Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 9-ՐԴ, 32-ՐԴ ԵՎ 297-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ         Վարչական գործ թիվ ՎԴ/7616/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/7616/05/08                            2010թ.

Նախագահող դատավոր` Ռ. Հակոբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Ս. Սարգսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Տ. Պետրոսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.10.2009 թվականի վճռի դեմ` ըստ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) հայցի ընդդեմ Մայիս Հակոբյանի` 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու և տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է բռնագանձել Մայիս Հակոբյանից 400.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը և պարտավորեցնել Երևանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքը բերել նախկին տեսքի:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 01.10.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումը Մայիս Հակոբյանի կողմից չի բողոքարկվել, այն որևէ դատական ակտով անվավեր չի ճանաչվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, հետևաբար Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ նշված որոշումն օրինական ուժի մեջ է և ենթակա է պարտադիր կատարման:

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Մայիս Հակոբյանը վերացրել է իրավախախտման հետևանքը, առանց վերոնշյալ փաստը հիմնավորող ապացույցի վրա հղում կատարելու: Մինչդեռ Դատարանը չի հետազոտել գործում առկա Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 05.05.2009 թվականի գրությունը, որի համաձայն` Երևանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքում Մայիս Հակոբյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունը չի քանդվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.10.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 06.10.2008 թվականի արձանագրության համաձայն` Մայիս Հակոբյանը Երևանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքում կառուցել է շինություն` առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի (գ.թ. 10-11):

2) Վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 28.10.2008 թվականի թիվ Վ-32/4 արձանագրության և եզրակացության համաձայն` Մայիս Հակոբյանի կողմից Երևանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքում պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա ինքնակամ շինության կառուցման շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Երևանի քաղաքապետին առաջարկություն է ներկայացվել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով Մայիս Հակոբյանին 400.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նշված արձանագրությամբ Մայիս Հակոբյանն ընդունել է, որ կառուցում է ջրավազան (գ.թ. 7-9):

3) Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/4 որոշմամբ Մայիս Հակոբյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 400.000 ՀՀ դրամի չափով տուգանքի: Միաժամանակ սահմանվել է, որ տարածքն անհրաժեշտ է բերել նախկին տեսքին (գ.թ. 6):

4) Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 05.05.2009 թվականի գրության համաձայն` Երևանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքում Մայիս Հակոբյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունը չի քանդվել (գ.թ. 45):

5) 22.07.2009 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Մայիս Հակոբյանը հայտնել է, որ լողավազանը կառուցվել է իր կողմից դեռևս 1994 թվականին, իսկ Քաղաքապետարանի աշխատակիցների այցելությունից անմիջապես հետո քանդվել է իր կողմից (գ.թ. 79-81):

6) Մայիս Հակոբյանը Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/4 որոշումը չի վիճարկել, այն չի վերացվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն` հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/4 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների խախտմամբ, հետևաբար այն ոչ իրավաչափ ակտ է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը այն դեպքում, երբ սույն գործով Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/4 որոշումը չի վիճարկվել, չի վերացվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Երևանի քաղաքապետի 28.10.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-32/4 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում: Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է, և որևէ անձ, այդ թվում` պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Հրաչյա Քարամյանի` ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը):

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը, վկաների ցուցմունքների հիման վրա հաստատված համարելով, որ Մայիս Հակոբյանի կողմից ինքնակամ կառույցը կամովին քանդվել է, տարածքը նախկին տեսքին բերելուն պարտավորեցնելու պահանջը համարել է առարկայազուրկ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ Դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել Մայիս Հակոբյանի հակասական բացատրություններին: Այսպես` սույն գործի փաստերի համաձայն` Մայիս Հակոբյանի թույլ տված իրավախախտումը հայտնաբերվել է 06.10.2008 թվականին: Վարչական իրավախախտման գործով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի 28.10.2008 թվականի նիստում Մայիս Հակոբյանն ընդունել է, որ կառուցում է ջրավազան, իսկ սույն գործի քննության ընթացքում` 22.07.2009 թվականին, հայտնել է, որ Քաղաքապետարանի աշխատակիցների այցելությունից անմիջապես հետո ինքնակամ կառուցված լողավազանը քանդվել է իր կողմից:

Բացի այդ, Դատարանը չի անդրադարձել Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության 05.05.2009 թվականի գրությանը, որի համաձայն` Երևանի Դավիթ-Բեկի փողոցին հարող տարածքում Մայիս Հակոբյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունը չի քանդվել:

Դատարանը չի պատճառաբանել Քաղաքապետարանի կողմից ներկայացված վերը նշված ապացույցի մերժումը, փոխարենը տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջի մերժման հիմքում դրել է վկաների ցուցմունքները` որպես գործի փաստերն ի պաշտոնե պարզելու պարտականություն ունեցող դատարան` տեղում զննելու միջոցով չկատարելով իրեղեն ապացույցների հետազոտում: Փաստորեն, Դատարանն առանց ապացույցների պատշաճ հետազոտման և գնահատման կատարել է անհիմն եզրահանգում, ուստի նման պայմաններում Դատարանի վճիռը չի կարող լինել հիմնավոր և օրինական:

Այսպիսով, բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով տուգանքի գումարի բռնագանձման պահանջի մասով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև տուգանքի գումարի բռնագանձման պահանջի մասով գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.10.2009 թվականի վճիռը` տուգանքի գումարը բռնագանձելու պահանջը մերժելու մասով այն փոփոխել. Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարել` Մայիս Հակոբյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը, իսկ տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Մայիս Հակոբյանից հօգուտ Երևանի քաղաքապետարանի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես տուգանքի գումարը բռնագանձելու պահանջի մասով հայցադիմումի և վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Գործի նոր քննության ընթացքում անդրադառնալ տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասով վճարման ենթակա պետական տուրքի հարցին:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.03.2010
N ՎԴ/7616/05/08
Որոշում