Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 222-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 222-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 14.03.1997 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ6/0357/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ6/0357/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Հախվերդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ Կարինե Հախվերդյանի հայցի ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Սեյրան Չիլինգարյանի` 11.06.2004 թվականի Վանաձորի Տ. Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին շքամուտքի հարավային մասի 9.2 քմ մակերեսով տարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի (այսուհետ` Համայնք) սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած Վանաձորի քաղաքապետի դիմումը և տեղեկանքը, ինչպես նաև դրանց հիման վրա 17.06.2004 թվականի Կադաստրի միասնական 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կարինե Հախվերդյանը պահանջել է անվավեր ճանաչել Վանաձորի Տ. Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին շքամուտքի հարավային մասի 9.2 քմ մակերեսով տարածքի նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած Վանաձորի քաղաքապետի 11.06.2004 թվականի դիմումը և տեղեկանքը, ինչպես նաև դրանց հիման վրա Կադաստրի միասնական 2-3 մատյանի 094 համարի տակ 17.06.2004 թվականի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 05.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարինե Հախվերդյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշումը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 20.06.2001 թվականի թիվ 550 որոշումը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշման 4-րդ կետով ՀՀ մարզպետներին հանձնարարվել է մինչև 01.07.1997 թվականը համայնքների ղեկավարների հետ համատեղ իրականացնել նույն որոշման 1-ին կետով սահմանված` համայնքների սեփականությունը հանդիսացող գույքը համայնքներին հանձնելու և ընդունելու գործընթացը:

Վանաձորի քաղաքապետարանը, վիճելի տարածքն ընդունելու որոշմամբ նշված ժամկետը բաց թողնելով հանդերձ, իր պատասխանում միանշանակ հիմնվում է վիճարկվող տարածքը նշված որոշման 1-ին կետի 5-րդ հավելվածով պետական ոչ բնակելի ֆոնդի մեջ ընդգրկված լինելու վրա, այնինչ գործում առկա ապացույցների շարքում, այն է` համապատասխան իրավասություն ունեցող մարմիններից ստացված տեղեկատվությամբ այդ հանգամանքը չի հիմնավորվել, ինչպես նաև Վանաձորի քաղաքապետարանը և Կադաստրը որևէ ապացույց Դատարան չեն ներկայացրել:

ՀՀ կառավարության նշված որոշումը վիճելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար իրավական հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելը, նույն օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, վիճելի տարածքը գրանցված կամ համարակալված լինելու վերաբերյալ որևէ ապացույց դատարան չի ներկայացվել:

Այսպիսով, Դատարանը լրիվ չի հետազոտել գործի փաստերը, չի պարզել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այն հանգամանքը, թե շքամուտքի վիճելի տարածքը շենքի նախագծով ինչ նպատակի օգտագործման համար է նախատեսված, ինչպես նաև տարածքը Համայնքին սեփականության իրավունքով պատկանելու փաստը անհրաժեշտ և բավարար ապացույցներով չի հաստատել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 05.06.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Վանաձորի քաղաքապետի 11.06.2004 թվականի թիվ 079 2868 դիմումի համաձայն` ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշմամբ Համայնքի սեփականություն հանդիսացող Տ. Մեծի պողոտայի թիվ 61 շենքի շքամուտքի հարավային մասի 9.2 քմ մակերեսով տարածքի նկատմամբ Կադաստրին խնդրվել է տալ սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատ. 1, գ.թ. 3):

2) Վանաձորի քաղաքապետի 11.06.2004 թվականի թիվ 079/2865 տեղեկանքի համաձայն` Վանաձորի Տիգրան Մեծի 61 շենքի 9.2 քմ մակերեսով 151.800 ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով շքամուտքի հարավային մասի տարածքը համարվում է Համայնքի սեփականություն, այն պետական հիմնարկների, կազմակերպությունների կողմից զբաղեցված չի եղել, «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետով մասնավորեցման ենթակա չէ և ՀՀ կառավարության 20.06.2001 թվականի թիվ 550 որոշման պահանջներին չի հակասում (հատ. 1, գ.թ. 4):

3) 17.06.2004 թվականի անշարժ գույքի պետական գրանցման թիվ 1740178 վկայականի համաձայն` Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 տարածքի նկատմամբ ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշման հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցված է Համայնքի սեփականության իրավունքը (հատ. 1, գ.թ. 10):

4) Համայնքի ավագանու 28.06.2004 թվականի «Սեյրան Չիլինգարյանին տարածք օտարելու մասին» թիվ 135 որոշման համաձայն` Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի շքամուտքի հարավային մասի 9.2 քմ տարածքը 150.000 ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61/3 բնակարանի բնակիչ Սեյրան Չիլինգարյանին` առևտրային գործունեություն ծավալելու նպատակով (հատ. 1, գ.թ. 7):

5) 07.07.2004 թվականի անշարժ գույքի պետական գրանցման թիվ 1740333 վկայականի համաձայն` Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի շքամուտքի հարավային մասի 9.2 քմ տարածքի նկատմամբ 02.07.2004 թվականի անշարժ գույքի առուվաճառքի թիվ 6638 պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 4-78 մատյանի 737 համարի տակ գրանցված է Սեյրան Չիլինգարյանի սեփականության իրավունքը (հատ. 1, գ.թ. 8):

6) 14.09.2006 թվականի անշարժ գույքի պետական գրանցման թիվ 2024213 վկայականի համաձայն` Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 61 շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ 12.09.2006 թվականի անշարժ գույքի նվիրատվության թիվ 10485 պայմանագրի հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 06-001-004-022 մատյանի 088 համարի տակ գրանցված է Կարինե Հախվերդյանի սեփականության իրավունքը (հատ. 1, գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշմամբ սահմանված 5-րդ հավելվածով Համայնքի սեփականության գույքի ցանկում նշված է նաև պետական բնակելի ֆոնդը և պետական ոչ բնակելի տարածքները:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկվող տարածքի նկատմամբ Վանաձորի քաղաքապետարանի սեփականության իրավունքի ծագման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշումը, որի հիման վրա էլ կատարվել է վերջինիս սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշմամբ վեճի առարկա տարածքը չէր կարող ընդգրկված լինել Համայնքի` սեփականության իրավունքով պատկանող գույքի ցանկում, քանի որ 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական օրենսգրքով այն հանդիսացել է տվյալ շենքի բնակիչների ընդհանուր բաժնային սեփականությունը:

Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի 11.06.2004 թվականի թիվ 079 2868 դիմումը և թիվ 079/2865 տեղեկանքն անվավեր ճանաչելու պահանջներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք ենթակա չեն ՀՀ վարչական դատարանում քննության, հետևաբար նշված մասերով սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը, պարզելով տվյալ վեճն ընդդատյա չլինելու հարցը, գործի քննության ցանկացած փուլում պարտավոր է կարճել այդպիսի գործի վարույթը:

Մինչդեռ, Դատարանը, իրավացիորեն պատճառաբանելով, որ Վանաձորի քաղաքապետի վիճարկվող դիմումը վարչական ակտ չէ, այնուամենայնիվ այդ մասով գործի վարույթը կարճելու փոխարեն հայցը մերժել է, ինչպես նաև անտեսել է, որ Վանաձորի քաղաքապետի վիճարկվող տեղեկանքը նույնպես վարչական ակտ չէ, քանի որ այն չի ընդունվել հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով և ուղղված չէ որևէ անձի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, և այդ մասով գործի վարույթը կարճելու փոխարեն հայցը նույնպես մերժել է:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վերոնշյալ իրավական հարցին (տե՛ս, Կարապետ Նազարյան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության և «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի` «Շտապբուժօգնություն» ՊՓԲԸ-ի 06.11.2007 թվականի թիվ 014969 փաստաթուղթն անվավեր ճանաչելու և Ոստիկանության 13.11.2007 թվականի թիվ 236126 որոշումը վերացնելու պահանջների մասին, թիվ ՎԴ/0073/05/08 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վարչական դատարանի 05.06.2009 թվականի վճիռը բեկանել` վճռի` 17.06.2004 թվականի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման միասնական 2-3 մատյանի 094 համարի տակ գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության, իսկ վճռի` 11.06.2004 թվականի Վանաձորի Տ. Մեծի պողոտայի թիվ 61 շենքի 1-ին շքամուտքի հարավային մասի 9.2 քմ մակերեսով տարածքի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած Վանաձորի քաղաքապետի դիմումը և տեղեկանքն անվավեր ճանաչելու պահանջների մասով գործի վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՎԴ6/0357/05/08
Որոշում