Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ5/0186/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ5/0186/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Էդ. Նահապետյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գյումրու քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Հրաչյա Մելքոնյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` Նախարարություն), երրորդ անձինք «Գյումրիի Վերականգնող» սպառողական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ), Գյումրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հրաչյա Մելքոնյանը պահանջել է Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա 9/9ա շենքի թիվ 57 բնակարանի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը և պարտավորեցնել Կադաստրին այն գրանցելու:

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2008 թվականի որոշմամբ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի 02.05.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.06.2008 թվականի որոշումը, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հրաչյա Մելքոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատշաճ գնահատականի չի արժանացրել գործում եղած ապացույցներն այն մասին, որ Հրաչյա Մելքոնյանը Կոոպերատիվի անդամ երբևիցե չի հանդիսացել, Գյումրու Սայաթ-Նովա 9 և 11 հասցեների քանդված շենքերի նախկին բնակիչ չէ և Սայաթ-Նովա 9/9ա շենքում բնակարան ստանալու համար Քաղաքապետարանի կողմից հաստատված ցուցակում ընդգրկված չի եղել: Այսինքն` Հրաչյա Մելքոնյանը նշված շենքից արտահերթ բնակարան ստանալու և դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրավունք չուներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Բողոք բերած անձը չի ներկայացրել որևէ իրավական ակտ, որի ուժով համարվում է Սայաթ-Նովա 9/9ա շենքի սեփականատերը: ՀՀ կառավարության 09.08.1997 թվականի թիվ 331 որոշման համաձայն` Հրաչյա Մելքոնյանի ընտանիքին, որպես աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացածի, հատկացվել է 4,3 մլն ՀՀ դրամի չափով վարկ: Նշված գումարը փոխանցվել է Կոոպերատիվի հաշվեհամարին` Սայաթ-Նովա 9/9ա շենքի թիվ 57 բնակարանը կառուցելու համար: Վարկերը տրվել են անհատ քաղաքացիներին, իսկ նշված բնակարանը չի մտնում 54 փայատեր-անդամ բնակիչների բնակարանների ցանկի մեջ, այլ անօթևան ընտանիքներին նշված շենքից հատկացված 6 բնակարաններից մեկն է: Շիրակի մարզպետի 27.05.1999 թվականի թիվ 67 որոշմամբ այդ ընտանիքները համարվել են փայատեր-անդամներ և ՀՀ կառավարության վերը հիշատակված որոշման համաձայն ներկայացվել են Նախարարություն` վարկավորման: Կոոպերատիվի անդամ լինելը պարտադիր պայման չի եղել վարկառու լինելու համար, այլ ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ Շիրակի մարզպետի որոշումներում պարտադիր պայման է դիտվել երկրաշարժի հետևանքով անօթևան լինելու հանգամանքը: Հրաչյա Մելքոնյանը Կոոպերատիվի անդամ չէ, այլ մարզպետի նշված որոշման համաձայն` փայակուտակման իրավունք ունեցող անձ և վճարել է 175.000 ՀՀ դրամ փայավճարը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Պետական աջակցության ծրագրի շրջանակներում 1988 թվականի երկրաշարժից փլուզված Գյումրու Սայաթ-Նովա 9 և 11 հասցեի շենքերի փոխարեն նույն տեղում կառուցվել են Գյումրու Սայաթ-Նովա 9/9 և 9/9ա հասցեի շենքերը:

2) Գյումրու քաղաքապետի 30.01.1998 թվականի թիվ 31 որոշման 1-ին կետի համաձայն` թույլատրվել է երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրու Սայաթ-Նովա փողոցի թիվ 9, 11 շենքերի բնակիչներին նշված շինարարությունը փայատիրական հիմունքներով իրականացնելու նպատակով կազմավորել բնակարանային շինարարական ընկերություն: Որոշման 3-րդ կետով հանձնարարվել է Սայաթ-Նովա 9 և 11 բնակելի շենքերի բնակիչներին ներկայացնող նախաձեռնող խմբերին գրանցել ընկերությունը, որն էլ 23.02.1998 թվականին գրանցվել է որպես Կոոպերատիվ:

3) Կոոպերատիվի նախագահի 27.12.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Հրաչյա Մելքոնյանը երբևէ Կոոպերատիվի անդամ չի հանդիսացել և չի հանդիսանում, այդ փաստը Հրաչյա Մելքոնյանը չի վիճարկել: Հրաչյա Մելքոնյանն ընդգրկված չէ նաև Գյումրու քաղաքապետի 13.04.1998 թվականի թիվ 166 որոշմամբ հաստատված «Գյումրիի Վերականգնող» բնակարանային շինարարության ընկերության փայատեր անդամների ցուցակում (հ. 1, գ.թ. 65-66):

4) Հրաչյա Մելքոնյանի` Կոոպերատիվի փայակուտակման իրավունք ունեցող այլ անձ լինելու փաստը հիմնավորող ապացույց սույն գործում առկա չէ:

5) Կոոպերատիվի որոշմամբ Հրաչյա Մելքոնյանին բնակարան տրամադրելու վերաբերյալ ապացույց սույն գործում առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կոոպերատիվ է համարվում քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` բնակարանային, ամառանոցային, ավտոտնակային կամ այլ կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք, որոնք լրիվ մուծել են իրենց փայավճարը կոոպերատիվի կողմից իրենց տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության համար, այդ գույքի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք:

Վերը նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ փայավճարը լրիվ մուծելուց հետո կոոպերատիվի կողմից տրամադրված բնակարանի, ամառանոցի, ավտոտնակի կամ այլ շինության նկատմամբ սեփականության իրավունք են ձեռք բերում միայն կոոպերատիվի անդամը և փայակուտակման իրավունք ունեցող այլ անձինք:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կոոպերատիվի անդամն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, ով անդամակցում է այնպիսի կամավոր ստեղծված միավորմանը, որի նպատակն իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով նրանց նյութական և այլ կարիքների բավարարումն է, իսկ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձը կոոպերատիվի անդամ չէ, սակայն այն գույքի համասեփականատերն է, որից կոոպերատիվի անդամը կատարել է փայավճարի վճարումը (այսինքն` այն անձը, ով կոոպերատիվի անդամի հետ գտնվել է գույքային հարաբերության մեջ):

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ Հրաչյա Մելքոնյանը վճարել է կոոպերատիվ հիմունքներով կառուցված շենքի` իրեն հասանելիք բնակարանի կառուցման համար, հանգել է այն հետևության, որ վերջինս այդ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք:

Մինչդեռ սույն գործով Հրաչյա Մելքոնյանը չի վիճարկում այն փաստը, որ Կոոպերատիվի անդամ չի հանդիսացել և չի հանդիսանում:

Բացի այդ, Հրաչյա Մելքոնյանն ընդգրկված չէ նաև Գյումրու քաղաքապետի 13.04.1998 թվականի թիվ 166 որոշմամբ հաստատված «Գյումրիի Վերականգնող» բնակարանային շինարարության ընկերության փայատեր անդամների ցուցակում և նրա` Կոոպերատիվի փայակուտակման իրավունք ունեցող այլ անձ լինելու փաստը հիմնավորող ապացույց սույն գործում առկա չէ: Սույն գործում բացակայում է նաև ապացույցն այն մասին, որ Կոոպերատիվի որոշմամբ Հրաչյա Մելքոնյանին բնակարան է տրամադրվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հրաչյա Մելքոնյանը ոչ Կոոպերատիվի անդամ է, ոչ էլ փայակուտակման իրավունք ունեցող այլ անձ, ինչպես նաև Կոոպերատիվի որոշմամբ նրան բնակարան չի տրամադրվել, հետևաբար Հրաչյա Մելքոնյանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով վիճելի բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք չէր կարող ձեռք բերել:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Հրաչյա Մելքոնյանի կողմից Կոոպերատիվի հաշվին գումար փոխանցելու հանգամանքը սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի և չի կարող սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսանալ:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Շիրակի մարզպետի 27.05.1999 թվականի թիվ 67 որոշման հիման վրա Հրաչյա Մելքոնյանը համարվել է Կոոպերատիվի փայատեր-անդամ` փայակուտակման իրավունք ունեցող անձ, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 119-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն` կոոպերատիվի անդամներ ընդունելու և հեռացնելու իրավունքը պատկանում է կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը, ուստի Շիրակի մարզպետի 27.05.1999 թվականի թիվ 67 որոշումը հիմք չէ Հրաչյա Մելքոնյանին փայակուտակման իրավունք ունեցող այլ անձ ճանաչելու համար:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված մյուս փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Հրաչյա Մելքոնյանի հայցը մերժել:

2. Հրաչյա Մելքոնյանից հօգուտ Գյումրու քաղաքապետարանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՎԴ5/0186/05/09
Որոշում