Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 187-ՐԴ ԵՎ 280-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1933/02/08

    դատարանի որոշում                                                2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1933/02/08

Նախագահող դատավոր` Ն. Տավարացյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ստյոպա Քամալյանի ընդդեմ Արթուր Գրիգորյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և Արթուր Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ստյոպա Քամալյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ստյոպա Քամալյանը պահանջել է Արթուր Գրիգորյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել 240 քմ տնամերձ հողամասը:

Հակընդդեմ հայցով Արթուր Գրիգորյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը 240 քմ տնամերձ հողամասի նկատմամբ:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 28.04.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի 28.04.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ստյոպա Քամալյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու հիմքում դրել է երկու պատճառաբանություն, որ Ստյոպա Քամալյանը չի հրաժարվել վիճելի հողամասի սեփականության իրավունքից և շարունակել է այն կառավարել` վճարելով հողի հարկերը, իսկ Արթուր Գրիգորյանը չի ապացուցել, թե գույքի կառավարման ու պահպանման հետ կապված ինչպիսի ծախսեր է կատարել:

Հիմք ընդունելով նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանը եկել է այն եզրահանգման, որ բացակայում է հողամասը որպես սեփական գույք տիրապետելու փաստը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դեռևս 40-ական թվականներից վիճելի հողամասերը առանձնացված են ցանկապատով և վիճելի 240 քմ հողամասը գտնվում է առանձնացված հողամասում, որը Արթուր Գրիգորյանի իրավանախորդները այն ավելի քան 10 տարի բարեխղճորեն, բացահայտ տիրապետել են:

Ավելին, վիճելի տարածքում կառուցվել է լողավազան, տնկվել են բերքատու ծառեր ու խաղողի վազեր և թե Ստյոպա Քամալյանը, և թե նրա իրավանախորդները որևէ առարկություն չեն ներկայացրել:

Նշվածով հիմնավորվում է, որ սեփականատերը հրաժարվել է իր գույքից:

Դատարանի կողմից հաստատվել է 10 տարի և ավելի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստը, և հակընդդեմ հայցը բավարարվել է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանել և փոփոխել է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը հետազոտելով գործում առկա ապացույցներն իրավացիորեն հաստատված է համարել այն հանգամանքը, որ տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված բոլոր վավերապայմանների միաժամանակյա առկայությունը, քանի որ Արթուր Գրիգորյանը վիճելի գույքը չի տիրապետել որպես իր սեփականը երրորդ անձանց հետ հարաբերություններում, այն է` չի մասնակցել գույքի կառավարմանը, առավել ևս չի վճարել գույքի պահպանման հետ կապված ծախսերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 06.05.1986 թվականի հատակագծի համաձայն` Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տունը հաշվառված է Անտիկո Գրիգորյանի անվամբ, որում հողամասի մակերեսը նշված է 1120 քմ (գ.թ. 30):

2. 31.10.1988 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 տունը սեփականության իրավունքով պատկանում է Անտիկո Գրիգորյանին (գ.թ. 16-19):

3. Տնամերձ հողամասի նվիրատվության 06.02.1995 թվականի պայմանագրի համաձայն` Անտիկո Գրիգորյանը Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող 240 քմ մակերեսով տնամերձ հողամասը նվիրել է Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում բնակվող դստերը` Մարգո Գրիգորյանին (գ.թ. 11):

4. ՀՀ ժողովրդական պատգամավորների Հոկտեմբերյանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն Ստյոպա Քամալյանի մոր` Մարգո Գրիգորյանի խնդրանքով 23.02.1995 թվականին որոշել է Անտիկո Գրիգորյանի կողմից նվիրված 240 քմ մակերեսով տնամերձ հողամասը գրանցել և Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 տան հողամասը 960 քմ տարածությամբ ձևակերպել ամուսնու` Ռազմիկ Քամալյանի անվամբ (գ.թ. 29):

5. 23.02.1995 թվականի թիվ 1680 սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող 960 քմ հողամասը և 220 քմ կառուցապատ մակերեսը գրանցվել է Ռազմիկ Քամալյանի անվամբ (գ.թ. 7):

6. 29.11.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Ռազմիկ Քամալյանի ժառանգն է Ստյոպա Քամալյանը: Ժառանգական գույքը բաղկացած է բնակելի տնից և 960 քմ մակերեսով տնամերձ հողամասից, որը գտնվում է Արմավիր /Հոկտեմբերյան/ քաղաքի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5 հասցեում (գ.թ. 13):

7. Անտիկո Գրիգորյանը 06.02.1996 թվականի կտակով Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի տունն իր տնամերձ հողամասով կտակել է Արթուր Գրիգորյանի հորը` Արտուշ Գրիգորյանին (գ.թ. 21): Անտիկո Գրիգորյանը մահացել է 17.09.1996 թվականին:

8. 31.10.1998 թվականի թիվ 2477 սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` Հոկտեմբերյանի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող 880 քմ հողամասը և 300 քմ կառուցապատ մակերեսը գրանցվել է Անտիկո Գրիգորյանի անվամբ (գ.թ. 16):

9. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 18.10.2008 թվականի վկայագրի Արտուշ Գրիգորյանի ժառանգն է Արթուր Գրիգորյանը (գ.թ. 51):

10. Արմավիրի քաղաքապետարանի թաղային կոմիտեի 21.01.2009 թվականի տեղեկանքի համաձայն` Արթուր Գրիգորյանը տատի` Անտիկո Գրիգորյանի մահից հետո մինչև օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում և օգտագործում է Արմավիր քաղաքի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի տունը և նրան հարող ցանկապատված տնամերձ հողամասը (գ.թ. 52):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչմանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը, Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների հայցն ընդդեմ Ռոզա Գրիգորյանի, Նիկոլայ և Հասմիկ Սողոմոնյանների` իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության և ժառանգությունն ընդունելու փաստերը հաստատելու պահանջների մասին, և Ռոզա Գրիգորյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սամվել, Դոլորես և Դեզի Հովհաննիսյանների` սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակելի տան ու հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականատեր ճանաչելու պահանջների մասին, թիվ 3-509(ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

Դատարանի վճռով հայցի մերժման և հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արթուր Գրիգորյանը տատի` Անտիկո Գրիգորյանի մահից հետո, մահացած 17.09.1996 թվականին, Արմավիր քաղաքի Տիեզերագնացների փողոցի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի տունը և նրան հարող ցանկապատված տնամերձ հողամասը մինչև օրս փաստացի տիրապետում և օգտագործում է բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ:

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ստյոպա Քամալյանը կառավարել է վեճի առարկա գույքը, մասնավորապես, վճարելով հողի հարկերը: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով բացակայում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրված վերոնշյալ հանգամանքները, քանի որ սույն գործում բացակայում են Ստյոպա Քամալյանի կողմից վեճի առարկա հողամասի հողի հարկի վճարումների կատարումը հաստատող ապացույցները: Մասնավորապես, գործում առկա է միայն 2008 թվականի համար հողի հարկի վճարման անդորրագիրը: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ բացակայում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով սահմանված վավերապայմանները, չի հիմնավորել իր այդ պնդումը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.04.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ԱՐԴ/1933/02/08
Որոշում