Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 28-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/0222/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0222/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և Կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը, 05.11.2008 թվականի հրամանը և Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Տեսչության հակընդդեմ հայցի ընդդեմ Կոոպերատիվի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոոպերատիվը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը, 05.11.2008 թվականի թիվ 1-07/1461-Ա հրամանը և Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Կոոպերատիվից 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտով առաջադրված 17.026.700 ՀՀ դրամ տուգանքի գումարը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտը ճանաչվել է անվավեր, իսկ վարչական գործի վարույթը` Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը և 05.11.2008 թվականի հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: Տեսչության հակընդդեմ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոոպերատիվը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) մասին» կարգի (այսուհետ` Կարգ) 6-րդ կետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերի և 24-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի հիմքում դրել է միայն այն հանգամանքը, որ ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք չեն պարզել ստուգման ակտին կցված ցուցակում նշված ապրանքները խանութում ստանալու ժամկետը: Մինչդեռ, այդ հանգամանքը պարտավոր է ապացուցել ոչ թե Տեսչությունը, այլ Կոոպերատիվը, քանի որ նշված ապրանքների ստացման բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (հիմքերը) գտնվում են Կոոպերատիվում, և վերջինս էլ պարտավոր էր այդ ապացույցները ներկայացնել ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց և Դատարան: Տվյալ դեպքում Դատարանը չի իրականացրել վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողություններ, միաժամանակ խախտելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու դատարանի պարտականությունը, ինչպես նաև անտեսելով և սխալ մեկնաբանելով Կարգի 6-րդ կետի դրույթները` հանգել է սխալ եզրահանգման:

Դատարանը Կոոպերատիվից չի պահանջել ապացույցներ` պարզելու համար, թե Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտին կից ցուցակում նշված ապրանքները խանութում ստանալուց հետո մինչև վաճառքի հանելը գրանցվել են գրանցման գրքում, թե` ոչ: Այսինքն` Դատարանը ստուգման ակտին գնահատական է տվել, առանց նրանում նշված փաստական հանգամանքների հիմնավորվածությունը ստուգելու և համապատասխան ապացույցներ ձեռք բերելու:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

ՀՀ գլխավոր դատախազությունն իրավասու չէ չարաշահելու իր լիազորությունը և վճռաբեկ բողոք ներկայացնել ձևական նկատառումով, այսինքն` հստակ նշել, թե որ դեպքերում, ինչպիսի պայմաններում, ինչպիսի հանգամանքների վրա հիմնվելով կարող են բերվել նմանատիպ վճռաբեկ բողոքներ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագրի, 05.11.2008 թվականի թիվ 1-07/1491-Ա և 14.11.2008 թվականի թիվ 1-07/1563-Ա հրամանների հիմքով Կոոպերատիվում կատարված ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգման արդյունքում 28.11.2008 թվականին կազմվել է թիվ 1100432 ակտը, որով Կոոպերատիվի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի հիմքով նշանակվել է 17.026.700 ՀՀ դրամի չափով տուգանք: Ակտով արձանագրվել է, որ «ընկերության կողմից օրենքով սահմանված կարգով ք. Երևան, Աբովյան 4 հասցեում գտնվող (Միլանո) խանութ սրահում 03.11.2008 թվականից մինչև 05.11.2008 թվականն ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքները համադրելով արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքում գրանցված տվյալների հետ` պարզվեց, որ սահմանված կարգով գրանցված չէին ապրանքներ ընդհանուր գումարով 59.427.500 դրամի (ցանկը կցվում է), ինչպես նաև արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքում գրանցված վաճառքի գներից թանկ վաճառվող ապրանքների մասով գների տարբերությունը ընդհանուր գումարով` 8.679.900 դրամի (ցանկը կցվում է), որով խախտվել է ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերի պահանջները: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 31.07.1997 թ. թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ և 14-րդ կետերի դրույթները, համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի` ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցվելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով` գումարով 14.856.800 դրամ (59.427.500 դրամ x 25%), ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության առարկաները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով գրանցված գներից թանկ վաճառելիս (իրացնելիս) հարկ վճարողից գանձվում է տուգանք` տարբերության գումարի 25 տոկոսի չափով, այդ թվում նաև չվաճառված (չիրացված) ձեռնարկատիրական գործունեության առարկաների մնացորդների համար գումարով` 2.169.900 դրամ»: Նշված ակտին կցվել են թվով 4 հավելվածներ` «գույքագրման արդյունքները, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքի պատճենները, խախտումներ բնութագրող հաշվարկային ցանկերը, ՊԵԿ նախագահի հրամանները»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` ձեռնարկատիրական գործունեության առարկաները չգրանցելու, այսինքն` առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքը, ապրանքները, ինչպես նաև կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով չգրանցելու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք` ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով, այդ թվում` վաճառված (իրացված) մասի համար:

ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետի համաձայն` նույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր: Նույն կարգի 2-րդ կետի համաձայն` նույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք: Նույն կարգի 6-րդ կետի համաձայն` գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության դեպքում` վաճառքի իրականացման վայրում (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները` ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը (բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը)` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ վաճառող կազմակերպությունները, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր, հաշվապահական հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում պարտավոր են վարել արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք, որտեղ պարտավոր են գրանցել ձեռք բերված բոլոր ապրանքները` դրանք ստանալուց կամ ընդունելուց անմիջապես հետո, մինչև վաճառքի հանելը, բայց ոչ ուշ, քան մինչև ապրանքներն ստանալու օրվա ավարտը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ ստուգում իրականացրած անձանց կողմից Կոոպերատիվի նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի հիմքով նշանակվել է տուգանք այն բանի համար, որ ՀՀ կառավարության 31.07.1997 թվականի թիվ 315 որոշմամբ հաստատված կարգի սահմանած կարգով չեն գրանցվել ք. Երևան, Աբովյան 4 հասցեում գտնվող («Միլանո») խանութ սրահում ստացված 59.427.500 ՀՀ դրամի ապրանքներ: Ընդ որում, ստուգումն իրականացրած տեսուչները նման եզրահանգման են եկել 03.11.2008 թվականից մինչև 05.11.2008 թվականն ապրանքանյութական արժեքների գույքագրման արդյունքները համադրելով արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքում գրանցված տվյալների հետ, և այդ փաստաթղթերի պատճեններն էլ կցվել են ստուգման ակտին:

Սույն գործով Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտն անվավեր ճանաչելիս Դատարանը գտել է, որ Կոոպերատիվի կողմից Կարգի 6-րդ կետի խախտման փաստը բացակայում է, քանի որ «ակտում որևէ նշում չկա այն մասին, թե այդ ապրանքները Կոոպերատիվը ե՞րբ է ստացել, ինչպիսի փաստի առկայությամբ միայն հնարավոր կլիներ պարզելու, թե մինչև ե՞րբ էր վերջինս պարտավոր գրանցել այդ ապրանքները գրանցման գրքում»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը չի իրականացրել վարչական գործում առկա ապացույցների, մասնավորապես` Տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ակտի անբաժանելի մաս հանդիսացող «գույքագրման արդյունքներ» հավելվածի և «արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) թիվ 789 գրքի պատճեններ» հավելվածի պատշաճ գնահատում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը, որպիսի բեռը կրում է նույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը:

Միաժամանակ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

Սույն գործով Դատարանի վճռով կարևորվել էր այն փաստը, թե ապրանքները խանութ-սրահում ստացվելու կոնկրետ ժամանակն անհայտ է, որպիսի փաստն էլ նշված չէ ակտում և չի ապացուցվել վարչական մարմնի կողմից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված փաստի կարևորումը էական նշանակություն կարող էր ունենալ միայն այն պարագայում, եթե ապրանքները խանութ-սրահում ստացվել են հենց գույքագրման օրը և դեռևս վաճառքի չեն հանվել ու ապրանքներն ստանալու օրն էլ դեռևս չի ավարտվել: Մինչդեռ, սույն գործով Կոոպերատիվը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով` վարչական վարույթի ընթացքում, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով` վարչական գործի քննության ընթացքում, կրելով ապացուցման պարտականություն, չի ապացուցել իր համար բարենպաստ հանգամանքները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճռի` հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասը բեկանելու համար: Ընդ որում, Դատարանի վճիռը ենթակա է բեկանման մասնակիորեն, քանի որ վարչական գործի վարույթն ըստ Կոոպերատիվի հայցի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի նախագահի 06.10.2008 թվականի թիվ 1100432 հանձնարարագիրը և 05.11.2008 թվականի հրամանն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, իսկ վճռաբեկ բողոքում առկա չէ նշված մասի վերաբերյալ որևէ փաստարկ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.07.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու և հակընդդեմ հայցը մերժելու մասը, և այն փոփոխել` «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցը` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության 28.11.2008 թվականի թիվ 1100432 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչության հակընդդեմ հայցը բավարարել` «Օլիմպ» արտադրական կոոպերատիվից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17.026.700 ՀՀ դրամ` ստուգման ակտով առաջադրված տուգանքի գումարը, և 340.534 ՀՀ դրամ` հայցադիմումի համար վճարված պետական տուրքի գումարը:

Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՎԴ/0222/05/09
Որոշում