800 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 22.084 ՀՀ դրամի չափով, որից ապառք` 13.288 ՀՀ դրամ, տույժ` 7.296 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ, 12-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ Լալա Խաչատրյանը 2005 թվականի հունիսից մինչև օրս ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, հետևաբար վերջինս չի կարող պատասխանատվություն կրել այդ ժամկետի նկատմամբ Տեսչության հաշվարկած հարկային պարտավորությունները չկատարելու համար: Մինչդեռ, Դատարանի նման եզրահանգումը հակասում է տվյալ ժամանակահատվածում գործող «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներին, որի համաձայն` հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների նկատմամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.07.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության 11.05.2009 թվականի «Տեղեկանք»-ի համաձայն` 11.05.2009 թվականի դրությամբ հաստատագրված վճարի գծով Լալա Խաչատրյանի պարտավորությունը կազմում է 191.500 ՀՀ դրամ, որից ապառք` 125.700 ՀՀ դրամ, տույժ` 65.800 ՀՀ դրամ, իսկ Տեսչության «Հաստատագրված վճարի գծով պարտավորությունների առաջացման» հաշվարկի համաձայն` նշված պարտավորությունը հաշվարկվել է 2005 թվականի հունվար-2008 թվականի նոյեմբեր ամիսների համար (գ.թ. 7-8):

2) Լալա Խաչատրյանը չի ներկայացրել Տեսչությանը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի «դ» ենթակետի համաձայն` հարկ վճարողը պարտավոր է ժամանակին վճարել օրենքով սահմանված հարկերը` հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում սահմանված կարգով կատարելով նաև դրանց կանխավճարային մուծումները:

Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային տեսչության մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային տեսչության մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի նույն օրենքի 10-րդ հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում` բացառությամբ նույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

Նշված օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար` մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ, իսկ 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար` ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի (գործակիցների) արտադրյալի 22-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Մինչև 01.02.2009 թվականը գործող «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` հարկային տեսչության մարմնին նոր հայտարարություն չներկայացնելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվում է հարկային տեսչության մարմնի կողմից` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների նկատմամբ` բացառությամբ այն դեպքերի, երբ ճշգրտվում է հաստատագրված վճարի չափը, այդ թվում` նույն օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում:

Վերոնշյալ նորմերից հետևում է, որ հաստատագրված վճար վճարողը գործունեությունը դադարեցնելու դեպքում պարտավոր է նախապես գրավոր դիմումի միջոցով տեղեկացնել հարկային տեսչության մարմնին, իսկ նշված պահանջի չպահպանումը վերջինիս համար առաջացնում է օրենքով սահմանված ժամկետներում ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություններ ներկայացնելու և օրենքով սահմանված կարգով և չափով հաստատագրված վճարներ հաշվարկելու և վճարելու պարտավորություններ, որոնց չպահպանման դեպքում հաստատագրված վճար վճարողի նկատմամբ առաջանում են բացասական հետևանքներ տույժերի տեսքով: Ավելին, վիճելի իրավահարաբերության պահին գործող «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի ուժով հաստատագրված վճար վճարողի կողմից նոր հայտարարություն չներկայացվելու դեպքում յուրաքանչյուր ամսվա համար հաստատագրված վճարի չափը պարտավոր էր հաշվարկել հարկային տեսչության մարմինը` նախորդ ամսվա հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների նկատմամբ: Այսինքն` մինչև գործունեության դադարեցման վերաբերյալ դիմում ներկայացնելն անձը համարվում է հաստատագրված վճար վճարող, իսկ գործունեության դադարեցման որևէ այլ կարգ կամ որևէ առանձնահատկություն կամ բացառություն սահմանված չէ:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Լալա Խաչատրյանը 2005 թվականից մինչև օրս ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնում, հետևաբար վերջինս չի կարող պատասխանատվություն կրել այդ ժամկետի նկատմամբ Տեսչության հաշվարկած հարկային պարտավորությունները կատարած չլինելու համար:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանը, իրավացիորեն հաստատված համարելով, որ Լալա Խաչատրյանը գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, այնուամենայնիվ եզրահանգել է, որ վերջինս չի կարող պատասխանատվություն կրել գործունեություն չիրականացնելու ժամանակահատվածի նկատմամբ Տեսչության հաշվարկած հարկային պարտավորությունների համար: Մասնավորապես` Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Լալա Խաչատրյանը, գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դիմում չներկայացնելու փաստի ուժով արդեն իսկ հանդիսացել է հաստատագրված վճար վճարող: Հետևաբար Տեսչությունը, ղեկավարվելով «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լալա Խաչատրյանի ներկայացրած 29.12.2004 թվականի վերջին հայտարարությունը, իրավացիորեն կատարել է հաստատագրված վճարի հաշվարկ մինչև 26.12.2008 թվականը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.07.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սևանի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել` Լալա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 170.916 ՀՀ դրամ: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Լալա Խաչատրյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 3.419 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՎԴ2/0125/05/09
Որոշում