Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 194-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 194-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 1234-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0462/02/08

    դատարանի որոշում                                                2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0462/02/08

Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան

Դատավորներ` Ն. Տավարացյան

Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների ընդդեմ Սիրանուշ Փիլոյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին և Սիրանուշ Փիլոյանի հայցի ընդդեմ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների` բնակարանից բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները պահանջել են Սիրանուշ Փիլոյանից բռնագանձել 23.300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 790.520 ՀՀ դրամի 1/3 մասը` որպես ժառանգության հետ կապված ծախսերի հատուցում:

Դիմելով դատարան` Սիրանուշ Փիլոյանը պահանջել է Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող բնակարաններից բնեղենով առանձնացնել իրեն պատկանող 1/3 մասը, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2008 թվականի որոշմամբ նշված գործերը միացվել են մեկ վարույթում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2009 թվականի վճռով Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների հայցը մերժվել է, իսկ Սիրանուշ Փիլոյանի հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2009 թվականի որոշմամբ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 30.07.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասը, 1234-րդ հոդվածի 2-րդ մասը, 1235-րդ հոդվածի 3-րդ մասը, 1242-րդ հոդվածի 1-ին մասը, 1244-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2005 թվականի վճռով Յուրիկ և Աղունիկ Փիլոյաններից հօգուտ այլ անձի բռնագանձվել են ժառանգատու Գևորգ Փիլոյանի հուղարկավորության, ինչպես նաև ժառանգական գույքի ձեռքբերման և վերանորոգման հետ կապված գումարները, որոնք անխզելիորեն կապված են ժառանգական գույքի հետ: Հետևաբար, անկախ այն հանգամանքից, թե նշված վճռով Սիրանուշ Փիլոյանի դեմ գումարի բռնագանձման պահանջ ներկայացվել է, թե ոչ, վերջինս պարտավոր է ժառանգական գույքի` իրեն անցած 1/3 մասի արժեքի սահմաններում հատուցել մյուս ժառանգների կատարած ծախսերը և նրանց հետ հավասարապես ու իր բաժնին համաչափորեն մասնակցել վիճելի գույքի պահպանման և շահագործման հետ կապված ծախսերին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Սիրանուշ Փիլոյանը պարտավոր է հատուցել Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների կողմից կատարված ժառանգական գույքի հետ կապված այլ ծախսեր, մասնավորապես` Գևորգ Փիլոյանի գերեզմանաքարի համար վճարված 851.600 ՀՀ դրամը, որը հուղարկավորության հետ կապված ծախս է, վիճելի գույքի փորձաքննությունների, սեփականության իրավունքի վկայական ստանալու, ինչպես նաև փաստաբանական ծառայությունների, դիմումների և այլ փաստաթղթերի կազմման համար վճարված գումարները, վիճելի գույքի ձեռքբերման համար ներդրված 6.500 ԱՄՆ և 4.500 ԱՄՆ դոլարը, Գևորգ Փիլոյանի 2.000 ԱՄՆ դոլար մարված պարտքը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նշված ծախսերը կատարելու հանգամանքը հիմնավորող գործում առկա ապացույցները:

 

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջը, ինչի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր:

 

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա փորձագիտական եզրակացության համաձայն` որոշակի շինարարական աշխատանքներ իրականացնելուց հետո վիճելի գույքի 1/3 բաժինը հնարավոր է առանձնացնել, որի ուղղությամբ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների կողմից կատարվել են որոշակի աշխատանքներ:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը նախապատվությունը տվել է Սիրանուշ Փիլոյանի օրինական ներկայացուցչի հայտարարությանը, որին չի հետաքրքրել վիճելի գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու տարբերակը, այլ միայն մտահոգել է այդ բաժնի արժեքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 30.10.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների հայցը բավարարել, իսկ Սիրանուշ Փիլոյանի հայցը բավարարել մասնակիորեն` միայն բնակարանից 1/3 մասը բնեղենով առանձնացնելու մասով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 20.12.2001 թվականի բնակարանի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գևորգ Փիլոյանը գնել է Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող երկու բնակարանները (հ. 1, գ.թ. 41):

2) 03.09.2003 թվականի ԱԱ թիվ 220740 վկայականի համաձայն` Գևորգ Փիլոյանը 24.05.2003 թվականին մահացել է (հ. 2, գ.թ. 43):

3) 01.03.2004 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Գևորգ Փիլոյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են` Յուրիկ, Աղունիկ և Սիրանուշ Փիլոյանները: Ժառանգական գույքը, որի համար տրված է վկայագիրը, բաղկացած է Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող երկու բնակարաններից (հ. 2, գ.թ. 46):

4) 20.03.2006 թվականի թիվ 2011385 և 31.10.2006 թվականի թիվ 2237092 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների համաձայն` Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող 59.0 քմ և 40.0 քմ մակերեսներով բնակարանների նկատմամբ գրանցվել է Յուրիկ, Աղունիկ և Սիրանուշ Փիլոյանների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/3 բաժին (հ. 2, գ.թ. 12-18):

5) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2005 թվականի` օրինական ուժի մեջ մտած թիվ 05-2240 վճռի համաձայն` Յուրիկ և Աղունիկ Փիլոյաններից հօգուտ Քնարիկ Հակոբյանի բռնագանձվել է 733.140 ՀՀ դրամ` որպես Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 բնակարանի վերանորոգման գումար, 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես նշված բնակարանի գնման համար ներդրված գումար, 1.000 ԱՄՆ դոլար` որպես Գևորգ Փիլոյանի հուղարկավորության ծախսեր (հ. 2, գ.թ. 8-10):

6) 15.03.2006 թվականի կատարողական վարույթը կարճելու մասին որոշման համաձայն` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2005 թվականի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա տրված կատարողական թերթի պահանջը փաստացի կատարվել է (հ. 2, գ.թ. 87):

7) ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 30.09.2008 թվականին տրվել է թիվ Հմ. 31420807 եզրակացությունն այն մասին, որ Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող բնակարանների 1/3 բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր չէ` պահպանելով տարածքների ըստ նշանակության օգտագործումը, ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերի պահանջները, ինչպես նաև բաժանվող գույքին առանց անհամաչափ վնաս պատճառելու պայմանով (հ. 4, գ.թ. 4-13):

8) «Կառուցագետ» ՍՊԸ-ի 29.10.2008 թվականի թիվ Կ-08/194-01 հաշվետվության և գրության համաձայն` Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող 59.0 քմ մակերեսով բնակարանի 1/3 մասի առանձնացումն առաջարկվել է իրականացնել` բացելով շենքի ընդհանուր մուտքում գոյություն ունեցող` ներկայումս լցաշարված մուտքի դուռը, ըստ հատակագծի թիվ 3 և 4 տարածքները բաժանող պատի վրա գոյություն ունեցող պատուհաններից մեկը վերածելով դռան, թիվ 4 տարածքի մի մասը միջնորմով առանձնացնել նախամուտքից և թիվ 4 տարածքում կառուցելով սանհանգույց (հ. 4, գ.թ. 24-36):

9) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2008 թվականի որոշման համաձայն` ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 30.09.2008 թվականի թիվ Հմ. 31420807 եզրակացության և «Կառուցագետ» ՍՊԸ-ի 29.10.2008 թվականի թիվ Կ-08/194-01 հաշվետվության միջև առկա էական հակասությունների պատճառով նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն (հ. 4, գ.թ. 179-180):

10) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 24.02.2009 թվականին տրվել է թիվ Հմ. 08-1616 եզրակացությունն այն մասին, որ Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/3 բաժինը տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել այնպես, որպեսզի չխախտվեն կողմերի իրավունքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված բնակարանը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել, և շինությունը որպես բնակտարածություն ենթակա չէ առանձնացման, ըստ հարցադրման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կանոններով բաժին առանձնացնելը, առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, նպատակահարմար չէ (հ. 5, գ.թ. 3-24):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ`

առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.

երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.

երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.

չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.

հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` իրենց անցած ժառանգության արժեքի սահմաններում ժառանգները կրում են համապարտ պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համապարտ պարտականությունը (պատասխանատվությունը) կամ համիրավ պահանջը ծագում է, եթե պարտականության համապարտությունը կամ պահանջի համիրավությունը նախատեսված է պայմանագրով կամ սահմանված է օրենքով, մասնավորապես, եթե անբաժանելի է պարտավորության առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապաններից մեկի կողմից համապարտ պարտականությունը լրիվ կատարելը մնացած պարտապաններին ազատում է պարտատիրոջ հանդեպ պարտականությունը կատարելուց:

Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մնացած պարտապանների նկատմամբ ունի հավասար բաժիններով հետադարձ պահանջի իրավունք` հանելով իր բաժինը:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ժառանգները ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո իրենց անցած գույքի արժեքի սահմաններում, ի թիվս այլ ծախսերի, համապարտ պատասխանատվություն են կրում ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը հատուցելու և ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարելու հարցում: Ընդ որում` եթե այլ բան չի բխում համապարտ պարտապանների հարաբերություններից, ապա համապարտ պարտականությունը կատարած պարտապանը մյուս պարտապանների նկատմամբ ձեռք է բերում հետադարձ պահանջի իրավունք, անկախ այն հանգամանքից, թե պարտատերը մնացած պարտապաններից պահանջել է կատարելու պարտավորությունը, թե ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, պատճառաբանել է, որ թիվ 05-2240 քաղաքացիական գործով ծախսերը հատուցելու պահանջ է ներկայացվել նաև Սիրանուշ Փիլոյանի դեմ, իսկ Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները նշված գործով կայացված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2005 թվականի վճիռը չեն բողոքարկել այն հիմքով, որ Սիրանուշ Փիլոյանը, լինելով վիճելի բնակարանի բաժնային սեփականատեր, պարտավոր էր հատուցել ժառանգատու Գևորգ Փիլոյանի հուղարկավորության և ժառանգական գույքի ձեռքբերման և վերանորոգման հետ կապված ծախսերը:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Գևորգ Փիլոյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են Յուրիկ, Աղունիկ և Սիրանուշ Փիլոյանները, իսկ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2005 թվականի թիվ 05-2240 վճռով միայն Յուրիկ և Աղունիկ Փիլոյաններից որպես վիճելի բնակարանի վերանորոգման գումար բռնագանձվել է 733.140 ՀՀ դրամ, ինչպես նաև նշված բնակարանի գնման համար ներդրված 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և Գևորգ Փիլոյանի հուղարկավորության համար ծախսված 1.000 ԱՄՆ դոլար: Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները օրինական ուժի մեջ մտած դատական ակտով բռնագանձված գումարները փաստացի վճարել են պահանջատիրոջը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգատուի հուղարկավորության ծախսերը և նրա բնակարանի գնման և վերանորոգման համար ներդրված գումարները պահանջատիրոջը հատուցելուց հետո Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների մոտ ծագել է հետադարձ պահանջի իրավունք նշված ծախսերը հատուցելու համապարտ պարտականություն ունեցող Սիրանուշ Փիլոյանի նկատմամբ: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.08.2005 թվականի վճռով բռնագանձնված գումարի 1/3 մասը Սիրանուշ Փիլոյանից բռնագանձելու մասին Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների պահանջը հիմնավոր է:

Ինչ վերաբերում է Յուրիկ և Աղունիկ Փիլոյանների ներկայացրած այլ գումարների բռնագանձման պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաժնային սեփականության յուրաքանչյուր մասնակից պարտավոր է իր բաժնին համաչափ մասնակցել ընդհանուր գույքից գանձվող հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման այլ ծախսերին:

Սույն գործով Յուրիկ և Աղունիկ Փիլոյանները ներկայացրել են նաև Գևորգ Փիլոյանի գերեզմանաքարի, վիճելի գույքի փորձաքննությունների, սեփականության իրավունքի վկայական ստանալու, փաստաբանական ծառայությունների, դիմումների և այլ փաստաթղթերի կազմման, վիճելի գույքի ձեռքբերման և Գևորգ Փիլոյանի ունեցած պարտքը մարելու համար վճարված գումարների բռնագանձման պահանջ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 194-րդ և 1242-րդ հոդվածների ուժով բաժնային սեփականության մասնակիցը պարտավոր է մասնակցել ընդհանուր գույքից գանձվող հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման այլ ծախսերին, իսկ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգը պարտավոր է հատուցել ժառանգության հետ կապված ծախսերը:

Մինչդեռ սույն գործով ներկայացված վիճելի գույքի փորձաքննությունների, սեփականության իրավունքի վկայական ստանալու, փաստաբանական ծառայությունների, դիմումների և այլ փաստաթղթերի կազմման գումարները չեն վերաբերում նշված ծախսերին, հետևաբար այդ կապակցությամբ ներկայացված պահանջը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում նաև Գևորգ Փիլոյանի գերեզմանաքարի համար վճարված գումարը բռնագանձելու պահանջը, քանի որ «Հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հուղարկավորությունը` մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) հողին հանձնելու կամ դիակիզելու արարողությունն է: Հետևաբար նշված նորմի իմաստով հուղարկավորությունից հետո կատարված ծախսերը, այդ թվում` գերեզմանաքար տեղադրելու գումարը, չեն մտնում հուղարկավորության ծախսերի մեջ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը նշված գումարների բռնագանձման մասով իրավացիորեն վերաքննիչ բողոքը մերժել է:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմամբ փորձաքննություն կարող է նշանակվել հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտության դեպքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից սույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

Վերջին դրույթի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն ընդհանուր գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու նախապայման է համարել դրա բաժանման աննպատակահարմարության ակնհայտությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ փորձաքննությունների եզրակացություններով հիմնավորվել է, որ ընդհանուր գույքից Սիրանուշ Փիլոյանի բաժինը բնեղենով առանձնացնել հնարավոր չէ, իսկ կողմերը նյութական հնարավորություն չունեն իրենց բաժինների դիմաց միմյանց փոխհատուցում վճարելու, հանգել է այն հետևության, որ Դատարանը գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու առումով ճիշտ վճիռ է կայացրել:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 30.09.2008 թվականի թիվ Հմ. 31420807 եզրակացության և «Կառուցագետ» ՍՊԸ-ի 29.10.2008 թվականի թիվ Կ-08/194-01 հաշվետվության միջև առկա էական հակասությունների պատճառով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2008 թվականի որոշմամբ նշանակված դատատեխնիկական փորձաքննության հիման վրա ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 24.02.2009 թվականին տրվել է թիվ Հմ. 08-1616 եզրակացությունն այն մասին, որ Երևանի Կիլիկիա 1-ին փողոցի 51 շենքի թիվ 2 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/3 բաժինը տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել այնպես, որպեսզի չխախտվեն կողմերի իրավունքները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված բնակարանը հնարավոր չէ բնեղենով առանձնացնել, և շինությունը որպես բնակտարածություն ենթակա չէ առանձնացման, ըստ հարցադրման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կանոններով բաժին առանձնացնելը, առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, նպատակահարմար չէ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.02.2009 թվականի եզրակացությունը` այն դնելով որոշման հիմքում: Մասնավորապես` այդ եզրակացության ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ դրանով չի հիմնավորվել վիճելի գույքից կողմերի բաժիններն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարությունը:

Բացի այդ, նշված եզրակացությամբ վիճելի բնակարանի բաժանման աննպատակահարմարության վերաբերյալ հետևության հիմքում դրվել է այն հանգամանքը, որ բնակարանի բնակելի 13,63 քմ մակերեսի տարանջատումը տեխնիկապես հնարավոր չէ իրականացնել այնպես, որ չխախտվեն կողմերի իրավունքները: Մինչդեռ նույն եզրակացությամբ նշվել է, որ ընդհանուր բնակարանի բնակելի տարածքի 1/3 բաժինը 13,63 քմ է, իսկ ՀՀ քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերով սահմանված է, որ բնակելի սենյակի մակերեսը պետք է մեծ լինի նվազագույնը 8 քմ-ից: Այսինքն` փորձագիտական եզրակացությամբ չի հիմնավորվել, թե 13,63 քմ մակերեսի բաժանման անհրաժեշտությունն ինչով է պայմանավորված, երբ այդ մակերեսն արդեն կազմում է ընդհանուր բնակարանի 1/3 մասը:

Ավելին, փորձագետները, դուրս գալով իրենց իրավասության սահմաններից, տեխնիկական հարցերից զատ պատասխանել են նաև իրավական հարցադրումների: Մասնավորապես` փորձագիտական եզրակացությունից պարզ չէ, թե ինչ է նշանակում «որպեսզի չխախտվեն կողմերի իրավունքները» արտահայտությունը: Եզրակացության մեջ նշվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված կանոններով բաժին առանձնացնելը» արտահայտությունը, ինչն իրավական բնույթ ունի: Բացի այդ, նշված եզրակացությամբ պատճառաբանվել է, որ «Բնակելի տներ» ՍՆիՊ 2.08.01-89 նորմի 2.7 կետով սահմանվում է, որ համատեղված սանհանգույցի խորությունը և լայնությունը պետք է հավասար լինեն կամ գերազանցեն համապատասխանաբար 2,2 մ-ը և 0,8 մ-ը, իսկ նախասրահի լայնությունը` 0,85 մ-ը, որոնք հնարավոր չէ ապահովել հետազոտվող բնակարանում: Մինչդեռ փորձագիտական եզրակացությամբ սահմանված է, որ միջանցքի ընդհանուր մակերեսը 6,1 քմ է, իսկ 1/3 մասը` 2,0 քմ, այսինքն` չի հիմնավորվել, թե հատկապես ինչ պատճառներով հնարավոր չէ վիճելի բնակարանում ապահովել նշված տարածքների բաժանումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 24.02.2009 թվականի թիվ Հմ. 08-1616 եզրակացության արժանահավատության և հիմնավորվածության վերաբերյալ կասկածներ են առաջանում, ավելին, այդ եզրակացությամբ չեն վերացել ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի 30.09.2008 թվականի թիվ Հմ. 31420807 եզրակացության և «Կառուցագետ» ՍՊԸ-ի 29.10.2008 թվականի թիվ Կ-08/194-01 հաշվետվության միջև առկա էական հակասությունները, ինչը բավարար հիմք է դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով հայեցողական լիազորությունն իրականացնելու և կրկնակի փորձաքննություն նշանակելու` վիճելի բնակարանից 1/3 բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության հարցը պարզելու համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ԵԿԴ/0462/02/08
Որոշում