ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/5017/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/5017/05/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Պիվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ Հեղուշ Պիվազյանի հայցի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձինք Աշոտ և Անահիտ Պիվազյանների` Աշոտ և Անահիտ Պիվազյաններին Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմածներ ճանաչելուն և ժառանգների ցուցակից հանելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հեղուշ Պիվազյանը պահանջել է պարտավորեցնել նոտարին «Աշոտ և Անահիտ Պիվազյաններին ճանաչել որպես Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմածների և այդ հիմքով նրանց հանել Սուսաննա Պիվազյանի ժառանգների ցուցակից»:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.06.2009 թվականի վճռով վճռվել է «Հեղուշ Պիվազյանի հայցն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձ Աշոտ Պիվազյանի, Անահիտ Պիվազյանի` «Գործողություն կատարելուն պարտավորեցնելու» պահանջի մասին բավարարել: Անվավեր ճանաչել ՀՀ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Աշոտ և Անահիտ Պիվազյաններին որպես 04.02.2007 թ. մահացած հանգուցյալ Սուսաննա Պիվազյանի ժառանգությունն ընդունած ժառանգների հաշվառումը (գրանցումը)»:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Պիվազյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հեղուշ Պիվազյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել և կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ Հեղուշ Պիվազյանը ներկայացրել է որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու հայց, մինչդեռ հայցի հիմքը և առարկան չփոփոխելու պայմաններում Դատարանը վճիռ է կայացրել վիճարկման հայցի վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության կամ փոփոխել դատական ակտը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Սուսաննա, Հեղուշ, Անահիտ և Աշոտ Պիվազյանները հարազատ քույրեր և եղբայր են, իսկ Վարդուշ Հովհաննիսյանը նրանց մայրն է (գ.թ. 13, 14, 15):
2. Վարդուշ Հովհաննիսյանը մահացել է 11.11.2005 թվականին, իսկ Սուսաննա Պիվազյանը` 04.02.2007 թվականին (գ.թ. 11, 10):
3. Նոտարի 26.09.2008 թվականի գրության համաձայն` «Սուսաննա Վաղինակ Պիվազյանի (մահացած 04.02.2007թ.) և Վարդուշ Դանիել Հովհաննիսյանի (մահացած 11.11.2005 թ-ին) մահից հետո 08.06.2007 թ-ին մուտքագրվել է ժառանգական գործ 2459, դիմել են Աշոտ, Հեղուշ և Անահիտ Պիվազյանները, կողմերի միջև վեճը լուծելու պատճառով ժառանգական գործը կասեցվել է և ուղարկվում է դատարան» (գ.թ. 32):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն` վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`
- վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- վարչական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:
Սույն գործով Հեղուշ Պիվազյանը, դիմելով դատարան, պահանջել է «Աշոտ և Անահիտ Պիվազյաններին ճանաչել որպես Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմածների և այդ հիմքով նրանց հանել Սուսաննա Պիվազյանի ժառանգների ցուցակից»: Այսինքն` Հեղուշ Պիվազյանի կողմից ներկայացվել է պարտավորեցման հայց:
Մինչդեռ Դատարանը, անտեսելով վերոգրյալը, վճիռ է կայացրել վիճարկման հայցի վերաբերյալ, այն է` անվավեր է ճանաչել նոտարի կողմից «Աշոտ և Անահիտ Պիվազյաններին որպես 04.02.20007 թ. մահացած հանգուցյալ Սուսաննա Պիվազյանի ժառանգությունն ընդունած ժառանգների հաշվառումը (գրանցումը)»:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի նշված խախտման առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Մասնավորապես, Դատարանը վճռի հիմքում դրել է այն հանգամանքը, որ «նոտարի կողմից դատարանին ներկայացված ժառանգական գործի փաստաթղթերի հետազոտման հիման վրա և վերը նշված իրավական ակտերի դրույթների համաձայն, դատարանը եզրակացնում է, որ Անահիտ և Աշոտ Պիվազյանների կողմից սահմանված կարգով որևէ գրավոր դիմում, վերը նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան երբևէ չեն ներկայացվել նոտարական գրասենյակ, պատասխանող նոտարին` իրենց քույր, հանգուցյալ Սուսաննա Վաղինակի Պիվազյանի (մահացած 04.02.2007 թ.) ժառանգությունն ընդունելու և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար: Ավելին, դատարանը հետազոտելով նոտարի կողմից դատարանին որպես ապացույց ներկայացված «ժառանգության գործերի մուտքի մատյանի քսերոպատճենի թիվ 2459 գրանցման հատվածը»` եզրակացնում է, որ Աշոտ Պիվազյանն ընդհանրապես չի դիմել նոտարին հանգուցյալ Սուսաննա Պիվազյանի (մահացած 04.02.2007 թ.) ժառանգությունն ընդունելու մասին դիմումով և նրա անունն ընդհանրապես վերոհիշյալ մատյանում որևէ համարի տակ նշված չէ»: Դատարանի կողմից հաստատված վերոնշյալ հանգամանքները վճռաբեկ բողոքով չեն վիճարկվել:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին պարտավորեցնել Աշոտ և Անահիտ Պիվազյաններին ճանաչել Սուսաննա Պիվազյանի ժառանգության ընդունման համար օրենքի պահանջների խախտմամբ դիմողներ և նրանց հանել Սուսաննա Պիվազյանի ժառանգների ցուցակից:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան