Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ, 6-ՐԴ, 6.1-ՐԴ, 7-ՐԴ, 35-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ «ԻՐԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/0954/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0954/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության (այսուհետ` Դատախազություն) ընդդեմ «Արևիկ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` 1.525.750 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Դատարան` Դատախազությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.525.750 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ, 61-րդ, 35-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետը, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը, 34-րդ հոդվածի 3-րդ մասը, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ընկերության կողմից լիցենզիայի տարեկան պետական տուրքը չվճարելու ժամանակաշրջանում գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձանց պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով: Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է նաև մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (իրավունքները, թույլտվությունները, լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում: Տվյալ դեպքում Ընկերության դիմումի հիման վրա 21.03.2007 թվականի թիվ 498-Ա հրամանով լիցենզիայի գործողությունը դադարեցվել է, հետևաբար տարեկան պետական տուրքի գումարը պետք է հաշվարկվի մինչև 2007 թվականը, ինչպես որ կատարվել է:

Ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի սխալ կիրառելու վերաբերյալ Դատարանի պատճառաբանությանը, ապա նշված հոդվածը կիրառվել է դրա ուժի մեջ մտնելու պահից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, որի արդյունքում տարեկան պետական տուրքի գումարները հաշվարկվել են մինչև 2007 թվականը: Իսկ պետական տուրքի վճարումն ուշացնելու համար տուգանքի գումարները հաշվարկվել են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ սահմանված կարգով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերությունը ՀՀ առողջապահության նախարարությունից 29.10.2002 թվականին ստացել է անժամկետ դեղատնային գործունեություն իրականացնելու լիցենզիա` Կ-XX-000084 (գ.թ. 9):

2) Ընկերության կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տարեկան 50.000 ՀՀ դրամ վճարման ենթակա պետական տուրքի գումարը չվճարելու հետևանքով լիազոր մարմինը 17.02.2003 թվականին կասեցրել է լիցենզիայի գործողությունը (գ.թ. 2):

3) Ընկերության 15.03.2007 թվականի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի 21.03.2007 թվականի թիվ 498-Ա հրամանով 29.10.2002 թվականին տրված լիցենզիայի գործողությունը դադարեցվել է (գ.թ. 7, 8):

4) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մաշտոցի հարկային տեսչությունը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով և 35-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկել է Ընկերության կողմից 29.10.2003-29.10.2006 թվականները չվճարված 50.000-ական ՀՀ դրամ պետական տուրքի` ընդհանուր հաշվով 200.000 ՀՀ դրամ և պետական տուրքի վճարումն ուշացնելու համար առ 16.12.2008 թվականը` 778 օրվա համար, օրական 0.5 տոկոսի չափով տույժի գումար` 1.325.750 ՀՀ դրամ (գ.թ. 10-14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

Ընկերության կողմից լիցենզիայի տարեկան պետական տուրքը չվճարելու ժամանակաշրջանի խմբագրությամբ գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձանց պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով: Տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է նաև մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (իրավունքները, թույլտվությունները, լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքերում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են լիցենզիայի գործողության դադարեցման հիմքերը և ամրագրված է, որ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը չի ազատվել տարեկան պետական տուրքի վճարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի լուծարվել և չի վերացվել այդ պետական տուրքը:

Սույն գործով Դատարանը եկել է այն եզրահանգման, որ հերթական տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող գործունեության հետագա իրականացման հնարավորություն պատասխանողին չի ընձեռվել լիցենզիայի գործողության կասեցումից ի վեր, ուստի տվյալ պարագայում բացակայում է հերթական տարեկան պետական տուրքի գումարի գանձման օբյեկտն այն մասով, որին վերաբերում է հայցվորի հաշվարկած պարտավորությունը, ինչը նույնն է, թե նման պարտավորություն չի ծագել: Միաժամանակ դատարանը գտել է, որ քննարկվող ժամանակահատվածում գործող օրենսդրությամբ լիցենզիայի գործողության կասեցման ընթացքում պետական տուրքի վճարման պարտականություն նախատեսված չի եղել:

Վճռաբեկ դատարանը մինչև 15.12.2005 թվականն ընդունված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը կասեցված լիցենզիայի պայմաններում տարեկան պետական տուրքի գանձման հարցի վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը (Տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Թալինի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ «Արշակ Մանուկյան» ՍՊԸ-ի` պետական բյուջեի օգտին 1 283 328 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, 17.11.2006 թվականի թիվ 3-2240-ՏԴ/2006 որոշումը): Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց կողմից տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում այդ անձինք ժամանակավորապես` մինչև տարեկան պետական տուրքի վճարումը, զրկվում են լիցենզիայով վերապահված գործողություններ իրականացնելու իրավունքից, հետևաբար, արտոնագրի, թույլտվության կամ լիցենզիայի գործողությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցվելու դեպքում կասեցման ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքը ենթակա է վճարման անկախ լիցենզիայի գործողության կասեցման հիմքերից ու ժամկետներից: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված «ուժը կորցրած ճանաչվելու» արտահայտությունն իմաստային առումով լիովին համընկնում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսվող «լիցենզիան ուժը կորցրած ճանաչել» արտահայտությանը և պետական տուրքի հետագա վճարման պարտավորությունը տվյալ դեպքում կարող էր դադարել միայն սահմանված կարգով լիցենզիան ուժը կորցրած ճանաչելուց հետո: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն որոշմամբ արձանագրել, որ լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում այն դեպքում, երբ դադարեցվում է, այլ ոչ թե կասեցվում է դրա գործողությունը: Հետևաբար, նույնիսկ լիցենզիայի գործողության կասեցման դեպքում անգամ Ընկերությունը պարտավոր էր կատարել դրանց համար սահմանված տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը»:

Ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածը Դատարանի կողմից չկիրառելու մասին բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 28.01.2006 թվականին և այդ հոդվածին հետադարձ ուժ չի տրվել, հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների դատախազության հայցը բավարարել` «Արևիկ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.525.750 ՀՀ դրամ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2009
N ՎԴ/0954/05/09
Որոշում