Սեղմել Esc փակելու համար:
ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ (4-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

WT/ACC/ARM/23

22 նոյեմբերի, 2002

(02-6528)

 

Հայաստանի անդամակցության

    Աշխատանքային խումբ                             Բնօրինակը` անգլերեն

 

ԶԵԿՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

(4-րդ մաս)

 

Արտահանման կանոնակարգեր

 

Արտահանման սահմանափակումներ և արտահանման լիցենզավորման համակարգ

 

107. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված կամ արտահանված ապրանքների (գործողությունների, ծառայությունների) ոչ սակագնային կանոնակարգման մասին 1995թ. դեկտեմբերի 29-ի N 124 որոշումը կանոնակարգում է Հայաստանի արտահանման ոչ սակագնային միջոցառումները և գործում է որպես արտահանման լիցենզավորման ոչ ավտոմատ ձև: Արտահանման թույլտվությունը, որ պահանջվում է Հայաստանում որոշակի ապրանքների արտահանման համար, հիմնավորված են ԱՀԿ դրույթներով, այսինքն` ՄԱԳՀ-1994-ի 11-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածներով: Ավտոմատ արտահանման լիցենզիաները պահանջվում են նաև մանածագործվածքների համար (միայն դեպի Եվրոպական Միություն): Մանածագործվածքների արտահանման լիցենզիաները պահանջվում են համաձայն Եվրոպական Միության հետ համաձայնագրերի, բայց ներկայումս չկան սահմանափակումներ այդ արտահանումների նկատմամբ: Դեղամիջոցների և որոշ կենդանի կենդանիների ու բույսերի համար պահանջվում է թույլտվություն համապատասխան իրավասու մարմիններից: Դեղամիջոցների, կենդանի կենդանիների և բույսերի համար թույլտվությունը ընդհանուր առմամբ չունի սահմանափակող բնույթ, ավելի շուտ այն նախատեսված է ապահովելու հասարակական առողջությունն ու անվտանգությունը: Զենքերի, ռազմական տեխնիկայի և դրա պատրաստման համար անհրաժեշտ սպառվող առարկաների, տեխնոլոգիական սարքավորումների և միջուկային նյութերի (ներառյալ` ջերմացնող նյութերի) փնտրող սարքերի, հատուկ ոչ միջուկային նյութերի և դրան առնչվող ծառայությունների, իոնացնող ճառագայթման աղբյուրների արտահանումը և ներմուծումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվող թույլտվության միջոցով: Բոլոր այլ ապրանքները կարող են ազատ կերպով արտահանվել Հայաստանից: Այս համակարգը կիրառվում է բոլոր ուղղությունների արտահանումների նկատմամբ, բացառությամբ` Եվրոպական Միություն մանածագործվածքների և հագուստի արտահանման լիցենզիայի պահանջի դեպքում: Թույլտվության պահանջները նպատակաուղղված չեն սահմանափակելու արտահանումների քանակը կամ արժեքը: Ավելի շուտ, դրանք ուղղված են պաշտպանելու ազգային շահերը և մարդկանց կյանքն ու առողջությունը, կենդանիներին ու բույսերը, շրջակա միջավայրը: Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ կառավարությունը չի կարծում, որ այս պահին կա ավելի լավ ուղի այդ նպատակներին հասնելու համար:

108. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ արտահանման ոչ սակագնային կանոնակարգման Հայաստանի համակարգը շատ նման է ներմուծման նկատմամբ կիրառվող համակարգին: Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա դեղագործական ապրանքների և հազվագյուտ կենդանիների ու բույսերի արտահանումը ենթակա է ոչ սահմանափակող կանոնակարգմանը, որը նախատեսված է պաշտպանելու առողջությունն ու շրջակա միջավայրը: Դեղագործական ապրանքների արտահանման թույլտվության ընթացակարգերը նույնն են, ինչպես և ներմուծման թույլտվության ընթացակարգերը, և կանոնակարգվում են նույն որոշումներով: Թույլտվություն է պահանջվում հազվագյուտ իրերի և մշակութային արժեքների արտահանման համար, որոնք համարվում են ազգային ժառանգության մաս: Բացի այդ, Եվրոպական Միություն մանածագործվածքների և հագուստի արտահանումը ենթակա է լիցենզավորման ըստ Եվրոպական Միության հետ կնքած երկկողմ համաձայնագրի: Մանածագործվածքների և հագուստի արտահանման լիցենզավորումը թույլ է տալիս, որ այդ առարկաները վերահսկվեն, բայց ներկայումս դրանք ենթակա չեն որևէ տեսակի սահմանափակումների:

