Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ, 3-ՐԴ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ, 3-ՐԴ, 5-ՐԴ, 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/0123/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0123/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ «ՆԳՆ թիվ 1 ռազմականացված ջոկատ» ՊՀ-ի (այսուհետ` Հիմնարկ)` 80.396.900 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Հիմնարկից 80.396.900 ՀՀ դրամ, այդ թվում` եկամտահարկի գծով` 943.900 ՀՀ դրամ, որից ապառք` 445.400 ՀՀ դրամ, տույժ` 498.500 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 79.453.000 ՀՀ դրամ, որից ապառք` 63.478.100 ՀՀ դրամ, տույժ` 15.974.900 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2009 թվականի վճռով վարչական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 62-րդ հոդվածի 4-րդ մասը, 429-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 02.02.1999 թվականի թիվ 42 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության» կանոնադրության 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը ենթադրում է քաղաքացիաիրավական պարտավորության դադարում այնպիսի իրավական փաստերի առկայության հետևանքով, որոնց ուժով վերանում են մասնակիցների միջև գոյություն ունեցող պարտավորաիրավական հարաբերություններից բխող կապերը: Մինչդեռ, սույն գործով Հիմնարկի և Տեսչության միջև պարտավորաիրավական հարաբերություն չի ծագել, հետևաբար վիճելի իրավահարաբերության նկատմամբ նշված հոդվածը կիրառելի չէ:

Դատարանն անտեսել է նաև, որ Հիմնարկը համարվում է հարկատու և պարտավոր է կատարել հարկային պարտավորությունները հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում, և գործող հարկային օրենսդրությամբ Հիմնարկի կազմակերպաիրավական տեսակը հարկ վճարելուց ազատելու որևէ արտոնություն չի ընձեռում: Հիմնարկը, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն, համարվում է հարկային գործակալ, իսկ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` ապահովադիր, և պարտավոր է ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հաշվարկել և պահել եկամտահարկ, ինչպես նաև սոցիալական վճար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության` պարտավորության առաջացման հաշվարկի համաձայն` 15.12.2008 թվականի դրությամբ Հիմնարկի պարտավորությունները կազմում են 80.396.900 ՀՀ դրամ, այդ թվում` եկամտահարկի գծով` 943.900 ՀՀ դրամ, որից ապառք` 445.400 ՀՀ դրամ, տույժ` 498.500 ՀՀ դրամ, պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով` 79.453.000 ՀՀ դրամ, որից ապառք` 63.478.100 ՀՀ դրամ, տույժ` 15.974.900 ՀՀ դրամ (գ.թ. 74-82):

2) ՀՀ կառավարության 02.02.1999 թվականի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության մասին» թիվ 42 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության» կանոնադրության 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգ է` բյուջետային հիմնարկի կարգավիճակով:

3) ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության 23.12.1999 թվականի «Պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման)» թիվ Բ 004746 վկայականի համաձայն` Հիմնարկի վերադաս մարմինը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է (ներկայումս` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն) (գ.թ. 89):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության առանձին հարկատեսակների մասին օրենքներով սահմանված դեպքերում հարկի վճարման պարտավորությունը կարող է դրվել հարկային գործակալի վրա: Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրվող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորություն:

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` բացառությամբ նույն հոդվածի 2-րդ կետում նշված դեպքերի, ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկը պահում (գանձում) է հարկային գործակալը:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով «Ապահովադիր» հասկացությունը բնորոշվում է որպես նույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` նույն օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական կառավարչական հիմնարկն ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որի ստեղծման նպատակը պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն է և քաղաքացիական իրավահարաբերություններին վերջիններիս մասնակցության ապահովումը: Պետական կառավարչական հիմնարկի իրավական կարգավիճակից ելնելով` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ վերջինիս պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: Միաժամանակ ՀՀ հարկային և ՀՀ սոցիալական վճարների մասին օրենսդրություններով պետական կառավարչական հիմնարկը համարվում է հարկային գործակալ ու ապահովադիր և վերջինիս համար այլ հարկային գործակալների կամ ապահովադիրների համեմատ որևէ առանձնահատկություն սահմանված չէ: Հետևաբար պետական կառավարչական հիմնարկի վրա, այլ հարկային գործակալների և ապահովադիրների հետ համահավասար, դրված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս հարկի պահում (գանձում), ինչպես նաև սոցիալական վճարումներ կատարելու պարտավորություններ, որոնց չկատարման դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սույն գործով Դատարանը գործի վարույթը կարճելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հիմնարկը պետական հիմնարկ է, իսկ պետական հիմնարկի պարտավորությունների համար, որպես հիմնադիր, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն` պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է: Սույն գործով պարտատերը և պարտապանը համընկնում են, ուստի պարտավորության դադարման ուժով` սույն վարչական գործով կողմերի միջև առկա չէ ՀՀ վարչական դատարանին ընդդատյա վեճ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է քաղաքացիաիրավական պարտավորության դադարմանը, իսկ տվյալ դեպքում Տեսչության և Հիմնարկի միջև իրավահարաբերություններն առաջացել են վերջինիս կողմից «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով սահմանված կարգով ու չափով ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելիս եկամտահարկը չհաշվարկելու և չպահելու, ինչպես նաև «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարումներ չկատարելու հետևանքով, այսինքն` Տեսչության և Հիմնարկի միջև առաջացել են վարչաիրավական հարաբերություններ, որտեղ մի կողմում վարչական մարմինն է` Տեսչությունը, իսկ մյուս կողմում` հարկատուն և ապահովադիրը` Հիմնարկը: Հետևաբար պարտապանի և պարտատիրոջ համընկնմամբ պարտավորության դադարման վերաբերյալ Դատարանի հետևությունները չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթներից, բովանդակությունից և էությունից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ՎԴ/0123/05/09
Որոշում