ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0134/02/08
դատարանի որոշում 2010թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0134/02/08
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Ա. Թումանյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2009 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության դիմումի` Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 31.10.2008 թվականի վճիռը պարզաբանելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Էմմա Ավագյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը տրամադրել նոր կառուցվող շենքից բնակարան կամ համարժեք դրամական փոխհատուցում:
Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է. «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 05.10.2001թ. որոշման պահանջների համաձայն` պարտավորեցնել պատասխանող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին հայցվոր Էմմա Ավագյանի իրավունքների դադարման դիմաց որպես սեփականություն հայցվորին տրամադրել Գինու գործարանին հարող տարածքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան կամ տրամադրել համարժեք փոխհատուցում»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել Երևանի քաղաքացիական դատարանը 31.10.2008 թվականի վճռի եզրափակիչ մասում` «կամ տրամադրել դրամական հատուցում» եզրահանգմամբ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.09.2009 թվականի որոշմամբ պարզաբանվել է, որ «Երևանի քաղաքացիական դատարանը 31.10.2008թ. ԵՄԴ/0134/02/08թ. վճռի եզրափակիչ մասի 1-ին կետով սահմանված «կամ տրամադրել համարժեք դրամական հատուցում» եզրահանգմամբ, նկատի է ունեցել «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 1-ին կետով հաստատված` «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու» կարգի 8-րդ կետով նախատեսված դրամական հատուցումը»:
Վերաքննիչ դատարանի 20.11.2009 թվականի որոշմամբ Էմմա Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 02.09.2009 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշումը բեկանվել և փոփոխվել է` վճիռը պարզաբանելու պահանջի մասին Ընկերության դիմումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմմա Ավագյանի ներկայացուցիչը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածով նախատեսված` պարտավորությունների պատշաճ կատարման պայմանների ու պահանջների հիմքերը, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 950 որոշման 8-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 3-րդ կետը և 143-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության:
Դատական ակտով Ընկերությանը պարտավորեցվել է Էմմա Ավագյանին «տրամադրել Գինու գործարանին հարող տարածքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան կամ տրամադրել համարժեք փոխհատուցում», սակայն ներկայումս Ընկերությունը հնարավորություն չունի Գինու գործարանին հարող տարածքում տրամադրել բնակարան, մինչդեռ կարող է կատարել «կամ համարժեք դրամական հատուցում» տրամադրելու պահանջը:
Այս դեպքում վճռի պարզաբանումը չի փոփոխել վճռի բովանդակությունը և էությունը, քանի որ դրա հիմքում դրված է իրավական ակտի էությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.09.2009 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշմանը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն` օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Էմմա Ավագյանը 1982 թվականից հաշվառվել է Երևանի Շահումյան (ներկայիս Խորհրդարանի) 40 փողոցի թիվ 11 հասցեում և օտարվող գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
Էմմա Ավագյանը 28.08.1982 թվականից հաշվառվել է Երևանի Շահումյան (ներկայիս Խորհրդարանի) 40 փողոցի թիվ 11 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 6):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Դատարանի վճիռը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները` չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը: Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճռով վճռվել է. «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 05.10.2001թ. որոշման պահանջների համաձայն` պարտավորեցնել պատասխանող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին հայցվոր Էմմա Ավագյանի իրավունքների դադարման դիմաց որպես սեփականություն հայցվորին տրամադրել Գինու գործարանին հարող տարածքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան կամ տրամադրել համարժեք փոխհատուցում»:
Դատարանի 02.09.2009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանը 31.10.2008թ. վճռի եզրափակիչ մասի 1-ին կետով սահմանված «կամ տրամադրել համարժեք դրամական հատուցում» եզրահանգումը պարզաբանվել է որպես «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու» կարգի 8-րդ կետով նախատեսված դրամական հատուցում վճարելու պարտավորություն, քանի որ Երևանի քաղաքացիական դատարանի վճռի հիմքում դրվել էր հենց վերոնշյալ կարգը:
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ «վճռի պարզաբանման խնդիրն ընդհանրապես բացակայում է», ինչպես նաև արձանագրել է, որ «Դատարանը փոփոխել է վճռի էությունը»:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էմմա Ավագյանը սեփականատեր չէ, այլ միայն գրանցված անձ, ուստի Դատարանի 02.09.2009 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճռի բովանդակությունը և էությունը չի փոփոխվել, քանի որ գրանցված անձանց տրամադրման ենթակա գումարային աջակցության չափը որոշվում է ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշման 1-ին կետով հաստատված` «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու» կարգի 8-րդ կետով, ինչն էլ պարզաբանվել է Դատարանի 02.09.2009 թվականի որոշմամբ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2009 թվականի որոշմանը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան