Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/1043/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/1043/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Արմենմոտոր» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ Նախարարության` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի` ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ճանաչել Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի` ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը` վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Նախարարությունը և ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի, 16-րդ հոդվածի 7-րդ մասի, 60-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գործը քննել է Նախարարության բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպես, Դատարանը վճռի նկարագրական մասում Նախարարության դիրքորոշումը վերարտադրելիս նշել է, որ գործի քննության ժամանակ երրորդ անձի ներկայացուցիչն առարկել է հայցի դեմ և խնդրել է դատարանին հայցը մերժել: Վերը նշված պնդումն ակնհայտ չի համապատասխանում իրականությանն այն պատճառով, որ Նախարարության ներկայացուցիչը երբեք չի մասնակցել սույն վարչական գործով քննությանը, քանի որ ոչ մի ծանուցում դատական նիստի մասին (թե նախնական, թե դատաքննության) երբեք չի ստացել: Նախարարությունը սույն գործով վճիռն ստանալուց հետո «www.coսrt.am» կայքից տեղեկացել է, թե իբր վարչական գործով անցկացվել է թվով 3 դատական նիստ` 06.07.2009 թվականին, 21.07.2009 թվականին և 29.07.2009 թվականին: Սակայն դրանցից և ոչ մեկով Նախարարության ներկայացուցիչը ծանուցված չի եղել, ինչի հետևանքով զրկվել է սույն վարչական գործի քննությանը մասնակցելու, դիրքորոշում հայտնելու, ապացույցներ ներկայացնելու և այլ դատավարական իրավունքներից:

2) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 61.1-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշման 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին մասի, 24-րդ հոդվածի 1-ին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշումն (այսուհետ` Որոշում) իրավունքների ծագման օրենքով նախատեսված ընդհանուր իրավական դաշտից զատ նախատեսում է իրավունքների ծագման հատուկ իրավական ռեժիմ: Այդ հատուկ իրավական ռեժիմի էությունը կայանում է նրանում, որ գործադիր մարմինը հնարավորություն է ընձեռում այդ ակտում թվարկված սուբյեկտներին որոշակի կոնկրետ պայմանների պահպանման պայմաններում, ազատ կամքի արտահայտությամբ, այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից 6-ամսյա ժամկետում կնքել իրենց կողմից վարձակալած հողամասերի ուղղակի վաճառքի պայմանագրեր:

Միաժամանակ օրենսդիր մարմինն այդ հատուկ իրավական ռեժիմի գործողության ժամանակահատվածում 04.10.2005 թվականին ընդունված` «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածի 1-ին մասով ըստ էության վաղաժամկետ` մինչև 6-ամսյա ժամկետի լրանալը, դադարեցնում է այդ հատուկ իրավական ռեժիմի գործողությունը, քանի որ Օրենքով վերը նշված սուբյեկտների սեփականության իրավունքներն իրենց կողմից զբաղեցրած հողամասերի նկատմամբ ճանաչվում են արդեն առանց որևէ նախապայմանների, բոլորի համար պարտադիր կերպով, առանց կամարտահայտության հնարավորության, այսինքն` օրենքի ուժով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 14-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծության արդյունքում ակնհայտ է, որ տվյալ դեպքում Օրենքի 23 հոդվածի 1-ին մասի և Որոշման 4-րդ կետի միջև առկա է հակասություն, և առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտերի գերակայության սկզբունքի համաձայն` գործում է Օրենքի 23 հոդվածի 1-ին մասը:

Բացի այդ, Որոշման 4-րդ կետի բովանդակությունից հետևում է, որ այդ կետում նշված կադաստրային գները կիրառվում են երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում` 6-ամսյա ժամկետում հողերի ուղղակի վաճառքի դեպքերում:

Մինչդեռ սույն վարչական գործով հայցվորը 6-ամսյա ժամկետում ընդամենը դիմել է պատասխանողին, այլ ոչ թե կնքել հողի ուղղակի վաճառքի պայմանագիր: Ավելին, հայցվորի դիմելու պահին` 12.01.2006 թվականին, Որոշման 4-րդ կետն արդեն իսկ հակասում էր 04.10.2005 թվականին ընդունված Օրենքի 23 հոդվածի 1-ին մասին և չէր գործում:

Վերոգրյալի հիման վրա Նախարարությունը պահանջել է բեկանել Դատարանի 29.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

2.1. ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

1) Դատարանը չի կիրառել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշման 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վիճարկվող դատական ակտով Դատարանի կողմից սխալ է կիրառվել ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշման 4-րդ կետի պահանջը, քանզի Ընկերության կողմից Դատարան հայցադիմումի ներկայացման պահին հասարակական արտադրական օբյեկտների կառուցման և սպասարկման համար տրամադրված հողամասերի և դրանց վրա կառուցված շենքերի ու շինությունների իրավական կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում էր 04.10.2005 թվականին ընդունված և 25.11.2005 թվականից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 29.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Ընկերության կողմից հողամասերի օտարման համար Փարաքարի գյուղապետարան դիմելու պահին` 12.01.2006 թվականին, դեռևս ուժի մեջ է եղել Որոշման 4-րդ կետը: Ընդ որում, Ընկերության կողմից թիվ 24 և 25 վճարման հանձնարարագրերով կատարվել էր ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիշյալ հողատարածքների կադաստրային արժեքների վճարումը:

Երրորդ անձի կողմից բերված բողոքում նշվում է` իբր Դատարանը դատական նիստերի օրվա և ժամի մասին պատշաճ չի ծանուցել իրենց, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, քանի որ երրորդ անձը սույն գործով տեղի ունեցած բոլոր դատական նիստերի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված է եղել, սակայն ներկայացել է միայն մեկին: Ընդ որում, ոչ միայն ներկա է գտնվել այդ նիստին, այլև խնդրել է ժամկետ տրամադրել իր առարկությունները գրավոր ներկայացնելու համար, որից հետո դրանք ներկայացրել է դատարանի կողմից սահմանված ժամկետի խախտմամբ:

Փարաքարի գյուղապետարանը դեռևս ՀՀ տնտեսական դատարանում համանման գործի քննության ժամանակ դատարանին ուղղված իր 17.03.2006 թվականի թիվ 147 գրությամբ հայտնել է, որ ընդունում է իր կողմից թույլ տրված սխալը, կարգապահական տույժի է ենթարկել համապատասխան սխալը թույլ տված աշխատակցին և խնդրել է դատարանին վճռով թույլատրել Որոշման հիմքով Ընկերությանը օտարել հիշյալ հողատարածքները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարության կողմից 30.12.2004 թվականին ընդունվել է թիվ 879-Ն որոշումը` «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին»: Նշված որոշումն ուժի մեջ է մտել 30.07.2005 թվականին: Որոշման 4-րդ կետով սահմանվել է, որ «սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետում սույն որոշման թիվ 4 հավելվածով սահմանված ցանկում ներառված արտադրական նշանակության օբյեկտների, թիվ 4 հավելվածով սահմանված ցանկում ընդգրկված կազմակերպությունների` նույն ցանկում չներառված դուստր ընկերությունների, մասնաճյուղերի, արտադրական նշանակության այլ օբյեկտների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում գտնվող գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնաշենքերի, թռչնանոցների, դեզանոցների, չորանոցների, սիլոսի հորերի, պահեստների, կերախոհանոցների, գյուղատնտեսական մեքենատրակտորային պարկերի կառուցման և սպասարկման համար հատկացված, բացառությամբ չկառուցապատված (առանձին միավոր հանդիսացող) հողերի ուղղակի վաճառքի դեպքերում դրանց կադաստրային գների 2005 թվականի չափերը հաշվարկվում են սույն որոշման թիվ 1, 2 և 3 հավելվածներով` ըստ տարածագնահատման գոտիների (Երևան քաղաքում) և համայնքների (քաղաքային և գյուղական), սահմանված կադաստրային գների չափերով»: Նշված որոշման 4-րդ հավելվածի 54-րդ կետում նշվել է. «Արմենմոտոր» ՓԲԸ, ք. Երևան, Խորենացու թիվ 28, հողի մակերեսը` 3,9333 հա»:

2) ՀՀ կառավարության` «ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 879-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 16.02.2006 թվականի թիվ 168-Ն որոշման 1-ին կետի համաձայն` ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի «Գյուղատնտեսական և բնակավայրերի նշանակության հողերի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը սահմանելու մասին» թիվ 879-Ն որոշման 4-րդ կետը:

3) Ընկերությունը 12.01.2006 թվականի թիվ ԿՊ-01/004 և ԿՊ-01/006 գրություններով դիմել է Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարան Արմավիրի մարզի Փարաքար-Թաիրով Հատուկ տեխնոլոգիական սարքավորումների արտադրության 2,525 հա և 5,525 հա հողատարածքների օտարման պայմանագիր կնքելու համար:

4) Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետի 30.01.2006 թվականի թիվ 50/1 գրությամբ Ընկերությանը տրված պատասխանով մերժվել է օտարման պայմանագիր կնքելու առաջարկն այն պատճառաբանությամբ, որ «ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումների հավելվածներում «Արմենմոտոր» ՓԲԸ-ն նշված է միայն Երևան քաղաքի Խորենացու թիվ 28 հասցեում գտնվող 3,9333 հա հողամասի մասով, իսկ Փարաքարի համայնքում գտնվող մասնաճյուղի վերաբերյալ որոշման մեջ որևէ տվյալ բացակայում է»:

5) Ընկերության կողմից 27.01.2006 թվականի թիվ 24 և 25 վճարման հանձնարարագրերով կատարվել է նշված հողատարածքների կադաստրային արժեքների վճարումը:

6) 06.02.2006 թվականին Ընկերությունը 27.01.2006 թվականի թիվ 24 և 25 վճարման հանձնարարագրերը ներկայացրել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանմանը` խնդրելով կատարել հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում: Նշված դիմումը կադաստրի մարմնի կողմից 08.02.2006 թվականի թիվ 112 գրությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն որոշմամբ սահմանված 6-ամսյա ժամկետը բաց է թողնվել:

7) Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի 03.07.2006 թվականի թիվ 1025 տեղեկանքի համաձայն` Փարաքար համայնքում գտնվող «Արմենմոտոր» ՓԲԸ-ի կողմից վարձակալած 25.250 քմ հողատարածքից 24.300 քմ հողատարածքը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի կազմում:

8) Սույն գործով դատական նիստեր տեղի են ունեցել 06.07.2009 թվականին` ժամը 14.00-ին, և 21.07.2009 թվականին` ժամը 17.35-ին:

Ըստ Դատարանի 06.07.2009 թվականի ժամը 14.00-ի դատական նիստի արձանագրության` նկատի ունենալով, որ գործի քննության վայրի և ժամանակի մասին երրորդ անձ Նախարարությունը պատշաճ ծանուցվել է, սակայն գործի քննությանը չի ներկայացել,Դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել պատշաճ ծանուցված երրորդ անձի բացակայությամբ:

06.07.2009 թվականին և 21.07.2009 թվականին նշանակված դատական նիստերի մասին Նախարարությանը ծանուցելու վերաբերյալ վարչական գործում որևէ ապացույց առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Նախարարության վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ` պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, Նախարարությանը պատշաճ ձևով չի տեղեկացրել սույն գործով իրականացրած դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, և գործը քննել է վերջինիս բացակայությամբ: Նշված եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ 06.07.2009 թվականին և 21.07.2009 թվականին իրականացված դատական նիստերի մասին Նախարարությանը ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց վարչական գործում առկա չէ:

Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` գործի քննության ընթացքում կողմերին հավասար հնարավորության ընձեռման սկզբունքի հետ: Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցներին իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է:

Ինչ վերաբերվում է Նախարարության վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին, ապա գործի քննությանը մասնակից չդարձվելու և դրանք չքննարկվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:

Այսպիսով, Նախարարության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար, որի պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նաև Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ ֆինանսների նախարարության վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցին:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ՎԴ/1043/05/09
Որոշում