Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ           Վարչական գործ թիվ ՎԴ/7059/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/7059/05/08                             2009 թ.

Նախագահող դատավոր` Հ. Բեդևյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 15.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) հայցի ընդդեմ ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության թիվ 2 ռազմականացված ջոկատի (այսուհետ` Հիմնարկ)` 2.998.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Հիմնարկից 2.998.100 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.05.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ անկախ նրանից, թե ապահովադիրն իրավաբանական անձ է, թե պետական ենթակայության հիմնարկ, պարտավոր է «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով վճարել պարտադիր սոցիալական ապահովության վճարները, ինչպես նաև այդ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում հաշվարկված տույժերը:

Վերը նշվածից հետևում է, որ հիմնարկը, անկախ իր հիմնադրի կարգավիճակից, համարվում է վարչական իրավահարաբերության սուբյեկտ, ունի այդ սուբյեկտին բնորոշ իրավունքներ և կրում է պարտականություններ:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքից բխում է, որ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հավաքագրելու լիազորություն ունեցող մարմնի և այդ վճարումներն իրականացնելու պարտականություն ունեցող անձանց միջև առկա են վարչական հարաբերություններ, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածով նախատեսված պարտատիրոջ և պարտապանի համընկնմամբ վարչական իրավահարաբերության սուբյեկտների միջև առաջացած հարաբերությունը դադարել չի կարող, քանի որ որևէ իրավական ակտով նախատեսված չէ, որ պարտադիր սոցիալական ապահովության վճարների կատարման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 15.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Պետական բյուջեի պարտավորությունների վերաբերյալ Տեսչության ակտի համաձայն` 15.10.2008 թվականի դրությամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով Հիմնարկի պարտավորությունները կազմում են 2.998.100 ՀՀ դրամ, որից ապառք` 767.400 ՀՀ դրամ, տույժ` 2.230.700 ՀՀ դրամ (գ.թ. 5):

2) ՀՀ կառավարության 02.02.1999 թվականի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության մասին» թիվ 42 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության» կանոնադրության 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների համակարգ է` բյուջետային հիմնարկի կարգավիճակով:

3) ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության 23.12.1999 թվականի «Պետական գրանցամատյանում բյուջետային հիմնարկի (կազմակերպության) գրանցման (հաշվառման)» թիվ Բ 004748 վկայականի համաձայն` Հիմնարկի վերադաս մարմինը ՀՀ ներքին գործերի նախարարությունն է (ներկայումս` ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանություն) (գ.թ. 109):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 6-րդ մասի համաձայն` մեկ կողմի` մյուսի վարչական կամ այլ իշխանական ենթակայության վրա հիմնված գույքային` ներառյալ հարկային, ֆինանսական ու վարչական հարաբերությունների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությունը և այլ իրավական ակտերը չեն կիրառվում, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնարկն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որն ստեղծվում է Հանրապետության Նախագահին, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններին, դատախազությանը, ինչպես նաև օրենքի հիման վրա ստեղծված` պետական կառավարչական գործառույթներ իրականացնող այլ պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման և քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության ապահովման նպատակով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` հիմնարկն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

«Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով «Ապահովադիր» հասկացությունը բնորոշվում է որպես նույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք, պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` նույն օրենքով սահմանված կարգով:

Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ պետական կառավարչական հիմնարկն ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որի ստեղծման նպատակը պետական մարմիններին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումն է և քաղաքացիական իրավահարաբերություններին վերջիններիս մասնակցության ապահովումը: Պետական կառավարչական հիմնարկի իրավական կարգավիճակից ելնելով` «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է, որ վերջինիս պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: Միաժամանակ ՀՀ սոցիալական վճարների մասին օրենսդրությամբ պետական կառավարչական հիմնարկը համարվում է ապահովադիր և վերջինիս համար այլ ապահովադիրների համեմատ որևէ առանձնահատկություն սահմանված չէ: Հետևաբար պետական կառավարչական հիմնարկի վրա, այլ ապահովադիրների հետ համահավասար, դրված է նույն օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով սոցիալական վճարումներ կատարելու պարտավորություն, որի չկատարման հետևանքով նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հիմնարկը պետական հիմնարկ է, իսկ պետական հիմնարկի պարտավորությունների համար, որպես հիմնադիր, պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն` պարտատիրոջ և պարտապանի համընկնման դեպքում պարտավորությունը դադարում է: Սույն գործով պարտատերը և պարտապանը համընկնում են, ուստի պարտավորության դադարման ուժով հայցը ենթակա է մերժման:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է, որ սույն գործով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 429-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է քաղաքացիաիրավական պարտավորության դադարմանը, իսկ տվյալ դեպքում Տեսչության և Հիմնարկի միջև իրավահարաբերություններն առաջացել են վերջինիս կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով սոցիալական վճարումներ չկատարելու հետևանքով, այսինքն` Տեսչության և Հիմնարկի միջև առաջացել են վարչաիրավական հարաբերություններ, որտեղ մի կողմում վարչական մարմինն է` Տեսչությունը, իսկ մյուս կողմում` ապահովադիրը` Հիմնարկը: Հետևաբար պարտապանի և պարտատիրոջ համընկնմամբ պարտավորության դադարման վերաբերյալ Դատարանի հետևությունները չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթների բովանդակությունից և էությունից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 15.05.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2009
N ՎԴ/7059/05/08
Որոշում