ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/0598/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/0598/05/09 2010թ.
Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Կամո Ավետիսյանի` 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու և ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Կամո Ավետիսյանից 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել քանդելու Երևանի Մազմանյան թիվ 12 շենքին կից ինքնակամ կառուցած 25 քմ մակերեսով շինությունը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.11.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի որոշումը Կամո Ավետիսյանի կողմից չի վիճարկվել, այն անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, հետևաբար, Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ նշված որոշումն օրինական ուժի մեջ է և ենթակա է պարտադիր կատարման:
Դատարանը եզրահանգել է, որ բացակայում է Կամո Ավետիսյանին ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ վարչական ակտը` հաշվի չառնելով, որ Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի որոշմամբ ինքնակամ կառույց իրականացնելու համար վերջինս ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նույն որոշմամբ էլ նրան առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ, որը չի կատարվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.11.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 28.10.2008 թվականի արձանագրության համաձայն` Կամո Ավետիսյանն առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի Երևանի Մազմանյան թիվ 12 շենքին կից նախաձեռնել է շուրջ 25 քմ մակերեսով շինության կառուցման աշխատանքներ (գ.թ. 10):
2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 11.11.2008 թվականի թիվ Վ-34/8 արձանագրության և եզրակացության համաձայն` Երևանի քաղաքապետին առաջարկություն է ներկայացվել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածով Կամո Ավետիսյանին 200.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին (գ.թ. 7-8):
3) Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-34/8 որոշմամբ Կամո Ավետիսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 200.000 ՀՀ դրամ տուգանքի: Միաժամանակ սահմանվել է, որ ինքնակամ շինությունը ենթակա է քանդման և տարածքը նախկին տեսքի բերման, իսկ Կամո Ավետիսյանին առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6):
4) Կամո Ավետիսյանը Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-34/8 որոշումը չի վիճարկել, նշված որոշումը չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:
Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքները, որ Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-34/8 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ, ինչպես նաև այդ որոշմամբ Կամո Ավետիսյանին ընդամենն առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ, այսինքն` տվյալ դեպքում բացակայում է վարչական ակտը, որը կպարտավորեցներ Կամո Ավետիսյանին քանդելու ինքնակամ կառույցը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-34/8 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել և չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-34/8 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշումը):
Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ բացակայում է Կամո Ավետիսյանին ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ վարչական ակտը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 11.11.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-34/8 որոշմամբ առաջարկվել է քանդել ինքնակամ շինությունը, իսկ տարածքը նախկին տեսքի բերել, որը կամովին չկատարելու դեպքում Քաղաքապետարանը լիազորված է պարտավորեցման հայցով դիմել դատարան:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.11.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Կամո Ավետիսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը և նրան պարտավորեցնել քանդելու Երևանի Մազմանյան թիվ 12 շենքին կից ինքնակամ կառուցած 25 քմ մակերեսով շինությունը:
2. Կամո Ավետիսյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 28.000 (քսանութ հազար) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան