ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ3/0027/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ3/0027/05/08 2010թ.
Դատավոր` Ա. Պողոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Նադեմա Մանուկյանի` 80.000 ՀՀ դրամ տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Նադեմա Մանուկյանից 28.09.2007 թվականի որոշմամբ սահմանված 80.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.09.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վերը նշված դրույթներով լիովին թույլատրելի է վարչական վարույթում փաստաբան չհանդիսացող անձին որպես ներկայացուցիչ ներգրավելը: Տվյալ դեպքում վարույթն իրականացնող վարչական մարմինը գործի քննությունն իրականացրել է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայացուցչի մասնակցությամբ: Հետևաբար, ներկայացուցչի գործողությունները, այդ թվում` վարչական ակտը ստանալը, ունեն միևնույն իրավաբանական նշանակությունը, ինչ որ կարող էին ունենալ անձամբ պատասխանատվության ենթարկվող անձի գործողությունները:
Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն այն փաստաթուղթն է, որի հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության համար լիազորված մարմինը /պաշտոնատար անձը/ իրականացնում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության նախապատրաստություն և գործի քննություն:
Անձին պատասխանատվության ենթարկելու գործերով վարչական վարույթի կենտրոնական փուլը վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն է, որի ընթացքում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարչական ակտի հասցեատիրոջ հնարավորությունը` առավելագույնս արդյունավետ կերպով պաշտպանելու սեփական իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 17.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Տեսչության 26.06.2007 թվականի թիվ 4683 ստուգման ակտի համաձայն` անհատ ձեռնարկատեր Նադեմա Մանուկյանի գեղեցկության սրահը ստուգելիս արձանագրվել են գեղեցկության սրահներին ներկայացվող սանիտարական կանոնների թվով տասը խախտումներ, որոնցից վեցի վերացման համար սահմանվել է մեկամսյա ժամկետ, իսկ մնացած չորս խախտումները հանձնարարվել է վերացնել անմիջապես և մշտապես (գ.թ. 34-35):
2) 05.09.2007 թվականի թիվ 4683-246/12 ուսումնասիրության հանձնարարագրի հիման վրա 13.09.2007 թվականից մինչև 20.09.2007 թվականն ընկած ժամանակահատվածում Նադեմա Մանուկյանի գեղեցկության սրահում անցկացվել է 26.06.2007 թվականի թիվ 4683 ստուգման ակտով տրված հանձնարարականների կատարման ուսումնասիրություն (գ.թ. 15):
3) Տեսչության 20.09.2007 թվականի թիվ 0143 ուսումնասիրության ակտի և սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 0139 արձանագրության համաձայն` 26.06.2007 թվականի թիվ 4683 ստուգման ակտով տրված հանձնարարականներից չորսը չեն կատարվել (գ.թ. 10-12):
4) Հասարակ գրավոր ձևով 17.07.2007 թվականին տրված լիազորագրի համաձայն` անհատ ձեռնարկատեր Նադեմա Մանուկյանը լիազորել է Անահիտ Ստեփանյանին ստորագրելու, ինչպես նաև բոլոր պետական, իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններում և կազմակերպություններում իր անունից հանդես գալու իրավունքով (գ.թ. 13):
5) Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննության 28.09.2007 թվականի արձանագրության համաձայն` գործի քննությանը մասնակցել է Նադեմա Մանուկյանի լիազորված անձ Անահիտ Ստեփանյանը, որին բացատրվել են նրա իրավունքներն ու պարտականությունները (գ.թ. 7):
6) Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի թիվ 0140/76 որոշման համաձայն` Նադեմա Մանուկյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 80.000 ՀՀ դրամի չափով: Նշված որոշումն ստացել է Նադեմա Մանուկյանի լիազորված անձ Անահիտ Ստեփանյանը (գ.թ. 6):
7) Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի թիվ 0140/76 որոշումը Նադեմա Մանուկյանը չի վիճարկել, այն չի վերացվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ գլուխը սահմանում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցող անձանց վերաբերող դրույթներ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ գլխի դրույթներով չի սահմանվում վարչական վարույթում պատասխանատվության ենթարկվող անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող անձանց սպառիչ շրջանակը: Նշված գլխում ամրագրված 267-րդ հոդվածով կարգավորվում են վարչական պատասխանատվության ենթարկվող անձի իրավունքներին ու պարտականություններին առնչվող հարցերը, իսկ 270-րդ հոդվածով սահմանված են փաստաբանի` որպես վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցող անձի իրավունքներն ու պարտականությունները:
Վերոհիշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով կիրառելի են վարչական վարույթում ներկայացուցչության հարաբերությունները կարգավորող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի համապատասխան դրույթները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայանալու համար:
Վերը շարադրված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական վարույթի մասնակիցների ներկայացուցիչ կարող է լինել հասարակ գրավոր ձևով տրված լիազորագրով հանդես եկող ցանկացած անձ:
Սույն գործով Դատարանը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ գլխի դրույթներով, մասնավորապես` 267-րդ հոդվածի 1-ին մասով, 269-270-րդ հոդվածներով և պատճառաբանելով, որ օրենքի ուժով վարչական վարույթի ընթացքում ներկայացուցիչ կամ լիազորված անձ կարող է հանդիսանալ միայն փաստաբանը, իսկ տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Նադեմա Մանուկյանի շահերը ներկայացված են եղել օրենքով սահմանված լիազորություն չունեցող անձի կողմից, հանգել է այն հետևության, որ վարչական պատասխանատվության ենթարկվող անձը չի մասնակցել վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը և չի ստացել Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի որոշումը, ինչի հետևանքով որոշումը չի մտել օրինական ուժի մեջ, այսինքն` Նադեմա Մանուկյանի համար նշված որոշումն իրավական հետևանքներ չի կարող առաջացնել:
Սույն գործի փաստերի համաձայն` հասարակ գրավոր ձևով 17.07.2007 թվականին տրված լիազորագրով Նադեմա Մանուկյանը լիազորել է Անահիտ Ստեփանյանին իր անունից հանդես գալ բոլոր պետական, իրավաբանական հիմնարկ-ձեռնարկություններում և կազմակերպություններում: Այդ լիազորագրի հիման վրա Անահիտ Ստեփանյանը մասնակցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը և ստացել է Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի թիվ 0140/76 որոշումը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական վարույթում Նադեմա Մանուկյանի շահերը ներկայացվել են օրենքով սահմանված լիազորություն ունեցող անձի կողմից, իսկ վերջինիս պատշաճ կերպով բացատրվել են իր իրավունքներն ու պարտականությունները, և հանձնվել է «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի որոշումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական գործի քննությունն իրականացվել է օրենքով սահմանված կարգով, Նադեմա Մանուկյանի իրավունքների պահպանմամբ, ինչի արդյունքում էլ կայացված «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի որոշումը հանձնվել է նրան: Այսինքն` Նադեմա Մանուկյանն ստացել է իր նկատմամբ վարչական պատասխանատվություն սահմանող վարչական ակտը, հետևաբար այն մտել է ուժի մեջ և ենթակա է կատարման:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է նաև վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի թիվ 0140/76 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Տեսչության «Տուգանք սահմանելու մասին» 28.09.2007 թվականի թիվ 0140/76 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 17.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցը բավարարել` Նադեմա Մանուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:
2. Նադեմա Մանուկյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բռնագանձել 11.500 (տասնմեկ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան