Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՔԱՂԱՔԱՇԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ/3681/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/3681/05/08                            2010թ.

Նախագահող դատավոր` Ա. Միրզոյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ընդդեմ Լևոն Շատիրյանի` ինքնակամ կառույցը քանդելու և 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Լևոն Շատիրյանից 400.000 ՀՀ դրամ` որպես վարչական տուգանքի գումար և պարտավորեցնել քանդել Երևանի Զ.Անդրանիկի փողոցի 92 շենքի հարևանությամբ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցած 15 մետր երկարությամբ պարիսպը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.10.2009 թվականի վճռով ինքնակամ շինությունը քանդելու մասով հայցը մերժվել է, իսկ 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասով վարչական գործի վարույթը կարճվել է հայցվորի` հայցից հրաժարվելու հիմքով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասը և 277-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի, ՀՀ Նախագահի 06.05.1997 թվականի «Երևան քաղաքում պետական կառավարման մասին» Հ. ՆՀ-727 հրամանագրի 1.13-րդ կետի «բ» ենթակետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Լևոն Շատիրյանն առանց համապատասխան քաղաքաշինության փաստաթղթերի Երևանի Զ. Անդրանիկի փողոցի 92 շենքի հարևանությամբ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցել է 15 մետր երկարությամբ պարիսպ:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Լևոն Շատիրյանի կողմից կատարված ինքնակամ կառույցը կառուցվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված է քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և առաջացնում է հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Դատարանի տվյալ եզրահանգումն անհիմն է, քանի որ Լևոն Շատիրյանը առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է ինքնակամ շինարարություն: Բողոքարկվող դատական ակտը նաև առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ ՎԴ/0377/05/08 որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.10.2009 թվականի վճիռը և ինքնակամ շինությունը քանդելու մասով հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 23.03.2008 թվականի թիվ 004401 արձանագրության համաձայն` Երևանի Զ. Անդրանիկի 92 շենքի 73 բնակարանի բնակիչ Լևոն Շատիրյանը, չունենալով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթեր, նույն շենքի դիմաց կառուցել է 15 մետր երկարությամբ պարիսպ (գ.թ 8-9):

2) 01.04.2008 թվականին վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ Վ-8/3 արձանագրությունը, որով որոշվել է Երևանի քաղաքապետին ներկայացնել առաջարկություն Լևոն Շատիրյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին` նշանակելով վարչական տույժ` 400.000 ՀՀ դրամի չափով, իսկ նույն մարմնի 01.04.2007 թվականի եզրակացությամբ առաջարկվել է Լևոն Շատիրյանի նկատմամբ կիրառել տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով (գ.թ 5-7):

3) Երևանի քաղաքապետի թիվ Վ-8/3 որոշմամբ Լևոն Շատիրյանը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության 400.000 ՀՀ դրամ տուգանքի չափով, ինչպես նաև նրան առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ 4):

4) Քաղաքապետարանը 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջից հրաժարվել է Լևոն Շատիրյանի կողմից վճարելու հիմքով (գ.թ 48):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է ինքնակամ կառույցի հասկացությանը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ կառույցը համարվում է ինքնակամ, եթե այն կառուցվել է օրենքով կամ այլ իրավական ակտերով այդ նպատակի համար չհատկացված հողամասում, կառուցվել կամ վերակառուցվել է առանց թույլտվության, կառուցվել կամ վերակառուցվել է թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական կանոնների էական խախտումներով (տե՛ս Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Արտակ Ոսկանյանի` ինքնակամ շինությունը քանդելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ՎԴ-0377-05-08):

Սույն գործի փաստերի համաձայն` 21.03.2008 թվականի թիվ Վ-8/3 արձանագրության ուսումնասիրումից հետևում է, որ Լևոն Շատիրյանը Երևանի Զ. Անդրանիկի փողոցի 92 շենքի հարևանությամբ առանց համապատասխան թույլտվության կառուցել է 15 մետր երկարությամբ պարիսպ: Այսինքն` Լևոն Շատիրյանը կատարել է առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ: Հետևաբար, բողոք բերող անձի հիմնավորումը այն մասին, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջը, հիմնավոր է:

Ավելին, Լևոն Շատիրյանը Երևանի Զ. Անդրանիկի փողոցի 92 շենքի հարևանությամբ առանց համապատասխան թույլտվության 15 մետր պարիսպը կառուցելու համար Երևանի քաղաքապետի 03.04.2008 թվականի վարչական իրավախախտման վերաբերյալ նշանակված 400.000 ՀՀ դրամ տուգանքը վճարել է: Այսինքն` Լևոն Շատիրյանը, տուգանքը վճարելով, ընդունել է այն փաստը, որ առանց համապատասխան թույլտվության կատարել է շինարարական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է Դատարանի վճռի հիմքում դրված այն հանգամանքին, որ Քաղաքապետարանը չի ներկայացրել որևէ ապացույց, որ Լևոն Շատիրյանի կողմից կատարված ինքնակամ կառույցը կառուցված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, և ինքնակամ կառույցը ենթակա է քանդման միայն ՀՀ կառավարության թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 7-րդ կետով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված հանգամանքների առկայության պայմաններում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ հանգամանքները որևէ առնչություն չունեն սույն գործի լուծման համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.10.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը և այն փոփոխել` հայցը բավարարել: Պարտավորեցնել Լևոն Շատիրյանին քանդել Երևանի Զ. Անդրանիկի փողոցի 92 շենքի հարևանությամբ գտնվող հողամասում ինքնակամ կառուցված 15 մետր երկարությամբ պարիսպը: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Լևոն Շատիրյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ՎԴ/3681/05/08
Որոշում