Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ ԵՎ 1058-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական         Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0822/02/09

    դատարանի որոշում                                                2010թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0822/02/09

Նախագահող դատավոր` Ա. Պետրոսյան

Դատավորներ` Ա. Խառատյան

Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սոս Այվազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սոս Այվազյանի ընդդեմ Գրիզելտա Կազարյանի` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սոս Այվազյանը պահանջել է բռնագանձել Գրիզելտա Կազարյանից 511.233 (հինգ հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր երեսուներեք) ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի հատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Գրիզելտա Կազարյանից հօգուտ Սոս Այվազյանի բռնագանձվել է 423.036 (չորս հարյուր քսաներեք հազար երեսունվեց) ՀՀ դրամ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.10.2009 թվականի որոշմամբ Գրիզելտա Կազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 15.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոս Այվազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածը` խախտելով պատճառված վնասի հատուցում ստանալու անձի իրավունքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա մի շարք ապացույցներ, մասնավորապես, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից 05.12.2006 թվականի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, Երևանի քաղաքապետը 25.01.2008 թվականի թիվ 249-Ա որոշումը և Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության 10.10.2008 թվականի թիվ 13112108 որոշումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերոնշյալ ապացույցներով հիմնավորվում է, որ Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանի սեփականատեր Գրիզելտա Կազարյանի նախաձեռնությամբ ապօրինի ձեղնահարկ կառուցելու նպատակով քանդվել է բազմաբնակարան շենքի սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող շենքի տանիքը, ինչի հետևանքով անձրևաջրերի հոսքի պատճառով վնաս է պատճառվել Սոս Այվազյանի բնակարանին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.07.2009 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Գրիզելտա Կազարյանին:

2) Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 19 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Սոս Այվազյանին:

3) Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից 05.12.2006 թվականին Գրիզելտա Կազարյանին տրամադրվել է 18-07/1-Կ-1226-491 ճարտարապետահատակագծային առաջադրանքը Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանի մանսարդային հարկի նախագիծ մշակելու համար /գ.թ. 8/:

4) Երևանի քաղաքապետի 25.01.2008 թվականի թիվ 249-Ա որոշմամբ չեղյալ է համարվել Գրիզելտա Կազարյանին տրված թիվ 18-07/1-Կ-1226-491 ճարտարապետահատակագծային առաջադրանքը այն պատճառաբանությամբ, որ առանց քաղաքաշինական ամբողջական փաթեթի առկայության, սեփականատիրոջ նախաձեռնությամբ քանդվել է Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանի տանիքածածկը /գ.թ. 9/:

5) ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետների 17.03.2008 թվականի թիվ 02860807 եզրակացության համաձայն` Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 19 բնակարանի ներքին հարդարանքին պատճառված վնասի չափը 2007 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 423.036 (չորս հարյուր քսաներեք հազար երեսունվեց) ՀՀ դրամ /գ.թ. 34/:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս Նատալյա Հակոբյանի հայցն ընդդեմ Վարդան Հայրապետյանի` վնասի հատուցման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ՀՔԴ 3/0016/02/08 որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ 2-րդ մասի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: Օրենսգրքով կարող է նախատեսվել վնասի հատուցում վնաս պատճառողի մեղքի բացակայությամբ:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` շինության սեփականատերը շինության կամ ընդհանուր բաժնային սեփականության պարտադիր նորմերը խախտելու համար կրում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Շինության սեփականատիրոջ կողմից անձամբ կամ նրա հետ համատեղ ապրող անձանց կողմից այլ շինություններին կամ ընդհանուր բաժնային սեփականությանը վնաս պատճառելու դեպքում շինության սեփականատերը պարտավոր է իր հաշվին վերացնել հասցված վնասը: Վնաս կրած շինության սեփականատերն օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման պահանջի իրավունք ունի:

Դատարանը Սոս Այվազյանի հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Գրիզելտա Կազարյանը Զաքյան փողոցի 2 շենքի 22 բնակարանի մանսարդային հարկի նախագիծ մշակելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալով` առանց քաղաքաշինական ամբողջական փաթեթի առկայության համաձայնեցված նախագծի և շինարարական թույլտվության մանսարդային հարկի շինարարական աշխատանքներ նախաձեռնելու նպատակով քանդել է Զաքյան փողոցի 2 շենքի 22 բնակարանի տանիքածածկը, ինչի հետևանքով Երևանի քաղաքապետը իր 25.01.2008թ թիվ 249-Ա որոշմամբ վերը նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքը չեղյալ է համարել և առաջարկել է Զաքյան փողոցի 2 շենքի 22 բնակարանի սեփականատեր քաղաքացի Գրիզելտա Կազարյանին վերացնել իրավախախտման հետևանքները` տարածքը բերելով նախնական տեսքի»:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դնելով հայցվորի կողմից կրած վնասը պատասխանողի կողմից պատճառված լինելն ապացուցված չլինելու հանգամանքը, արձանագրել է, որ «Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, թե ում կողմից է քանդվել տանիքը, որի արդյունքում, ըստ էության առաջացել է գույքային վնասը», և գտել է, որ «նոր քննության ընթացքում անհրաժեշտ է պարզել, թե ովքեր են վնաս պատճառելու հետևանքով առաջացած դելիկտային իրավահարաբերությունների կողմերը սույն գործի շրջանակներում, ում գործողությունների արդյունքում են առաջացել վնասները, իրավաչափ են եղել արդյոք այդ գործողությունները, առկա է արդյոք այդ գործողությունների և վնասի միջև պատճառահետևանքային կապ և գործողություն կատարողի մեղքը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցին.

Ո՞ւմ նախաձեռնությամբ է քանդվել Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանի տանիքածածկը, արդյո՞ք անօրինական շինարարական աշխատանքների հետևանքով պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման նախաձեռնող անձի կողմից, թե շինարարական աշխատանքները կատարած անձանց կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն` Գրիզելտա Կազարյանի կողմից ներկայացրած հայտի հիման վրա Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից 05.12.2006 թվականին տրամադրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք` Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանի մանսարդային հարկի նախագիծ մշակելու համար: Գրիզելտա Կազարյանն առանց համապատասխան քաղաքաշինական ամբողջական փաթեթի առկայության, նախաձեռնել և կազմակերպել է մանսարդային հարկի անօրինական շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել անձրևաջրերի հոսք, և Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 19 բնակարանի ներքին հարդարանքին վնաս է պատճառվել: Այդ հիմքով Երևանի քաղաքապետի 25.01.2008 թվականի թիվ 249-Ա որոշմամբ վերը նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքը չեղյալ է համարվել և առաջարկվել է Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանի սեփականատեր քաղաքացի Գրիզելտա Կազարյանին վերացնել իրավախախտման հետևանքները` տանիքը բերելով նախնական տեսքի /գ.թ. 9 և 16/:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ անհրաժեշտություն կա պարզելու, թե «ում կողմից է քանդվել տանիքը, որի արդյունքում, ըստ էության առաջացել է գույքային վնասը», անհիմն է, քանի որ այլ անձանց մեղքը ապացուցված չլինելու պայմաններում կարևոր է պարզել, թե ում նախաձեռնությամբ է իրականացվել տանիքածածկի քանդման անօրինական շինարարական աշխատանքների կատարումը և ով է շահագրգիռ անձը: Սույն գործով Գրիզելտա Կազարյանը որպես շահագրգիռ անձ, առանց օրինական հիմքերի նախաձեռնել և կազմակերպել է տանիքածածկի քանդման շինարարությունը, ուստի տանիքածածկի շինարարության հետևանքով պատճառված վնասը ենթակա է հատուցման:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիզելտա Կազարյանի կատարած գործողությունների և դրա հետևանքով Սոս Այվազյանի բնակարանին պատճառված վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ, այն է` առանց համապատասխան քաղաքաշինական ամբողջական փաթեթի առկայության Երևանի Զաքյան փողոցի 2-րդ շենքի թիվ 22 բնակարանի սեփականատեր Գրիզելտա Կազարյանը որպես շահագրգիռ անձ նախաձեռնել և կազմակերպել է մանսարդային հարկի անօրինական շինարարական աշխատանքները, ինչի հետևանքով Սոս Այվազյանին պատճառվել է վնաս, որը լրիվ ծավալով ենթակա է հատուցման Գրիզելտա Կազարյանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով` Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի վճռին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.07.2009 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ԵԿԴ/0822/02/09
Որոշում