Սեղմել Esc փակելու համար:
ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (3-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

WT/ACC/ARM/23

22 նոյեմբերի, 2002

(02-6528)

 

Հայաստանի անդամակցության

    Աշխատանքային խումբ                             Բնօրինակը` անգլերեն

 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

(3-րդ մաս)

 

Ակցիզային հարկի դրույքաչափերը հետևյալն են`

 

Աղյուսակ 5

 

.__________________________________________________________.

|Ծածկագիր   |Ապրանքի նկարագրություն      |Հարկման   |Դրույք|

|           |                            |հիմք      |(դրամ)|

|___________|____________________________|__________|______|

|2203       |Գարեջուր                    |1 լիտր    |70    |

|___________|____________________________|__________|______|

|2204       |Խաղողի և  այլ գինիներ,      |1 լիտր    |100   |

|           |գինու բաղադրանյութեր,       |          |      |

|           |ներառյալ`                   |          |180   |

|220410     |պղպջուն գինիներ, շամպայն    |          |250   |

|___________|____________________________|__________|______|

|2205       |Վերմուտ և  խաղողի այլ թարմ  |1 լիտր    |500   |

|           |գինիներ` համեմված բույսերով |          |      |

|           |կամ այլ բուրումնավետ        |          |      |

|           |նյութերով                   |          |      |

|___________|____________________________|__________|______|

|2206       |Այլ եփված խմիչքներ          |1 լիտր    |180   |

|           |(օրինակ` սիդր, պերրի,       |          |      |

|           |մեղրախմիչք)                 |          |      |

|___________|____________________________|__________|______|

|2207       |Էթիլային սպիրտ              |1 լիտր    |600   |

|           |                            |(վերահաշ- |      |

|           |                            |վարկելով  |      |

|           |                            |100%      |      |

|           |                            |սպիրտի)   |      |

|___________|____________________________|__________|______|

|2208       |Ոգելից խմիչքներ, ներառյալ`  |1 լիտր    |1,500 |

|220860,    |պատրաստված խաղողի գինու և   |          |1,200 |

|           |գինու բաղադրանյութերի       |          |      |

|220870     |զտումով (կոնյակ, արմանյակ   |          |300   |

|           |և  այլն)                    |          |      |

|           |Օղի, լիկյոր և  մրգային օղի  |          |      |

|___________|____________________________|__________|______|

|2403       |Թութունի փոխարինողներ       |1 կիլոգրամ|1,500 |

|___________|____________________________|__________|______|

|2709       |Չվերամշակված նավթ և  նավթ   |1 տոննա   |27,000|

|___________|____________________________|__________|______|

|___________|____________________________|__________|______|

|2711 (բացի |Նավթային գազ և  այլ գազային |1 տոննա   |1,000 |

|271111 և   |հիդրոկարբոններ              |          |      |

|271121)    |(բացառությամբ` բնական գազի) |          |      |

.__________________________________________________________.

 

2208 ծածկագրի ներքո 40 տոկոսից ավել սպիրտի պարունակությամբ ապրանքների համար հարկի դրույքը ավելացվել է լրացուցիչ 7.5 դրամով` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսի համար: Թութունի ապրանքների և բենզինի ակցիզային հարկերը որոշվում են առանձին օրենքով: 2000 թ. մարտի 24-ի «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքը սահմանում է հաստատուն վճարներ թութունի ապրանքների համար: Համաձայն այս օրենքի ներմուծված թութունի ապրանքների համար տրվող հաստատուն վճարները փոխարինում են ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը և մաքսավճարները, իսկ Հայաստանում արտադրված թութունի ապրանքների համար վճարները փոխարինում են ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը: Օրենքը սահմանում է հետևյալ դրույքները ներմուծված և տեղական արտադրության թութունային ապրանքների համար`

 

Աղյուսակ 6

 

._______________________________________________________.

|Ծածկագիր   |Ապրանքի անվանումը |Հաստատուն վճարի չափը    |

|           |                  |(ԱՄՆ$ՍS 1000 հատի համար)|

|           |                  |________________________|

|           |                  |Ներմուծվող|Ներքին       |

|           |                  |արտադրանքի|արտադրության |

|           |                  |համար     |արտադրանքի   |

|           |                  |          |համար        |

|___________|__________________|__________|_____________|

|2402 10 001|Սիգարներ          |3,000     |2,200        |

|___________|__________________|__________|_____________|

|2402 100 09|Սիգարելաներ       |30        |22           |

|___________|__________________|__________|_____________|

|2402 20 900|Սիգարետներ ֆիլտրով|11        |8            |

|___________|__________________|__________|_____________|

|2402 20 910|Սիգարետներ առանց  |6         |3,5          |

|           |ֆիլտրի            |          |             |

._______________________________________________________.

 

68. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ 1997 թ. հունվարի 1-ին Հայաստանը, որպես իր անդամակցության պարտավորությունների մի մաս, հավասարեցրել է տեղական ապրանքների և ներմուծված նույն կամ համանման ապրանքների ակցիզային հարկը (տես սույն Զեկույցի Աղյուսակ 5-ը և Աղյուսակ 6-ը): Առավել, 2000 թ. օգոստոսի 1-ից «Ակցիզային հարկի մասին» ՀՀ նոր օրենքը սահմանել է հարկի որոշակի դրույքներ, որոնք նույնն են տեղական արտադրության և ներմուծված ապրանքների համար:

69. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հաղորդեցին, որ իրենք համարում են, որ օղու հարկումը հանդիսանում է այլ ոգելից խմիչքների ակցիզային հարկման դրույքաչափի միայն մեկ հինգերորդը: Սա հակասում է համանման ապրանքների հարկմանը վերաբերող 3-րդ հոդվածի դրույթներին: Այդ անդամները պահանջեցին, որ Հայաստանը տեղեկություններ ներկայացնի, թե ինչպես է այն մտադիր օղու նկատմամբ կիրառվող ակցիզային հարկումը համապատասխանության բերելու այլ թորած ոգելից խմիչքների նկատմամբ կիրառվող ակցիզային հարկի հետ: Աշխատանքային խմբի որոշ անդամներ նշեցին նաև, որ թութունի ապրանքների համար ակցիզային հարկի տարբեր դրույքաչափերը կազմում են սակագնային վճարը, որը կիրառվում է վճարի Հայաստանի սահմանային դրույքաչափի շրջանակներում:

70. Ի պատասխան վերոհիշյալի Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ օրենսդրությունը ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թ. հոկտեմբերի 21-ին ընդունված ՀՕ-415-Ն օրենքի համաձայն և կիրագործվի մինչ անդամակցությունը խմիչքների, օղու, կոնյակի, լիկյորի և այլնի (ծածկագիր 2208), ինչպես նաև շամպայնի, փրփրուն գինիների, գինիների (ծածկագիր 2204) նկատմամբ կիրառվող ակցիզային հարկերի գանձումը հավասարեցնելու նպատակով: Աշխատանքային խումբը նշեց այս պարտավորությունների մասին:

71. Աշխատանքային խմբի որոշ անդամներ նշեցին, որ այս հարկերի չկիրառումը նախկին Խորհրդային Միության հանրապետություններից եկող ներմուծումների նկատմամբ կարող է դիտարկվել որպես խտրականություն այլ` այսինքն նախկին Խորհրդային Միության հանրապետություններից տարբեր երկրների արտադրանքի նկատմամբ: Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանը անցել է հարկման նպատակային սկզբունքին բոլոր աղբյուրներից եկող ներմուծումների կապակցությամբ: Ի լրումն, Հայաստանը ձգտում է համոզել իր ԱՊՀ գործընկերներին, որ նախընտրելի է հարկերը գանձել ըստ նպատակատեղի, այլ ոչ թե ծագման: Այնուհետև նա հաստատեց, որ վստահություն չի տրվում արտահանող ԱՊՀ երկրում կիրառվող ակցիզային հարկերին` Հայաստան մտնող ԱՊՀ ներմուծումների ակցիզային հարկի վճարման ենթակա գումարը որոշելիս:

72. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ Հայաստանը ԱՀԿ-ին իր անդամակցության օրվանից սկսած կկիրառի իր տեղական հարկերը, ներառյալ` ավելացված արժեքի հարկը և ակցիզային հարկը, ՄԱԳՀ-1994-ի 1-ին և 3-րդ հոդվածներին համապատասխան ոչ խտրականության սկզբունքով` վերոնշյալ 64-65 պարբերություններում նշված բացառություններով: Այս կապակցությամբ, համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Ակցիզային հարկի մասին» ՀՀ նոր օրենքների, այս հարկերը կիրառվում են հավասար չափով տեղական և ներմուծված ապրանքների նկատմամբ, և Հայաստանը կիրառում է «առաքվող վայրի» սկզբունքը ավելացված արժեքի և ակցիզային հարկերի նկատմամբ` բոլոր աղբյուրներից եկող ներմուծումների առնչությամբ, և հաշվի չի առնվում ներմուծումների նկատմամբ իրենց ներքին շուկաներում` նախքան Հայաստան արտահանելը կիրառվող ակցիզային և այլ հարկերի վճարումը: Ի լրումն սրա, ներմուծումների նկատմամբ կիրառվող բոլոր անուղղակի հարկերի կիրառման եղանակը կհրապարակվի պաշտոնաթերթում կամ այլ ընդարձակորեն մատչելի աղբյուրում և հեշտությամբ հասանելի կլինի ներմուծողների, արտահանողների և տեղական արտադրողների համար: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորությունների վերաբերյալ:

 

Ներմուծման քանակային սահմանափակումներ (ներառյալ` արգելման, քվոտաների և լիցենզավորման համակարգերը)

 

73. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ 1995 թ. դեկտեմբերի 29-ի N 124 որոշումը կանոնակարգում է ոչ սակագնային միջոցառումները Հայաստանում: Ներմուծումների մեծ մասը ազատ է որևէ սահմանափակումներից կամ քվոտաներից: Ներմուծման վրա դրվող սահմանափակումները կատարվում են միայն առողջության, անվտանգության և միջավայրի պաշտպանության նկատառումներով: Ընդգրկված առարկաների մեջ են բոլոր տեսակի զենքերը, ռազմական տեխնոլոգիան և դրա պատրաստման համար անհրաժեշտ սպառվող առարկաները, տեխնոլոգիաները, սարքավորումները և միջուկային նյութերը (ներառյալ` ջերմացնող նյութեր) հատուկ ոչ միջուկային նյութերը ու դրան առնչվող ծառայությունները և իոնացնող ճառագայթման աղբյուրները: Այդ ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվող հատուկ թույլտվություն: Ի պատասխան Աշխատանքային խմբի անդամների պահանջների, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանը կտրամադրի այս պահանջները հաստատող օրենքների և միջոցառումների վերաբերյալ իր սկզբնական ծանուցումը, իսկ անդամակցությունից հետո կներկայացնի Ներմուծման լիցենզավորման հանձնախմբին:

74. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ հաշվի առնելով` որոշակի ապրանքների, աշխատանքի ու ծառայությունների անվտանգությունը վերահսկելու անհրաժեշտությունը` շրջակա միջավայրը և մարդու կյանքն ու առողջությունը պաշտպանելու, ինչպես նաև սպառողների իրավունքները պաշտպանելու նպատակով, որոշ ապրանքներ` համաձայն 2000 թ. մայիսի 12-ի N 239 որոշման, ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստմանը: Դեղագործական ապրանքները և դեղամիջոցները հանված են` համապատասխանության պարտադիր հավաստմանը ենթակա (պարտադիր հավաստագրում) ապրանքների ցանկից, բայց ենթակա են ներմուծման և արտահանման թույլտվություն ստանալու պահանջին: Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ ներմուծման և արտահանման թույլտվություն ստանալու պահանջին ենթակա դեղագործական ապրանքների ու դեղամիջոցների ցանկը հաստատվել է Կառավարության 2000 թ. սեպտեմբերի 20-ի 581 որոշմամբ, ինչպես բերված է ստորև`

 

Աղյուսակ 7

 

.________________________________________________________.

|            |                  Ծածկագիր                 |

|____________|___________________________________________|

|Դեղագործական|051000, 1211, 2941, 3001, 3002, 3003,      |

|ապրանքներ,  |3004, 3005, 300630 000, 300650 000,        |

|դեղամիջոցներ|300660, 380840,                            |

|            |1108 *, 1301, 1302, 1504, 152000 000, 1702,|

|            |1804, 1805, 2207, 2209, 2501, 2520, 2712,  |

|            |2801-2802, 280440 000, 281000 000, 284700  |

|            |000, 285100, 2904-2909, 2912-2940, 2942,   |

|            |3301.                                      |

.________________________________________________________.

 

* դեղագործական նպատակներով օգտագործվող ցանկում 1108 և ապրանքների հաջորդ դասերը ենթակա են ներմուծման և արտահանման թույլտվության:

75. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համաձայն Հայաստանի Հանրապետության «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթների, մի շարք գործողություններ ենթակա են լիցենզավորման: Լիցենզավորման ենթակա գործողությունների ցանկը ներկայացված է Հավելված 3-ում:

76. Ի պատասխան դեղագործական ապրանքների և դեղամիջոցների ներմուծման վերաբերյալ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ այդ ապրանքների ներմուծման համար պահանջվում է թույլտվություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից (բացառությամբ անասնաբուժական դեղերի և առնչվող ապրանքների): «ՀՀ դեղերի և դեղանյութերի ներմուծման ու արտահանման կարգը հաստատելու մասին» N 581 որոշումը պայման է դնում, որ

- դեղագործական ապրանքների ներմուծման թույլտվությունը տրվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից,

- թույլտվությունները լինեն եզակի օգտագործման համար,

- թույլտվություն կարող են ձեռք բերել`

- այն ներմուծողները, որ ունեն` Առողջապահության նախարարության կողմից տրված դեղագործական ապրանքների և/կամ դեղամիջոցների ներմուծման և արտահանման գործողություններ կատարելու լիցենզիա,

- այն ներմուծողները, որ ունեն` Առողջապահության նախարարության կողմից տրված դեղագործական ապրանքների և/կամ դեղամիջոցների արտադրման լիցենզիա,

- այն ներմուծողները, որ չունեն լիցենզիա, բայց որոնց գործունեությունը կապված է դեղագործական ապրանքների և դեղամիջոցների հետազոտման, փորձարարական քննման, որակի, արդյունավետության ու անվտանգության վերահսկման հետ:

77. Այնուհետև նա ավելացրեց, որ այդ ապրանքների ներմուծման թույլտվությունը ձեռք բերելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը և պայմանները.

ա) դեղագործական ապրանքների հետ կապված Հայաստանի Հանրապետությունում առևտրային գործունեություն վարելու լիցենզիա («Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք, որոշում 36): «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը պայման է դնում, որ դեղամիջոցների արտադրությունն ու առևտուրը, դեղաբույսերի առևտուրը, դեղագործական գործունեությունը, կազմակերպությունների կամ անհատ ձեռներեցների կողմից տրամադրվող բժշկական օգնությունն ու ծառայությունները, գենետիկ ինժեներիան, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն բժշկական կրթական ծրագրերի իրականացումը ենթակա են պետական լիցենզավորման Հայաստանի Հանրապետությունում: Լիցենզավորման մասին օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո անհրաժեշտություն կար փոփոխելու որոշ որոշումներ` վերադրումներից և անհամապատասխանությունից խուսափելու նպատակով: Առողջապահության նախարարությունը պատասխանատու էր այս փոփոխությունների համար, սակայն որոշումները, բացառությամբ` NN 61 և 415 որոշումների, դեռ ուժի մեջ են: Դեղամիջոցների մասին օրենքը պայման է դնում, որ ներմուծման և արտահանման գործունեությունը պետք է լիցենզավորվի: Կառավարության կողմից մշակվում են հատուկ պահանջներ ներմուծման և արտահանման գործունեության լիցենզավորման համար: Ներկայումս մեծածախ առևտրի լիցենզիան իրավունք է տալիս առևտրատնտեսական ձեռնարկություններին կատարելու ներմուծման և արտահանման գործողություններ: Որոշում N 36-ը պայման է դնում, որ.

- դեղագործական և բժշկական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում ենթակա է լիցենզավորման,

- լիցենզավորումը կատարվում է Առողջապահության նախարարության կողմից,

- լիցենզիաները տրվում են 5 տարի ժամկետով:

Դեղագործական ապրանքների և բժշկական պիտույքների մեծածախ և մանրածախ առևտրի լիցենզիաները տրվում են առողջապահության նախարարության լիցենզավորման պետական հանձնախմբի կողմից: Լիցենզիաների տրամադրման ընթացակարգերը հաստատվել են 188-րդ որոշմամբ: Օտարերկրյա պետությունում բժշկական և դեղագործական կրթություն ստացած անձանց նկատմամբ կիրառվում են նույն ընթացակարգերը (ներառյալ` դեղագործական ապրանքների ներմուծման լիցենզիան): Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային համաձայնագրերի գոյության դեպքում կիրառվում են համաձայնագրում նշված ընթացակարգերը (որոշում N 188, 24 հուլիսի 1996 թ.): Միջազգային և միջկառավարական ծրագրերի կատարման համար հրավիրված օտարերկրյա մասնագետները ենթակա չեն լիցենզավորման պահանջին:

բ) Պահանջվում է, որ ներմուծված կամ արտահանված դեղագործական ապրանքները գրանցվեն Հայաստանի Հանրապետությունում: Դեղագործական ապրանքների և բժշկական պիտույքների գրանցումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է համաձայն վերջերս ընդունված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և առողջապահության նախարարության դեղագործական բաժնի կողմից հաստատված գրանցման պահանջներին համապատասխան:

գ) Ներմուծված կամ արտահանված դեղագործական ապրանքների ժամկետի լրանալուն պետք է մնացած լինի առնվազն մեկ տարի, բացառությամբ` այն դեղագործական ապրանքների, որոնց սկզբնական ժամկետը մեկ տարուց պակաս է (վերջիններիս` ներմուծման պահին մինչև ժամկետի լրանալը պետք է մնացած լինի ժամկետի առնվազն երկու երրորդը):

78. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ որպես ընդհանուր կանոն Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար լինի դա թե իրավաբանական անձ կամ թե ֆիզիկական անձ պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետությունում: Գրանցման պահանջները և գործընթացները պարզ են և կարճաժամկետ, նրանք չեն ընդգրկում ներմուծումների և արտահանումների որևէ արգելքներ կամ սահմանափակումներ, և նրանք խտրականություն չեն դնում տեղական կամ օտարերկրյա ձեռնարկությունների միջև: Այսպիսով, բոլոր ձեռնարկությունները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի Հանրապետությունում անկախ սեփականատերի ազգությունից կամ սեփականության կառուցվածքից իրավունք ունեն օտարերկրյա տնտեսական գործունեությամբ զբաղվել` ներառելով արտահանումները և ներմուծումները (Նախագահի հրամանագիր «ՀՀ-ում արտաքին տնտեսական գործունեության մասին» 1992 թ. հունվարի 4): Այսպիսով, օտարերկրյա մի որևէ ընկերություն, որը ցանկանում է ներմուծել իր ապրանքը Հայաստանի Հանրապետություն, պետք է դիմի միայն պետական գրանցման համար, ինչպես նաև բավարարի լրացուցիչ պահանջներին, որոնք առնչվում են տվյալ ապրանքի ներմուծման հետ: Լրացուցիչ պահանջները, կապված դեղագործական ապրանքների հետ, չեն հանդիսանում որպես սահմանափակող միջոցառումներ, այլ նրանք կիրառվում են միայն առողջապահության և անվտանգության նպատակներից ելնելով և հավաստելու ներմուծված դեղագործական ապրանքների համապատասխանությունը Հայաստանում ընդունված որակի ստանդարտների հետ: Բոլոր պահանջները և գործառույթները միևնույն են թե հայկական և թե օտարերկրյա ձեռնարկությունների համար: Համաձայն N 581 որոշման դրույթների, որպեսզի դեղագործական ապրանքներ ներմուծվեն Հայաստանի Հանրապետություն, անձը պետք է ունենա դեղագործական ապրանքների վաճառքի լիցենզիա (գործունեության լիցենզիա) և հատուկ առաքման համար ներմուծողը պետք է ձեռք բերի գործունեության լիցենզիան առողջապահության նախարարությունից: Ներմուծման լիցենզավորման շնորհման գործառույթը հիմնականում նպատակաուղղված է ստուգելու դեղորայքի որակը և համապատասխանությունը Հայաստանում ընդունված տեխնիկական պահանջներին: Ներմուծման թույլտվությունը տրվում է հայտը ներկայացնելուց հետո 10 օրվա ընթացքում:

 

Գրանցման և լիցենզավորման ծախսերը հետևյալն են`

 

.____________________________________________________________.

|ա)|Իրավաբանական անձանց գրանցելու             |              |

|  |համար անհրաժեշտ պետական տուրքը            |              |

|  |                                          |              |

|  |- որպես մասնավոր ձեռնարկատեր              |3,000 Դրամ    |

|  |- որպես ընկերություն                      |12,000 Դրամ   |

|__|__________________________________________|______________|

|բ)|Դեղագործության գործունեության             |200,000 Դրամ  |

|  |լիցենզիա ձեռք բերելու գինը                |              |

|__|__________________________________________|______________|

|գ)|Յուրաքանչյուր որակի թեստի գինը            |16,200 Դրամ   |

|__|__________________________________________|______________|

|դ)|Ներմուծման-արտահանման թույլատվության գինը |              |

|  |մեկ անգամ գործունեություն իրականացնելու   |20,500 Դրամ   |

|  |համար (թույլտվության թողարկման հետ կապված |              |

|  |ծախսերը փակելու համար, փաստաթղթերի        |              |

|  |համապատասխանության գնահատման համար,       |              |

|  |փաստաթղթերի իրավասության ստուգումը երեք   |              |

|  |ամսից ոչ ավել ժամկետի համար)              |              |

.____________________________________________________________.

 

20,500 Դրամ (Նշում` 1 ԱՄՆ դոլար= 560 դրամ)

 

Ինչպես նշված է կետ [Դ]-ում լիցենզիայի գինը ծածկում է լիցենզիայի դուրս թողարկման ծախսը:

79. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց ներմուծման թույլտվություն ձեռք բերելու համար կարող է դիմում ներկայացնել ցանկացած անձ, ձեռնարկություն կամ կազմակերպություն, եթե այն ունի դեղագործական գործունեություն վարելու համապատասխան լիցենզիա: Որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց գրանցվելը ներկայացնում է ավտոմատ գործընթաց, որը, ըստ անհրաժեշտության, ենթարկվում է միայն պետական լիցենզիա ունենալու որևէ պահանջին: Թույլտվության համար դիմումների վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն տասը օրվա ընթացքում` դիմումը ստանալու օրվանից, թեև գործնականորեն թույլտվությունները կարող են ձեռք բերվել ավելի կարճ ժամանակահատվածում: Եթե ապրանքները ժամանում են առանց թույլտվության, ապա ներմուծումը կարող է կասեցվել մաքսատան միջոցով մինչ ներմուծման անհրաժեշտ թույլտվության ձեռք բերումը:

80. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ կառավարության որոշումը, որը փոփոխություններ է մտցնում կառավարության N 581 որոշման մեջ, կընդունվի Հայաստանի կառավարության կողմից մինչ Հայաստանի անդամակցության որոշման ընդունումը ԱՀԿ Գլխավոր խորհրդի կողմից: Այս որոշումը կփոխի ներմուծման լիցենզավորման իրավասության ժամանակահատվածը մեկ տարով և հնարավորություն կտա նույն ներմուծողներին բազմակի առաքումներ կատարելու, ինչպես նաև կհեշտացնի ստուգման գործառույթները:

81. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ, կապված դեղագործական ապրանքների կանոնակարգման հետ, ներմուծողները և արտահանողները կարող են համապատասխան տեղեկատվություն գտնել www.pharm.am ինտերնետային էջում:

82. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ դեղագործական ապրանքներ ներմուծելու թույլտվություն ստանալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը` հայտ, դեղագործական ապրանքներ ձեռք բերելու փաստաթուղթ/պայմանագիր, Հայաստանում դեղագործական ապրանքների առևտրով զբաղվելու լիցենզիա, արտադրողի կողմից տրամադրված որակի հավաստագիր: Ներմուծման թույլտվությունները տրամադրվում են համապատասխան վճարը ստանալուց հետո: Ի պատասխան լրացուցիչ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ վճարը նախատեսված է այնպես, որ միայն ծածկի դիմումի դիտարկման համար տրամադրված ծառայությունների ծախսերը: Վճարի չափը տատանվում է դիմումից դիմում` ի համապատասխանություն համապատասխան դիմումը դիտարկելու համար ձեռք բերված որոշակի փորձի:

83. Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ թույլտվության համար դիմումները կարող են մերժվել, եթե. ա) ներկայացված փաստաթղթերում տեղ են գտել սխալ կամ թերի տեղեկություններ, բ) ապրանքների վավերացման նվազագույն ժամկետի վերաբերյալ պահանջը չի բավարարվել, գ) իրական ներմուծված դեղագործական ապրանքները չեն համապատասխանում ներմուծման փաստաթղթերում ձևակերպված հատկորոշումներին, դ) ներմուծված դեղագործական ապրանքները չեն գրանցվել Հայաստանում, կամ ե) ներմուծված դեղագործական ապրանքների որակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակի ստանդարտներին: Թույլտվություն տրամադրելու չարդարացված հետաձգումները կամ մերժումը կարող են հիմք հանդիսանալ դատական գործի հարուցման` մերժմանը հաջորդող 30 օրվա ընթացքում:

84. Հայաստանի ներկայացուցիչը այնուհետև նշեց, որ թույլտվությունները տրվում են պարտավորությունների կատարման անհրաժեշտ ժամկետի համար, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Թույլտվության վավերացման ժամկետը կարող է երկարաձգվել դիմողի հիմնավորված խնդրանքի դեպքում: Թույլտվությունները տրամադրող մարմինը կարող է ժամանակավորապես դադարեցնել դրա վավերացումը կամ չեղյալ համարել այն: Թույլտվությունը չի կարող փոխանցվել այլ ներմուծողի: Ի պատասխան լրացուցիչ հարցերի, նա հաստատեց, որ թույլտվություններ և լիցենզիաներ կարող են ձեռք բերել և հայրենական և օտարերկրյա կազմակերպությունները, եթե դրանց առևտրատնտեսական գործունեությունը գրանցված է, և լիցենզիայի ձեռքբերման պահանջների միջև տարբերություն չկա` կախված նրանից, թե դիմողն ունի հայրենական կամ օտարերկրյա ծագում:

85. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ բացի (HS-3102-3105) պարարտանյութից չկան այլ տարբեր ագրոքիմիական նյութեր, որ ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստմանը (պարտադիր հավաստագրում): Համաձայն 1995 թ. դեկտեմբերի 19-ի N 124 որոշման, բուսական պաշտպանության քիմիական նյութերի (HS 38.08) ներմուծումը պետք է թույլատրվի Գյուղատնտեսության նախարարության կողմից, առավել, բուսական պաշտպանության քիմիական նյութերի ներմուծման թույլտվությունը պետք է նաև հաստատվի Գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության տեսչության կողմից: Գրանցված բուսական պաշտպանության քիմիական նյութերի` ներմուծման համար թույլատրված ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավասությունը լիազորված է Գյուղատնտեսության նախարարության բույսերի պաշտպանության տեսչությանը` մինչև բուսական պաշտպանության քիմիական նյութերի գրանցման համար միջգերատեսչական պետական հանձնախմբի ստեղծումը: Ներմուծված կամ արտահանված քիմիական նյութերը պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետությունում: Համաձայն բույսերի պաշտպանության նյութերի Հայաստանի Հանրապետություն ներմուծման վերաբերյալ թույլտվությունների տրամադրման կանոնների, թույլտվություն ստանալու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը. ա) դիմում, բ) արտադրողի կամ համապատասխան կազմակերպության կողմից տրված ծագման և որակի հավաստագիր: Գյուղատնտեսական քիմիական նյութերի ներմուծման թույլտվությունը տրվում է ներմուծման գործարքի համար (եզակի օգտագործման համար): Թույլտվություն տրվում է միայն այն գյուղատնտեսական քիմիական նյութերի համար, որոնք ընդգրկված են Հայաստանում գրանցված գյուղատնտեսական քիմիական նյութերի ցանկում: Թույլտվությունը սովորաբար տրվում է 24 ժամվա ընթացքում` թույլատվության համար պահանջվող փաստաթղթերը տեսչության կողմից ստանալուց հետո: Թույլտվություն ստանալու դիմումը կարող է մերժվել այն դեպքում, երբ ներմուծողը պահանջվող փաստաթղթերում ներկայացնում է սխալ տեղեկություններ: Թույլտվություն տրամադրելու չարդարացված հետաձգումները կամ մերժումը կարող են դատական գործի հարուցման, ներառյալ` վերադաս մարմնին բողոքարկելու օրենքով սահմանված իրավունքի իրացման հիմք հանդիսանալ:

86. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ, մինչ Հայաստանի` ԱՀԿ-ին անդամակցելու օրը Հայաստանը կտրամադրի նախնական ծանուցում` իր ներմուծման լիցենզավորումը կամ թույլտվության պահանջները կանոնակարգող բոլոր օրենքների, կանոնակարգերի և այլ ընթացակարգերի վերաբերյալ, օրինակ` միջոցառումների ցանկը, օրենքները, ինչպես նաև ներմուծման լիցենզավորման հարցաթերթիկի իր պատասխանները ներմուծման լիցենզավորման հանձնախմբին: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորության վերաբերյալ:

87. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ սկսած ԱՀԿ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության օրվանից, Հայաստանը կվերացնի և չի սահմանի, վերասահմանի կամ չի կիրառի ներմուծումների նկատմամբ քանակային սահմանափակումներ կամ այլ ոչ սակագնային միջոցներ, ինչպիսիք են` լիցենզավորումը, քվոտավորումը, արգելքները, թույլտվությունները, նախնական հավանության պահանջները, լիցենզավորման պահանջները և հավասարազոր ազդեցություն ունեցող այլ սահմանափակումները, որոնք չեն կարող հիմնավորվել ԱՀԿ Համաձայնագրի դրույթներով: Նա այնուհետև հաստատեց, որ Հայաստանի կառավարության իրավական լիազորությունը` ժամանակավորապես կանխելու ներմուծումները և արտահանումները կամ կիրառելու լիցենզավորման պահանջներ, որ կարող են օգտագործվել ժամանակավորապես կանխելու, արգելելու կամ այլապես սահմանափակելու առևտրի ծավալը, անդամակցելու օրվանից սկսած կկիրառվի համաձայն ԱՀԿ պահանջների, մասնավորապես` ՄԱԳՀ-1994-ի 11-րդ, 12-րդ, 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածների և գյուղատնտեսության, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների, ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի, պաշտպանական միջոցառումների և առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին: Այս կապակցությամբ նա նշեց նաև, որ ներմուծումներին վերաբերող` 1995 թ. դեկտեմբերի 29-ի N 124, N 129 բանաձևերի մեջ պարունակվող նմանաձև պահանջները հավասարապես կկիրառվեն ներմուծումների և համանման տեղական ապրանքների գնման կամ վաճառքի նկատմամբ: Բացառություններ այդ պահանջներից հավասարապես կկիրառվեն ներմուծումների և տեղական ընկերությունների արտադրանքի նկատմամբ: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորությունների վերաբերյալ:

 

Ներմուծման նվազագույն գներ

 

88. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը չի կիրառում ներմուծման նվազագույն գների համակարգ:

 

Մաքսային գնահատում

 

89. Աշխատանքային խմբի որոշ անդամներ հիշատակեցին Մաքսային գնահատման մասին համաձայնագիրը և Հայաստանի Մաքսային կանոնակարգերի որոշակի անհամապատասխանությունները` կապված մաքսային գնահատման հետ: Այդ անդամները պահանջեցին ավելի մանրամասն բացատրություններ` կապված Հայաստանի կողմից Մաքսային գնահատման համաձայնագրի որոշակի դրույթների կատարման հետ, մասնավորապես` հոդվածներ 7-ի, 8-ի, 10-ի, 11-ի և 12-ի վերաբերյալ:

90. Նշելով, որ Հայաստանը հանդիսանում է Մաքսային համաշխարհային կազմակերպության անդամ, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ մաքսային գնահատման կարգը ձևակերպված է 1993 թ. դեկտեմբերի 6-ի Կառավարության N 615 որոշմանը կից` Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի հաշվարկման ընթացակարգում և Մաքսային սակագնի մասին 1993 թ. օգոստոսի 18-ի օրենքում և հետագայում 2001 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած Մաքսային օրենսգրքով ուժը կորցրած «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքում:

91. Համաձայն այդ օրենքների` մաքսային արժեքի որոշման առաջնային եղանակն է հանդիսանում գործարքի արժեքի եղանակը: Օրենքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Մաքսային նոր օրենսգիրքը, նախատեսում են գնահատման նույն վեց եղանակները, որ ներկայացված են ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրում: Ի պատասխան լրացուցիչ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Մաքսավճարների մասին օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է` Մաքսային գնահատման համաձայնագրի 5-րդ և 6-րդ հոդվածներում նշված գնահատման եղանակների կիրառման կարգի փոփոխության հնարավորություն` ներմուծողի կողմից պահանջի դեպքում: Այս դրույթը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության նոր Մաքսային օրենսգրքի հոդված 94-ի կետ 2-ում:

92. Ի պատասխան փոխկապակցված անձանց միջև առևտրի վերաբերյալ Աշխատանքային խմբի որոշ անդամների հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ այդպիսի առևտրի վերաբերյալ դրույթները ընդգրկվել են Մաքսային օրենսգրքի 78 և 87 հոդվածներում: Մաքսային գնահատման համաձայնագրի 11-րդ հոդվածի կապակցությամբ, Մաքսավճարների մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, ինչպես նաև Մաքսային նոր օրենսգրքի 96-րդ հոդվածը նախատեսում են բողոքարկման ընթացակարգեր` ապրանքների մաքսային գնահատման վերաբերյալ մաքսային մարմինների որոշումների և գործողությունների կապակցությամբ: Մաքսավճարների մասին օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետը ընդգրկում է դրույթներ` Գնահատման համաձայնագրի հոդված 5.2-ում նշված իրադրությունների կապակցությամբ: Համապատասխան դրույթները ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության մաքսային նոր օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ կետում:

93. Ի պատասխան լրացուցիչ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ «վճարված կամ վճարման ենթակա գնի» գաղափարը լուսաբանվել է 1998 թ. դեկտեմբերին ընդունված «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում, ինչպես նաև Մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածում: Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ Մաքսային գնահատման համաձայնագրի 8-րդ հոդվածի առնչությամբ, Մաքսային օրենսգրքի 83-րդ հոդվածը նախատեսում է, որ մաքսային արժեքը պետք է ներառի.

 

Արտահանման երկրում ապրանքների գործարքային արժեքը`

 

ա) մինչ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրման և համանման այլ ծախսերը,

բ) մինչ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը ապրանքների տեղափոխման համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը, բացառությամբ` ապրանքների ձեռքբերման համար կոմիսիոն ծախսերի,

գ) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արտադրության և մատակարարման նպատակով գնորդի կողմից մատակարարին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`

i) ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը,

ii) ապրանքների արտադրության մեջ օգտագործված գործիքների և համանման այլ առարկաների օգտագործման արժեքը,

iii) ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը,

iv) ապրանքների արտադրության համար անհրաժեշտ ճարտարագիտական, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը,

ե) գնորդի կողմից ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց մատակարարին ուղղակի կամ անուղղակի վճարված կամ վճարման ենթակա վճարները,

զ) տարայի, փաթեթի կամ փաթեթավորման աշխատանքների արժեքը,

է) մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետագա վաճառքի, օգտագործման կամ տնօրինման դիմաց գնորդի կողմից մատակարարին վճարման ենթակա գումարները:

94. Ի պատասխան մաքսատան կողմից կիրառվող տարադրամի փոխարժեքի վերաբերյալ հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ օգտագործվում է Հայաստանի Կենտրոնական բանկի վարած արտարժույթի ամենօրյա աճուրդներից ստացվող տարադրամի փոխարժեքը: Կենտրոնական բանկը յուրաքանչյուր օր հայտարարում է տարադրամի փոխարժեքը, և այդ փոխարժեքները տպագրվում են մամուլում, ինչպես պահանջվում է Մաքսային գնահատման համաձայնագրի հոդված 9.1-ով: Ի պատասխան գաղտնի տեղեկությունների պաշտպանության մեխանիզմի վերաբերյալ հարցերի` Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ տեղեկությունների գաղտնիությունը դիտարկող դրույթները ընդգրկվել են նոր Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ կետում` համաձայն Մաքսային գնահատման համաձայնագրի 10-րդ հոդվածի դրույթների:

95. Ի պատասխան ապրանքների մաքսային գնահատման վերաբերյալ կայացված որոշումների վերանայման գործընթացի մանրամասն նկարագրության վերաբերյալ պահանջների, Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ Մաքսային գնահատման համաձայնագրի 11-րդ հոդվածի կապակցությամբ Մաքսավճարների մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը նախատեսում են մաքսային մարմինների որոշումների և գործողությունների բողոքարկման գործընթացներ: Հոդվածը նախատեսում է մաքսային մարմնի կայացրած որոշման բողոքարկման հնարավորություն` ուղղված մաքսային ավելի բարձր մարմին կամ դատարան: Մաքսային ավելի բարձր մարմինը պետք է իր որոշումը կայացնի բողոքարկման վերաբերյալ և մեկ ամսվա ընթացքում տեղեկացնի դիմողին այդ որոշման մասին: Համապատասխանաբար, նոր Օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը նախատեսում են բողոքարկման ընթացակարգեր` մաքսային մարմինների որոշումների և գործողությունների առումով:

96. Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ ինչպես պահանջում է Մաքսային գնահատման համաձայնագրի 12-րդ հոդվածը, համապատասխան ազգային օրենքները, կանոնակարգերը, որոշումները և վճիռները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամփոփագրում կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տեղեկագրում: Մաքսային գնահատման համաձայնագրի 13-րդ հոդվածում (վերջին նախադասություն) պարունակվող պարտավորության կապակցությամբ, երբ ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել անմիջապես, Մաքսավճարների մասին օրենքի 12-րդ հոդվածի նախկին 11-րդ կետը նախատեսում էր, որ երբ մաքսային մարմինները համարում են անհրաժեշտ ճշտել ու այնուհետև մանրակրկիտ հետազոտել դիմողի կողմից համապատասխան հայտարարագրում հայտարարագրված մաքսային արժեքը, ներմուծողներին իրավունք է տրվում հետ վերցնել իրենց ապրանքները մաքսատան հսկողությունից` բանկի մեկ ամիս վավերացման երաշխավորության դիմաց, վիճելի վճարման ենթակա գումարին հավասար քանակությամբ, վերջնական որոշման համաձայն հետագա փոխհաշվարկի պայմանով: Այնուհետև նա նշեց, որ Մաքսային նոր օրենսգիրքը` 96-րդ հոդվածը (կետ 1), ընդգրկել է «Մաքսավճարի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի բովանդակությունը: Հայաստանի Հանրապետության Մաքսային օրենսգրքի 95-րդ հոդվածը (կետ 1) նախատեսում է, որ ներմուծողը` գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում իրավունք ունի` հինգ աշխատանքային օրվա ընթացքում ստանալ գրավոր բացատրություն գնահատման որոշման և մաքսային մարմինների օգտագործած գնահատման եղանակի վերաբերյալ:

97. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի իրականացման մասին ԱՀԿ համաձայնագրի բոլոր դրույթները կընդունվեն որպես Հայաստանի Մաքսային օրենսգրքի ամբողջական մաս` Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցելու օրվանից սկսած: Բոլոր համապատասխան օրենքները ամբողջովին կհամապատասխանեն ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի պահանջներին: Մասնավորապես, 2002 թ. սեպտեմբերի 25-ին փոփոխված Մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածը սահմանում է, որ մաքսատուրքերը պետք է սահմանվեն համաձայն Մաքսային գնահատման համաձայնագրի մեկնաբանման ծանոթագրությունների: Մաքսային օրենսգրքի 82-րդ հոդվածին համապատասխան ընդունված Կառավարության որոշմամբ` համաձայնագրի մեկնաբանման ծանոթագրությունները ամբողջովին կկիրառվեն Հայաստանի մաքսային սակագներ սահմանող ակտերում, ինչպես նաև, Տվյալների մշակման սարքավորումների (Carrier Media Bearing) ծրագրի գնահատման մասին 1984 թ. սեպտեմբերի 24-ի որոշումը ընդգրկվել է նոր Մաքսային օրենսգրքում (85-րդ հոդված, կետ դ/)` ապահովելով, որ ծրագրի գնահատումը հիմնված լինի կրիչների արժեքի վրա: Հայաստանը պետք է ընդունի այս խնդիրների նկատմամբ համապատասխան օրենսդրություն` նախքան Հայաստանի ԱՀԿ անդամակցության մասին որոշման ընդունումը: Նա հաստատեց, որ 2002 թ. նոյեմբերի 20-ին Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է Մաքսային օրենսգրքում անհրաժեշտ փոփոխությունները և, որ համապատասխան օրենսդրական ակտը ուժի մեջ կմտնի նախքան ԱՀԿ Գլխավոր խորհրդի Հայաստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ որոշումը: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունների վերաբերյալ:

 

Մաքսային այլ պաշտոնականություններ

 

Ծագման կանոններ

 

98. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանի կողմից կիրառվող ծագման կանոնները հետևում են Ծագման կանոնների մասին համաձայնագրում սահմանված սկզբունքներին` ապրանքի ծագման երկիր է հանդիսանում այն երկիրը, որտեղ դա ամբողջությամբ արտադրվել է կամ վերջին անգամ ենթարկվել է բավարար վերամշակման: Ծագումը որոշելու եղանակի ընտրությունը կախված է դիտարկվող ապրանքներից և համապատասխան միջազգային պայմանագրից, որի առնչությամբ կիրառվում են ծագման կանոնները: Այնուամենայնիվ, բացառությամբ` մեկ երկրում ամբողջությամբ ծագող ապրանքների, օգտագործվում է սակագնային վերնագրի փոփոխության չափանիշը (4-նիշանի մակարդակ` HS դասակարգման մեջ), եթե չի նախատեսված այլընտրանքային եղանակ: Համաձայն` Կառավարության 1993 թ. դեկտեմբերի 6-ի N 615 որոշմանը կից ծագման երկիրը որոշելու ընթացակարգի, որպես ծագման երկիր է դիտվում այն երկիրը, որտեղ ապրանքը ամբողջությամբ պատրաստվել է կամ որտեղ այն ենթարկվել է բավարար վերամշակման:

99. Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ավելացրեց, որ Մաքսային օրենսգիրքը ընդգրկում է ծագման կանոնների դաշտը կանոնակարգող համապատասխան դրույթներ: Մաքսային օրենսգիրքը լրիվ կերպով համապատասխանում է ԱՀԿ դրույթներին: Մասնավորապես, տրված են ճշգրիտ սահմանումներ հետևյալի համար`

այն ապրանքների, որ պետք է դիտարկվեն որպես մեկ երկրում ամբողջությամբ ձեռք բերված ապրանքներ,

բավարար վերամշակման չափանիշի` սակագնային դասակարգման փոփոխության իմաստով ու ավելացված արժեքի տոկոսադրույքի չափանիշի,

նվազագույն գործողությունների կամ գործընթացների, որոնք իրենցով չեն որոշում ապրանքների ծագումը:

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 160-րդ հոդվածի, հետևյալ ապրանքները պետք է համարվեն որպես մեկ երկրում ամբողջությամբ ձեռք բերված ապրանքներ`

ա) կենդանի կենդանիներ, որոնք ծնվել և աճեցվել են այդ երկրում,

բ) կենդանիներ, որոնք ձեռք են բերվել տվյալ երկրում որսորդության, թակարդելու, ձկնորսության (տվյալ երկրի տարածքային և ներքին ջրերում) կամ համանման այլ գործողության հետևանքով,

գ) կենդանի կենդանիներից տվյալ երկրում ստացված ապրանքները,

դ) տվյալ երկրում աճեցված, հնձված, քաղված կամ հավաքված բույսերը կամ բուսամթերքը,

ե) տվյալ երկրի տարածքից, ընդերքից կամ տարածքային և ներքին ջրերի հատակից ստացված, արդյունահանված օգտակար հանածոները և այլ բնական պաշարները, որոնք ընդգրկված չեն սույն կետի «ա»-ից «դ» ենթակետերում,

զ) տվյալ երկրում արտադրության, վերամշակման կամ սպառման հետևանք հանդիսացող մնացորդները և երկրորդային հումքը, որոնք պիտանի չեն կամ պիտանի են միայն որպես հումք,

է) տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավերով չեզոք ջրերում ձկնորսությամբ ձեռք բերված արտադրանքը,

ը) սույն կետի «է» կետում նշված ենթակետում նշված ապրանքներից տվյալ պետության դրոշն օրինականորեն կրող նավ-գործարաններում պատրաստված արտադրանքը,

թ) տվյալ երկրին պատկանող կամ վերջինիս կողմից վարձակալված տիեզերանավերում թռիչքի ընթացքում ստացված արտադրանքը,

ժ) տվյալ երկրում սույն կետի «ա»-ից «թ» ենթակետերում նշված արտադրանքից ստացված կամ արտադրված ապրանքները:

100. Այնուհետև նա ավելացրեց, որ համաձայն նոր Մաքսային օրենսգրքի 161-րդ հոդվածի, երբ ապրանքի արտադրության մեջ դիտարկվում են մեկից ավելի երկրներ, ապրանքի ծագման երկիր կհամարվի վերջին երկիրը, որտեղ ապրանքը ենթարկվել է էական վերամշակման: Էական վերամշակման չափանիշները որոշվում են հետևյալ կերպ`

ա) մշակման գործողություններ, որոնք բերում են ապրանքի ապրանքային ծածկագրի առաջին չորս նիշերից ցանկացածի փոփոխությունը,

բ) տվյալ ապրանքի արտադրության մեջ օգտագործվող տվյալ երկրի ծագում ունեցող նյութերի արժեքի և ավելացված արժեքի տոկոսային բաժինը կազմում է արտադրանքի բացթողման (մատակարարման) գնի ամենաքիչը 30 տոկոսը, ընդ որում այդ գնի մեջ հաշվի չեն առնվում անուղղակի հարկերը, առևտրային վերադիրները, տրանսպորտային, ապահովագրման, պահպանման և համանման այլ ծախսերը:

Այն ապրանքների դեպքում, որոնք դասակարգված են որպես կոմպլեկտներ (կոմպլեկտավորված ապրանքներ) կամ դիտվում են որպես այդպիսիք, Մաքսային օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ այդ ապրանքների ծագման երկիր է համարվում այն երկիրը, որտեղ կոմպլեկտը հավաքվել է, եթե կոմպլեկտի տվյալ երկրի ծագում չունեցող մասերի ընդհանուր արժեքը չի գերազանցում դրա արժեքի 45 տոկոսը: Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 163-րդ հոդվածի` ապրանքի բավարար վերամշակման չափանիշներ չեն համարվում`

ա) բացառապես ապրանքների նպատակային նշանակման և վերջնական օգտագործման մեջ կատարվող փոփոխությունները (օրինակ` մարդատար մեքենայից բեռնատարի հավաքում և այլն),

բ) ցանկացած ձևով կատարվող փաթեթավորման գործողությունները (ներառյալ շշալցում, փաթաթում և այլն),

գ) ներդաշնակ համակարգի կանոնների համաձայն` անավարտ ապրանքներն ավարտուն ապրանքների շարքում դասակարգելը կամ ավարտված, բայց չմոնտաժված արտադրանքը մոնտաժված ապրանքների շարքում դասակարգելը,

դ) պարզ հավաքման գործողությունները, մասնավորապես` մեկ այլ անվանման տակ դասակարգելի ապրանքներ ստանալու համար միավորների խրոցակային միացումը (օրինակ` մոնիտորի, ավտոմատ սնուցման միավորի, ստեղնաշարի, մկնիկի միացմամբ համակարգչի ստացում և այլն),

ե) բացառապես պաշտպանական միջոցների ավելացումը,

զ) ԱՏԳԱԱ-ի 01 (կենդանի կենդանիներ) ապրանքային խմբում դասակարգված ապրանքներից 02 (միս և մսամթերք) ապրանքային խմբի ապրանքներ ստանալը,

է) ապրանքների վաճառքի և փոխադրման նախապատրաստական աշխատանքները (խմբաքանակների մասնատում, տեսակավորում, վերափաթեթավորում և այլն),

ը) արտադրանքի պահպանության, տեղափոխման և պահեստավորման համար անհրաժեշտ գործողությունները,

թ) ապրանքների վրա կամ դրանց փաթեթավորման վրա նիշերի, պիտակների կամ այլ տարբերակող նշանների ավելացումը,

ժ) ապրանքների (բաղադրամասերի) խառնման միջոցով այնպիսի արտադրանքի ստացումը, որի բնութագրերն էապես չեն տարբերվում ելակետային բաղադրամասերի բնութագրերից,

ժա) սույն կետի ա)-ից ժ) ենթակետերում նշված երկու կամ ավելի գործողությունների համակցությունը:

101. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Մաքսային օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում է ծագման կանոնների կիրառման հաջորդականությունը: Իր տեսակետից, Մաքսային օրենսգրքով սահմանված ծագման կանոնները չեն հետապնդում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն, որևէ առևտրային նպատակներ և ոչ էլ ստեղծում խոչընդոտներ ազատ առևտրի համար` համաձայն ԱՀԿ նպատակների: Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ ծագման կանոնների վերաբերյալ Մաքսային օրենսգրքի դրույթները կիրառվում են ոչ միայն ԱՊՀ երկրներից ներմուծումների, այլ նաև այլ երկրների ներմուծումների նկատմամբ, և որ ծագման հավաստագրերն ընդունվում են ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ ոչ ԱՊՀ երկրների ներմուծումներից: Համաձայն Մաքսային օրենսգրքի հոդված 168-ի` ծագման հավաստագրի բացակայությունը ինքնին չի կարող հանդիսանալ միակ պատճառը ապրանքների ներմուծումն արգելելու համար: Իր տեսակետից, Մաքսային օրենսգրքի հոդված 167-ի 2-րդ կետի դրույթները համապատասխանում են ԱՀԿ Ծագման կանոնների մասին համաձայնագրի հոդված 2-ի և հավելված II-ի կետ 3դ)-ի պահանջներին: Հոդված 169-ը պարունակում է դրույթներ` ապրանքների ծագման երկրի որոշման և հաստատման հետ կապված պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց գործողությունների, անգործության և որոշումների բողոքարկման վերաբերյալ: Այդ հոդվածը նախատեսում է նաև, որ հայտարարատուն կարող է դիմել վերադաս մարմիններ կամ դատարան, եթե նա համաձայն չէ ապրանքների ծագման երկրի որոշման կամ հաստատման եղանակի հետ: Վերադաս մարմնից պահանջվում է, որ այն քննարկի դիմումը և որոշում կայացնի մեկամսյա ժամկետում և տեղեկացնի դիմողին: Աշխատանքային խումբը նշում կատարեց այդ պարտավորությունների վերաբերյալ:

102. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ Հայաստանի ԱՀԿ անդամակցության օրվանից իր օրենքներն ու կանոնակարգերը` կապված ծագման կանոնների հետ, կհամապատասխանեն Ծագման կանոնների մասին համաձայնագրին և ԱՀԿ այլ դրույթներին, ներառյալ` հոդված 2-ի ը)-ի և հավելված II-ի կետ 3դ)-ի պահանջներին: Այս կապակցությամբ, նա հաստատեց նաև, որ ոչ արտոնյալ և արտոնյալ ծագման կանոններին համապատասխանաբար, Հայաստանի համապատասխան իրավասու մարմինները կամ իրենց անունից գործող նախաառաքումային ստուգման իրավասու մարմինները` արտահանողի, ներմուծողի կամ հիմնավոր շարժառիթներ ունեցող որևէ անձի պահանջի դեպքում կապահովեն ներմուծված ապրանքների ծագման գնահատումը և կնշեն դրա տրամադրման պայմանները: Համաձայն Ծագման կանոնների մասին ԱՀԿ համաձայնագրի վերը նշված դրույթների` այդպիսի գնահատման վերաբերյալ ցանկացած պահանջ կընդունվի անգամ մինչև տվյալ ապրանքների առևտուրը սկսելը, և ցանկացած այդպիսի գնահատում օրինական է երեք տարվա ընթացքում: Նա հաստատեց, որ ՀՀ Ազգային ժողովը 2002 թ. նոյեմբերի 20-ին ընդունել է անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները այս դրույթների լիակատար իրականացման համար, և որոնք ուժի մեջ կմտնեն նախքան ԱՀԿ Գլխավոր խորհրդի որոշումը Հայաստանի` ԱՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունները ստանձնելու վերաբերյալ:

 

Նախաառաքումային ստուգում

 

103. Ի պատասխան հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ թեև Հայաստանի կառավարությունը հայտարարել էր միջազգային մրցույթ` ընդունելու մրցակցային հայտեր, 1998 թ. բոլոր ուղղություններից եկող ներմուծումների նախաառաքումային ստուգումը կատարելու համար ընկերություն ընտրելու նպատակով, ոչ մի համաձայնագիր դեռ չի ստորագրվել: Հայաստանի ներկայացուցիչը այնուհետև նշեց, որ Հայաստանի կառավարությունը ներկայումս որևէ պատճառ կամ անհրաժեշտություն չի տեսնում ներգրավելու նախաառաքումային ստուգման ընկերություններ, և նշեց, որ նախաառաքումային ստուգումը Հայաստանում դեռ չի գործում:

104. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ իր կառավարությունը կապահովի, որ նախաառաքումային ստուգման համակարգի որևէ հետագա ծրագիր կկիրառվի, համաձայն ԱՀԿ Համաձայնագրի պահանջների, մասնավորապես` Նախաառաքումային ստուգման մասին համաձայնագրի, Աշխատանքային խմբի 1997 թ. դեկտեմբերի 2-ի հանձնարարականների և այդ Աշխատանքային խմբի կողմից տրված որևէ հետագա հանձնարարականների, 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի (Մաքսային գնահատման մասին համաձայնագիր) և Ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին, Ծագման կանոնների մասին, 6-րդ հոդվածի իրականացման մասին (հակագնագցում), լրավճարների և հակակշիռ միջոցառումների մասին, առևտրի տեխնիկական խոչընդոտների մասին, սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների մասին, պաշտպանական միջոցառումների մասին և գյուղատնտեսության մասին Համաձայնագրերի: Հայաստանը կապահովի, որ ԱՀԿ դրույթներով ընդգրկված մաքսային պարտականությունները կատարող յուրաքանչյուր մասնավոր ձեռնարկություն կհրապարակի իր գործառույթները և ընթացակարգերը, ինչպես պահանջվում է ՄԱԳՀ 10-րդ հոդվածով, և որ ձեռնարկության վճիռները Հայաստանի կառավարության համար կլինեն միայն խորհրդակցական բնույթի և կարող են բողոքարկվել` դիմելով կառավարությանը կամ դատարան, և որ ընդհանուր կիրառման որևէ վճիռ մատչելի կլինի ԱՀԿ անդամներին և ներմուծողներին ու արտահանողներին` ըստ պահանջի, և որ Հայաստանը` ԱՀԿ անդամների պահանջի դեպքում, կհանդիպի նրանց հետ, քննարկելու այդ ձեռնարկությունների գործունեությունը և դրանց ազդեցությունը առևտրի վրա` խնդիրները լուծելու նպատակով: Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ նախաառաքումային ստուգման որևէ համակարգ կլինի ժամանակավոր` մինչ Հայաստանի մաքսային մարմինները ի վիճակի կլինեն պատշաճորեն կատարելու այդ գործողությունները: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Հակագնագցումային, փոխհատուցման և պաշտպանական ռեժիմներ

 

105. Ի պատասխան հարցադրումների այն մասին, թե արդյոք Հայաստանը ներկայումս ունի հակագնագցումային, փոխհատուցման կամ պաշտպանական ռեժիմ, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հակագնագցման մասին օրենքի նախագիծը ներկայացվել է Ազգային ժողով: Պաշտպանական միջոցառումները հաստատվել են` Տեղական շուկայի պաշտպանության մասին օրենքի ընդունումով (2001 թ. ապրիլի 18-ի Պաշտպանական միջոցառումներ): «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը նույնպես ընդունվել է (2000 թ. նոյեմբերի 16), որի նպատակն է պաշտպանել ու նպաստել տնտեսական մրցակցությանը և ապահովել պատշաճ մթնոլորտ ազնիվ մրցակցության համար: Այս օրենսդրական ակտերի նախագծերը պատրաստվել են ամբողջությամբ ի համապատասխանություն ԱՀԿ դրույթների, ներառյալ` ՄԱԳՀ-1994-ի 6-րդ և 19-րդ հոդվածներին, ՄԱԳՀ-1994-ի 6-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի, Լրավճարների և հակակշիռ միջոցառումների մասին համաձայնագրի և Պաշտպանական միջոցառումների մասին համաձայնագրի:

106. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ անդամակցության օրվանից սկսած Հայաստանը չի կիրառի որևէ հակագնագցման, պաշտպանական, կամ հակակշիռ միջոցառումներ, մինչ այն չիրականացնի և ծանուցի համապատասխան օրենքները ԱՀԿ-ին` ամբողջությամբ ի համապատասխանություն ԱՀԿ-ի համաձայնագրերի 6-րդ հոդվածի իրականացմանը, լրավճարների և հակակշիռ միջոցառումների, ինչպես նաև Պաշտպանական միջոցառումների մասին ԱՀԿ համաձայնագրերի դրույթների: Այդպիսի օրենսդրության ընդունումից և ծանուցումից հետո Հայաստանը կկիրառի հակագնագցումային տուրքերը, հակակշիռ տուրքերը կամ պաշտպանական միջոցառումները ամբողջական համապատասխանությամբ այս Համաձայնագրերի և այլ համապատասխան ԱՀԿ դրույթների: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունների վերաբերյալ:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
22.11.2002
N (02-6528)
Միջազգային պայմանագիր