ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/5599/05/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Սարդարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Մհեր և Սասունիկ Սարդարյանների հայցի ընդդեմ Երևանի Աջափնյակի թաղապետարանի, երրորդ անձինք Հայկ և Նարեկ Սարդարյանների, Լաուրա ՈՒլյանովա-Զվոլինսկասի` Երևանի Աջափնյակի թաղապետի 06.07.2004 թվականի թիվ 147 որոշման 1-ին կետը Հայկ և Նարեկ Սարդարյանների, Լաուրա ՈՒլյանովա-Զվոլինսկասի մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մհեր և Սասունիկ Սարդարյանները պահանջել են անվավեր ճանաչել Երևանի Աջափնյակի թաղապետի 06.07.2004 թվականի թիվ 147 որոշման 1-ին կետը` Հայկ և Նարեկ Սարդարյանների, Լաուրա ՈՒլյանովա-Զվոլինսկասի մասով:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Սարդարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վարչական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող անձանցից Հայկ Սարդարյանը` որպես դատավարության մասնակից, ծանուցագրով չի տեղեկացվել դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, ինչի հետևանքով զրկվել է իր դատավարական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից:
2) Վարչական դատարանը սխալ է մեկնաբանել «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 13-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, ինչպես նաև կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վիճելի բնակարանը մինչև 1997 թվականը չի սեփականաշնորհվել, գտնվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների հաշվեկշռում: ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշմամբ Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանը սեփականության իրավունքով հանձնվել է թաղային համայնքին: Երևանի Աջափնյակ համայնքի ավագանու 21.05.2002 թվականի թիվ 70 որոշման համաձայն` Երևանի Աջափնյակի համայնքի ղեկավարի կողմից 06.07.2004 թվականին ընդունած թիվ 147 որոշմամբ Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանը, որպես նվիրատվություն ձևակերպվել է Դուստրիկ Սարդարյանի, Մհեր և Սասունիկ Սարդարյանների, Նարեկ, Հայկ Սարդարյանների, և Լաուրա ՈՒլյանովայի համատեղ սեփականություն, ինչի հիման վրա 07.07.2004 թվականին կնքվել է նվիրատվության պայմանագիր: Պայմանագրի 1.1 կետով Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանում բնակվում են Դուստրիկ Սարդարյանը, Մհեր և Սասունիկ Սարդարյանները, իսկ անհայտ բացակայողներ, Նարեկ և Հայկ Սարդարյանները, Լաուրա ՈՒլյանովան պահպանում են իրենց օգտագործման իրավունքը, ինչի հիման վրա Երևանի Շիրազի փողոց 24 շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ 16.07.2004 թվականին Դուստրիկ, Մհեր, Սասունիկ, Հայկ, Նարեկ Սարդարյանների և Լաուրա ՈՒլյանովայի անվամբ տրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական:
Բացի այդ, դատարանը գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման ժամանակ անդրադարձել է միայն 26.05.2004 թվականի վճռին, որով Նարեկ, Հայկ Սարդարյանները և Լաուրա ՈՒլյանովան ճանաչվել են անհայտ բացակայողներ, մինչդեռ գործում առկա է նաև 01.11.2004 թվականի վճիռը, որով վերացվել է 26.05.2004 թվականի վճիռը և վերականգնվել են Նարեկ, Հայկ Սարդարյանների և Լաուրա ՈՒլյանովայի իրավունքները, ինչին դատարանը չի անդրադարձել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.
1. Երևանի Աջափնյակի թաղապետի 06.07.2004 թվականի թիվ 147 որոշման համաձայն` Դուստրիկ, Մհեր, Սասունիկ Սարդարյանները, Լաուրա ՈՒլյանովան, Նարեկ և Հայկ Սարդարյանները Երևանի Շիրազի փողոցի 24 շենքի թիվ 2 չորս սենյականոց բնակարանի համասեփականատերերն են (հատ. 1, գ.թ. 14):
2. 06.04.2009 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հայկ Սարդարյանին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: (հատ. 1, գ.թ. 110):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
Նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների և պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն` դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը` փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը` նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:
«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ` պատշաճ ձևով): Վերոնշյալը ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների` դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն` Վարչական դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Հայկ Սարդարյանին չի իրազեկել դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ, գործը քննել է Հայկ Սարդարյանի բացակայությամբ և վճիռ կայացրել: Սույն գործում առկա չէ 06.04.2009 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Հայկ Սարդարյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ և 62-րդ հոդվածներով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված` գործի քննության ընթացքում կողմերին հավասար հնարավորության ընձեռման սկզբունքի հետ: Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցներին իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.3-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վարչական դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան