Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒ ...

 

 

020.0882.110510

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆ ԵՎ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Գ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 177-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 268-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 մայիսի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,

համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ վճռաբեկ դատարանի և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Ավետիսյանի դիմումների հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը ՀՀ վճռաբեկ դատարանի և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Ավետիսյանի` համապատասխանաբար 23.02.2010թ. և 10.03.2010թ. սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումներն են:

Հաշվի առնելով, որ դիմումները վերաբերում են նույն հարցին, այն է` դատվածության և դրա հետ կապված կրկնակիության և ռեցիդիվի առկայության դեպքում արարքի քրեաիրավական որակման և պատժի նշանակման կանոնակարգմանը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով` սահմանադրական դատարանն իր` 19.03.2010թ. ՍԴԱՈ-27 որոշմամբ սույն գործերը միավորել է դատարանի նույն նիստում քննելու համար:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2003թ. ապրիլի 18-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003թ. ապրիլի 29-ին և համաձայն «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի` ուժի մեջ է մտել 2003թ. օգոստոսի 1-ից:

Օրենսգրքի 177-րդ հոդվածը վերնագրված է «Գողությունը», իսկ 268-րդ հոդվածը` «Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի»: Սույն հոդվածները փոփոխությունների են ենթարկվել համապատասխանաբար` 01.07.2004թ. ընդունված ՀՕ-97-Ն և 26.05.2008թ. ընդունված ՀՕ-76-Ն օրենքներով:

Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող հոդվածների նորմերը սահմանում են.

 

«Հոդված 177. Գողությունը

...

3. Գողությունը, որը կատարվել է`

...

3) սույն օրենսգրքի 175-182-րդ, 222-րդ, 234-րդ, 238-րդ, 269-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների համար երկու կամ ավելի դատվածություն ունեցող անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:

«Հոդված 268. Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի.

...

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

1) կրկին անգամ`

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:

2. Գործի փաստական հանգամանքները հանգում են հետևյալներին.

1) քաղ. Նիկոլայ Հովսեփյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է 2009թ. մայիսի 15-ին, հունիսի 4-ին նրան մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 13.08.2009թ. դատավճռով Ն. Հովսեփյանը նշված մեղադրանքով դատապարտվել է կալանքի 2 ամիս ժամկետով:

Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իր` 05.10.2009թ. դատավճռով Ն. Հովսեփյանին դատապարտել է ազատազրկման 4 տարի ժամկետով:

Վճռաբեկ բողոքով գործը մուտք է եղել ՀՀ վճռաբեկ դատարան:

ՀՀ վճռաբեկ դատարանը` գտնելով, որ վեճը լուծելու համար կիրառման ենթակա օրենքի դրույթի` օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի սահմանադրականության խնդիր կարող է առաջանալ, կասեցրել է գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

2) Քաղ. Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ քաղ. Սարգիս Հարությունյանին` 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Մեղադրական եզրակացությունը կազմվել է 2009թ. դեկտեմբերի 29-30-ին և գործը 15.01.2010թ. ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Գտնելով, որ վեճը լուծելու համար կիրառման ենթակա օրենքի դրույթները` օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ու դրա հետ կապված` 21 և 22-րդ հոդվածների սահմանադրականության խնդիր կարող է առաջանալ` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Ավետիսյանը կասեցրել է գործի վարույթը և դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

3. Դիմողներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են հետևյալ փաստարկներով: Օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով պատասխանատվություն է նախատեսվում հափշտակությունների համար երկու և ավելի դատվածություն ունեցող անձի կողմից գողություն կատարելու դեպքում: Տվյալ դեպքում դատվածության առկայությունն ազդում է արարքի որակման վրա, և հափշտակության համար դատվածություն ունեցող անձի կատարած գողությունը համարվում է որակապես ավելի ծանր հանցանք, քան դատվածություն չունեցողի կողմից կատարված նույնական գողությունը: Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը որպես թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծանրացնող հանգամանքներով (որակյալ) հանցակազմի հատկանիշ է սահմանում արարքի կրկնակիությունը (դատվածության հետ կապված և չկապված):

Դիմողները գտնում են, որ ինչպես վիճարկվող հոդվածներում, այնպես էլ օրենսգրքի մի շարք հոդվածներում կիրառված կրկնակիության և ռեցիդիվի ինստիտուտն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված` «ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար» սկզբունքի հետ, ինչպես նաև հակասում է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային մի շարք վճիռներում արտահայտած իրավական դիրքորոշումներին (օր.` Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի գործով վճիռը):

Դիմողները գտնում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում մշակված չափանիշները սույն գործով կիրառելու պարագայում վիճարկվող հոդվածներն առերևույթ չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասին, քանի որ նոր մեղադրանքն անհրաժեշտաբար բխում է էականորեն նույնական փաստերից, և նախորդ դատապարտումն անհրաժեշտաբար օրինական ուժ ստացած է լինում:

Էականորեն նույնական փաստերից նոր մեղադրանքի բխելու չափանիշն առկա է, քանի որ մեղադրանքի ծավալից նախորդ դատապարտումների փաստի դուրսբերման դեպքում արարքն այլևս չի կարող որակվել վիճարկվող հոդվածներով, այլապես կխախտվի օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության սկզբունքը: Հետևաբար, այն արարքները, որոնց համար անձը դատապարտված է եղել, հանդիսանում են նոր մեղադրանքի անքակտելի և էական տարր:

Ըստ դիմողների` նույն արարքի համար կրկին անգամ դատվելը բացառելու սկզբունքի հիմքում ընկած է մեղքը քաված լինելու կանխավարկածը, համաձայն որի` անձը չի կարող կրել իր իրավունքների կամ ազատությունների սահմանափակումներ` նախկինում կատարած հանցագործության հիմքով, իսկ վիճարկվող իրավակարգավորման դեպքում իր պատիժը կրած և մեղքը քաված անձի առնչությամբ շարունակում է գործել նրա կողմից նոր հանցանք կատարելու հնարավորության կասկածը: Դատվածությունը, ըստ էության, հանդես է գալիս որպես կանխարգելիչ, շարունակվող քրեական պատիժ, որը նոր հանցանք կատարելու դեպքում վեր է ածվում լրացուցիչ պատժի:

Վերը նշված վերլուծության արդյունքում դիմողները գտնում են, որ դատվածությունների առկայությունը և կրկնակիությունը հանցագործության որակյալ հատկանիշ ճանաչելն ակնհայտորեն հետապնդում է իրավաչափ նպատակ` քրեաիրավական միջոցներով պայքար կրկնահանցավորության դեմ: Սակայն ընտրված միջոցը, այն է` քրեաիրավական ներգործությունը հանցանքի, այլ ոչ թե պատժի տարրի վրա կենտրոնացնելը, դիմողների կարծիքով, սահմանադրականության խնդիրներ է հարուցում:

4. Պատասխանողը` առարկելով դիմողների փաստարկների դեմ, գտնում է, որ օրենսգրքով սահմանված հիշյալ դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասին և չեն սահմանափակում անձի իրավունքներն ու ազատությունները:

Պատասխանողը նշում է, որ իր իրավասության սահմաններում օրենսդիրն ազատ է ինքնուրույն որոշելու օրենսգրքի դրույթների բովանդակությունը, այդ թվում` սահմանելու առանձին արարքների հանցավորությունը, դրանց պատժելիությունը և այլ քրեաիրավական հետևանքները: Սակայն քրեաիրավական արգելքների և սանկցիաների սահմանումը չի կարող կամայական լինել: Քրեաիրավական ներազդման միջոցների կիրառման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ սահմանադրական կարգի, անձանց կյանքի և առողջության, հասարակական կարգի և հասարակության բարօրության պահպանման անհրաժեշտությամբ: Այս մոտեցումը ենթադրում է այնպիսի իրավակարգավորման սահմանում, որը պետք է ենթադրի յուրաքանչյուրի իրավունքների ու ազատությունների պետական պաշտպանություն:

Պատասխանողը միաժամանակ գտնում է, որ անձի, հասարակության և պետության իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև հանցագործությունների կանխումը պետք է հիմնվեն արդարության և քրեական պատասխանատվության, քրեական օրենքով պաշտպանվող շահերի համաչափության սահմանադրական սկզբունքների վրա` անվերապահորեն ապահովելով հանրային-իրավական հարաբերությունների` այս ոլորտում անձի իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքները:

Պատասխանողը նշում է, որ նման երաշխիքներից է Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված` նույն արարքի համար կրկին անգամ չդատվելու սկզբունքը: Նույն արարքի համար կրկին անգամ չդատվելու սահմանադրական և միջազգային իրավական արգելքն օրենսգրքում բարձրացվել է սկզբունքի մակարդակի (10-րդ հոդվածի 2-րդ մաս), ըստ որի` բացառվում է նույն արարքի համար անձի կրկնակի դատապարտումը կամ միևնույն արարքն օրենսգրքի մի քանի հոդվածներով որակելը:

Միևնույն ժամանակ այդ սկզբունքը չի սահմանափակում նաև օրենսդրի իրավունքը սահմանելու իրավական հետևանքներ առաջացնող այնպիսի ինստիտուտներ, ինչպիսիք դատվածությունն է և դրանից ածանցված` հանցագործությունների կրկնակիությունն ու ռեցիդիվը: Նման կարգավորումն ուղղակիորեն բխում է օրենսգրքում ամրագրված` արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից:

Պատասխանողի կարծիքով` ՀՀ քրեական օրենսգիրքը, սահմանելով չհանված կամ չմարված դատվածության քրեաիրավական հետևանքները, դրա տարբերակման հիմքում դնում է այն, թե ինչպես դա կանդրադառնա առանձին հանցագործությունների հասարակական վտանգավորության վրա: Ընդ որում, եթե հանցագործությանը բնութագրական է հատուկ ռեցիդիվի բարձր մակարդակ, դատվածությունը դիտվում է որպես տվյալ հանցագործությունը որակյալ դարձնող հանգամանք, որի հանրային վտանգավորության հիմքում ընկած է տվյալ անձի սիստեմատիկ վարքագիծը:

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսգրքի վիճարկվող հոդվածների սահմանադրականությունը գնահատելիս պետք է ելնել ՀՀ Սահմանադրությունից բխող իրավական պատասխանատվության ընդհանուր սկզբունքներից, որոնք սահմանելով ինչպես օրենսդրի հայեցողության սահմանները քրեաիրավական կարգավորման ընթացքում, այնպես էլ քրեական պատժի ենթարկվող քաղաքացու սահմանադրաիրավական կարգավիճակը, իրենց բնույթով համապատասխան ոլորտում կազմում են պետության և անձի փոխհարաբերության հիմքը:

Ինչպես շատ պետություններ, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակելով որպես իրավական պետություն, իր Սահմանադրությունում հստակ սահմանել է հետևյալ դրույթը. «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են» (3-րդ հոդվածի 1-ին մաս): Սրանից էլ բխում են Սահմանադրության նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ամրագրված նորմերը. «Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան»: «Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք»: Քրեական պատասխանատվության միջոցների կիրառումն արդարացված է Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության անհրաժեշտությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանության սահմանադրական երաշխիքներից է նաև Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված դրույթը, համաձայն որի` ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար, և որն իր սահմանադրաիրավական բովանդակությամբ ենթակա չէ սահմանափակման (անգամ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում):

ՀՀ Սահմանադրության պահանջներին համահունչ են նաև մի շարք միջազգային պայմանագրերի դրույթները, մասնավորապես` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին մասը և այլն, որոնցով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է պարտավորություններ` երաշխավորելու անձանց` նույն արարքի համար կրկին անգամ չդատվելու իրավունքը:

6. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված վերոհիշյալ նորմն իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածում, որի 2-րդ մասը սահմանում է. «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

Նույն արարքի համար կրկին անգամ չդատվելու սահմանադրական սկզբունքն օրենսդիրն իրավացիորեն տարածել է ոչ միայն դատական, այլև քրեական հետապնդման մարմինների գործունեության նկատմամբ: Քր.դատ.օր.-ի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական հետապնդման մարմնի` գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը, եթե այն կարող է հանգեցնել անձի վիճակի վատթարացման:

Դիմողների հարցադրման կապակցությամբ` սահմանադրական դատարանը հարկ է համարում պարզել «նույն արարք» եզրույթի բովանդակությունը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: «Նույն արարք»-ի տառացի մեկնաբանությունից բխում է, որ խոսքը վերաբերում է մեկ արարքի, միևնույն արարքին, իսկ օրենսգրքի ձևակերպմամբ` «նույն դեպքին» և ոչ թե նույնանման, նույնատեսակ, նույնաբնույթ արարքին: Հակառակ մեկնաբանության դեպքում կստացվեր, որ եթե անձը մեկ անգամ դատվել է, օրինակ` գողության համար և նորից է կատարել գողություն, ապա նա չի կարող կրկին դատվել գողության համար` դատողություն, որը զուրկ է տրամաբանությունից:

Անդրադառնալով դիմողների այն հարցադրմանը, համաձայն որի` կրկին անգամ կամ երկու և ավելի դատվածություն ունեցող անձի կողմից նոր նույնանման հանցանք կատարելը որպես արարքը որակյալ դարձնող հատկանիշ դիտելը և դրա համար ավելի խիստ պատիժ սահմանելը ենթադրում է, որ անձը կրկին անգամ դատապարտվում է նախկինում կատարած և պատիժը կրած արարքի համար, սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այն դիտարկել ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ քրեական օրենսդրության խնդիրներին, սկզբունքներին դրանց համապատասխանության տեսանկյունից:

Օրենսգրքի` «ՀՀ քրեական օրենսգրքի խնդիրները» վերտառությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի խնդիրներն են` հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքները, սեփականությունը, շրջակա միջավայրը, հասարակական կարգը և անվտանգությունը, սահմանադրական կարգը, խաղաղությունը և մարդկության անվտանգությունը, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Այլ սկզբունքների թվում օրենսգիրքը սահմանում է նաև արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքը (օրենսգրքի 10-րդ հոդված): Ըստ այդ սկզբունքի` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հաշվի առնեն հանցավորի անձնավորությունը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

Օրենսգրքի` «Պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները» վերտառությամբ 61-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

Օրենսգրքի Ընդհանուր մասի վերոհիշյալ հոդվածներում պատժի տեսակն ու չափը որոշելիս, ի թիվս այլ հանգամանքների, կարևորվում է հանցավորի անձը բնութագրող տվյալների (այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների), ինչպես նաև հանցավորին ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար պատժի անհրաժեշտ ու բավարար լինելու գնահատումը: Միայն նման գնահատման պայմաններում է հնարավոր ապահովել պատասխանատվության և պատժի անհատականացման օրենսդրական սկզբունքը: Այդ առումով էլ` ինչպես օրենսդիրն օրենսգրքի Հատուկ մասում, այնպես էլ դատարանը կոնկրետ գործով պատժատեսակ ու պատժաչափ որոշելիս հանցակազմի մյուս բաղադրատարրերի հետ մեկտեղ պետք է պատշաճ ուշադրություն դարձնեն հանցավորի` հանցակազմի սուբյեկտի անձնավորությանը:

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսգիրքը հանցակազմի ընդհանուր սուբյեկտներից առանձնացնում է հատուկ սուբյեկտներին: Սուբյեկտի այս տեսակը, բացի երեք պարտադիր հատկանիշներից (ֆիզիկական անձ, մեղսունակություն և քրեական պատասխանատվության ենթարկելու տարիք), բնութագրվում է նաև ոչ պարտադիր հատկանիշներով, որոնք նախատեսված են օրենսգրքի Հատուկ մասի նորմերով: Սուբյեկտի ոչ պարտադիր հատկանիշները կամ ուղղակի նախատեսված են համապատասխան հանցակազմի դիսպոզիցիայում, կամ սահմանվում են մեկնաբանության միջոցով (օր.` պաշտոնատար անձի հասկացությունը` 308-րդ հոդվածի 3-րդ մասում): Հատուկ սուբյեկտն իր պաշտոնեական, ծառայողական կամ մասնագիտական գործունեության բերումով հանրորեն վտանգավոր այնպիսի գործողություն (անգործություն) կատարող անձն է (օր.` պաշտոնատար անձը, զինծառայողը, բժիշկը, դատավորը, դատախազը և այլն), որպիսին չեն կարող կատարել այլ անձինք: Այդպիսի անձանց հատուկ սուբյեկտներ ճանաչելը բխում է ոչ թե նրանց սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից, որը կհակասեր օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին (ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մաս և օրենսգրքի 6-րդ հոդված), այլ, որովհետև հանրորեն վտանգավոր նման արարքները կարող են կատարվել միայն այդ անձանց կողմից:

Քրեական իրավունքի տեսությունը հատուկ սուբյեկտների շարքին է դասում նաև կրկնահանցագործներին և ռեցիդիվիստներին, քանի որ նրանք իրենց իրավական կարգավիճակով առանձնանում են առաջին անգամ հանցանք կատարած անձանցից: Նման տեսական հետևությունից բխեցվում է օրենսդրական համարժեք կարգավորում: Հանցագործությունների կրկնակիության և ռեցիդիվի հասկացությունները տրված են օրենսգրքի 21 և 22-րդ հոդվածներում: Օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործությունների կրկնակիություն է համարվում օրենսգրքի Հատուկ մասի միևնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը կրկնակի է համարվում միայն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում:

Հանցագործությունների ռեցիդիվի հասկացությունն իր օրենսդրական ձևակերպումն է ստացել օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասում, ըստ որի` ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար: Հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում տրված են վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի բնորոշումները: Հոդվածի 4-րդ մասը բացառում է ռեցիդիվի առկայությունն այն դեպքերում, երբ նախկինում կատարած հանցանքների համար դատվածությունը հանվել կամ մարվել է օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև, երբ անձը հանցանքներ է կատարել մինչև 18 տարին լրանալը: Նույն կերպ կրկնակիությունը բացակայում է, եթե նախկինում կատարած հանցանքի համար անձը քրեական պատասխանատվությունից ազատվել է օրենքով սահմանված հիմքերով, կամ այդ հանցանքի համար դատվածությունը մարվել կամ հանվել է (օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մաս):

8. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը: Դատվածությունն օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է պարտադիր պայման հանցագործության ռեցիդիվը ճանաչելու և պատիժ նշանակելիս դա հաշվի առնելու համար: Դատվածությունը փաստորեն անձի յուրահատուկ իրավական դրությունն է, որն առաջանում է մեղադրական դատավճռով պատժի նշանակման արդյունքում: Դրա առանձնահատկությունն այն է, որ դատվածություն ունեցող անձի համար կարող են ծագել օրենսգրքով նախատեսված քրեաիրավական բնույթի բացասական հետևանքներ: Սակայն քրեաիրավական հետևանքները ծագում են միայն այդ անձի կողմից նոր հանցանք կատարելու դեպքում: Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատվածության քրեաիրավական հետևանքներն են. դատվածությունը որպես քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք հաշվի առնելը, որոշ հանցակազմերում այն որակյալ դարձնող հատկանիշ նախատեսելը (օր.` հափշտակությունների դեպքում), ուղղիչ հիմնարկի տեսակի ընտրությունը, դատվածությունը ռեցիդիվի այս կամ այն տեսակի առկայությունը որոշելիս հաշվի առնելը: Ընդ որում, դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները (օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մաս): Դատվածություն չունեցող են համարվում նաև այն անձինք, ովքեր դատարանի դատավճռով դատապարտվել են առանց պատիժ նշանակելու կամ դատարանի դատավճռով ազատվել են պատիժը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով (օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ մաս):

Ինչպես նշվեց, ռեցիդիվը պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է, որը հանցավորի անձը բնութագրում է որպես հանրորեն վտանգավոր և հանցավոր հակումներ ունեցող: Սակայն, եթե որևէ ծանրացնող հանգամանք օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածում նախատեսված է որպես հանցակազմի հատկանիշ, ապա դա չի կարող կրկին հաշվի առնվել որպես պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք:

Օրենսդիրը` սահմանելով չմարված կամ չհանված դատվածության քրեաիրավական հետևանքները, տարբերակում է դրանք կախված այն բանից, թե ինչպես է դատվածությունն անդրադառնում այս կամ այն բնույթի հանցագործությունների հասարակական վտանգավորության աստիճանի վրա: Եթե նախկինում դատվածություն ունեցող անձի կողմից կատարված հանցագործությունը, անկախ դրա բնույթից, մեծացնում է այդ հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, ապա դա նախատեսվում է օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերում որպես պատիժը ծանրացնող հանգամանք: Իսկ եթե նախկին դատվածության ազդեցությունը նոր հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանի վրա օրենսդրի կողմից գնահատվում է որպես սովորականի շրջանակներից դուրս եկող, ապա դատվածությունը գնահատվում է որպես որակյալ հանցակազմի սուբյեկտին բնորոշ հատկանիշ, որի հակասոցիալական բնույթը մեծամասամբ որոշվում է անձի հանցավոր վարքագծի պարբերականությամբ:

Դատվածության ինստիտուտը` և՛ որպես որակյալ հանցակազմի տարր, և՛ որպես պատժի նշանակման ժամանակ հաշվի առնվող հանգամանք, իրավաչափ նպատակ է հետապնդում, և դրա տարբեր ձևերի կիրառումն օրենսդրի հայեցողության շրջանակներում է:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ նույն արարքի համար կրկին անգամ դատվելը բացառելու սկզբունքն այն ձևով, ինչպես սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և կարգավորված է ՀՀ քրեական օրենսգրքով, բացառում է անձին կրկնակի դատապարտելն ու պատժելը միևնույն հանցագործության համար, ինչպես նաև միևնույն հանցավոր արարքի որակումն օրենսգրքի մի քանի հոդվածով, եթե դրանցում պարունակվող նորմերը հարաբերակցվում են որպես Ընդհանուր և Հատուկ մասերի նորմեր կամ մաս և ամբողջություն:

9. Նույն արարքի համար անձին կրկին անգամ դատելու սահմանադրական արգելքին և նույն արգելքն ամրագրած` ՀՀ ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասը կազմող համապատասխան միջազգային պայմանագրերին համահունչ է օրենսգրքում ամրագրված այն սկզբունքը, ըստ որի` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ ու բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար (հոդված 10):

Դա նշանակում է, որ հիշյալ սկզբունքը չի արգելում ինչպես օրենսդրին` ՀՀ քրեական օրենսդրությունում ամրագրել դատվածության և դրա հետ կապված կրկնակիության ու ռեցիդիվի ինստիտուտները` քրեական օրենսդրությամբ նախատեսված իրավական հետևանքներով հանդերձ, այնպես էլ դատարանին` հանցանք կատարած անձի պատժի տեսակն ու չափը սահմանված ձևով որոշելու գործընթացում հաշվի առնել հանցագործության բնույթը, դրա հասարակական վտանգավորությունը, հաճախականությունը, դրդապատճառները և այլ հանգամանքները, ինչպես նաև հանցավորի անձը բնութագրող տվյալները:

Այսպիսով, չհանված կամ չմարված դատվածություն ունեցող անձի կողմից նոր նույնաբնույթ հանցագործություն կատարելը որպես արարքը որակյալ դարձնող կամ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դիտելը չի կարող համարվել նախկինում կատարած արարքի համար «կրկին անգամ դատվել», ինչպես նաև օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի խախտում: Առավել ևս, կրկնակիությանն առնչվող բոլոր այն դեպքերը, որոնք կապված չեն դատվածության հետ, սահմանադրականության խնդիր չեն առաջացնում:

Ինչ վերաբերում է դիմումում վկայակոչված` «Ս. Զոլոտուխինն ընդդեմ Ռուսաստանի» (CASE OF SERGEY ZOLOTUKHIN v. RUSSIA, Application no. 14939/03) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի 10 փետրվարի 2009թ. վճռին, ապա դատարանն իրավացիորեն գտել է, որ տվյալ դեպքում խախտվել է նույն արարքի համար կրկին չդատվելու սկզբունքը, քանի որ դիմողը նույն արարքի համար սկզբից ենթարկվել է վարչական, ապա քրեական պատասխանատվության: Ինչպես նշված, այնպես էլ մի շարք այլ վճիռներում Եվրոպական դատարանն ընդգծում է այն միտքը, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված կամ արդարացված անձը չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար, բացառությամբ նոր երևան եկած հանգամանքների դեպքերի:

Միաժամանակ, սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների հետագա ամրապնդման տեսանկյունից հանրապետությունում օրենսդրական զարգացումները պետք է ընթանան այն ուղղությամբ, որ շեշտը դնելով ոչ թե հանցանքի որակման, այլ պատժի տարրերի վրա` կատարելագործվեն ռեցիդիվի ինստիտուտը կանոնակարգող իրավանորմերը` իրենցում ներառելով նաև նախկին դատվածությանն առնչվող քրեաիրավական հետևանքները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 մայիսի 2010 թվականի

ՍԴՈ-882

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.05.2010
N ՍԴՈ-882
Որոշում