ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1267/05/09
Վարչական գործ թիվ ՎԴ/1267/05/09 2010թ.
Նախագահող դատավոր` Ա. Աբովյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Եղիկյանի ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) ընդդեմ Արթուր Եղիկյանի` գումար բռնագանձելու և մաքսային պարտավորությունը կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Արթուր Եղիկյանից 459.765 ՀՀ դրամ, 13.196 ՀՀ դրամ պետական տուրքը և պարտավորեցնել կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.07.2009 թվականի վճռով Կոմիտեի հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Եղիկյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ և 113-րդ հոդվածները, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ, 59-րդ, 62-րդ հոդվածները և ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը Կոմիտեի կողմից ընդունվել է գործող օրենսդրության պահանջների խախտումներով: Որոշման մեջ նշված անձի անուն-ազգանունը նշվել է «Եղյան Արթար», որը տարբերվում է Արթուր Եղիկյան անուն-ազգանունից: Որոշումն առձեռն հանձնելու փոխարեն, օրենքով նախատեսված ժամկետի խախտմամբ ուղարկվել է փոստային ծառայության միջոցով, ու որևէ քայլ չի ձեռնարկվել այն առձեռն հանձնելու ուղղությամբ: Բացի այդ, Արթուր Եղիկյանի հասցեով առաքված որոշումն ամսագրված է եղել` 04.02.2009 թվական, իսկ վարչական գործում առկա է որոշում` ամսագրված 06.02.2009 թվական, որում որպես պատասխանատվության ենթարկված անձ նշվել է Արթուր Եղիկյան անուն-ազգանունը: Օրենսդրությամբ սահմանված կանոնների խախտմամբ ընդունված որոշումն առոչինչ է, հետևաբար չի կարող Արթուր Եղիկյանի համար պատասխանատվություն առաջացնել: Այսինքն` այն չի կարող իրավական հետևանքներ ունենալ: Արթուր Եղիկյանին ներկայացված որոշման օրինակը կնքված չի եղել: Մինչդեռ, Դատարանը նշված խախտումները որակել է որպես վրիպակ և հայցը բավարարել է, ինչը վկայում է այն մասին, որ Դատարանը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի կատարել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կոմիտեի կողմից 20.01.2009 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն (գ.թ. 31):
2) Կոմիտեի 04.02.2009 թվականի որոշմամբ Արթար Եղյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, որն Արթուր Եղիկյանի հասցեով ուղարկվել է 09.04.2009 թվականին և ստացվել է 10.04.2009 թվականին (գ.թ. 20-21):
Հիշյալ որոշման մեջ նշված է Արթուր Եղիկյանի հասցեն` քաղաք Երևան, Նորքի 1-ին զանգված, Նանսենի 13/3: Որոշման համաձայն` «Ա. Եղյանի կողմից 10.10.08. ԲՄՀ C-45285 «իմ-5» մաքսային ռեժիմով ՀՀ է ներմուծվել «Հոնդա» մակնիշի 2003թ. ավտոմեքենա...»:
3) 10.10.2008 թվականի C-45285 մաքսային հայտարարագրի համաձայն` Արթուր Եղիկյանը ՀՀ տարածք է ներմուծել 2003 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա:
4) Կոմիտեի 06.02.2009 թվականի որոշմամբ Արթուր Եղիկյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ (գ.թ. 32):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննելով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը` մաքսային մարմնի պաշտոնատար անձը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) վարչական տույժ նշանակելու մասին
բ) գործի վարույթը կարճելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նշված որոշումը պետք է բովանդակի այն կայացնող անձի պաշտոնը, ազգանունը, որոշում կայացնելու օրը, ամիսը, տարին, տեղեկություններ այն անձի մասին, որի առնչությամբ քննվել է գործը, եթե այդ անձը բացահայտված է, այն հանգամանքների շարադրումը, որոնք բացահայտվել են գործը քննելիս, սույն օրենսգրքի այն հոդվածի նշումը, որը պատասխանատվություն է նախատեսում մաքսային կանոնների խախտման համար, գործի առթիվ կայացված որոշումը, որոշման բողոքարկման ժամկետը և կարգը: Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից: Իսկ 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետում նշված որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենը հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի առնչությամբ այն կայացվել է: Որոշումը համարվում է հանձնված նաև, եթե անձը, որին ուղարկվել է դա, չի եղել իր նշած բնակության, գտնվելու կամ ժամանակավորապես բնակվելու վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի բ), գ) և ժ) կետերի համաձայն` վարչական ակտը պետք է պարունակի`
վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը.
ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
ակտն ընդունած վարչական մարմնի պաշտոնական կնիքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները.
ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կիրառման:
Նշված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է վարչական ակտին ներկայացվող պահանջները, որն ինքնանպատակ չէ: Դրա նպատակն է, որ վարչական մարմնի պաշտոնատար անձինք վարչական ակտը ձևակերպելիս չցուցաբերեն կամայական մոտեցում, ինչպես նաև ապահովվեն վարչական ակտի որոշակիությունը: Իսկ նման պահանջները պահպանված չլինելը հանգեցնում է վարչական ակտի առոչինչ լինելուն:
Տվյալ դեպքում փոստային ծառայության միջոցով, Արթուր Եղիկյանի հասցեով հանձնվել է «04.02.2009 թվական» ամիս ամսաթվով թվագրված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որում որպես վարչական պատասխանատվության ենթարկված անձ նշվել է Արթար Եղյան անուն-ազգանունը: Իսկ վարչական գործով ներկայացվել է 06.02.2009 թվական ամիս-ամսաթվով թվագրված վարչական տույժ նշանակելու մասին որոշումը, որում որպես վարչական պատասխանատվության ենթարկված անձ նշվել է Արթուր Եղիկյանը:
Դատարանը, բավարարելով հայցը, ըստ էության եկել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Արթուր Եղիկյանը, ստանալով Որոշումը, ողջամտորեն այն պետք է գնահատեր որպես իրեն հասցեագրված: Մասնավորապես, Դատարանը Որոշման մեջ որպես հասցեատեր «Արթար Եղյան» նշված լինելը, արդարացիորեն գնահատել է որպես վրիպակ, քանի որ «Արթար Եղյան» և «Արթուր Եղիկյան» անունները միմյանց առավելապես նման են, բացի այդ, 10.10.2008 թվականի C-45285 մաքսային հայտարարագրի համաձայն` Արթուր Եղիկյանը ՀՀ տարածք է ներմուծել 2003 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա: Նշված տվյալները համընկնում են Արթուր Եղիկյանին ուղարկված 04.02.2009 թվականի որոշման մեջ նշված տվյալներին: Ճիշտ է նշվել նաև վարչական ակտի հասցեատիրոջ բնակության վայրը: Այսինքն` Արթուր Եղիկյանին ուղղված վարչական ակտը չի պարունակում վարչական ակտի առոչինչ լինելու հիմքերից որևիցե մեկը: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այն սույն գործով չի վիճարկվել, ուստի ենթակա է կատարման: (Տես նաև` Էդիտա Կյուրեղյան ընդդեմ Կոմիտեի Արաբկիրի 1 հարկային տեսչության` 27.11.2008 թվականի թիվ 2303046 ակտը վերացնելու պահանջի մասին
Վճռաբեկ դատարանի 29.01.2010 թվականի թիվ ՎԴ/0047/05/09 որոշումը (Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միայն տեխնիկական թերությունների` տպագրական ներկի որակի և Տեսչության պետի ազգանունը «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ»-ի փոխարեն «ՀԱՐՈՒԹՅՈՅՆԱՆ» նշված լինելու հիմքով Տեսչության պետի 17.11.2008 թվականի թիվ 2303046 հանձնարարագիրը չի կարող դիտվել ոչ պատշաճ):
Ավելին, Կոմիտեի 06.02.2009 թվականի որոշմամբ Արթուր Եղիկյանի նկատմամբ նշանակվել է վարչական տույժ, իսկ ՀՀ մաքսային օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին Որոշումն ուժի մեջ է մտնում այն կայացնելու պահից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ է գնահատել գործում առկա ապացույցները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 07.07.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան