ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1943/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/1943/05/09 2009 թ.
Նախագահող դատավոր` Կ. Բաղդասարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ Լև Այվազյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) և հարակից պատասխանող` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) Կենտրոն տարածքային ստորաբաժանման` պետական մարմնի անգործությունը վիճարկելու, պաշտոնատար անձի գործողությունը և անգործությունը վիճարկելու, օրենքին հակասող ակտն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի պետական գրանցմանը պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Լև Այվազյանը պահանջել է Քաղաքապետարանի և Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանման գործողությունը և անգործությունը համարել հակասող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ կետին և «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությանը, անվավեր ճանաչել (վերացնել) Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշումը և հարկադրել Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը կատարելու Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված կցակառույցի և անտրեսոլի նկատմամբ սեփականության իրավունքի, իսկ 110 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցումները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 30.06.2006 թվականի վճռով Լև Այվազյանի հայցը մերժվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.06.2006 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 16.06.2009 թվականի վճռով Լև Այվազյանի հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է Լև Այվազյանի կողմից Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը համարել օրինական, իսկ զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը` տրամադրված վարձակալության հիմունքներով: Պարտավորեցնել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված կցակառույցի և անտրեսոլի նկատմամբ կատարել Լև Այվազյանի սեփականության իրավունքի, իսկ 110 քմ հողատարածքի նկատմամբ` վարձակալության իրավունքի պետական գրանցումները: Մնացած մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կադաստրը և Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Լև Այվազյանը:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի`
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ, 132-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 438-րդ հոդվածները և ՀՀ կառավարության թիվ 912-Ն որոշումը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վարչական դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը 30 օրացուցային օրվա ընթացքում դիմումի մերժման կամ ինքնակամ կառուցված շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում չի կայացրել:
Մինչդեռ, Վարչական դատարանը նման հանգամանքը հաստատված համարելիս անտեսել է, որ վիճարկվող ինքնակամ շինությունը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
Բացի այդ, Վարչական դատարանը առանց նման լիազորության իրականացրել է պետական սեփականություն հանդիսացող հողամասը տնօրինելու լիազորություն ունեցող մարմնի գործառույթ:
Վերոգրյալի հիման վրա Քաղաքապետարանը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Լև Այվազյանի հայցը մերժել:
Ըստ Կադաստրի վճռաբեկ բողոքի`
Վարչական դատարանը չի կիրառել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը, 8-րդ հոդվածի 3-րդ կետը, 10-րդ հոդվածի 5-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ կառավարության թիվ 912-Ն և թիվ 731 որոշումները:
Վարչական դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ իրավունքների պետական գրանցում կատարելու համար բավարար չէ հիմք ընդունել միայն «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, քանի որ նույն օրենքի 3-րդ կետով սահմանվում է, որ պետական գրանցման համար հիմք է հանդիսանում Երևան քաղաքում` քաղաքապետի որոշումը, հողամասի վարձակալության դեպքում` նաև վարձակալության պայմանագիրն ու հողամասի հատակագիծը, ինչպես նաև սահմանված կարգով համապատասխան բյուջե մուծված վճարների անդորրագրերը:
Բացի այդ, Դատարանը անվավեր չի ճանաչել Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշումը, և չլուծված է մնացել վարձակալության պայմանագրի կնքման հարցը:
Վերոգրյալի հիման վրա Կադաստրը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Վճռաբեկ բողոքների պատասխանի հիմնավորումները
Քաղաքապետարանի կողմից 30 օրացուցային օրվա ընթացքում որևէ որոշում չի կայացվել, ուստի ինքնակամ կառուցված շենքը պետք է համարվի օրինական, իսկ հողամասերը` տրամադրված վարձակալության հիմունքներով:
Բողոք բերած անձանց պնդումն այն մասին, որ վիճելի հողամասը պատկանում է Քաղաքապետարանին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ վիճելի գույքը 2007 թվականից պատկանում է Երևանի Սարյան 24 շենքի համասեփականատերերին, և Լև Այվազյանը այդ սեփականատերերից մեկն է:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. 21.07.2004 թվականին Կադաստրի Կենտրոն տարածքային ստորաբաժանումը թիվ 1817 գրությամբ Լև Այվազյանի 14.07.2004 թվականի դիմումին ընթացք տալու նպատակով Երևանի քաղաքապետին է ներկայացրել Լև Այվազյանի կողմից ինքնակամ կառուցված կցակառույցի և անտրեսոլի հատակագիծը և հաշվառման մատյանից քաղվածքը` խնդրելով սահմանված կարգով ընդունել որոշում ինքնակամ կառույցի օրինականացման կամ մերժման մասին (հատոր 2-րդ գ. թ. 157):
2. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշման թիվ 2 հավելվածի համաձայն` չի ճանաչվել Լև Այվազյանի սեփականության իրավունքը Երևանի Սարյան 24 հասցեում գտնվող 14.8 քմ մակերեսով կցակառույցի և 22.0 քմ անտրեսոլի նկատմամբ` կառույցի վերաբերյալ տեխնիկական եզրակացություն ներկայացված չլինելու պատճառով (հատոր 2-րդ գ. թ. 166):
3. 27.05.2009 թվականին թիվ 18-06/2-5178 գրության համաձայն` Երևանի Սարյան 24 հասցեի բնակելի շենքին կից Լև Այվազյանի կողմից իրականացված կցակառույցի զբաղեցրած հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ 6), իսկ մասամբ նաև Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 2804-Ա որոշմամբ ճշտված Երևանի Սարյան 24 հասցեի բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 3697.43 քմ մակերեսով հողամասի սահմաններում (հատոր 2-րդ գ. թ. 163):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն իրավահարաբերության նկատմամբ կիրառելի և դրա ծագման ժամանակ գործող «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմնի տարածքային ստորաբաժանումները դիմումն ստանալու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում համայնքի վարչական սահմաններում համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) են ներկայացնում ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ հողամասի հատակագիծը:
Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը), իսկ համայնքի վարչական տարածքից դուրս` համապատասխան մարզպետը 30 օրացուցային օրվա ընթացքում կայացնում է դիմումի մերժման կամ ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում:
Նույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա ինքնակամ կառուցված բնակելի նշանակության շենքերի, շինությունների նկատմամբ կարող է ճանաչվել կառուցապատողի սեփականության իրավունքը, եթե դրանք գտնվում են բնակավայրի սահմաններում, կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, չեն առաջացնում սերվիտուտ և չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի կիրառման իրավական հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե՛ս, Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ/5557/05/08 որոշումը, Գևորգ Ճղլյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրված ճանաչելու և կառուցապատման իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի թիվ ՎԴ/7081/05/08 որոշումը):
Սույն գործով Վարչական դատարանը Լև Այվազյանի հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Քաղաքապետարանը խախտել է «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, հետևաբար լրացել է ինքնակամ կառուցված շենքի, շինության կամ ինքնակամ զբաղեցված հողամասի օրինականացման մասին որոշում կայացնելու համար սահմանված 30-օրյա ժամկետը, ուստի Լև Այվազյանի կողմից Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը համարել է օրինական, իսկ զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը` տրամադրված վարձակալության հիմունքներով:
Մինչդեռ, Դատարանը, Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը համարելով օրինական, իսկ զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը` տրամադրված վարձակալության հիմունքներով, գնահատման առարկա չի դարձրել դրանց իրավաչափության հարցը, հայցվող իրավունքի` օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանելու, այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտելու հանգամանքները:
Մասնավորապես` Դատարանը գնահատման առարկա չի դարձրել 27.05.2009 թվականի Քաղաքապետարանի թիվ 18-06/2-5178 գրությունը, որի համաձայն` Երևանի Սարյան 24 հասցեի բնակելի շենքին կից Լև Այվազյանի կողմից իրականացված կցակառույցի զբաղեցրած հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում (կետ 6), իսկ մասամբ նաև Երևանի քաղաքապետի 10.08.2007 թվականի թիվ 2804-Ա որոշմամբ ճշտված Երևանի Սարյան 24 հասցեի բազմաբնակարան շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 3697.43 քմ մակերեսով հողամասի սահմաններում, ինչպես նաև ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների կարգավիճակի մասին Երևանի քաղաքապետի 03.11.2004 թվականի թիվ 2102-Ա որոշման թիվ 2 հավելվածը, որով կառույցի վերաբերյալ տեխնիկական եզրակացություն ներկայացված չլինելու պատճառով չի ճանաչվել Լև Այվազյանի սեփականության իրավունքը Երևանի Սարյան 24 հասցեում գտնվող կցակառույցի և անտրեսոլի նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության իրավական խնդրին (տե՛ս` Հայկ Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ/4466/05/08 որոշումը), ուստի սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ տվյալ իրավական խնդրին:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Լև Այվազյանի կողմից ներկայացված պահանջը` Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը օրինական համարելու, ինչպես նաև զբաղեցրած 110 քմ մակերեսով հողատարածքը` վարձակալության հիմունքներով տրամադրված լինելու մասով ենթակա չէ դատարանում քննության հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:
Այսպիսով, վերոհիշյալ երկու հոդվածների համեմատական վերլուծությունից հետևում է, որ ճանաչման հայց կարող է ներկայացվել այն դեպքում, երբ պարտավորեցման հայց ներկայացնել հնարավոր չէ:
Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` չի բացառվել Լև Այվազյանի կողմից Քաղաքապետարանին վիճելի կցակառույցը և անտրեսոլը օրինականացնելու, զբաղեցրած հողատարածքը` վարձակալության հիմունքներով տրամադրված լինելու վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու հայցի հարուցման հնարավորությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
Վերոնշյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը մասնակիորեն ենթակա է կարճման` այն Դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 16.06.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այդ մասով այն փոփոխել` Երևանի Սարյան 24 հասցեում կառուցված 14.8 քմ մակերեսով կցակառույցը և 22.0 քմ անտրեսոլը օրինական, իսկ 110 քմ մակերեսով հողատարածքը` վարձակալության իրավունքով տրամադրված համարելու մասով գործի վարույթը կարճել, իսկ մնացած մասով հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան