Սեղմել Esc փակելու համար:
ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

WT/ACC/ARM/23

22 նոյեմբերի, 2002

(02-6528)

 

Հայաստանի անդամակցության

    Աշխատանքային խումբ                             Բնօրինակը` անգլերեն

 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

(2-րդ մաս)

 

Գնագոյացման քաղաքականություն

 

27. Ի պատասխան գնային բարեփոխումների առաջընթացի մասին նոր տեղեկությունների վերաբերյալ հարցումների, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ սկսած 1995 թ. գների վրա Կառավարության կողմից առաջադրված հսկողության համարյա բոլոր դեպքերը վերացվել են: Դեռ կարգավորման ենթակա տեղական գներից են հանդիսանում միայն ոռոգման (Կառավարության որոշում N 240, մարտ 2002), քաղաքային էլեկտրատրանսպորտի, էլեկտրաէներգիայի, տաք ջրի, գազի, ջեռուցման (հանձնարարվել է Էներգետիկայի հանձնաժողովին` հաստատված 2001 թ. մարտի 7-ի Էներգետիկայի մասին օրենքով), կոյուղու համակարգի ծառայությունների, աղբահանման և հեռախոսային ծառայության սակագները (1998 թ. հոկտեմբերի 28-ի Կառավարության որոշում N 658 և 1999 թ. նոյեմբերի 26-ի Կառավարության որոշում N 717): Այս սակագները դեռ ենթակա են կարգավորման, քանի որ պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունները հանդիսանում են բացառիկ կամ գերիշխող մատակարարներ բնագավառներում, կամ, ինչպես հեռախոսային ծառայության դեպքում է, մասնավոր մատակարարին շնորհված է բացառիկ իրավունքներ ծառայությունների մատուցման հարցում: Բոլոր կարգավորվող գները պարբերաբար ճշգրտվում են` իրական արժեքը արտահայտելու համար: Հայաստանում ըստ սպառողների տեսակների սակագնային խտրականություն չի իրականացվում: Գազի և էլէկտրաէներգիայի սակագները տեղական և արդյունաբերական սպառողների համար նույնն են և կախված են օգտագործվող գազի կամ էլէկտրաէներգիայի լարումից: Բենզինի գները ազատ են և ենթակա չեն պետական վերահսկողության: Համաձայն ՀՀ օրենսդրության, գազի և էլէկտրաէներգիայի գները սահմանում է անկախ էներգետիկ հանձնաժողովը: Էներգետիկ հանձնաժողովի կողմից 1998 թ. նոյեմբերի 11-ին N 50 որոշմամբ սահմանվել են հետևյալ սակագները`

- 35 կվ-ից բարձր լարում օգտագործողներ` 16 դրամ 1կվ-ի համար,

- 6 կվ-ից բարձր լարում օգտագործողները` 20 դրամ 1 կվ-ի համար,

- 0,38 կվ-ից բարձր լարում օգտագործողները` 25 դրամ 1 կվ-ի համար:

Բնական գազի համար 1999 թ. նոյեմբերի 29-ի N 34 որոշմամբ սահմանվել են`

- 10000 մ3 ավել ամսական օգտագործողների համար` 51000 դրամ 1000 մ3-ի համար,

- 10000 մ3 պակաս ամսական օգտագործողների համար` 46500 դրամ 1000 մ3-ի համար:

28. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ հացի, քաղաքային էլեկտրատրանսպորտի ու աղբահանման, ջրի ու կոյուղու համար տրվող լրավճարները հանվել են: Կենտրոնացված ջեռուցման և տաք ջրի լրավճարները (միակ մնացած սպառողական լրավճարները) վերանայվում են: Տնային տնտեսությունների կենտրոնացված ջեռուցման դեպքում տրվող լրավճարները, որոնք հիմնականում տրամադրվում են կարիքավոր խմբերին, պետք է վերաձևակերպվեն որպես սոցիալական օժանդակության համընդհանուր հարցի մի մաս:

29. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ ապրանքների և ծառայությունների գնային հսկողությունը Հայաստանում հանվել է, բացառությամբ այն դեպքերի, որոնք թվարկված են սույն Զեկույցի կետ 27-ում և 28-ում, և որ այդպիսի հսկողությունը հետագայում կիրառելու դեպքում, Հայաստանը կղեկավարվի ՄԱԳՀ-1994-ի 3-րդ հոդվածով: Նա նույնպես հաստատեց, որ կետ 27-ում և 28-ում թվարկված ապրանքներն ու ծառայությունները հրապարակվել են Կառավարության պաշտոնաթերթում և հետագայում կառավարության կողմից գնային հսկողության ենթակա ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու դեպքերը նույնպես կհրապարակվեն պաշտոնական թերթում: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունների վերաբերյալ:

 

3. Ապրանքների, ծառայությունների արտաքին առևտրի վրա ազդող

քաղաքականության ձևավորման և իրագործման շրջանակները

 

Գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններ. ԱՀԿ-ին վերաբերող հարցերի կառավարում

 

30. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Ազգային ժողովը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության օրենսդիրը, որը կազմված է 131 պատգամավորներից: Ազգային ժողովի իրավասությունները ավարտվում են իր ընտրության չորրորդ տարվա հունիսին` նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը: Ազգային ժողովի անդամները և Կառավարությունը լիազորված են Ազգային ժողովի ընդունմանը ներկայացնելու օրենքները: Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրում է նախագահ իր իրավասությունների ամբողջ ժամանակահատվածի համար: Նախագահը վարում է նիստերը, կառավարում է Ազգային ժողովի նյութական ու ֆինանսական միջոցները և ապահովում է դրա ընթացիկ խնդիրների կատարումը: ՀՀ օրենքները ընդունվում են Ազգային ժողովի կողմից: ՀՀ Նախագահը քսանմեկօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է դրանք, որոնք ուժի մեջ են մտնում միայն դրանից հետո, եթե այլ ամսաթիվ նախատեսված չէ համապատասխան օրենքով: Այս ընթացակարգը կիրառվում է բոլոր օրենսդրական փոփոխությունների առնչությամբ, ներառյալ նրանց, որ վերաբերում են հարկերի և սակագների սահմանմանը կամ փոփոխմանը: Հանրապետության Նախագահը ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Նախագահը հրամանագրեր և կարգադրություններ է հրապարակում, որոնք ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները չեն կարող հակասել Սահմանադրությանը և օրենքներին:

31. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ Կառավարությունը իրականացնում է գործադիր իշխանությունը և կազմված է վարչապետից ու նախարարներից: Հանրապետության Նախագահը նշանակում և ազատում է վարչապետին, ինչպես նաև վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին: Կառավարության որոշումները ստորագրվում են վարչապետի կողմից և հաստատվում Նախագահի կողմից: Վարչապետը ղեկավարում է կառավարության ընթացիկ գործունեությունը և համակարգում նախարարների գործունեությունը: Վարչապետը ընդունում է որոշումներ: Կառավարության գործունեության կարգով սահմանված դեպքերում վարչապետի որոշումները ստորագրում են նաև դրանք իրագործող նախարարները:

32. Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

Արդարադատությունն իրականացնելիս դատավորները անկախ են իրենց գործողություններում և պատասխանատու են միայն օրենքի առաջ: Դատական մարմինների անկախության երաշխավորն է Հանրապետության Նախագահը: Նա գլխավորում է արդարադատության խորհուրդը: արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը արդարադատության խորհրդի փոխնախագահներն են: Ընդհանուր իրավասության դատարաններ են` առաջին ատյանի դատարանները, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը: Սահմանադրական դատարանը կազմված է ինը անդամից, որոնցից հինգը նշանակվում են Ազգային ժողովի կողմից, իսկ չորսը` Հանրապետության Նախագահի կողմից: Սահմանադրական դատարանը որոշումներ է ընդունում: Այս որոշումները վերջնական են, ենթակա չեն բողոքարկման և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության` սահմանադրական դատարանը պետք է որոշի ԱՀԿ հիմնադիր Համաձայնագրի և ԱՀԿ այլ Համաձայնագրերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, նախքան դրանց Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելը: Եթե միջազգային պայմանագրերը սահմանում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը կարող են վավերացվել Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն կատարելուց հետո:

33. Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչն ասաց, որ համաձայն 1999 թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի (փոփոխված 2001 թ. սեպտեմբերին) բոլոր տնտեսական վեճերը (անկախ այն բանից վեճի կողմերը ֆիզիկական թե իրավաբանական անձինք են) պետք է առաջին հերթին հանձնվեն տնտեսական դատարանի իրավազորությանը: Տնտեսական դատարանի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի: Հայաստանի օրենսդրությունը չի ենթադրում տարբերակված մոտեցում ԱՊՀ և ոչ ԱՊՀ իրավաբանական անձանց նկատմամբ: Որպես ընթացող դատական և իրավական բարեփոխումների արդյունք, պատրաստվել և ընդունվել են մի շարք նոր օրենսդրական ակտեր: Մասնավորապես, պահանջվում է, որ տնտեսական դատական վեճերը ընթանան համաձայն Քաղաքացիական դատավարության և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի, որոնք ուժի մեջ են մտել համապատասխանաբար 1999 թ. հունվարի 1-ին և հունվարի 12-ին: Տնտեսական խնդիրներից տարբեր այլ հարցերի դեպքում վարչական գործողության դատական վերանայումը կարող է ձեռք բերվել ընդհանուր լիազորության դատարանների միջոցով մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և մաքսային խնդիրների ոլորտներում: Տնտեսական դատարանը լիազորված է վերանայելու ԱՀԿ-ի դրույթների ընդգրկած բոլոր այլ ոլորտներում կայացված վարչական որոշումները, ներառյալ` հակագնագցումային որոշումները, երաշխիքային և փոխհատուցման մաքսատուրքերի հետ կապված հետաքննությունները: Առաջին ատյանի դատարանը լիազորված է վերանայելու վարչական որոշումները այն դեպքերում, երբ քաղաքացիների միջև առկա են տարաձայնություններ: Հայաստանի ներկայացուցիչը հայտնեց, որ, համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, վարչական որոշումները կարող են բողոքարկվել վարչական մարմնի ներսում գտնվող ավելի բարձր իրավասու մարմնին, որից հետո կարող է բողոք ներկայացվել դատարան:

34. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ Հայաստանի ԱՀԿ անդամակցության օրվանից սկսած Հայաստանի օրենքները հնարավորություն կընձեռեն բողոքարկել ԱՀԿ դրույթներին ենթակա հարցերի վերաբերյալ վարչական վճիռները անկախ ատյաններին` ԱՀԿ դրույթներին համահունչ, ներառյալ` ՄԱԳՀ-1994-ի 10-րդ հոդվածի 3-րդ կետի (բ) ենթակետի: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորության վերաբերյալ:

35. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ որպես կառավարության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունների հետևանք, ստեղծվել է Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը: Նոր նախարարությանը առաջնային նախապատվություն է տրվել` ապրանքների և ծառայությունների միջազգային առևտրի վրա ազդող քաղաքականության շատ հարցերում: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է ֆինանսական քաղաքականության համար, սակայն սակագների վերաբերյալ որոշումները ընդունվում են Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ մեկտեղ: Կենտրոնական բանկը պատասխանատու է դրամական քաղաքականության, տարադրամի փոխարժեքի և բանկային համակարգի համար: Առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կազմում գտնվող Մտավոր սեփականության գործակալությունը պատասխանատու է արդյունաբերական գույքի պաշտպանության և հեղինակային իրավունքի պաշտպանության համար:

36. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ խորհրդարանի կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, ներառյալ ԱՀԿ համաձայնագիրը, գերակայում են Հայաստանում ներպետական օրենքների և այլ իրավական ակտերի նկատմամբ: Նա հաղորդեց, որ ապրանքների և ծառայությունների առևտրի վրա ազդող քաղաքականության հարցերում, ներառյալ` դրամական օժանդակության և հարկման, կառավարությունը պահպանում է լիիրավ իրավասությունը: Տեղական վարչական մարմինները իրավազոր կամ իրավասու չեն կենտրոնական իրավասու մարմիններից անկախ կերպով Հայաստանում ապրանքների և ծառայությունների վրա կանոնակարգումներ կամ հարկեր սահմանելու ԱՀԿ Համաձայնագրի դրույթներով ընդգրկված հարցերում: Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցելու գործընթացի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորությունները, ներառյալ` ԱՀԿ Համաձայնագիրը և Հայաստանի անդամակցության զեկույցը, ենթակա են կատարման` միանման կերպով Հայաստանի Հանրապետության ամբողջ մաքսային տարածքում, ներառյալ` սահմանային առևտրում ընդգրկված շրջաններում կամ սահմանային երթևեկության «հատուկ տնտեսական գոտիներում» և այլ գոտիներում, ուր հաստատված են հատուկ կարգեր սակագների, հարկերի և կանոնակարգերի համար: Այնուհետև նա հաստատեց, որ սկսած Հայաստանի ԱՀԿ անդամակցության օրվանից` ՀՀ կառավարությունը կվերացնի կամ չեղյալ կհամարի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում ձեռնարկած միջոցները, որոնք հակասում են ԱՀԿ Համաձայնագրին, անմիջապես այդ մասին տեղեկացվելուց հետո առանց շահագրգիռ կողմերից պահանջելու նախապես դիմել դատարան: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորությունների վերաբերյալ:

37. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ, Հայաստանի կառավարության կողմից ԱՀԿ անդամակցության արձանագրությունը ստորագրելուց հետո, ԱՀԿ բոլոր համաձայնագրերը ներկայացվելու են Հայաստանի սահմանադրական դատարանին` քննարկման համար: Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցությունը կստանա իրավական ուժ` Ազգային ժողովի կողմից ԱՀԿ բոլոր համաձայնագրերի վավերացումից հետո: Նա հաստատեց, որ Ազգային ժողովի կողմից ընդունված միջազգային դաշնագրերն ու համաձայնագրերը, ներառյալ` ԱՀԿ Համաձայնագրերը, գերակայում են Հայաստանում ներպետական օրենքների և այլ իրավական ակտերի նկատմամբ: Այս դրույթների կիրառման համար անհրաժեշտ բոլոր օրենքները և օրենսդրական կանոնակարգերը ընդունված կլինեն մինչև դրա վավերացումը, ինչպես դա նախատեսված է Անդամակցության արձանագրությունում: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորությունների վերաբերյալ:

