ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/6350/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/6350/05/08 2010թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լիդա Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի Նորք-Մարաշ համայնքի թաղապետարանի (այսուհետ` Թաղապետարան) ընդդեմ Լիդա Բաբայանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Թաղապետարանը պահանջել է բռնագանձել Լիդա Բաբայանից 1998 թվականից մինչև 28.09.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար առաջացած 3.181.129 ՀՀ դրամ գույքահարկի գումարը, ինչպես նաև 63.623 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիդա Բաբայանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ, 113-րդ, 114-րդ, 115-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Լիդա Բաբայանի կողմից 1998 թվականից 2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար գույքահարկի գծով պարտավորության խախտումը Թաղապետարանը հայտնաբերել է 28.09.2007 թվականին, իսկ մինչ այդ Լիդա Բաբայանին գույքահարկի վճարման պահանջ չի ներկայացրել: Հետևաբար, Լիդա Բաբայանից բռնագանձման ենթակա է միայն վերջին երեք տարիների գույքահարկի գումարը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճռի` 1998 թվականից 2005 թվականն ընկած ժամանակահատվածի համար գույքահարկի գումարը բռնագանձելու մասը և այդ մասով վճիռը փոփոխել` հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Սույն գործով Թաղապետարանը հայցադիմում է ներկայացրել 19.10.2007 թվականին (գ.թ. 2, հ.1):
2) Թաղապետարանի 28.09.2007 թվականի տեղեկանքի համաձայն` 28.09.2007 թվականի դրությամբ Լիդա Բաբայանի գույքահարկի գծով պարտավորությունը կազմել է 3.181.129 ՀՀ դրամ, որից 1.596.316 ՀՀ դրամ` 1998 թվականից 2004 թվականն ընկած ժամանակահատվածի համար, 1.280.764 ՀՀ դրամ` 2004 թվականից 2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար և 304.049 ՀՀ դրամ` 2007 թվականի համար (գ.թ. 5, հ. 1):
3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության, իսկ հետագայում` Թաղապետարանի կողմից Լիդա Բաբայանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացվելու վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գույքահարկի գծով պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին և արձանագրել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ` ֆիզիկական անձ և հաշվառող մարմին: Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը` մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացրել է հարկային տեսչությունը, իսկ հետագայում` 21.06.2002 թվականից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` համայնքի ղեկավարը: Գույքահարկի պարտքի առկայությունն օրենքի ուժով պարտավորության գոյացման ժամանակ պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում` տեղական ինքնակառավարման մարմինը: Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը (տե՛ս Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի հայցն ընդդեմ Ենոք Ղազարյանի` գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1772 (ՎԴ) որոշումը):
Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է Թաղապետարանի ներկայացրած գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ 28.09.2007 թվականի տեղեկանքը, որով 1998 թվականից 28.09.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար Լիդա Բաբայանին առաջադրվել է գույքահարկի գծով պարտավորություն:
Սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության, իսկ հետագայում` Թաղապետարանի կողմից Լիդա Բաբայանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացվելու վերաբերյալ, իսկ գույքահարկի գծով պարտավորության վերաբերյալ տեղեկանքը կազմվել է 28.09.2007 թվականին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լիդա Բաբայանի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության առկայությունն օրենքի ուժով պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում` տեղական ինքնակառավարման մարմինը: Մինչդեռ այդ պարտավորության խախտման հանգամանքը Թաղապետարանը հայտնաբերել է 28.09.2007 թվականին, հետևաբար Լիդա Բաբայանի համար գույքահարկի գծով հարկային պարտավորություն կարող էր առաջանալ 2007 թվականին անմիջապես նախորդող երեք տարիների` 2006, 2005 և 2004 թվականների համար:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան