Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ, 22-ՐԴ, 65-ՐԴ, 68-ՐԴ, 71-ՐԴ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ         Վարչական գործ թիվ ՎԴ/0214/05/09

    Վարչական գործ թիվ ՎԴ/0214/05/09                            2010թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արման Մանուկյանի, Լիլիա Մանուկյանի և Վարդուհի Պապյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Լուսինե Հովհաննիսյանի` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը մասամբ ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Դատարան` Արման Մանուկյանը, Լիլիա Մանուկյանը և Վարդուհի Պապյանը պահանջել են մասամբ ոչ իրավաչափ ճանաչել Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 05.10.1999 թվականի Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` տան հողամասի մասով և կիրառել անվավերության հետևանքներ, այն է` մասամբ վերացնել Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 08.11.1999 թվականի Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցումը և 02.12.2002 թվականի Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-13 մատյանի թիվ 166 գրանցումը` տան հողամասի մասով, ինչպես նաև պարտավորեցնել Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը մասամբ փոփոխել 30.09.2003 թվականի Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 4-6 մատյանի թիվ 000055 գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման թիվ 1487351 վկայականը` «Հողամասի տվյալները» բաժնում «ընդհանուր սեփականություն» բառերը փոխարինելով «սեփականություն» բառով, ինչպես նաև` «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում վերացնել «Ընդհանուր հողամասի համասեփականատերը` Լուսինե Հովհաննիսյանը» նշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 05.10.1999 թվականի Էդուարդ Մանուկյանի անվամբ Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան նկատմամբ անշարժ գույքի պետական գրանցման միասնական 4-13 մատյանի 166 համարի տակ (սեփականության իրավունքի գրանցման վկայական 0102492) կատարված իրավունքի պետական գրանցումը` տան հողամասի մասով ճանաչվել է ոչ իրավաչափ: Գործի վարույթը մնացած մասով կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Հովհաննիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդուհի Պապյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը, կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ և 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ հողամասի նկատմամբ Սամվել և Էդուարդ Մանուկյանների ընդհանուր սեփականության իրավունքի ծագման հիմք է նրանց միջև 16.07.1991 թվականին կնքված բնակելի տան նվիրատվության պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որով հստակ նշվել է, որ Սամվել Մանուկյանն Էդուարդ Մանուկյանին նվիրում է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան 1/2 մասը: Դրանով տնատիրության, այլ ոչ թե միայն շինությունների 1/2 մասն է նվիրվել Էդուարդ Մանուկյանին, որից հետևում է, որ նշված պայմանագրով Էդուարդ Մանուկյանն արդեն իսկ հողամասի նկատմամբ ձեռք է բերել իրավունքներ:

Դատարանն անտեսել է այն փաստը, որ գործում առկա Երևանի Արաբկիրի շրջանի ժողդատարանի 03.11.1994 թվականի վճռով հաստատվել և հիմնավորվել է, որ վեճի առարկա բնակելի տունը` 1/2 հարաբերակցությամբ սեփականության իրավունքով պատկանել է Էդուարդ և Սամվել Մանուկյաններին: Նշված վճռով կողմերն առանձնացրել են սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող Երևանի Ն. Զարյան 44 հասցեի շինությունները: Ընդ որում, նշված վճռով հողամասի նկատմամբ որևէ պահանջ չի ներկայացվել:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ և 71-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ սույն գործով հայցվորների ներկայացրած` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը մասամբ ոչ իրավաչափ ճանաչելու պահանջն ըստ էության ոչ թե ճանաչման, այլ վիճարկման հայց է, որի բնորոշումը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով:

Սույն գործով ներկայացվել է վիճարկման հայց, ուստի Դատարանը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածը, որով սահմանվում է վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետ, պետք է կիրառեր հայցային վաղեմության ժամկետ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և հայցը մերժել կամ թողնել առանց քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Անհիմն են Դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածը խախտելու վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկները, քանի որ Պայմանագրում հողամասի նվիրատվության վերաբերյալ որևէ նշում չկա: Դրա վերաբերյալ նշում չկա նաև 03.11.1994 թվականի ժողդատարանի վճռում:

Ինչ վերաբերում է ներկայացված հայցը վիճարկման, այլ ոչ թե ճանաչման հայց լինելուն, ապա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածից ակնհայտ է, որ հայցվորները ներկայացրել են ճանաչման հայց:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Սամվել Մանուկյանը Պայմանագրով նվիրել է Էդուարդ Մանուկյանին Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան 1/2 մասը, որը գտնվում է ընդհանուր հողամասի վրա (գ. թ. 37-38):

2. 14.08.1991 թվականին Պայմանագրի հիման վրա Սամվել և Էդուարդ Մանուկյաններին տրվել է տեխնիկական անձնագիր, որում նշվել է, որ Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան սեփականատերեր են Սամվել և Էդուարդ Մանուկյանները` 1/2-ական մասերով, հողամասի չափը նշվել է 600.0 քմ ընդհանուր սեփականություն, հատակագծում 600 քմ հողամաս (գ. թ. 10-12):

3. 03.11.1994 թվականի Երևանի Արաբկիրի ժողդատարանի վճռով ճանաչվել է Էդուարդ Մանուկյանի սեփականության իրավունքը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 տան 1/2 մասի` ըստ հատակագծի ն. 11` 17,3 քմ, ն. 2` 18,1 քմ բնակելի սենյակների, 18 քմ, 7,2 քմ օժանդակ կառույցների նկատմամբ: Նրա օգտագործմանն է թողնվել 7,3 քմ, 7,7 քմ, 11,5 քմ անօրինական մակերեսները, որոնք պետք է օգտագործվեն Ա մուտքով: Հայցվորի կողմից օգտագործվող նկուղը, որը գտնվում է պատասխանողի ապօրինի կառույցի տակ, թողնվել է վերջինիս օգտագործմանը: Տվյալ գործով հողամասը վեճի առարկա չի եղել (գ. թ. 35-36):

4. 05.11.1999 թվականի թիվ 0102492 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Էդուարդ Մանուկյանը Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 տան 90,2 քմ բնակելի մակերեսի սեփականատերն է և 512 քմ հողամասի համասեփականատերն է: Անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթերի մեջ նշված է Արաբկիրի շրջանի ժողդատարանի 03.11.1994 թվականի թիվ 2-680 վճիռը (գ. թ. 112-113):

5. 02.12.2002 թվականի սեփականության իրավունքի թիվ 445603 վկայականի համաձայն` Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան 90,2 քմ, 512 քմ հողամասն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Լուսինե Հովհաննիսյանին (գ. թ. 24-27):

6. 30.09.2003 թվականի սեփականության իրավունքի թիվ 1487351 վկայականի համաձայն` Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան 108,7 քմ, 512 քմ հողամասը ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Վարդուհի Պապյանին, Արման Մանուկյանին, Լիլիա Մանուկյանին: Ընդհանուր հողամասի սեփականատեր է նաև Լուսինե Հովհաննիսյանը (գ. թ. 28-31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տես` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արարատի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Պետրոսյանի` 674.449 (վեց հարյուր յոթանասունչորս հազար չորս հարյուր քառասունինը) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը):

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտները, պետական գրանցման նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներին դիմումի հետ միասին ներկայացնում են նույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը: Գույքի նկատմամբ իրավունքները համարվում են գրանցված` գրանցման մատյանում գրանցելու պահից:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար կազմված կադաստրային գործն իր մեջ ընդգրկում է անշարժ գույքի առանձին միավորների նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող հետևյալ փաստաթղթերը` ....... անշարժ գույքի օտարման (ձեռքբերման) վարձակալության, ենթավարձակալության, օգտագործման, գրավի, հիփոթեքի, փոխանակման և սերվիտուտների պայմանագրերը, ինչպես նաև սերվիտուտների վերաբերյալ դատական որոշումները, վճիռները, ..... անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումները, վճիռներն ու դատավճիռները, ..... անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքները և այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումը կամ դադարումը հաստատող փաստաթղթեր:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի նկատմամբ իրավունքը գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել կոնկրետ այդ միավորի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ: Ընդ որում, եթե այդպիսին համարվում է համապատասխան դատական ակտը, ապա այդ ակտով պետք է ճանաչվի կամ դադարեցվի անձի սեփականության կամ օգտագործման իրավունքը տվյալ անշարժ գույքի նկատմամբ: Վճռաբեկ դատարանի նման իրավական դիրքորոշումը բխում է նաև «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածից, որի համաձայն` եթե պետությունը կամ որևէ այլ անձ, համաձայն օրենքի, դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ անշարժ գույքի ձեռքբերման այլ փաստաթղթի, անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք են ձեռք բերում, ապա շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա, անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում, պետությունը կամ կոնկրետ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում գրանցվում է որպես սեփականատեր կամ օգտագործող: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հոդվածի հիման վրա անձի կողմից օրենքի, դատարանի վճռի կամ անշարժ գույքի այլ փաստաթղթի, անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս, տվյալ անձն անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի տվյալ անշարժ գույքի միավորի գրանցման թերթիկում գրանցվում է որպես սեփականատեր, և նրան տրվում է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (տես` Էլմիրա Զոհրաբյանն ընդդեմ Ռադիկ Հակոբյանի և Հասմիկ Ավետիսյանի` առոչինչ և անվավեր գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, թիվ թիվ 3-103(ՎԴ) քաղաքացիական գործով 18.09.2009 թվականի Վճռաբեկ դատարանի որոշումը):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի այն պատճառաբանությունը, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու յուրաքանչյուր դեպքում համապատասխան սուբյեկտի կողմից պետական գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացվեն պատշաճ իրավահաստատող փաստաթղթեր, որոնք կհավաստեն վերջինիս իրավունքների կամ սահմանափակումների առկայությունը խնդրո առարկա անշարժ գույքի նկատմամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով պահանջը վերաբերել է Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից 05.10.1999 թվականին կատարված Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցմանը:

Դատարանը հայցը մասնակի բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով Էդուարդ Մանուկյանի անվամբ 05.10.1999 թվականի սեփականության իրավունքի թիվ 0102492 վկայականում «Անշարժ գույքի ձեռքբերման իրավունքը հաստատող փաստաթղթերի անվանումը» բաժնում նշված է Երևանի Արաբկիրի ժողդատարանի 03.11.1994 թվականի վճիռը, մինչդեռ նշված վճռում հողամասի վերաբերյալ որևէ խոսք չկա:

Հետևաբար, իրավունքի պետական գրանցման վերաբերյալ պահանջ ներկայացվելու դեպքում Դատարանը պարտավոր է պարզել իրավունքի պետական գրանցման գործընթացի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին` չսահմանափակվելով սեփականության իրավունքի գրանցման վկայականում պարունակվող տեղեկություններով:

Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել գործում առկա 13.07.1991 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, որով Սամվել Մանուկյանը Էդուարդ Մանուկյանին նվիրել է Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան 1/2 մասը: Դատարանը, պարզելով, որ Երևանի Արաբկիրի ժողդատարանի 03.11.1994 թվականի վճռի հիման վրա հողամասի նկատմամբ Էդուարդ Մանուկյանի սեփականության իրավունքը չի ծագել, չի պարզել հողամասի նկատմամբ Էդուարդ Մանուկյանի սեփականության իրավունքի գրանցման հիմքերը:

Սույն գործում առկա Պայմանագրի տառացի մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանը պարզեց, որ Պայմանագրի առարկա է ոչ միայն Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան 1/2 մասը, այլ նաև 600.0 քմ հողամասը: Այսպես` Պայմանագրի 7-րդ կետի համաձայն` նվիրառուի մշտական օգտագործմանն է անցնում բնակելի տան 1/2 մասը, որը գտնվում է 600.0 քմ ընդհանուր հողամասի վրա: Ավելին, Պայմանագրի հիման վրա է 14.08.1991 թվականին Սամվել և Էդուարդ Մանուկյաններին տրվել տեխնիկական անձնագիր, որում նշվել է, որ Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան սեփականատերեր են Սամվել և Էդուարդ Մանուկյանները` 1/2-ական մասերով, իսկ հողամասի չափը նշվել է 600.0 քմ ընդհանուր սեփականություն, որպիսի հանգամանքը երբևէ նվիրատուի կողմից չի վիճարկվել:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցն ենթակա է մերժման, քանի որ Էդուարդ Մանուկյանի 05.11.1999 թվականի թիվ 0102492 սեփականության իրավունքի վկայականը տրվել է օրենքով սահմանված հիմքերի առկայության պայմաններում, որպիսիք են Պայմանագիրը և 03.11.1994 թվականի Երևանի Արաբկիրի ժողդատարանի վճիռը, որպիսի պարագայում իրավաչափ են նաև վիճելի գույքի օտարման պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված իրավունքների պետական գրանցումները:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

1. առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ

2. հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ

3. դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, նախատեսելով վարչական դատավարության կարգով անձի իրավունքների պաշտպանության լայն հնարավորություններ` սահմանելով հայցերի տարբեր տեսակներ և անձին հնարավորություն ընձեռելով իրավունքների պաշտպանության ժամանակ ընտրելու այս կամ այն հայցը ներկայացնելու իրավական հնարավորություն, միաժամանակ սահմանել է այս կամ այն պահանջով դատարան դիմելու որոշակի պայմաններ:

Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ճանաչման հայց ներկայացնելու դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է, որ այն ակտը, որը հայցվորը պահանջում է ճանաչել ոչ իրավաչափ, այլևս իրավաբանական ուժ չունենա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ներկայացված հայցի բնույթը պարզելու համար պետք է հիմք ընդունի ոչ միայն դրա ձևական կողմը` պահանջի բառացի ձևակերպումը, այլև հաշվի առնի ներկայացված պահանջի բովանդակային կողմը` ներկայացված հայցի բնույթը պարզելու համար:

Սույն գործով ներկայացված հայցով Արման Մանուկյանը, Լիլիա Մանուկյանը և Վարդուհի Պապյանը պահանջել են մասամբ ոչ իրավաչափ ճանաչել Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման կողմից 05.10.1999 թվականին կատարված Երևանի Արաբկիր համայնքի Ն. Զարյան փողոցի թիվ 44 բնակելի տան նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` տան հողամասի մասով, և կիրառել անվավերության հետևանքներ:

Դատարանն այն դիտել է այլևս իրավաբանական ուժ չունեցող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջ, մինչդեռ դրանով ըստ էության վիճարկվում է իրավունքի պետական գրանցումը` այն օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցը ոչ թե ճանաչման, այլ վիճարկման հայց է:

Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածը կիրառելի չէ, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ է մտել 01.01.2008 թվականին, իսկ նշված օրենսգրքի 71-րդ հոդվածը, որով սահմանված են հայց ներկայացնելու ժամկետները, անձի իրավական վիճակը վատթարացնող նորմ է, քանի որ այդ նորմով սահմանված են հայց ներկայացնելու կրճատ ժամկետներ, հետևաբար այն չի կարող տարածվել վիճելի իրավահարաբերության վրա (տես` Ռոզա Գրիգորյանը և Մարինե Ղարիբջանյանն ընդդեմ Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների, Կարինե Հովհաննիսյանի և Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1071 որոշումը և անշարժ գույքի գրանցման մատյանում համապատասխանողներ Կարինե Հովհաննիսյանի, Գուրգեն, Յուրի, Ռոբերտ և Հերմինե Հակոբյանների մասով սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, թիվ ՎԴ/4729/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 30.04.2009 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը անհիմն է համարում հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ բողոքի փաստարկները:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում սույն գործով անվավերության հետևանքներ կիրառելու մասով գործը կարճելու Դատարանի պատճառաբանությունն առ այն, որ նշված պահանջներն իրենց բնույթով առանձին հայցապահանջներ են և չեն բխում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի բովանդակությունից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել` հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Վարդուհի Պապյանից, Արման և Լիլիա Մանուկյաններից հօգուտ Լուսինե Հովհաննիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ՎԴ/0214/05/09
Որոշում