Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 178...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 172-ՐԴ, 178-ՐԴ ԵՎ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0228/02/09

    դատարանի որոշում                                                2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0228/02/09

Նախագահող դատավոր` Տ. Սահակյան

Դատավորներ` Կ. Հակոբյան

Տ. Նազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների ընդդեմ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղապետարանի (իրավահաջորդ` Քաղաքապետարան)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի թիվ 4 բնակարանի տակ գտնվող նկուղային տարածքների նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.07.2009 թվականի վճիռը թողնվել է ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ և 187-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 18.04.1984 թվականի թիվ 59/36-մ36 հանձնարարականով Երևանի Լալայան փողոցի թիվ 37 շենքի նկուղային հարկի 18քմ տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Գրիգոր Մկրտչյանին` որպես օժանդակ հարմարություն օգտագործելու համար, իսկ 06.03.1992 թվականի թիվ 9/68 որոշմամբ նույն հասցեի նկուղային հարկի 18քմ տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին` որպես ստեղծագործական արվեստանոց օգտագործելու համար: Այսինքն` Սուրեն և Գրիգոր Մկրտչյաններն իմացել են, որ վեճի առարկա գույքը տրվել է օգտագործման իրավունքով, և չէին կարող այն օգտագործել որպես սեփական գույք, հետևաբար, այդ տարածքների նկատմամբ Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները չէին կարող ձեռք բերել սեփականության իրավունք:

Բացի այդ, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-184 (ՎԴ) որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Քաղաքապետարանի վկայակոչած Վճռաբեկ դատարանի 27.03.2007 թվականի թիվ 3-184 (ՎԴ) նախադեպային որոշումը չի կարող կիրառվել, քանի որ սույն գործով իրական և փաստական հանգամանքները տարբեր են: Քաղաքապետարանը Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի թիվ 4 բնակարանի տակ գտնվող նկուղների սեփականատերը չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 18.04.1984թ. թիվ 59/36-մ/36 հանձնարարականով Երևանի Լալայանց փողոց 37 շենքի ազատված նկուղի 18քմ մակերեսը հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Գրիգոր Մկրտչյանին` որպես օժանդակ հարմարություն օգտագործելու համար (հատոր առաջին գ.թ 15):

2) Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 06.03.1992թ. թիվ 9/68 որոշմամբ Երևանի Լալայանց փողոցի թիվ 37 շենքի նկուղային հարկի 18քմ մակերեսի տարածքը հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին` որպես ստեղծագործական արվեստանոց (հատոր առաջին գ.թ 13):

3) ՀՀ կառավարության 12.02.2004 թվականի թիվ 215-Ն որոշմամբ Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի ոչ բնակելի տարածքներն ընդգրկվել են Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում (հատոր առաջին գ.թ. 29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերելու հարցին (տես օրինակ` Ռիմա Վարդանյանն ընդդեմ Միքայել Միրիջանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Միքայել Միրիջանյանի հակընդդեմ հայցի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-184 (ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` ՀՀ Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 18.04.1984 թվականի թիվ 59/36-մ36 հանձնարարականով Երևանի Լալայան փողոցի թիվ 37 շենքի նկուղային հարկի 18քմ մակերեսով տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Գրիգոր Մկրտչյանին` որպես օժանդակ հարմարություն օգտագործելու համար, իսկ նույն շրջսովետի 06.03.1992 թվականի թիվ 9/68 որոշմամբ նույն հասցեի նկուղային հարկի 18քմ մակերեսով տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին` որպես ստեղծագործական արվեստանոց օգտագործելու համար:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ ավելի քան տասը տարի Երևանի Լալայան 37-րդ շենքի ոչ բնակելի 18քմ և 18քմ մակերեսով տարածքները գտնվել են Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետման ներքո, որն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ հոդվածների հիման վրա ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու հիմք է:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների կողմից վեճի առարկա գույքի տիրապետումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտվել բարեխիղճ, քանի որ վերը նշված փաստերի հիման վրա Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները ձեռք են բերել վեճի առարկա գույքի օգտագործման իրավունք:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների կողմից գույքի տիրապետումը հիմնված չէ այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նրանք այդ գույքը տիրապետելու են որպես սեփականություն:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև բողոքի պատասխանի այն փաստարկը, համաձայն որի` Քաղաքապետարանը Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի թիվ 4 բնակարանի տակ գտնվող նկուղների սեփականատերը չէ, քանի որ ՀՀ կառավարության 12.02.2004 թվականի թիվ 215-Ն որոշմամբ Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի ոչ բնակելի տարածքներն ընդգրկվել են Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում, իսկ Քաղաքապետարանը համայնքի իրավահաջորդն է:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 25.09.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ԵԿԴ/0228/02/09
Որոշում