Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ2/0143/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ2/0143/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Էմուլիկ» կաթ արտադրողների սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Կոոպերատիվից 605.900 ՀՀ դրամ հարկային պարտավորության գումարը, այդ թվում` եկամտահարկի գծով ապառք` 16.600 ՀՀ դրամ, տույժ` 9.100 ՀՀ դրամ, տուգանք` 2.100 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի գծով ապառք` 92.500 ՀՀ դրամ, տույժ` 64.900 ՀՀ դրամ, տուգանք` 2.900 ՀՀ դրամ, շահութահարկի գծով ապառք` 9.200 ՀՀ դրամ, տույժ` 5.000 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով ապառք` 183.600 ՀՀ դրամ, տույժ` 220.600 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 462.090 ՀՀ դրամի չափով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Կոոպերատիվի թույլ տված խախտումները հայտնաբերվել են ոչ թե 2009 թվականին, այլ պարտավորությունները կատարելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը: Այդ առումով դատական ակտը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի թիվ 3-1150 (ՏԴ) որոշմանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ըստ Տեսչության 18.04.2009 թվականի հաշվարկների` եկամտահարկի, ավելացված արժեքի հարկի, շահութահարկի գծով Կոոպերատիվի պարտավորությունների հաշվարկման հիմքը վերջինիս կողմից ներկայացված «Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի» 2006 թվականի 4-րդ, 2007 թվականի 1-4-րդ, 2008 թվականի 1-ին եռամսյակների, ավելացված արժեքի հարկի 2003 թվականի 4-րդ, 2004 թվականի 1-4-րդ, 2005 թվականի 1-4-րդ, 2006 թվականի 2-4-րդ, 2007 թվականի 2-4-րդ և 2008 թվականի 1-2-րդ եռամսյակների, շահութահարկի 2004-2007 թվականների հաշվարկներն են, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվարկման հիմքը` «Գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» 2005 թվականի 3-4-րդ եռամսյակների, 2006 թվականի հունվար-դեկտեմբեր, 2007 թվականի հունվար-դեկտեմբեր, 2008 թվականի հունվար-ապրիլ ամիսների համար ներկայացված հաշվետվությունները:

Նշված հաշվարկների համաձայն` 2004 թվականի 4-րդ եռամսյակի համար Կոոպերատիվի նկատմամբ հաշվարկվել է 800 ՀՀ դրամ շահութահարկի գծով ապառք, իսկ տույժ չի հաշվարկվել, 2003 թվականի 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկը չվճարելու համար Կոոպերատիվի նկատմամբ 20.01.2004 թվականին նշանակվել է 2.900 ՀՀ դրամ տուգանք, իսկ 2004 թվականի 1-ին եռամսյակից մինչև 2005 թվականի 3-րդ եռամսյակի համար 20.04.2004 թվականից մինչև 21.10.2005 թվականը հաշվարկվել են տույժեր, 2005 թվականի 3-րդ եռամսյակի, 2005 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները չկատարելու համար 01.10.2005 թվականից մինչև 21.11.2005 թվականը Կոոպերատիվի նկատմամբ հաշվարկվել են տույժեր (գ.թ. 6-137):

2) Տեսչության 18.04.2009 թվականի հաշվարկման տեղեկանքի համաձայն` Ընկերության հարկային պարտավորությունները 18.04.2009 թվականի դրությամբ կազմել են 605.900 ՀՀ դրամ, այդ թվում` եկամտահարկի ապառքը` 16.600 ՀՀ դրամ, տույժը` 9.100 ՀՀ դրամ, տուգանքը` 2.100 ՀՀ դրամ, ավելացված արժեքի հարկի ապառքը` 92.500 ՀՀ դրամ, տույժը` 64.900 ՀՀ դրամ, տուգանքը` 2.900 ՀՀ դրամ, շահութահարկի ապառքը` 9.200 ՀՀ դրամ, տույժը` 5.000 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների ապառքը` 183.000 ՀՀ դրամ, տույժը` 220.600 ՀՀ դրամ (գ.թ. 5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նշված հոդվածով սահմանված ժամկետը վերաբերում է հարկային օրենսդրության խախտման փաստի և դրա` հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածին: «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորությունների հայտնաբերման բոլոր դեպքերին` առանց բացառության (տես` ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1586 (ՏԴ) որոշումը, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության հայցն ընդդեմ «Ռազմիկ Ասատրյան և որդի» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի թիվ 3-90(ՎԴ) որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հարկային պարտավորության խախտումը հարկային մարմնի կողմից հայտնաբերելու պահի հարցին, արձանագրել է, որ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորության խախտման համար հարկային մարմնի կողմից տույժ հաշվարկելը բավարար հիմք է արձանագրելու համար, որ հարկ վճարողի կողմից թույլ տրված խախտումը հարկային մարմինը հայտնաբերել է խախտման առաջին օրը (տե՛ս, ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության ընդդեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ադյանի` 4.955.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1150 (ՎԴ)):

Սույն գործով Դատարանը, ղեկավարվելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի 1-ին մասի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ պարբերության պահանջներով և պատճառաբանելով, որ Տեսչությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ հարկային պարտավորության խախտումները հայտնաբերվել են օրենքով նախատեսված երեք տարվա ընթացքում, հանգել է այն հետևության, որ շահութահարկի գծով 2004 թվականի համար, ավելացված արժեքի հարկի գծով` 2004 թվականի 1-4-րդ և 2005 թվականի 1-3-րդ եռամսյակների համար, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2005 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար Կոոպերատիվի մոտ չեն կարող առաջանալ հարկային պարտավորություններ:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` 2003 թվականի 4-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկը չվճարելու համար Կոոպերատիվի նկատմամբ 20.01.2004 թվականին նշանակվել է 2.900 ՀՀ դրամ տուգանք, իսկ 2004 թվականի 1-ին եռամսյակից մինչև 2005 թվականի 3-րդ եռամսյակի համար 20.04.2004 թվականից մինչև 21.10.2005 թվականը հաշվարկվել են տույժեր, 2005 թվականի 3-րդ եռամսյակի, 2005 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունները չկատարելու համար 01.10.2005 թվականից մինչև 21.11.2005 թվականը Կոոպերատիվի նկատմամբ հաշվարկվել են տույժեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տուգանքի և տույժերի հաշվարկը բավարար հիմք է արձանագրելու համար, որ Կոոպերատիվի կողմից թույլ տրված խախտումները Տեսչությունը հայտնաբերել է դեռևս այդ խախտումների ժամանակ: Հետևաբար, Կոոպերատիվից բռնագանձման ենթակա են նաև 2003 թվականի 4-րդ եռամսյակի, 2004 թվականի 1-ին եռամսյակից մինչև 2005 թվականի 3-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի ապառքը, տուգանքը և տույժերը, ինչպես նաև 2005 թվականի 3-րդ եռամսյակի, 2005 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների պարտադիր սոցիալական ապահովության վճարների ապառքը և տույժերը:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ 2004 թվականի համար Կոոպերատիվի մոտ շահութահարկի գծով պարտավորություն չի կարող առաջանալ, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր է համարում, քանի որ գործում առկա Տեսչության 18.04.2009 թվականի հաշվարկի համաձայն` 2004 թվականի 4-րդ եռամսյակի համար Կոոպերատիվի նկատմամբ հաշվարկվել է 800 ՀՀ դրամ շահութահարկի գծով ապառք, իսկ տույժ չի հաշվարկվել, այսինքն` տվյալ հաշվարկից չի երևում հարկային մարմնի կողմից 2004 թվականի շահութահարկի գծով պարտավորության խախտումը հայտնաբերելու օրը: Հետևաբար, Տեսչությունը չի ապացուցել նշված խախտումն օրենքով սահմանված եռամյա ժամկետում հայտնաբերելու հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.07.2009 թվականի վճռի` 143.010 (մեկ հարյուր քառասուներեք հազար տասը) ՀՀ դրամի մասով հայցը մերժելու մասը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջևանի տարածքային հարկային տեսչության հայցը բավարարել մասնակիորեն. «Էմուլիկ» կաթ արտադրողների սպառողական կոոպերատիվից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 143.010 (մեկ հարյուր քառասուներեք հազար տասը) ՀՀ դրամ: Հայցը մնացած մասով մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. «Էմուլիկ» կաթ արտադրողների սպառողական կոոպերատիվից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՎԴ2/0143/05/09
Որոշում