ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/7030/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/7030/05/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ Սամսոն Հովսեփյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 18.09.2008 թվականի թիվ 004596 արձանագրությունը, Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումն առոչինչ ճանաչելու, Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող տան և հողամասին կից 98.3 քմ հողամասն անհատույց հատկացնելու վերաբերյալ որոշում կայացնելուն պարտավորեցնելու և իրավունքների պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հայցի ընդդեմ Սամսոն Հովսեփյանի` գումար բռնագանձելու և տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սամսոն Հովսեփյանը պահանջել է առոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 18.09.2008 թվականի թիվ 004596 արձանագրությունը և դրա հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումը, պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեում գտնվող տան և հողամասին կից 98.3 քմ հողամասն անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ կայացնելու որոշում և Կադաստրին պարտավորեցնել կատարելու իրավունքների պետական գրանցում:
Դիմելով դատարան` Երևանի քաղաքապետարանը պահանջել է Սամսոն Հովսեփյանից բռնագանձել Երևանի քաղաքապետի 03.06.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշմամբ նշանակված 400.000 ՀՀ դրամ վարչական տույժը և վճարված պետական տուրքը, ինչպես նաև պարտավորեցնել Սամսոն Հովսեփյանին քանդել Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեի տան հարևանությամբ պետությանը պատկանող 1.2x35.5 մ չափի հողամասի վրա իրականացված ինքնակամ շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի:
Երևանի քաղաքապետարանը հրաժարվել է Սամսոն Հովսեփյանին Երևանի Չեխովի 1-ին փակուղի թիվ 2 հասցեի տան հարևանությամբ պետությանը պատկանող 1.2x35.5 մ չափի հողամասի վրա իրականացված ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջից:
ՀՀ վարչական դատարանի 16.01.2009 թվականի (այսուհետ` Դատարան) որոշմամբ նշված վարչական գործերը միացվել են մեկ վարույթում:
Դատարանի 21.05.2009 թվականի վճռով Սամսոն Հովսեփյանի հայցը բավարարվել է, Երևանի քաղաքապետարանի հայցը գումար բռնագանձելու մասով մերժվել է, իսկ Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Սամսոն Հովսեփյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և տարածքը նախկին տեսքի բերելու պահանջների մասին վարչական գործի վարույթը` կարճվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սամսոն Հովսեփյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ և 24-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ, 251-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին կետը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 23-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 37-րդ, 63-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը, «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 5-րդ և 55-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ Սամսոն Հովսեփյանի կողմից կատարվել է զանցանք, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է պատասխանատվություն, ընդ որում ենթակա է վարչական պատասխանատվության անգամ խախտման հետևանքները հետագայում վերացնելու դեպքում: Ի դեպ, Սամսոն Հովսեփյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ իր կողմից թույլ չի տրվել խախտում, այլ պնդել է, որ շինարարական աշխատանքները կատարվել են իր իրավանախորդների կողմից: Այսպես, նշված հասցեի նախկին սեփականատերերի կողմից կառուցվել է սանհանգույց, մինչդեռ, վարչական մարմինը իրավախախտման առարկա համարել է դարպասի տեղափոխմամբ իրականացված շինարարական աշխատանքները: Այսինքն` Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումը կայացվել է օրենքի պահանջների պահպանմամբ, և այն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն:
Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 168-րդ հոդվածի և ՀՀ հողային օրենսգրքի 55-րդ հոդվածները, որոնց ուժով վիճելի հողամասը սեփականության իրավունքով պատկանում է պետությանը: Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշման իրավաչափության հարցը քննարկելիս Դատարանը եզրահանգել է, որ վարչական վարույթի ընթացքում չի ապացուցվել, որ վեճի առարկա հողամասը պետության սեփականությունն է:
Ավելին, հիմք ընդունելով, որ Սամսոն Հովսեփյանի իրավանախորդներն արդեն իսկ ուժը կորցրած վարչական ակտի հիման վրա համարվել են վիճելի հողամասի սեփականատեր, և առուվաճառքի պայմանագրի հիմքով դրա իրավունքներն անցել են Սամսոն Հովսեփյանին, միաժամանակ Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կայացնել բարենպաստ վարչական ակտ` հողամասը Սամսոն Հովսեփյանին սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ: Այսինքն` Դատարանի վճիռն իր մեջ պարունակում է իրարամերժ եզրահանգումներ:
Բացի այդ, Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, գնահատել է Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշումից ծագող իրավունքները պետական գրանցում կատարելը մերժելու մասին Կադաստրի 07.07.2006 թվականի թիվ 1Կ-04/1-7517 գրության իրավաչափության հարցը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Սամսոն Հովսեփյանի հայցը մերժել, իսկ Երևանի քաղաքապետարանի հայցը` բավարարել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշման համաձայն` Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 տան հասցեում գտնվող 10.8 քմ սանհանգույցի նկատմամբ ճանաչվել է Սամվել և Ստեփան Սարգսյանների սեփականության իրավունքը, իսկ 98.3 քմ հողամասը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով գնել (հատոր 1-ին, գ.թ. 17), որից ծագող իրավունքները պետական գրանցման չեն ենթարկվել:
2. 16.07.2007 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2448215 վկայականի համաձայն` Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեում գտնվող 206.4 քմ մակերեսով բնակելի տան և 0.0497 հա հողամասի սեփականատերը Սամսոն Հովսեփյանն է, (հիմք` 11.07.2007 թվականի առուվաճառքի թիվ 7462 պայմանագիրը) (հատոր 1-ին, գ.թ. 28-31):
3. Երևանի քաղաքապետի 21.05.2008 թվականի թիվ 2336-Ա որոշմամբ ուժը կորցրած է համարվել Երևանի քաղաքապետի կողմից 2003-2005 թվականներին ընդունված որոշումները 1593 քաղաքացիների, այդ թվում` նաև Սամվել և Ստեփան Սարգսյանների մասով` հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 25.04.2008 թվականի թիվ ՄՎ-5/1690 գրությունն այն մասին, որ քաղաքացիների հայտերի հիման վրա ինքնակամ կառուցված շենքերը, շինություններն օրինականացնելու մասին Երևանի քաղաքապետի կողմից 2003-2005 թվականներին ընդունված մի շարք որոշումները մասնակի պետական գրանցում չեն ստացել (հատոր 1-ին, գ.թ. 73-74):
4. 18.09.2008 թվականի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության թիվ 004596 արձանագրության համաձայն` Սամսոն Հովսեփյանը Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի 1.20 մ լայնությամբ և 35.5 մ երկարությամբ դարպասի տեղափոխմամբ կատարել է հողազավթում (հատոր 1-ին, գ.թ. 16):
5. Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշմամբ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամսոն Հովսեփյանի կողմից Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 տան հարևանությամբ պետության սեփականության իրավունքով պատկանող 1.20x35.5 չափերի հողամասի վրա ինքնակամ իրականացվել է շինարարական աշխատանքներ, որոշվել է Սամսոն Հովսեփյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկել վարչական պատասխանատվության` նշանակելով վարչական տույժ 400.000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև պարտավորեցնել քանդելու ինքնակամ շինությունը և տարածքը բերել նախկին տեսքի (հատոր 1-ին, գ.թ. 17):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը նշված հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետության և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
Սույն գործով Դատարանը Երևանի քաղաքապետի 07.10.2008 թվականի թիվ Վ-30/27 որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցապահանջի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության հիման վրա` «անձին վարչական պատասխանատվության ենթարկելու համար պետք է հաստատվի, որ տվյալ հողամասը պատկանում է համայնքին կամ պետությանը, ինչպես նաև այն, որ Սամսոն Հովսեփյանի կողմից կառուցվել է ինքնակամ շինություն` առանց համապատասխան շինարարական թույլտվության»:
ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպեu իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները), իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է և ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության` համապատասխան գործով կիրառելիության հարցը լուծելիս դատարանները պետք է համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն` դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության` քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ` որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (Տես` «Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարան» ՍՊԸ-ն ընդդեմ Սոս Բաղդասարյանի` բնակարանի 1/7 մասի սեփականատեր ճանաչելու և բնակարանի մասի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):
Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի կողմից գործի քննության ընթացքում որևէ կերպ չհիմնավորվեց վիճելի տարածքի` պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանելու փաստը` անտեսելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածի հետ կապված արդեն արտահայտել է իր դիրքորոշումը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքը, որ գործի նյութերում բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական անձին պատկանելու մասին որևէ ապացույց, արձանագրել է, որ նման դեպքերում գործում է դրա` պետական սեփականություն լինելու կանխավարկածը (Տես Սիմոն Սարգսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1835(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Երևանի քաղաքապետի 21.05.2008 թվականի թիվ 2336-Ա որոշմամբ ուժը կորցրած է համարվել Երևանի քաղաքապետի կողմից 2003-2005 թվականներին ընդունված որոշումները 1593 քաղաքացիների, այդ թվում` նաև Սամվել և Ստեփան Սարգսյանների մասով: Այսինքն` 98.3 քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով գնելու թույլտվության մասին Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշումն ուժը կորցրած է համարվել դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չենթարկելու հիմքով:
Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործում նույնպես բացակայում է վեճի առարկա հողամասը ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի պատկանելու մասին որևէ ապացույց, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով նույնպես կիրառելի է այդ հողամասի պետական սեփականություն հանդիսանալու կանխավարկածը:
Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Սամսոն Հովսեփյանի կողմից ինքնակամ շինություն չի կառուցվել, այլ ընդհակառակը, արդեն իսկ քանդվել է նրա կողմից, ապա այն նույնպես անհիմն է, քանի որ Սամսոն Հովսեփյանը պատասխանատվության է ենթարկվել ոչ թե արդեն իսկ քանդված շինության, այլ Երևանի Չեխովի փողոցի 1-ին փակուղու թիվ 2 հասցեում առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի 1.20 մ լայնությամբ և 35.5 մ երկարությամբ դարպասի տեղափոխմամբ հողազավթում կատարելու համար:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ընդդեմ «Քնար-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին թիվ 3-2504 (ՏԴ) գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թ. որոշումը):
Դատարանը, վկայակոչելով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը, և պատճառաբանելով, որ Երևանի քաղաքապետն իր 03.07.2004 թվականի թիվ 987-Ա որոշմամբ արդեն իսկ ճանաչել է վիճելի շինության և հողամասի նկատմամբ Սամվել Սարգսյանի սեփականություն ունենալու իրավունքը, անտեսել է, որ Երևանի քաղաքապետի վերոնշյալ որոշումը ուժը կորցրած է համարվել դրանից ծագող իրավունքները պետական գրանցման չենթարկելու հիմքով:
Բացի այդ, Դատարանը, մի կողմից հաստատված համարելով, որ Սամսոն Հովսեփյանի իրավանախորդներն արդեն իսկ ուժը կորցրած վարչական ակտի հիման վրա համարվել են վիճելի հողամասի սեփականատեր, և առուվաճառքի պայմանագրի հիմքով դրա իրավունքներն անցել է Սամսոն Հովսեփյանին, մյուս կողմից հողամասը սեփականության իրավունքով հատկացնելու մասին Սամսոն Հովսեփյանի հայցը քննելիս Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է կայացնել բարենպաստ վարչական ակտ` վիճելի հողամասը Սամսոն Հովսեփյանին սեփականության իրավունքով հատկացնելու վերաբերյալ: Այսինքն` Դատարանի վճիռն իր մեջ պարունակում է իրարամերժ եզրահանգումներ:
Ավելին, Դատարանը, դուրս գալով հայցի շրջանակներից, վճիռ կայացնելիս քննարկել և գնահատել է Երևանի քաղաքապետի 03.06.2004 թվականի թիվ 987 որոշումից ծագող իրավունքները պետական գրանցում կատարելը մերժելու մասին Կադաստրի 07.07.2006 թվականի թիվ 1Կ-04/1-7517 գրության իրավաչափության հարցը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտն անհիմն է: Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով, լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի չի հետազոտել ու գնահատել գործում առկա ապացույցները, չի պարզել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները և չի կիրառել սույն գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն` Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 21.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Է. Հայրիյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան