ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0638/02/08
դատարանի որոշում 2010թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0638/02/08
Նախագահող դատավոր` Տ. Սահակյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի
Վ. Աբելյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանների ընդդեմ Ոսկեհատ ՈՒմուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև Ոսկեհատ ՈՒմուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանների` ներկայացման իրավունքով Աննա Մարտիրոսյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և Ոսկեհատ ՈՒմուրշատյանի օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջների մասին, երրորդ անձինք Շուշան Հովհաննիսյանի, Անահիտ, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների հայցի ընդդեմ Ոսկեհատ ՈՒմուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները պահանջել են հայրական տան և հողամասի նկատմամբ ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ և ժառանգական գույքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Աննա Մարտիրոսյանը և Ոսկեհատ ՈՒմուրշատյանը պահանջել են ներկայացման իրավունքով Աննա Մարտիրոսյանին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել Ոսկեհատ ՈՒմուրշատյանի օգտագործման իրավունքը:
Դիմելով դատարան` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձինք Շուշան Հովհաննիսյանը, Անահիտ Մարտիրոսյանի օրինական ներկայացուցիչ Շուշան Հովհաննիսյանը, Կորյուն Մարտիրոսյանը և Կարեն Մարտիրոսյանը պահանջել են ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ և ժառանգական գույքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.12.2008 թվականի վճռով Սերոբ Մարտիրոսյանի պահանջը` Միսակ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է, ճանաչվել է Սերոբ Մարտիրոսյանի սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 1/6 մասի նկատմամբ:
Մերուժան Մարտիրոսյանի պահանջը` Միսակ Մարտիրոսյանի ժառանգության 1/3 մասի (Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 1/6 մասի) ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է:
Շուշան Հովհաննիսյանի, Աննա, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների պահանջը` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է և ճանաչվել է Շուշան Հովհաննիսյանի, Աննա, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 5/12 մասի նկատմամբ:
Աննա Մարտիրոսյանի պահանջը` ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, բավարարվել է և ճանաչվել է Աննա Մարտիրոսյանի սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող օրինական հողամասի 1/4 մասի նկատմամբ:
Ոսկեհատ ՈՒմուրշատյանի պահանջը` օգտագործման իրավունքը ճանաչելու մասին, մերժվել է:
Հայցապահանջները մնացած մասով մերժվել են:
Քաղաքացիական գործի վարույթը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող ինքնակամ շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասով կարճվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 30.12.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 131-րդ և 132-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածը և 1226-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` այն փաստը, որ վեճի առարկա գույքի նկատմամբ ժառանգությունը բացվելու ժամանակ` 2000 թվականին` Միսակ Մարտիրոսյանի մահից հետո, վերջինիս ժառանգական գույքը փաստացի տիրապետել և կառավարել են Անահիտ Մարտիրոսյանը, Մերուժան, Քերոբ և Սերոբ Մարտիրոսյանները, իսկ 2003 թվականին` Անահիտ Մարտիրոսյանի մահից հետո, ժառանգությունն ընդունել են Մերուժան, Սերոբ և Քերոբ Մարտիրոսյանները, ինչպես նաև ներկայացման իրավունքով Աննա Մարտիրոսյանը: Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ` առանց պատճառաբանելու, թե ինչու են ժառանգական զանգվածի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչվել միայն Քերոբ Մարտիրոսյանը և ներկայացման իրավունքով նրա կինն ու զավակները, իսկ Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները ժառանգ են ճանաչվել միայն հոր` Միսակ Մարտիրոսյանի ժառանգական գույքի մասով:
Բացի այդ, Դատարանը, ընդունելով, որ ժառանգական զանգվածի մեջ է մտնում նաև 54.72 քմ մակերեսով վիճելի տունը, դրա վերաբերյալ վճիռ չի կայացրել, թեև Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները նման պահանջ ներկայացրել են:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դատարանը, Աննա Մարտիրոսյանի` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի լինելու հանգամանքն արձանագրելով հանդերձ, նրան ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգ, ինչպես նաև ճանաչել է նրա սեփականության իրավունքը Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեի օրինական հողամասի 1/4 մասի նկատմամբ` անտեսելով այն հանգամանքը, որ այլ պետության քաղաքացին հողի նկատմամբ ժառանգություն ընդունել և հողի սեփականատեր դառնալ չի կարող:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել` Մերուժան և Սերոբ Մարտիրոսյաններին ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ և ճանաչել նրանցից յուրաքանչյուրի սեփականության իրավունքը ժառանգական զանգվածի` 1410 քմ հողամասի 1/3 մասի նկատմամբ և տան օրինական մասի 1/4 մասի նկատմամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 06.02.2008 թվականի թիվ ԿՂ-637 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 տունը և հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Միսակ Մարտիրոսյանին (հատոր 1-ին, գ.թ. 25):
2. 20.09.1954 թվականի ԶԺ թիվ 222067 ամուսնության վկայականի համաձայն` 20.09.1954 թվականին Միսակ Մարտիրոսյանն ամուսնացել է Անահիտ Մարտիրոսյանի (մինչամուսնական ազգանունը` Հովհաննիսյան) հետ (հատոր 2-րդ, գ.թ.99):
3. Միսակ Մարտիրոսյանը մահացել է 22.05.2000 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 26):
4. Անահիտ Մարտիրոսյանը մահացել է 05.11.2003 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 100):
5. Մերուժան, Սերոբ, Քերոբ և Վարդգես Մարտիրոսյանները Միսակ Մարտիրոսյանի և Անահիտ Մարտիրոսյանի երեխաներն են:
6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 25.07.2008 թվականի թիվ ԿՂ-4475 գրության համաձայն` Երևանի Սիլիկյան թաղամասի 5 փողոցի 14 հասցեի 54.72 քմ օրինական շինությունները սեփականության իրավունքով պատկանում են Միսակ Մարտիրոսյանին:
Երևանի Սիլիկյան թաղամասի 5 փողոցի 14 հասցեի հողամասի փաստացի մակերեսը կազմում է 1517.7 քմ, իսկ շինությունների մակերեսը` 728.6: Սերոբ Մարտիրոսյանի բանավոր հայտարարությամբ և ըստ չափագրման արդյունքների` նրա կողմից փաստացի օգտագործվում է 411.7 քմ հողատարածք, որից 105.8 քմ` շինության տակ: 105.8 քմ մակերեսից 8.3 քմ օգտագործվում է Մերուժան Մարտիրոսյանի հետ համատեղ: Շուշան Հովհաննիսյանի, Անահիտ, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանների բանավոր հայտարարությամբ և ըստ չափագրման արդյունքների` նրանց կողմից փաստացի օգտագործվում է 540.9 քմ հողամաս, որից 254.1 քմ շինության տակ: Մնացած 565.1 քմ հողատարածքը օգտագործվում է Մերուժան Մարտիրոսյանի և Ոսկեհատ ՈՒմուրշատյանի կողմից` ըստ իրենց հայտարարության, որից 107.7 քմ անորոշ կարգավիճակ ունեցող հողատարածք է: Շուշան Հովհաննիսյանը, Անահիտ, Կորյուն և Կարեն Մարտիրոսյանները օգտագործում են 250.1 քմ շինություն, որից 69.8 քմ` համատեղ Ոսկեհատ ՈՒմուրշատյանի հետ, 8.3 քմ` համատեղ Սերոբ Մարտիրոսյանի հետ: Ոսկեհատ ՈՒմուրշատյանը օգտագործում է 118.6 քմ շինություն, որից 69.8 քմ` համատեղ Մերուժան Մարտիրոսյանի հետ: 1517.7 քմ հողամասից 107.7 քմ անորոշ կարգավիճակ ունեցող հողատարածք է (հատոր 2-րդ, գ.թ. 39):
7. 06.11.1980 թվականին Քերոբ Մարտիրոսյանը ամուսնացել է Շուշան Մարտիրոսյանի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 83):
8. Կարեն, Կորյուն, Անահիտ Մարտիրոսյանները Քերոբ Մարտիրոսյանի և Շուշան Հովհաննիսյանի երեխաներն են:
9. Քերոբ Մարտիրոսյանը մահացել է 03.10.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 40):
10. 05.03.1976 թվականի թիվ 1-01 ամուսնության վկայականի համաձայն` Վարդգես Մարտիրոսյանը և Ոսկեհատ ՈՒմուրշատյանը ամուսիններ են:
11. Աննա Մարտիրոսյանը Ոսկեհատ ՈՒմուրշատյանի և Վարդգես Մարտիրոսյանի երեխան է:
12. 1985 թվականին Վարդգես Մարտիրոսյանը Ոսկեհատ ՈՒմուրշատյանի և Աննա Մարտիրոսյանի հետ տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն (հատոր 1-ին, գ.թ. 94):
13. Վարդգես Մարտիրոսյանը մահացել է 22.10.1997 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 24):
14. Աննա Մարտիրոսյանը վերադարձել է Հայաստան 2003 թվականի նոյեմբերի 14-ին և մինչ օրս բնակվում է Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող Վարդգես Մարտիրոսյանի կողմից նախկինում օգտագործվող բաժնում (հատոր 2-րդ, գ.թ. 29):
15. Սերոբ և Մերուժան Մարտիրոսյանների` 14.04.2008 թվականին Դատարան մուտք եղած հայցադիմումի համաձայն` վերջիններս խնդրել են ճանաչել իրենց հայրական տան և հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ (հատոր 1-ին, գ.թ. 2):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
Այսինքն վերը նշված հոդվածների իմաստով դատարանը պարտավոր է`
- քաղաքացիական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի կամ դիմումի հիման վրա,
- քաղաքացիական գործը քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման` Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի` բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08):
Սույն գործում առկա փաստերի համաձայն` 2000 թվականին Միսակ Մարտիրոսյանի մահից հետո վիճելի գույքը փաստացի տիրապետել են Անահիտ Մարտիրոսյանը, Մերուժան, Քերոբ և Սերոբ Մարտիրոսյանները, իսկ 2003 թվականին Անահիտ Մարտիրոսյանի մահից հետո` Մերուժան, Սերոբ և Քերոբ Մարտիրոսյանները, ինչպես նաև վերջիններիս հանգուցյալ եղբոր դուստրը` Աննա Մարտիրոսյանը:
Դատարանի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքի նկատմամբ ժառանգությունը բացվել է երկու անգամ` 2000 թվականին Միսակ Մարտիրոսյանի և 2003 թվականին Անահիտ Մարտիրոսյանի մահվան հետևանքով, հանգուցյալ Քերոբ Մարտիրոսյանի կինը` Շուշան Հովհաննիսյանը, և երեխաները` Կարեն, Կորյուն, Անահիտ Մարտիրոսյանները, ճանաչվել են և՛ Միսակ Մարտիրոսյանի, և՛ Անահիտ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ, Աննա Մարտիրոսյանը` ներկայացման իրավունքով Անահիտ Մարտիրոսյանի, իսկ Մերուժան և Սերոբ Մարտիրոսյանները` միայն Միսակ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Սույն գործով Սերոբ և Մերուժան Մարտիրոսյանների` 14.04.2008 թվականին Դատարան մուտք եղած հայցադիմումի համաձայն` վերջիններս խնդրել են ճանաչել իրենց հայրական տան և հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Մինչդեռ Դատարանը, ժառանգությունը բացված համարելով Միսակ Մարտիրոսյանի և Անահիտ Մարտիրոսյանի մասով, Մերուժան և Սերոբ Մարտիրոսյաններին ճանաչել է միայն Միսակ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձանց պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ Դատարանն անհիմն կերպով իրենց ճանաչել է միայն Միսակ Մարտիրոսյանի ժառանգությունն ընդունած ժառանգներ, քանի որ վերջիններս Անահիտ Մարտիրոսյանի մահից հետո նրա ժառանգությունը փաստացի տիրապետելու ուժով արդեն իսկ ընդունել են այն և դրա նկատմամբ ձեռք են բերել սեփականության իրավունք` անկախ նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 25.07.2008 թվականի թիվ ԿՂ-4475 գրությամբ հաստատվում է, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի 14 հասցեում գտնվող 54.72 քմ մակերեսով շինությունը օրինական է, ուստի այն ևս մտնում է Միսակ Մարտիրոսյանի և Անահիտ Մարտիրոսյանի ժառանգական զանգվածի մեջ, որպիսի փաստը Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվելու պայմաններում որոշմամբ դրան անդրադարձ չի կատարվել:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ օրենքով թույլատրվող հիմքերով, տվյալ դեպքում` ժառանգական իրավունքով, հողը` որպես սեփականություն, կարող է անցնել օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, սակայն մեկ տարվա ընթացքում օտարելու պայմանով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև ժառանգության բացումը մահացած ըստ օրենքի ժառանգի բաժինն անցնում է նրա երեխաներին (ներկայացման իրավունքով ժառանգություն) և նրանց միջև բաշխվում է հավասարապես:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց պնդումն այն մասին, որ Աննա Մարտիրոսյանը, լինելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, չի կարող ճանաչվել ժառանգությունն ընդունած ժառանգ և դառնալ հողի նկատմամբ սեփականատեր, անհիմն է:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Վ. Աբելյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան