Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/2288/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/2288/05/09                             2009 թ.

Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ Ոստիկանության հայցի ընդդեմ Արմեն Գևորգյանի` 1.000.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին և Արմեն Գևորգյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ոստիկանության` Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է բռնագանձել Արմեն Գևորգյանից 1.000.000 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմեն Գևորգյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Գևորգյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածները, սխալ է կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, պետք է կիրառեր նույն հոդվածների 5-րդ և 2-րդ մասը, չպետք է կիրառեր ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռում պատճառաբանվել է, որ վիճարկվող ակտում նշված չէ, թե ճանապարհային երթևեկության որ կանոնն է խախտվել, ակտում բացակայում է Ոստիկանության կնիքը, նշված չէ այն բողոքարկելու վայրը, ժամկետը, կարգը: Մինչդեռ ՀՀ կառավարության 955-Ն որոշման որևէ կանոն նշելու անհրաժեշտություն չկար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը վարորդների կողմից կատարվող մի շարք զանցանքների համար պատասխանատվություն է նախատեսում ինքնուրույն` առանց հղում կատարելու ՀՀ կառավարության հիշյալ որոշմանը:

Ինչ վերաբերում է վարչական ակտի որոշակիությանը, ապա թե՛ հակընդդեմ հայցվորի, թե՛ Ոստիկանության և թե՛ Դատարանի համար միանշանակ պարզ էր վարչական պատասխանատվության ենթարկվող անձը և ենթարկող մարմինը: Ակտը կնքված է Ոստիկանության պաշտոնական կնիքով, իսկ բողոքարկման և անհրաժեշտ այլ տվյալները նշված են ակտի դարձերեսին:

i

Բացի այդ, Դատարանն ակտն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման արձանագրության մեջ նշված չէ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտող անձի մասին, վարչական իրավախախտման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանուններն ու հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տվյալներ: Նշվածը դիտել է որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի խախտում: Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից հստակ երևում է, որ այն կազմվել է 23.01.2008 թվականին Թաիրովի փողոցում, արձանագրությունը կազմող անձը Ոստիկանության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրանիկ Գևորգի Խաչատրյանն է, խախտողը` Գևորգյան Արմեն Տոլիկի, ծնված 1975 թվականին, որի հասցեն է` Երևան, ՈՒլնեցու 54 շենք, բն. 6, հեռ` 093139477, վարչական իրավախախտման տեղը` Ֆրիկ-Դեմիրճյան խաչմերուկը, զանցանքը կատարվել է ժամը 18.00-ին, զանցանքը կայացել է նրանում, որ վարորդը, հատելով առանցքային հոծ գիծը, կատարել է ձախ շրջադարձ և չի կատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված հրամանը` խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 37-րդ մասով: Ինչ վերաբերում է խախտողի բացատրությանը, ապա վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում Ա. Գևորգյանի կողմից բացի ստորագրությունից որևէ այլ առարկություն կամ նշում չկա:

i

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/0073/05/08 և 22.04.2009 թվականի թիվ ՎԴ/5476/05/08/ որոշումներով անդրադարձել է նշված հանգամանքներին արձանագրելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ և 57-րդ հոդվածի 1-ին մասերը կիրառելի չեն:

Մասնավորապես, վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որի նկատմամբ կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը: Իսկ վիճարկվող որոշումն իր բովանդակությամբ համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 27.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ոստիկանության տեսուչն օրենքով սահմանված կարգով կանգառի ազդանշան չի տվել, իսկ Ոստիկանությունը, կրելով զանցանքի փաստի ապացուցման բեռը, զանցանքի կատարման փաստը չի ապացուցել: Դատարանը ճիշտ է կիրառել Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`

Ոստիկանության տեսուչ Անդրանիկ Խաչատրյանը 23.01.2008 թվականին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի` Արմեն Գևորգյանը թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 124-րդ հոդվածի 37-րդ կետով սահմանված խախտում, որի համար 24.01.2008 թվականին ենթարկվել է վարչական պատասխանատվության` 200.000 ՀՀ դրամ տուգանքի չափով, տուգանքի գումարը չվճարելու հետևանքով այն հնգապատկվել է: (գ.թ 4):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն` ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Նշված օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով: Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներն են (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ` ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցի ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի` 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0294/05/08 (2009 թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշման մեջ ընդունող մարմնի անվանումը հստակ և ընթեռնելի գրված չէ, բացակայում է նկարագրական և պատճառաբանական մասերը, բացակայում է Ոստիկանության կնիքը, նշված չէ այն բողոքարկելու վայրը, ժամկետը, կարգը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներին ներկայացվող պահանջները սահմանված են նշված օրենսգրքով և այդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ: Տվյալ դեպքում էական է այն հարցի պարզումը, թե վիճարկվող ակտը համապատասխանում է արդյոք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, թե` ոչ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումն համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նշված որոշումը պարունակում է այն ընդունած պաշտոնատար անձի պաշտոնը, կայացնելու ամսաթիվը, վարչական իրավախախտում կատարած անձի անունը և ազգանունը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը (որոշման մեջ նշված է, որ Արմեն Գևորգյանը հատել է առանցքային հոծ գիծը, կատարել է ձախ շրջադարձ և չի կատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի օրենքով սահմանված կարգով տրված պահանջը), տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը (որոշման մեջ որպես վարչական պատասխանատվության իրավական հիմք է նշված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 37-րդ մասը), ինչպես նաև գործի վերաբերյալ ընդունված որոշումը (որոշմամբ Արմեն Գևորգյանը ենթարկվել է 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի): Հետևաբար, Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումն իրավաչափ է և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման:

Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Ոստիկանության վիճարկվող որոշման մեջ նշված չէ, թե Ճանապարհային երթևեկության ո՞ր կանոնն է խախտվել, ապա Արմեն Գևորգյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 37-րդ մասի պահանջը խախտելու, մասնավորապես, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելու համար, ինչը և արձանագրվել է Ոստիկանության վիճարկվող որոշման մեջ:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը բավարարել` Արմեն Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ: Արմեն Գևորգյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. Արմեն Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2008
N ՎԴ/2288/05/09
Որոշում