 

4. Ապրանքների առևտրի վրա ազդող քաղաքականությունը

 

Բանակցություններ շուկայի մատչելիության վերաբերյալ

 

38. Հայաստանը սկսել է բանակցություններ Աշխատանքային խմբի շահագրգիռ անդամների հետ ապրանքների շուկա մատչելիության վերաբերյալ: Այս բանակցությունների արդյունք հանդիսացող Կոնցեսիաների և պարտավորությունների ժամանակացույցը բերված է Հայաստանի անդամակցության արձանագրության Հավելվածի Լրացում 1-ում:

 

Գրանցման պահանջներ

 

Ներմուծման և արտահանման իրավունքներ (առևտրի իրավունքներ)

 

39. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ մարդու, կենդանիների ու բույսերի առողջությունը և շրջակա միջավայրը պաշտպանելու համար անհրաժեշտ որոշ բացառություններով հանդերձ, Հայաստանի արտաքին առևտրի նախկին պետական մենաշնորհը վերացվել է 1989 թ., և փոխարինվել է այդ գործունեությունը վարելու համար գրանցման պահանջով: Առևտրով (ներառյալ` ներմուծմամբ) զբաղվող ձեռնարկություններից կամ անհատ ձեռներեցներից պահանջվում էր գրանցվել ձեռնարկությունների պետական ռեգիստրում:

40. Այնուհետև նա հաղորդեց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի /1992 թ. հունվարի 4-ի/ հրամանագիրը` վերնագրված Արտաքին տնտեսական գործունեության մասին, նախատեսում էր, որ գրանցված և Հայաստանի տարածքում գործող բոլոր ձեռնարկություններին կամ դրանց մասնաճյուղերին, դուստր ձեռնարկություններին և դրանց ներկայացուցչություններին, անկախ դրանց պատկանելիությունից, իրավունք է տրվում վարելու արտաքին տնտեսական գործունեություն առանց որևէ լրացուցիչ գրանցման պահանջների: Ընկերությունների կազմավորումը և գրանցումը կարգավորող օրենսդրությունը բաղկացած է հետևյալից` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք (1999 թ.), «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք (1994 թ.), «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք (1997 թ.): Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցումը, ինչպես նաև գրանցման ընթացքում տրամադրված տեղեկությունների օգտագործման ընթացակարգը և պայմանները սահմանված են 2001 թ. ապրիլի 26-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում: Լրացուցիչ դրույթներ կարելի է գտնել Քաղաքացիական օրենսգրքում, իսկ օտարերկրյա ներդրողների համար` «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքում:

41. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` առանց պետական գրանցման: Ֆիզիկական անձանց թույլատրված է առանց գրանցման Հայաստան ներմուծել անձնական օգտագործման սահմանափակ քանակությամբ առարկաներ, իսկ դրանց վերավաճառքի համար պահանջվում է անհատ ձեռներեցի գրանցում: Հայաստանում գրանցում չի պահանջվում այն ձեռնարկությունների համար, որոնք գործում են որպես Հայաստանից արտահանողներ` գտնվելով նրա տարածքից դուրս: Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի (26 ապրիլի 2001 թ.) ուժի մեջ մտնելուց հետո տեղի ունեցան գրանցման ընթացակարգերի զգալի բարելավումներ:

42. Այնուհետև նա նշեց, որ գործունեության որոշ տեսակների համար պահանջվում է լիցենզիա: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը (2001 թ. մայիսի 30) թվարկում է լիցենզավորմանը ենթակա գործունեության տեսակները: Լիցենզիաների տեսակներն են` «պարզ» ընթացակարգով տրված լիցենզիաներ, «բարդ» ընթացակարգով տրված լիցենզիաներ: Պարզ լիցենզիայի համար պահանջվում է ներկայացնել լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմում, իրավաբանական անձի կանոնադրության պատճենը և պետական գրանցման հավաստագրի պատճենը, պետական գրանցման հավաստագրի պատճենը (անհատ ձեռներեցի համար) և օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր: Բարդ լիցենզիա ձեռք բերելու համար դիմորդը պետք է ներկայացնի` պարզ լիցենզիայի համար պահանջվող փաստաթղթերը, ինչպես նաև անձի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթեր (ըստ անհրաժեշտության): Պարզ լիցենզիան պետք է տրամադրվի ամբողջական փաստաթղթերը ներկայացնելուց հետո եռօրյա ժամկետում: Բարդ լիցենզիան պետք է տրամադրվի 30 օրվա ընթացքում` լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

43. Իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների պետական գրանցումը կատարվում է Պետական ռեգիստրի կողմից, որը գործում է Արդարադատության նախարարության կազմում: Պետական ռեգիստրը բաղկացած է Կենտրոնական մարմնից և շրջանային բաժանմունքներից: «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն, իրավաբանական անձի տեղակայման վայրի Պետական ռեգիստրի շրջանային ենթաբաժանմունք պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը` հիմնադրի դիմումը, իրավաբանական անձի հիմնադրման վերաբերյալ հիմնադիրների ժողովի արձանագրությունը (ստորագրված նախագահողի և քարտուղարի կողմից), ժողովի կողմից հաստատված կանոնադրության երկու պատճենները և պետական վճարման ստացականը: Օտարերկրյա հիմնադիրներ ունեցող իրավաբանական անձանցից նույնպես պահանջվում է ներկայացնել տվյալ երկրի առևտրային գրանցման գրքից (կամ օտարերկրյա ներդրողի իրավական կարգավիճակը հաստատող համարժեք փաստաթղթից) քաղվածք և հիմնադրման փաստաթղթեր (կամ համապատասխան քաղվածքներ)` թարգմանված հայերեն և հաստատված:

44. Այնուհետև նա նշեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում Պետական ռեգիստրի շրջանային ենթաբաժանմունքից պահանջվում է ավարտել իրավաբանական անձի պետական գրանցումը: Անհատ ձեռներեցների պետական գրանցումը պահանջվում է կատարել երկու օրվա ընթացքում: Հայաստանի Հանրապետությունում օգտագործվում է իրավաբանական անձանց պետական գրանցման ծածկագրերի միասնական համակարգ: Պետական միասնական ռեգիստրը պարունակում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների մասին, և այն պահվում է Պետական ռեգիստրի Կենտրոնական մարմնի կողմից, որն այն թարմացնում է ոչ պակաս, քան 10 օրը մեկ անգամ: Պետական միասնական ռեգիստրի տեղեկությունները բաց են ընդհանուր հասարակության համար:

45. Այնուհետև նա նշեց, որ փոփոխված կանոնադրության պետական գրանցումը ստանալու համար Պետական ռեգիստրի շրջանային ենթաբաժանմունք պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը` դիմում, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը, ինչպես նաև փոփոխություններով և լրացումներով վերաձևակերպված կանոնադրությունը, կանոնադրության փոփոխություններն ու լրացումները, պետական վճարման ստացականը: Հիմնադիր փաստաթղթերում կատարված ցանկացած փոփոխություն և ուղղում, կամ պետական գրանցման կողմից հաստատված տվյալների փոփոխություն, նույնպես ենթակա են պետական գրանցման: Վերակազմավորման տարբեր տեսակներով պայմանավորված Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված են Օրենքի 23-րդ հոդվածում:

46. Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը` դիմում, հիմնադիրների որոշումը, տեղեկանք հարկային և սոցիալական ապահովության մարմիններից, կնիքով վավերացված համապատասխան փաստաթուղթ, պետական գրանցման հավաստագիր:

47. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ արտաքին առևտրի նախկին պետական մենաշնորհը Հայաստանում վերացվել է, օտարերկրյա և սեփական անձանց ու ձեռնարկությունների համար Հայաստանի Հանրապետություն ապրանքներ և ծառայություններ ներմուծելու և արտահանելու իրավունքի սահմանափակումներ չկան` բացառությամբ ԱՀԿ Համաձայնագրերում նախատեսվածների, իրենց գրանցված գործունեությունների ոլորտում անձանց և ընկերությունների ներմուծման և արտահանման հնարավորությունները չեն սահմանափակվում, ընկերությունների գրանցման չափանիշները Հայաստանում ենթակա են ընդհանուր կիրառման և պաշտոնապես հրապարակվում ու ընդհանուր մատչելիություն ունեն առևտրականների համար: Նա նաև հաստատեց, որ Հայաստանի ԱՀԿ անդամակցության օրվանից սկսած Հայաստանը կապահովի, որպեսզի ապրանքների առևտրին վերաբերող իր բոլոր օրենքներն ու կանոնակարգումները և այդ գործունեության վրա դրվող բոլոր վճարումները, տուրքերը կամ հարկերը ամբողջովին համապատասխանեն ԱՀԿ պարտավորություններին, ներառյալ` ՄԱԳՀ-1994-ի 8-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետին, 11-րդ հոդվածի 1-ին կետին և 3-րդ հոդվածի 2-րդ ու 4-րդ կետերին, և որ այդ օրենքներն ու կանոնակարգումները կիրագործեն այդ պարտավորություններին համահունչ: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորությունների վերաբերյալ:

 

Մաքսային սակագներ

 

48. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Խորհրդարանի կողմից 1993 թ. օգոստոսին ընդունված «Մաքսային սակագնի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է շրջանակներ սահմանելու սակագներ և մաքսային հարցերի առնչությամբ: Կառավարության կողմից 1993 թ. դեկտեմբերին հրապարակված N 615 որոշումը մտցրել է նոր մաքսավճարներ, որոնք հետագայում ձևափոխվել են 1994 թ. մայիսին ընդունված N 224 Կառավարության որոշմամբ և 1995 թ. հունվարին ընդունված Կառավարության N 39 որոշմամբ: 1995 թ. ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պահանջում է, որ սակագների փոփոխությունները ընդունվեն Ազգային ժողովի կողմից: Ազգային ժողովի կողմից 1997 թ. ապրիլին ընդունված «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը մտցրել է մաքսավճարների նոր ցանկ: «Մաքսային սակագնի մասին» ՀՀ օրենքի ուղղումը ավարտին է հասցվել 1997 թ. սեպտեմբերին` «Մաքսային սակագնի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մասին» ՀՀ օրենքի միջոցով: 1998 թ. դեկտեմբերին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքը: «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքը ընդգրկում է հետևյալ բաժինները` մաքսավճարները և դրանց տեսակները, մաքսային գնահատում և մաքսային սակագների դրույքաչափեր: Այսպիսով կատարվել է Հայաստանի Հանրապետության «Մաքսային սակագնի մասին» ՀՀ օրենքի և Հայաստանի Հանրապետության «Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի միավորում: Օրենքը գտնվում է լիակատար համապատասխանության մեջ ԱՀԿ համապատասխան դրույթների հետ: Հայաստանը օգտագործում է Ապրանքների դասակարգման ներդաշնակեցված համակարգը սկսած 1991 թ-ից: 2000 թ. Ազգային ժողովը ընդունել է Հայաստանի Հանրապետության նոր Մաքսային օրենսգիրքը, որը ներառում է Մաքսավճարների մասին օրենքի դրույթները, ներառյալ` մաքսավճարների դրույքները: Մաքսային օրենսգիրքը ուժի մեջ է մտել 2001 թ. հունվարի 1-ին:

49. Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ մաքսային սակագները արտահայտված են արժութային միավորներով և գանձվում են ԱԱԾ (արժեք, ապահովագրում, ծավալ) արժեքներից, բացառությամբ` ծխախոտային ապրանքներից: 2001 թ. մարտի 31-ի «Ծխախոտային ապրանքներից կատարվող հաստատուն ծախքերի մասին» օրենքը նախատեսում է, որ ծխախոտային ապրանքների վրա դրվող մաքսավճարները գանձվեն հաստատուն չափով: Այս օրենքը պայման է դնում, որ ծխախոտային ապրանքների ներմուծումը ենթակա է որոշակի դրույքաչափի, որը բաղկացած է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և մաքսավճարներից, համաձայն հետևյալ դրույքաչափերի.

 

Աղյուսակ 2

 

.______________________________________________________________.

|Ծածկագիր    |Ապրանքների հակիրճ      |Հաստատուն   |Հաստատուն   |

|            |նկարագրություն         |ծախքերի     |ծախքերի     |

|            |                       |քանակը (ԱՄՆ$|քանակը (ԱՄՆ$|

|            |                       |1000 հատի   |1000 հատի   |

|            |                       |համար)      |համար)      |

|            |                       |ներմուծված  |տեղական     |

|            |                       |ապրանքների  |արտադրության|

|            |                       |համար       |ապրանքների  |

|            |                       |            |համար       |

|____________|_______________________|____________|____________|

|2402 10 001 |Սիգարներ               |   3000     |    2200    |

|____________|_______________________|____________|____________|

|2402 100 09 |Սիգարելաներ            |     30     |      22    |

|____________|_______________________|____________|____________|

|2402 20 900 |Ֆիլտրով սիգարետներ     |     11     |       8    |

|____________|_______________________|____________|____________|

|2402 20 910 |Առանց Ֆիլտրի սիգարետներ|      6     |     3.5    |

.______________________________________________________________.

 

Այնուհետև նա ավելացրեց, որ տարբերությունը ներմուծված ապրանքների հաստատուն դրույքաչափերի և տեղական արտադրության ապրանքների դրույքաչափերի միջև ներկայացնում է մաքսավճարը` սակագների դրույքաչափերի արժութային առնչության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարտավորության շրջանակներում, որը բերված է ստորև`

 

Աղյուսակ 3

 

._______________________________________________________________.

|Ծածկագիր   |Ապրանքների     |Ներմուծումների|Հատուկ   |Համարժեք  |

|           |հակիրճ         |միջին արժեքը  |մաքսավճար|արժութային|

|           |նկարագրություն |2001 թ.       |(դրույքը`|մաքսավճարի|

|           |               |ընթացքում     |1000 հատի|դրույք %  |

|           |               |(1000 հատի    |համար)   |          |

|           |               |համար) ԱՄՆ$   |ԱՄՆ$     |          |

|___________|_______________|______________|_________|__________|

|2402 10 001|Սիգարներ       |5750          |800      | 13.9     |

|___________|_______________|______________|_________|__________|

|2402 100 09|Սիգարելաներ    |65            |8        | 12.3     |

|___________|_______________|______________|_________|__________|

|2402 20 900|Ֆիլտրով        |27            |3        | 11.5     |

|           |սիգարետներ     |              |         |          |

|___________|_______________|______________|_________|__________|

|2402 20 910|Առանց Ֆիլտրի   |27            |2.5      | 9.3      |

|           |սիգարետներ     |              |         |          |

._______________________________________________________________.

 

50. Ի պատասխան` ներմուծումներից գանձվող որևէ այլ առանձնահատուկ մաքսավճարների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջներին, նա նշեց, որ 2000 թ. դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքը սահմանում է մաքսավճարներ սպիրտի և ոգելից խմիչքների համար: Աշխատանքային խմբի որոշ անդամներ մտահոգություն արտահայտեցին, որ կիրառվող առանձնահատուկ դրույքաչափերը կարող են գերազանցել սահմանային արժութային դրույքը: Ի պատասխան, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ անդամակցությունից հետո Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը պարբերաբար կստուգի առանձնահատուկ դրույքաչափերը` ներմուծման միջին արժեքների համեմատությամբ` ապահովելով, որ այդ դրույքաչափերը չգերազանցեն սահմանային արժութային համարժեք դրույքը: Ի պատասխան տեղեկությունների վերաբերյալ լրացուցիչ պահանջների, նա տրամադրեց հետևյալ աղյուսակը

 

Աղյուսակ 4

 

.___________________________________________________________________.

|Ծածկագիր |Ապրանքի           |Թափման   |Մաքսա-|Մաքսավճարի|Համարժեք  |

|         |նկարագրություն    |միավոր   |վճարի |միջինը    |արժութային|

|         |                  |         |չափը  |(դրամ մեկ |մաքսավճարի|

|         |                  |         |(դրամ)|լիտրին)   |դրույքը % |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|2203     |Գարեջուր          |1 լիտր   |50    |434.8     |11.5      |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|2204     |Խաղողի գինի       |1 լիտր   |100   |845.0     |11.8      |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|220410   |Փրփրուն գինիներ   |1 լիտր   |75    |591.0     |12.7      |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|2205     |Վերմուտ և  խաղողի |1 լիտր   |140   |1166.6    |12.0      |

|         |այլ թարմ գինիներ` |         |      |          |          |

|         |համեմված բույսերով|         |      |          |          |

|         |կամ այլ           |         |      |          |          |

|         |բուրումնալից      |         |      |          |          |

|         |նյութերով         |         |      |          |          |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|2206     |Այլ եփված խմիչքներ|1 լիտր   |60    |572.9     |10.5      |

|         |(օրինակ` սիդր,    |         |      |          |          |

|         |պերրի,            |         |      |          |          |

|         |մեղրախմիչք),      |         |      |          |          |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|2207     |Էթիլային սպիրտ    |1 լիտր   |70    |498.2     |14.1      |

|         |                  |(վերահաշ-|      |          |          |

|         |                  |վարկելով |      |          |          |

|         |                  |100%     |      |          |          |

|         |                  |սպիրտի)  |      |          |          |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|2208     |Ոգելից խմիչքներ,  |         |      |          |          |

|         |ներառյալ`         |         |      |          |          |

|_________|__________________|_________|______|__________|__________|

|220820   |պատրաստված խաղողի |1 լիտր   |1100  |7329.3    |13.9      |

|         |գինու և  գինու    |վերահաշ- |      |          |          |

|         |բաղադրանյութերի   |վարկելով |      |          |          |

|         |զտումով (կոնյակ,  |100%     |      |          |          |

|         |արմանյակ և  այլն) |սպիրտի)  |      |          |          |

|_________|__________________|         |______|__________|__________|

|220830   |Վիսկիներ          |         |370   |2892.9    |12.8      |

|_________|__________________|         |______|__________|__________|

|220840   |Ռոմ և  տաֆիա      |         |420   |2438.6    |12.9      |

|_________|__________________|         |______|__________|__________|

|220850   |Ջին և  գիհօղի     |         |450   |3913.0    |11.5      |

|_________|__________________|         |______|__________|__________|

|220860   |Օղի               |         |240   |2000.0    |12        |

|_________|__________________|         |______|__________|__________|

|220870   |Լիկյոր և  մրգային |         |600   |5454.5    |11        |

|         |օղիներ            |         |      |          |          |

|_________|__________________|         |______|__________|__________|

|220890   |Այլ               |         |240   |1920.0    |12.5      |

.___________________________________________________________________.

 

51. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ 279 անվանումներ են հատկորոշված Հայաստանի սակագնային ցանկում: Ներդաշնակեցված համակարգի երկնիշ մակարդակի վրա որոշված ապրանքային դասերի մեծամասնությունն ունեն մաքսավճարի նույն չափը: Աշխատանքային խմբի որոշ անդամներ հարցրեցին, արդյոք հնարավոր կլինի սակագինը չորս կամ ավել նիշերի մակարդակի չափով մանրամասնել: Ի պատասխան, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ եթե ապացուցվի, որ անհրաժեշտություն կա, ապա Հայաստանի կառավարությունը կշարունակի մանրամասնել իր սակագնային ցանկը` սկսած ներկայիս մակարդակից:

52. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ սակագնային ցանկի վաթսուն տոկոսից ավելի կետերը ենթակա են զրոյական մակարդակի մաքսավճարի (161 կետ), իսկ 97-ը ենթակա են 10 տոկոս մաքսավճարի դրույքաչափի: Հաշվի առնելով այդ խմբերից յուրաքանչյուրին պատկանող ներմուծված ապրանքների ծավալը, սակագնի կշռված միջինը կազմում է 4 տոկոսից պակաս: Սակագներից ստացված հասույթը կազմել է 2001 թ. բյուջետային հասույթի մոտավորապես 5,06 տոկոսը:

53. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ մաքսավճարների դրույքաչափերը չեն աճի Հայաստանի անդամակցության արձանագրությանը կցված Ապրանքների վերաբերյալ Կոնցեսիաների Հայաստանի ԱՀԿ ժամանակացույցում ամրագրված մակարդակներից: Ի հավելումն, Հայաստանը, ըստ պահանջի, կխնդրի ԱՀԿ անդամներին կարծիք հայտնելու ՀՀ կողմից սահմանային արժութային դրույքաչափ սահմանելիս ներմուծումների հատուկ պարտավորությունների իրականացման հետ կապված հարցերով: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորության վերաբերյալ:

 

Ներմուծումների վրա կիրառվող այլ մաքսավճարներ և ծախքեր

 

54. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ չկան ներմուծումներից գանձվող ուրիշ մաքսավճարներ և տուրքեր` բացի սովորական մաքսավճարներից և մաքսային մարմինների կողմից տրամադրված ծառայությունների համար վճարներից, ինչպես նկարագրված է ստորև` 57-60 կետերում: Գանձվող ցանկացած այդպիսի վճար, որ կկիրառվի ներմուծումների նկատմամբ սկսած անդամակցության օրվանից, կլինի համապատասխան Հայաստանի անդամակցության արձանագրության դրույթներին: Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ կապված ներմուծումների/արտահանումների փաստաթղթերի հետ, պահանջ չի ներկայացվում, որ փաստաթղթերի ինքնությունը հաստատվի օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունների կողմից, և չի գանձվում ոչ մի վճար այս առնչությամբ: Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանը կվերացնի (0 դրույքաչափ կսահմանի) բոլոր մաքսավճարները և վճարները, բացի սովորական մաքսավճարներից, ՄԱԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետով որոշված Հայաստանի շուկա մուտք գործելու ժամանակացույցին համապատասխան, որը կցված է Հայաստանի անդամակցության նախահամաձայնագրին: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորության վերաբերյալ:

 

Սակագնային քվոտաներ

 

55. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանը չի կիրառում որևէ ներմուծման քվոտա, ներառյալ` սակագնային դրույքաչափերի քվոտաներ: Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ կառավարությունը մտադրություն չունի մտցնելու սակագնային դրույքների քվոտաներ:

 

Սակագնային բացառություններ

 

56. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ ազատ առևտրի գոտիների համաձայնագրերի շրջանակներում շնորհված բացառություններից տարբեր այլ բոլոր սակագնային բացառությունները շնորհվել են «Առավել արտոնյալ երկիր» սկզբունքի հիման վրա: Համաձայն 1998 թ. դեկտեմբերի 30-ի «Մաքսավճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի, սակագնային բացառություններ շնորհվել են հետևյալներին`

- կապիտալ միջոցների` ներմուծված օտարերկրյա ներդրողների կողմից և նախատեսված համատեղ ձեռնարկությունների կանոնադրական հիմնադրամի ու օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների համար,

- Հայաստանի տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքների,

- բեռնատար ավտոմեքենաների և փոխադրամիջոցների, որպես բեռների և ուղևորների` Հայաստանի տարածքով կանոնավոր գործող փոխադրամիջոցների, ինչպես նաև վառելիքի, սննդամթերքի, գործիքների և այս գործողությունները կատարելու նպատակով ժամանակավոր օգտագործման համար անհրաժեշտ այլ երկրորդական պիտույքների,

- տարադրամի, պարտատոմսերի և արժեթղթերի,

- մարդասիրական և բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների,

- Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավորապես ներմուծված և հետագայում առանց մշակման արտահանված որոշակի ապրանքների, ինչպիսիք են` տոնավաճառի և ցուցահանդեսի ցուցանմուշները, ապրանքների օրինակները և փաթեթները, ժամանակավոր այցելուների մասնագիտական սարքավորումները, գովազդային նյութերը, կենդանի կենդանիները և այլն,

- անմաքս խանութներ ներմուծված ապրանքների` Հայաստանի մաքսային տարածքից հետագա արտահանման համար,

- այն ապրանքների, որ Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել որպես օտարերկրյա հաճախորդների սեփականություն` Հայաստանի Հանրապետությունում մշակման և հետագա արտահանման նպատակով,

- Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից ներմուծված ապրանքների և առարկաների,

- միջազգային պայմանագրերում նախատեսված այլ դեպքերի:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 104-րդ հոդվածի, որը փոխարինել է «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքին, հետևյալ ապրանքներն են ազատվում մաքսավճարներից`

- տարանցիկ փոխադրվող ապրանքները,

- ժամանակավորապես ներմուծված ապրանքները,

- ժամանակավորապես արտահանված ապրանքները,

- ներքին մշակման համար ժամանակավորապես ներմուծված ապրանքները,

- արտաքին մշակման համար ժամանակավորապես արտահանված ապրանքները,

- մաքսային պահեստ արձակված ապրանքները,

- ազատ/ անվճար մաքսային պահեստ արձակված ապրանքները,

- վերաներմուծման և վերաարտահանման կարգով արձակված ապրանքները, բացառությամբ` Օրենսգրքով կանխատեսված դեպքերի,

- ոչնչացման համար արձակված ապրանքները,

- անմաքս խանութ արձակված ապրանքները,

- բեռների, ճանապարհորդական իրերի և ճանապարհորդների երկրի ներսում պարբերական տեղափոխման համար օգտագործվող փոխադրամիջոցները, ինչպես նաև գործիքները, վառելիքը, սննդամթերքը, որ կարող են անհրաժեշտ լինել ճանապարհորդության, կանգառների, կամ վերոհիշյալ տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու ժամանակ,

- դրամը, տարադրամը և արժեթղթերը,

- մարդասիրական և բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները,

- առևտրային կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում ներդնելու համար Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ապրանքների ցուցակում ընդգրկված ապրանքները,

- ցուցահանդեսների, միջազգային տոնավաճառների և նման միջոցառումների շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նմուշային քանակությունները:

 

Մաքսային վճարներ և տրամադրված ծառայությունների վարձը

 

57. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հաղորդեցին, որ նրանք գտնում են, որ Հայաստանի կողմից ներմուծումների վրա դրվող արժութային /ed-valorem/ մաքսային վճարը անհամատեղելի է ԱՀԿ դրույթների հետ, մասնավորապես, ՄԱԳՀ-1994-ի 8-րդ հոդվածի: Նրանք նշեցին նաև, որ այդ վճարը 8-րդ հոդվածի հետ համապատասխանության բերելու համար անցումային փուլը բավարար չէ: Այդ անդամները գտնում են, որ Հայաստանը պետք է բավարարի 8-րդ հոդվածի պահանջները սկսած անդամակցության օրվանից, և սկսած այդ պահից վճարներից ստացված գումարները պետք է օգտագործվեն միայն մաքսատուրքերի վճարման ծառայությունների գործարկման համար: Այնուհետև նրանք հաղորդեցին, որ վճարներից հանրագումարված տարեկան հասույթները չպետք է գերազանցեն ներմուծված ապրանքների մաքսատուրքերի վճարման փաստացի արժեքը: Այդ անդամները հաղորդեցին, որ անդամակցությունից հետո Հայաստանը պետք է տրամադրի տեղեկություններ վճարի հաշվարկման եղանակի և մաքսատուրքերի վճարման ծառայությունների տրամադրման արժեքի մասին ԱՀԿ անդամներին` պահանջի դեպքում:

58. Ի պատասխան Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համաձայն Կառավարության N 615 որոշման փոփոխության, որն ուժի մեջ է մտել 1996 թ. մայիսի 1-ից, արժութային 0.3 տոկոսանոց մաքսավճար է գանձվում 600.000 դրամ (մոտավորապես ԱՄՆ $1,200) վերին սահման ունեցող ներմուծումներից: 1998 թ. դեկտեմբերի 28-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքը հրաժարվել է արժութային սկզբունքից մաքսավճարները գանձելիս` փոխարինելով այն 3500 դրամ (մոտավորապես ԱՄՆ $6.50) միանման գումարով մաքսային ձևակերպման համար և 300 դրամ մեկ տոննայի համար (մոտավորապես ԱՄՆ $0.55) քաշին առնչվող առանձնահատուկ վճարով` փոխադրաբեռների ստուգման համար: «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է վճարների չափը:

59. Այնուհետև նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիրքը, որն ընդգրկել է «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքի դրույթները, ընդունվել է Ազգային ժողովի կողմից 1998 թ. դեկտեմբերի 28-ին: Համաձայն նոր օրենսգրքի 110-րդ հոդվածի, մաքսավճարների հետևյալ դրույքներն են կիրառվում 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ`

1. 3500 դրամ մաքսավճար մաքսային ձևականությունների համար (բացի ստուգումից ու գրանցումից)` կապված Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցկացվող ապրանքների և տրանսպորտային միջոցների հետ, ինչպես նաև բանկերի կողմից դրամի և տարադրամի փոխադրման համար:

2. Ապրանքների ստուգման և գրանցման համար գանձվող մաքսավճար, բացառությամբ` խողովակներով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, հետևյալ չափով.

- 1000 դրամ` նույն հայտարարագրում հայտարարագրված և մինչև 1 տոննա քաշ ունեցող բեռի մաքսային ստուգման համար,

- 300 դրամ` նույն հայտարարագրում հայտարարագրված և 1 տոննայից ավելի քաշ ունեցող բեռի յուրաքանչյուր լրացուցիչ (կամ անավարտ) տոննայի համար:

3. Ամսական 500 000 դրամ մաքսային վճար` խողովակների միջով և էլեկտրական փոխանցման լարերով տեղափոխվող ապրանքների մաքսային ստուգման և գրանցման համար:

4. Եթե մաքսային ձևականությունները կատարվում են` մաքսային մարմինների կողմից հատկորոշված վայրերից տարբեր այլ վայրերում, մաքսավճարը գանձվում է 110-րդ հոդվածով նախատեսված դրույքների կրկնակի չափով:

5. 1000 դրամ մաքսային վճար` մաքսային մարմինների կողմից տրամադրված յուրաքանչյուր փաստաթղթի ձևի համար:

6. 10000 դրամ յուրաքանչյուր 100 կմ համար մաքսավճար` Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով ապրանքների մաքսային ուղեկցության համար:

7. Օրական մաքսավճար մաքսային մարմինների կողմից պահեստավորված բեռների համար.

- 1000 դրամ` 1 տոննայից պակաս քաշով բեռների համար,

- 300 դրամ` յուրաքանչյուր լրացուցիչ (անավարտ) տոննա բեռի համար:

8. Տրանսպորտային միջոցների մաքսային ստուգման համար գանձվող մաքսավճար`

- 2000 դրամ` 10 տեղանոց ավտոմեքենաների համար,

- 5000 դրամ` այլ տրանսպորտային միջոցների համար,

Համաձայն նոր Մաքսային օրենսգրքի 111-րդ հոդվածի, հետևյալ ապրանքներն են ազատվում մաքսավճարներից`

- մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք մտած ապրանքները,

- ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցկացվող և անմաքս ներմուծման համար թույլատրված բոլոր ապրանքները,

- ժամանակավոր արտահանման կարգով արտահանված և վերաներմուծման ենթակա մշակութային արժեքները,

- կանոնավոր միջազգային տեղափոխումների մեջ ընդգրկված և տեղափոխման ընթացքում գտնվող տրանսպորտային միջոցները:

Մաքսավճարը կիրառվում է նաև Հայաստանի կառավարության կողմից կատարվող արտահանումների և ներմուծողական գնումների նկատմամբ: Մաքսավճարներից ստացված գումարները փոխանցվում են պետական բյուջե:

60. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ Հայաստանի ԱՀԿ անդամակցության օրվանից սկսած Հայաստանը կկիրառի «ըստ արժեքի» մաքսավճար: 1998 թ. դեկտեմբերի 30-ի «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքով և 2001 թ. հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ձևակերպումների համար վճարը կկիրառվի համաձայն ԱՀԿ պարտավորությունների, մասնավորապես` ՄԱԳՀ-1994-ի 8-րդ և 10-րդ հոդվածների: Կիրառվող վճարի մակարդակը չի գերազանցի ներմուծման և արտահանման առանձին գործարքների մաքսային ձևակերպման մոտավոր արժեքը: Վճարներից ստացված հասույթները կօգտագործվեն բացառապես ներմուծումների և արտահանումների ձևակերպումների համար, իսկ վճարներից ստացված ընդհանուր տարեկան հասույթը չի գերազանցի` վճարներին ենթակա ապրանքների մաքսային ձևակերպման գործողությունների մոտավոր արժեքը: Նա նաև հաստատեց, որ վճարներից ստացված հասույթները չեն օգտագործվել վճարներից ազատված ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումների համար: Վճարների կիրառման և դրանց մակարդակի, ինչպես նաև ստացված հասույթների և դրանց օգտագործման վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն ԱՀԿ անդամներին ըստ պահանջի: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորությունների վերաբերյալ:

 

Ներքին հարկերի կիրառումը ներմուծումների նկատմամբ

 

61. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ սկսած 1992 թ. Հայաստանի հարկային համակարգը ենթարկվել է վերանայման` որպես դեպի շուկայական տնտեսությունը տանող տնտեսական ձևափոխման կառավարության համընդհանուր քաղաքականության մի մաս: 1997 թ. ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ընդունեց «Հարկերի մասին» ՀՀ նոր օրենքը: Համաձայն այս օրենքի Հայաստանում կիրառվող հարկերը հետևյալն են`

- ավելացված արժեքի հարկը,

- ակցիզային հարկը,

- շահութահարկը,

- եկամտահարկը,

- գույքահարկը,

- հողի հարկը,

- պարզեցված հարկը:

Մասնավորապես, անուղղակի երկու հարկով են հարկվում ներմուծումները և տեղական արտադրանքը Հայաստանում, դրանք են` ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է ապրանքների և ծառայությունների շրջանառությունից և ակցիզային հարկը` որոշակի ապրանքներից: Նա հիշեցրեց, որ այդ հարկերի մանրամասները բերված են ստորև` սույն Զեկույցի 62-71 կետերում:

 

Ավելացված արժեքի հարկ

 

62. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` 1997 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո ԱԱՀ-ի կիրառման նպատակային սկզբունքը կիրառվում է բոլոր երկրների նկատմամբ: Հայաստանի արտահանումները ցանկացած երկիր հարկվում են զրոյական դրույքաչափով, և յուրաքանչյուր ներմուծում Հայաստան հարկվում է ստանդարտ դրույքաչափով: Այս կապակցությամբ Հայաստանը ապահովում է Առավել արտոնյալ երկրի մոտեցումը` ներմուծումների նկատմամբ ԱԱՀ-ն կիրառելիս: ԱԱՀ-ն գանձվում է միանման ձևով` տեղական և ներմուծված ապրանքների ու ծառայությունների վաճառքի 20 տոկոսի չափով: Ավելացված արժեքի հարկը հաշվարկվում ու գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստան ներմուծված ապրանքներից առանց արտահանման երկրները հաշվի առնելու: Մաքսավճարի զրոյական դրույքաչափով և ակցիզային հարկին չենթարկվող որոշակի ներմուծված ապրանքների կապակցությամբ, որոնք թվարկված են «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող մաքսատուրքի 0% դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գրանցվում» ՀՀ օրենքում` ընդունված Ազգային ժողովի կողմից 2001 թ. հունիսի 25-ին, ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և գանձվում է Մաքսային իրավասու մարմինների կողմից դրանց վաճառքից կամ սպառումից հետո:

63. Այնուհետև նա ավելացրեց, որ բոլոր ներմուծված ապրանքների համար (բացառությամբ ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում է 0% մաքսավճար, և որոնք չեն հարկվում ակցիզային հարկով) ԱԱՀ-ն գանձվում է մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին` առանց արտահանման երկրները հաշվի առնելու: ԱԱՀ-ից ազատված առարկաները, ընդգրկում են` ուսումը միջնակարգ դպրոցներում, դպրոցականների դասագրքերը և երաժշտական գրքերը, գիտահետազոտական աշխատանքը, անասնաբուժական դեղերի վաճառքը, տեղական արտադրության գյուղատնտեսական ապրանքների վաճառքը արտադրողի կողմից, կենսաթոշակի տրամադրմանը առնչվող գործողությունները, որոշ ֆինանսական գործողություններ, ծառայություններ և այլն: Բացի այդ, զրոյական հարկը կիրառվում է հետևյալի նկատմամբ` Հայաստանի Հանրապետությունից արտահանված ապրանքների հարկմանը ենթակա շրջանառության նկատմամբ, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների, կամ այլ համազոր միջազգային միջկառավարական/միջպետական կազմակերպությունների կողմից պաշտոնական օգտագործման համար ներմուծված ապրանքների, ինչպես նաև այդ կազմակերպությունների կողմից Հայաստանի տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների, Հայաստանի տարածքով փոխադրվող օտարերկրյա առևտրային բեռների, շինարարության և համապատասխան (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների: Նա հիշեցրեց, որ ԱԱՀ բացառությունների լրիվ ցանկը տրամադրվել է Աշխատանքային խմբին: Այդ ցանկը կազմում է սույն Զեկույցի Հավելված 2-ը:

64. Անդամները նշեցին, որ ագարակատերերի կողմից վաճառվող տեղական գյուղատնտեսական արտադրանքի ազատումը Հայաստանում ավելացված արժեքի հարկից հանդիսանում է ներմուծումների նկատմամբ` համանման տեղական արտադրանքի համեմատությամբ խտրական մոտեցման շարունակություն և, հետևաբար, անհամատեղելի է ՄԱԳՀ 3-րդ հոդվածի հետ, և պետք է վերացվի անդամակցությունից հետո: Հայաստանի ներկայացուցիչը պատասխանեց, որ ագարակատերերի ազատումը ավելացված արժեքի հարկից չի տարածվում առաջին վաճառքի կետից դուրս, այսինքն` գյուղատնտեսական արտադրանքը ագարակից դուրս գալուց հետո ենթակա է ԱԱՀ-ի կիրառմանը, և որ մտադրություն չկա խտրականություն դնել ներմուծումների նկատմամբ: Հարկից ազատումը հանդիսանում է Հայաստանի` գյուղատնտեսությանն աջակցելու համակարգի անբաժանելի մի մաս, և անդամակցությունից հետո կիրառման անցումային փուլը անհրաժեշտ կլինի նախքան դրա վերացումը, որպեսզի նվազեցվի վնասը Հայաստանի գյուղատնտեսական բնագավառին: Այս առնչությամբ, Հայաստանի խորհրդարանի կողմից կընդունվի ԱԱՀ-ից ազատումը վերացնող օրենք` նախքան ԱՀԿ Գլխավոր խորհրդի անդամակցության պայմանների ընդունումը: Այս Օրենքը N 420-N ընդունվել է 2002 թ. հոկտեմբերի 21-ին և կիրականացվի սկսած 2009 թ. հունվարի 1-ից:

65. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ իր կառավարությունը ընդունել է որոշում, որը մինչև 2008 թ. դեկտեմբերի 31-ը կվերացնի արտադրողների կողմից վաճառվող գյուղատնտեսական տեղական արտադրության գոյություն ունեցող ազատումը ավելացված արժեքի հարկից: Նա ավելացրեց, որ այս ժամանակահատվածի ընթացքում հարկից ազատված ապրանքների շրջանակը չի ընդլայնվի` ոչ հարկից ազատման մակարդակի, ոչ էլ նոր ապրանքների ընդգրկման իմաստով և ոչ էլ կվերականգնվի կամ կավելացվի հարկից ազատված ապրանքների շրջանակը կամ քանակը, եթե այն նվազեցվել է այդ ժամանակահատվածի ընթացքում: Այնուհետև նա հաստատեց, որ այս ժամանակաշրջանի ընթացքում թափանցիկությունը ապահովելու նպատակով Հայաստանը յուրաքանչյուր տարի կտեղեկացնի Գլխավոր խորհրդին Հայաստանում այդ հարկից ազատման ընթացակարգի, և դրա շրջանակների ու մակարդակի վերաբերյալ: Պահանջի դեպքում, Հայաստանը կխորհրդակցի ԱՀԿ Անդամների հետ` ԱԱՀ-ից ազատման կարգավիճակի և նրանց առևտրի վրա դրա ազդեցության կապակցությամբ: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորվածությունների վերաբերյալ:

 

Ակցիզային հարկ

 

66. Ի պատասխան` Աշխատանքային խմբի անդամների` ակցիզային հարկի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու պահանջների, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի, որն ուժի մեջ է մտել 2000 թ. օգոստոսի 1-ից, ակցիզային հարկը կիրառվում է տեղական և ներմուծված ապրանքների նկատմամբ: Ներմուծված ապրանքներից ակցիզային հարկը հավաքվում է մաքսային իրավասու մարմինների կողմից, իսկ տեղական արտադրանքից գանձվող ակցիզային հարկը` հարկային իրավասու մարմինների կողմից: Համաձայն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի, ակցիզային հարկը գանձվում է հետևյալ ապրանքներից`

- գարեջուր,

- խաղողի և այլ գինիներ, գինու բաղադրանյութեր, ներառյալ`

- փրփրուն գինիներ,

- շամպայն,

- վերմուտ և խաղողի այլ թարմ գինիներ` համեմված բույսերով կամ այլ բուրումնավետ նյութերով,

- այլ եփված խմիչքներ, ներառյալ`

- պատրաստված խաղողի գինու և գինու բաղադրանյութերի զտումով (կոնյակ, արմանյակ և այլն),

- օղի, լիկյոր և մրգային օղի,

- թութունի փոխարինողներ,

- նավթ և յուղեր,

- Դիզելային վառելիք,

- նավթային գազ և այլ գազային հիդրոկարբոններ (բացառությամբ` բնական գազի):

67. Նա ավելացրեց, որ Հայաստանում արտադրված ապրանքների համար գանձվող հարկի չափը հիմնված է ապրանքների շրջանառության արժեքի կամ ապրանքների վաճառքի վրա` հիմք ընդունելով վաճառքի գները (առանց ակցիզային և ավելացված արժեքի հարկերի): Հայաստանում հարկման ենթակա ապրանքներ արտադրող/վաճառող հարկատուները վճարում են ակցիզային հարկ երկրի ներսում արտադրված ապրանքների համար ապրանքների վաճառքին հաջորդող հաջորդ ամսվա 15-ին: Հայաստան ներմուծված ապրանքների համար գանձվող հարկի չափը հիմնված է ապրանքների մաքսային արժեքի վրա (առանց ավելացված արժեքի հարկերի և մաքսային սակագների): Հայաստանի Հանրապետությունում ներմուծված ապրանքներից հարկվող ակցիզային հարկերը գանձվում են մաքսային իրավասու մարմինների կողմից` ներմուծմանը հաջորդող տաս օրվա ընթացքում:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
22.11.2002
N (02-6528)
Միջազգային պայմանագիր