109. Հայաստանի ներկայացուցիչը ասաց, որ Հայաստանը կիրառում է արտահանման թույլտվության պահանջներ հետևյալ առարկաների նկատմամբ`

 

Աղյուսակ 8

 

._____________________________________________________________________.

|                               |              Ծածկագիր               |

|_______________________________|_____________________________________|

|Առարկաներ, որոնք ազգային       |                                     |

|ժառանգության մաս են դիտվում    |                                     |

|_______________________________|_____________________________________|

|Դեղագործական ապրանքներ,        |051000, 1211, 2941, 3001, 3002, 3003,|

|դեղամիջոցներ                   |3004, 3005, 300630 000, 300650 000,  |

|                               |300660, 380840, 1108*, 1301, 1302,   |

|                               |1504, 152000 000, 1702, 1804, 1805,  |

|                               |2207, 2209, 2501, 2520, 2712,        |

|                               |2801-2802, 280440 000, 281000 000,   |

|                               |284700 000, 285100, 2904-2909,       |

|                               |2912-2940, 2942, 3301.               |

|_______________________________|_____________________________________|

|Հայաստանի Հանրապետության Կարմիր|                                     |

|գրքում ընդգրկված հազվագյուտ    |                                     |

|վայրի կենդանիներ ու բույսեր    |                                     |

._____________________________________________________________________.

 

* դեղագործական նպատակներով օգտագործվող ցուցակում 1108 և ապրանքների հաջորդ դասերը ենթակա են ներմուծման և/կամ արտահանման թույլտվության:

 

Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրքը առանձնացնում է մոտավորապես հարյուր հազվագյուտ կենդանիներ ու թռչուններ և 390 հազվագյուտ բույսեր, որոնց կապակցությամբ պահանջվում է թույլտվություն, և որոնց արտահանման նկատմամբ կարող է հսկողություն իրականացվել:

110. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ համաձայն N 581 որոշման դեղագործական ապրանքների և դեղամիջոցների արտահանումը պետք է թույլատրվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից: Համաձայն N 124 որոշման Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված հազվագյուտ վայրի կենդանիների ու բույսերի արտահանումը կատարվում է բնապահպանության նախարարության կողմից տրվող թույլտվությունների միջոցով: Ազգային ժառանգության համար արժեք ներկայացնող առարկաների արտահանումը պետք է թույլատրվի Մշակույթի նախարարության կողմից: Եվրոպական Միություն մանածագործվածքների և հագուստի արտահանման դեպքում` առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը ունի արտահանման լիցենզիաների տրամադրման բացառիկ իրավասություն: Դեղագործական ապրանքների ու դեղամիջոցների ներմուծումը և/կամ արտահանումը կարող է մերժվել, եթե` ա) ներկայացված փաստաթղթերում եղել են ոչ ճիշտ և/ կամ անբավարար տեղեկություններ, բ) դեղագործական ապրանքների ժամկետը սպառված է, գ) ներմուծված դեղագործական ապրանքները և/կամ դեղամիջոցները փաստացի չեն համապատասխանում ներմուծման փաստաթղթերում ներկայացված բնութագրերին, դ) դեղագործական ապրանքները գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում, ե) ներմուծված դեղագործական ապրանքների որակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետությունում ընդունված որակի չափանիշներին: Թույլտվություն տրամադրելու չարդարացված հետաձգումները և մերժումը կարող են հիմք հանդիսանալ դատական գործ հարուցելու համար: Առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը կարող է մերժել դիմողին արտահանման լիցենզիա տրամադրելու` կապված Եվրոպական Միություն արտահանումների հետ, եթե դիտարկվող առարկաների արտահանումը գերազանցում է որոշակի քանակային սահմաններ: Քանի որ այսպիսի դեպք չի պատահել մինչ այժմ, Հայաստանը դեռ չի մշակել արտահանման քվոտաների կառավարման մեխանիզմ:

111. Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ասաց, որ արտահանման լիցենզիա ձեռք բերել ցանկացող անձ, ձեռնարկություն կամ կազմակերպություն կարող է դիմել այդ նպատակով, եթե այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում առևտրատնտեսական գործունեություն ծավալող իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց: Ինչպես և դեղագործական ապրանքների ներմուծման դեպքում, դեղագործական ապրանքների արտահանման թույլտվություն ձեռք բերելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը` դիմում, դեղագործական ապրանքների ձեռքբերմանը վերաբերող հավաստագիր, Հայաստանում դեղագործական ապրանքների առևտուր կատարելու լիցենզիա, դեղագործական ապրանքների ձեռքբերմանը և վաճառքին վերաբերող փաստաթղթեր (պայմանագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն) և արտադրողի կողմից տրամադրված որակի հավաստագիր: Թույլտվությունները տրվում են տաս օրվա ընթացքում` դիմումը ներկայացնելուց հետո: Քանի որ նախատեսված տասնօրյա ժամկետը ներկայացնում է առավելագույն ժամանակահատվածը, գործնականում թույլտվությունները կարող են ձեռք բերվել ավելի կարճ ժամանակահատվածում: Արտահանման թույլտվությունը սովորաբար չի տրվում անմիջապես դիմելուց հետո, բայց գործնականում անհրաժեշտ ընթացակարգերի կատարումը կարող է կատարվել մեկ կամ երկու օրվա ընթացքում: Արտահանման թույլտվության համար կատարվող վճարը հավասար է Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձին: Թույլտվությունը չի կարող փոխանցվել արտահանողների միջև: Թույլտվության համար դիմումի ներկայացումը և/կամ արտահանումը կարող են կատարվել ցանկացած պահին տարվա ընթացքում: Թույլտվությունները տրվում են երեք ամիս ժամկետով: Արտահանման թույլտվություն տրամադրելու մերժումը կարող է հիմք հանդիսանալ դատական գործի հարուցման համար:

112. Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը հաստատեց, ցանկացած արտահանման լիցենզավորման պահանջները կամ արտահանման վերահսկման այլ պահանջները կկիրառվեն ԱՀԿ, ներառյալ ՄԱԳՀ-1994-ի 11-րդ, 17-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածների դրույթների համաձայն: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Այլ միջոցառումներ

 

113. Արտահանումների թերապրանքագրումների և արհեստականորեն ցածր գներով արտահանումների կանխարգելման նպատակով N 124 որոշմանը համաձայն հաստատվել է նվազագույն գների ցանկ որոշ ապրանքների համար: Հաստատված գները հավասարապես կիրառվում են արտահանման բոլոր ուղղությունների նկատմամբ: 1995թ. դեկտեմբերի 29-ից ուժի մեջ մտած այս ցանկը ընդգրկում է սև և գունավոր մետաղները (HS 72.00, 72.04, 74.0-74.14. 75. 76.0-76.14, 78.80, 81.01, 81.13): Համաձայն Որոշում N 124-ի, վերը նշված ցանկի ապրանքները կարող են արտահանվել սահմանված նվազագույն գներից ավելի ցածր գներով: Այնուամենայնիվ, սև ու գունավոր մետաղներ և մետաղի ջարդոն արտահանող ձեռնարկությունների հարկային պարտավորությունները հաշվարկվում են այդ հաստատված գների հիման վրա, եթե հայտարարագրված արտահանման գինը տեղեկատու գումարից ավելի ցածր է: Այս դեպքում արտահանողից պահանջվում է նաև ներկայացնել Ստանդարտացման, չափագրման և հավաստագրման վարչության (ՍՉՀԳ) համապատասխանության հավաստագիրը: Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններից պահանջվում է տեղեկացնել գործարքի մասին հարկային տեսչությանը մեկ ամսվա ընթացքում: Ավելի ուշ, Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ 1999 թ. ապրիլի 21-ին նվազագույն հաստատված գների ցանկը հանվել է:

 

Արտահանման լրավճարներ

 

114. Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը հաղորդեց, որ ներկայումս Հայաստանը չի տրամադրում որևէ տեսակի խրախուսման միջոց կամ արտահանման լրավճար: Կառավարությունը հավատացած է, որ արտահանման ընդլայնումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ապագա տնտեսության կենսունակության համար: Այս նպատակով դիտարկվել են արտահանումը խրախուսելու տարբեր եղանակներ, մասնավորապես` խթանող գործառույթների միջոցով: Կառավարությունը չի մտադրվում արտահանման լրավճարները դիտարկել որպես արտահանման ծրագրի ընդլայնման մի մաս: Արտահանմանը նպաստելու միջոցառումները ներկայումս հիմնականում կապված են համապատասխան ինստիտուցիոնալ ենթակառույցների հիմնման և զարգացման հետ, ինչպիսիք են` Հայկական զարգացման գործակալությունը, որը կարող է աջակցել գործարար համայնքին այնպիսի ծառայություններ մատուցելով, ինչպիսիք են` տոնավաճառների կազմակերպումը, Հայաստանի ներկայացումը միջազգային ասպարեզում, տեղեկատվության տրամադրումը, մարկետինգային հետազոտությունների իրականացումը և այլն:

115. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ կառավարությունը չի պահպանում լրավճարներ, որոնք համապատասխանում են արգելված լրավճարների սահմանմանը` Լրավճարների և Հակակշիռ Միջոցների մասին համաձայնագրի 3-րդ հոդվածի իմաստով, և չի փնտրում ճանապարհներ` նախանշված ժամանակահատվածում այդպիսի միջոցները վերացնելու համար: Նա նաև հաստատեց, որ Հայաստանը հետագայում չի կիրառի այդպիսի արգելված լրավճարներ և կձեռնարկի արտահանմանը նպաստելու միջոցառումներ` ԱՀԿ պահանջներին համապատասխան: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունները ստանձնելու վերաբերյալ:

 

Ապրանքների առևտրի վրա ազդող ներքին քաղաքականություն

 

Արդյունաբերական քաղաքականություն, ներառյալ` լրավճարներ

 

116. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ արդյունաբերական քաղաքականությունը նպատակ ունի ավելի արդյունավետ կերպով օգտագործել տեղական պաշարները շուկայական ուղղվածության շրջանակներում: Սեփականաշնորհումը հանդիսանում է արդյունաբերության վրա ազդող այդ քաղաքականության կենտրոնական նպատակը: Հայաստանում նախկինում ժողովրդական սեփականությանը պատկանող ձեռնարկությունների մոտավորապես 76 տոկոսը սեփականաշնորհվել է, իսկ 24 տոկոսը` մնացել պետության վերահսկողության տակ: 2001 թ. վերջի դրությամբ Հայաստանում գոյություն ունեցող իրավաբանական անձանց թիվը կազմում էր մոտավորապես 45000, որոնցից միայն 39 էին հանդիսանում ամբողջովին պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններ (բաժնետիրական կապիտալի 100 տոկոսով պետությանը պատկանող): Ի պատասխան հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ, սպասելով սեփականաշնորհման ծրագրի ավարտին, կառավարությունը պահանջել է պետական սեփականությանը պատկանող ձեռնարկություններից գործել համաձայն շուկայական սկզբունքների: Պահանջվում է, որ Հայաստանի ձեռնարկությունները ձեռք բերեն իրենց միջոցները ազատ շուկայում: Ընկերություններից շատերը դեռ չեն օգտագործում շուկայական տնտեսությանը համապատասխան հաշվապահական համակարգեր, սակայն դրանք գտնվում են մշակման ընթացքում: Ի պատասխան ուղղակի լրավճարների վճարման վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրելու պահանջներին, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ սկսած 1995 թ. սկզբից, համարյա ոչ մի ուղղակի լրավճար չի շնորհվել արդյունաբերությանը: Նախորդ տարիներին բավականին մեծ չափերով ուղղակի լրավճարներ են տրամադրվել ձեռնարկություններին կոնցեսիոն վարկերի միջոցով: Նա այնուհետև նշեց, որ կառավարությունը ընդհանուր առմամբ չի պահպանում արդյունաբերական բնագավառում արտադրությանը շնորհվող լրավճարները:

117. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ 1995 թ. ուղղակի լրավճարների միակ շահառուներն էին ռազմավարական (ռազմական) սարքավորումների արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները, որոնց լրավճարները տրամադրվել են գործարանի հետագա կառուցման և սարքավորումներով համալրման համար: Շահառու ձեռնարկությունները չեն արտահանել իրենց արտադրանքը: Որևէ մնացյալ անուղղակի լրավճարներ, որ կարող են ի հայտ գալ փոխհաշվարկային միջոցառումների հետևանքով, անհայտանում են` միջկառավարական փոխհաշվարկային պայմանագրերի նվազման (և վերջնականում` վերացման) պատճառով: Գնումները պետական պատվերների միջոցով, որ նույնպես կարող են ներառել անուղղակի լրավճարներ, փոխարինվում են մրցույթների մրցակցային ընթացակարգերով, միևնույն ժամանակ, կառավարությունը ազատություն է վերապահում` որոշակի արտոնություններ շնորհելու տեղական հայտատուներին: 1998 թ. կառավարությունը գործնականում վերսկսեց հարկային պարտավորությունների դուրսգրումը` որպեսզի օժանդակի մի քանի ընտրված մեծ ձեռնարկությունների վերականգնմանը ու վերակառուցմանը, ինչպիսին են` Արմենմոտորսը և Երևանի ոսկերչական գործարանը: Նմանատիպ նպատակներով, հարկային պարտավորությունները դուրս են գրվել այն ձեռնարկություններից, որոնք պարտքեր են կուտակել` միջկառավարական փոխհաշվարկային պայմանագրերի և պետպատվերների միջոցով գնումների շրջանակներում կատարվող փոխադրումների դիմաց չվճարման պատճառով:

118. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ արդյունաբերական քաղաքականության շարունակական բարեփոխումները կարող են անուղղակիորեն լրավճարներ շնորհել արդյունաբերական ճյուղերին, կառավարությունը պահպանում է զգալիորեն ապականոնակարգված գործարար միջավայր, որը կապակցվելով կառավարության բաց ներդրումային քաղաքականության հետ, կապահովի շուկայական մրցակցայնության նպաստող պայմաններ: Ձեռնարկությունները ազատ են մուտք գործելու տնտեսության բնագավառներ և դուրս գալու դրանցից` շուկայի վերաբերյալ իրենց սեփական որոշումների հիման վրա: Առևտրատնտեսական միջավայրը պաշտպանելու և ուժեղացնելու համար նախատեսված լրացուցիչ միջոցներ են հանդիսանում հակամենաշնորհային և սնանկության մասին օրենքները: «Բանկերի սնանկության և իրավաբանական անձանց մասին» և, «Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների ու ձեռներեցների սնանկության մասին» ՀՀ օրենքներն ուժի մեջ են մտել համապատասխանաբար 1996 թ. հոկտեմբերի 1-ին և 1997 թ. մարտի 1-ին:

119. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ ԱՀԿ անդամակցության օրվանից սկսած Հայաստանի կառավարությունը ցանկացած լրավճարային ծրագիր կիրականացնի Լրավճարների և հակակշիռ միջոցների համաձայնագրին համապատասխան: Այդպիսի ծրագրերի մասին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը, համաձայն նշված Համաձայնագրի 25-րդ հոդվածի, կներկայացվի լրավճարների և հակակշիռ միջոցների Հանձնախմբին` Հայաստանի Անդամակցության արձանագրությունը ուժի մեջ մտնելուց հետո: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Առևտրի տեխնիկական արգելքներ

 

120. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ անկախությունը հռչակելուց հետո Հայաստանը ձեռնարկել է քայլեր հաստատելու և մշակելու երկրի ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման համակարգերը: Այդ համակարգերը կանոնակարգող համապատասխան օրենքներ են հանդիսանում Ազգային ժողովի կողմից 1997 թ. ապրիլի 30-ին ընդունած «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ՀՀ օրենքը և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը: Այս երկու օրենքները ընդգրկել են ԱՀԿ Տեխնիկական արգելքների մասին համաձայնագրի հիմնական սկզբունքները: «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է իրավական հիմք Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման համար, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների և աշխատանքի (գործընթացների) ու որակի համակարգի հավաստագրման համար: Սա կիրառվում է պետական կառավարման մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և մասնավոր ձեռնարկատերերի նկատմամբ և սահմանում է սպառողների և պետության շահերի պաշտպանության միջոցներ` ստանդարտացման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի մշակման և կիրառման միջոցով: Այն նաև սահմանում է հավաստագրման գործընթացի մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը:

121. Նա նաև նշեց, որ «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը սահմանում է իրավական հիմք չափումների միասնականության ապահովման համար, կանոնակարգում է պետական կառավարման մարմինների հարաբերությունները` ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատ ձեռներեցների հետ` չափման գործիքների արտադրմանը ու բացթողմանը և դրանց օգտագործմանն ու վերանորոգմանը վերաբերող հարցերի կապակցությամբ: Սխալ չափումների դեպքում այն ուղղված է պաշտպանել սպառողների և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Ստանդարտացման, չափագիտություն և հավաստագրման մարմինը (ՍՉՀԲ) հանդիսանում է ստանդարտացման, չափագիտական և հավաստագրման գործողությունների կանոնակարգողը Հայաստանում, որի իրավունքներն ու պարտականությունները սահմանվել են Ստանդարտացման և հավաստագրման մասին և Չափումների միասնականության մասին օրենքներով: Լինելով Հայաստանում ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման կառավարման համար պատասխանատու ազգային մարմին, նրա պարտականություններում ընդգրկված են ստանդարտացման և հավաստագրման ազգային համակարգերի ստեղծումն ու կառավարումը, ազգային ստանդարտների և դասակարգիչների ընդունումը, միջազգային ստանդարտների կիրառումը, ստանդարտացման և հավաստագրման բնագավառում պաշտոնական տեղեկությունների հրապարակումը, հավաստագրման մարմինների և փորձարարական լաբորատորիաների արտոնագրումը, հավաստագրման հարցերի վերաբերյալ բողոքների և վեճերի քննարկումը, և այլն:

122. Նա նաև նշեց, որ ՍՉՀԲ-ն նախագահում է պետական գլխավոր տեսուչը, ում իրավունքներն ու պարտականությունները ընդգրկված են «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ում և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: ՍՉՀԲ-ն կոլեգիալ մարմին է և որոշումներն ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Որպեսզի ավելի ներդաշնակեցվի Հայաստանի օրենսդրությունը ԱՀԿ Առևտրի տեխնիկական արգելքների համաձայնագրի դրույթներին, 1999 թ. նոյեմբերի 9-ին Ազգային ժողովը ընդունեց երկու նոր օրենք` Ստանդարտացման մասին և Նորմատիվ պահանջներին ապրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին օրենքները (այսուհետ` Համապատասխանության հավաստման մասին օրենք): Ընդունվել է նաև Տեխնիկական կանոնակարգերի պատրաստման, ընդունման և կիրառման մասին 2000 թ. N 9 կառավարության որոշումը: Իր տեսակետից, ստանդարտների և տեխնիկական կանոնակարգերի սահմանումները այս երկու օրենքներում լրիվ համապատասխանում են Առևտրի տեխնիկական արգելքների մասին Համաձայնագրի հավելված 1-ի համապատասխան սահմանումներին: Համաձայն Ստանդարտացման մասին օրենքի, ստանդարտների կատարումը կամավոր է: Ստանդարտները դառնում են պարտադիր, եթե դրանք հիշատակվում են տեխնիկական կանոնակարգերում բացառիկ կերպով, ներառյալ այն ստանդարտների, որոնք մշակված և պահպանված են այլ գործակալությունների և նախարարությունների կողմից` ինչպիսիք են գյուղատնտեսության և առողջապահության նախարարությունները: Համապատասխան նախարարությունները պատասխանատու են տեխնիկական կանոնակարգերի համաձայն Ստանդարտացման մասին օրենքի նախագծի նախապատրաստման համար: Տեխնիկական կանոնակարգերը պետք է ընդունվեն դրանց հրապարակումից առնվազն վեց ամիս հետո և ներկայացվեն համապատասխան միջազգային կազմակերպություններին և ազգային մարմիններին:

123. Ի պատասխան լրացուցիչ հարցերի Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ հավասար և ոչ խտրական սկզբունքները, տեղական և օտարերկրյա ապրանքների և ծառայությունների նկատմամբ, ինչպես նաև այլ երկրների կանոնակարգումների նկատմամբ, արտացոլվել են 2000 թ. հունվարի 11-ի N 9 որոշման մեջ: Այլ երկրների հավասարարժեք տեխնիկական կանոնակարգումները կարող են ընդգրկվել Հայաստանի օրենսդրության մեջ` հաստատելու համապատասխան իրավասու մարմիններ, որոնք պատասխանատու են ապրանքների և ծառայությունների վերաբերյալ պարտադիր պահանջներ սահմանելու համար: Միջազգային ստանդարտները, հրահանգները և ցուցումները պետք է հաշվի առնվեն ազգային ստանդարտներ և կանոնակարգեր մշակելիս: «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է արտադրանքի, ապրանքների, աշխատանքի և ծառայությունների` նորմատիվ պահանջներին համապատասխանության հավաստման կամավոր և պարտադիր գործողությունները: Այդ օրենքը նաև իրավական հիմքեր է սահմանում պետության գործունեության համար այդ բնագավառում, ինչպես նաև որոշում է հավաստման համապատասխանության եղանակները, ապրանքների մարքեթինգի պայմանները և համապատասխանության հավաստման կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ներկայումս ուժի մեջ գտնվող այդ երեք օրենքները («Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ՀՀ օրենքը, «Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՀ օրենքը և «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը) ծառայում են որպես իրավական հիմք` ՍՉՀԲ-ի կողմից վարած ՈՍՉՀՀ (Որակի ստանդարտացում, Չափագիտություն և Համապատասխանության հավաստում) քաղաքականության զարգացման համար:

124. Նա ևս նշեց, որ այդ քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

- օրենսդրության ներդաշնակեցումը ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության հավաստման բնագավառներում,

- ապրանքների, գործընթացների և ծառայությունների անվտանգության ապահովումը պետական կանոնակարգող մեխանիզմի միջոցով (տեխնիկական կանոնակարգեր),

- ազգային ստանդարտների ներդաշնակեցումը միջազգային, տարածաշրջանային և միջպետական ստանդարտների հետ,

- ISO/IEC, ASTM ASME և Եվրոպական (EN) ստանդարտների ու տեխնիկական կանոնակարգերի օգտագործումը համապատասխանության հավաստման բնագավառում,

- միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

- արտոնագրման համապատասխան համակարգերի բարելավումը` միջազգային կանոններին և ընթացակարգերին համապատասխան,

- չափումների միասնականության ապահովումը պետական կանոնակարգման մեխանիզմի միջոցով,

- առևտրի անցանկալի արգելքների հեռացմանը աջակցելը, և

- սպառողների իրավունքների պաշտպանության ապահովումը:

ՍՉՀԲ-ն համագործակցում է առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների հետ սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներին վերաբերող հարցերի կապակցությամբ:

125. Հայաստանի ներկայացուցիչը ավելացրեց, որ Ազգային ստանդարտացման համակարգը կազմավորվել է, որպեսզի ապահովի`

- ապրանքների, աշխատանքի (գործընթացների) և ծառայությունների անվտանգությունը, շրջակա միջավայրի, մարդկանց կյանքի ու առողջության ու գույքի պաշտպանությունը,

- ապրանքների տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունը և փոխանակելիությունը,

- ապրանքների, աշխատանքի և ծառայությունների որակի բարձրացումը,

- չափումների միասնականությունը,

- պաշարների պահպանությունը,

- տնտեսական միավորների անվտանգությունը` տեխնիկական և այլ աղետների ու հրատապ դեպքերի պարագայում,

- առևտրի տեխնիկական արգելքների վերացում,

- պետական պաշտպանության և հավաքագրման պատրաստակամության էական պայմանները:

126. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ Ստանդարտների ազգային ինստիտուտը (ՓԲԸ) հաստատվել է ՍՉՀԲ-ի ներքո` ստանդարտացման գործունեություն վարելու համար: Այդ համակարգի հիմնական դրույթները և դրա ընթացակարգերը Հայաստանի ստանդարտների պատրաստման, ընդունման ու կիրառման համար սահմանվել են (ՀՍՏ) AST 1 շարքի ազգային հիմնական ստանդարտների կողմից: Սկսած 1993 թ. մոտավորապես 230 հայկական ստանդարտներ են մշակվել տեխնիկական հանձնախմբերի կողմից և ընդունվել ՍՉՀԲ-ի կողմից: Հայաստանում կիրառվող ստանդարտների մեծամասնությունը հանդիսանում է միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտներ: ԱՊՀ երկրների ավելի քան 18000 միջպետական ստանդարտներ ընդգրկված է ստանդարտների ազգային դասակարգչում: Ազգային ստանդարտների հիսուն տոկոսը կհամաձայնեցվի միջազգային ստանդարտների հետ մինչև 2002 թ. վերջը: Ստանդարտների ազգային ինստիտուտը հրապարակում է «Ստանդարտներ և հատկորոշումներ» եռամսյա ձեռնարկը, որը տրամադրում է ընթացիկ տեղեկություններ տեխնիկական կանոնակարգերի, հատկորոշումների և ստանդարտացման հետ առնչվող հարցերի վերաբերյալ: Աշխատանքային խմբի անդամը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի տեղեկատվություն ստանդարտացմանը վերաբերող տեխնիկական կանոնակարգումների, հատկորոշումների վերաբերյալ ամսագրի կամ ինտերնետային էջի տեսքով, որը կնպաստի առևտրի տեխնիկական արգելքների համաձայնագրի 2-րդ և 5-րդ հոդվածներում ներկայացված պահանջների ավելի արդյունավետ կատարմանը` ապահովելով շահագրգիռ խմբերի տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև թույլ կտա հրապարակել տեղեկություն առաջարկվող տեխնիկական կանոնակարգումների և համապատասխանության հավաստման ընթացակարգերի վերաբերյալ:

127. Հայաստանի ներկայացուցիչը նշեց, որ համաձայն Հայաստանի Հանրապետության «Ստանդարտացման մասին» օրենքի 18-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ պահանջների ապրանքների և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» օրենքի 25-րդ հոդվածի պետք է մշակվեն և ընդունվեն տեխնիկական կանոնակարգումները, որոնք կփոխարինեն ներկայումս օգտագործվող պարտադիր ստանդարտները: Բոլոր պարտադիր ստանդարտների օգտագործման ժամկետները կլրանան 2004 թ. դեկտեմբերի 31-ին: Այսպիսով` «Հայաստանի Հանրապետության համապատասխան բնագավառների տեխնիկական կանոնակարգերի մշակման 2001-2004 թթ. ժամկետացանկերի վավերացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. դեկտեմբերի 22-ի N 852 որոշումը վավերացրել է մշակմանը ենթակա տեխնիկական կանոնակարգերի ցանկը և այդ կանոնակարգերի մշակման համար պատասխանատու լիազորված մարմինների ցանկը: 2002 թ. հուլիսի դրությամբ ընդունվել է 20 և մշակվել 86 տեխնիկական կանոնակարգումներ, որոնք կազմել են մշակմանը ենթակա տեխնիկական կանոնակարգումների ընդհանուր քանակի 30 տոկոսը: Ազգային ստանդարտները կիրառվում են կամավոր հիմունքներով` համաձայն «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ պարբերության: Տեխնիկական կանոնակարգերով հաստատված պահանջներին համապատասխանեցումը պարտադիր է` համաձայն վերը նշված օրենքի 12-րդ հոդվածի C պարբերության: 2002 թ. օգոստոսի դրությամբ, մշակվել է Կառավարության որոշման նախագիծ որոշակի ուղղումներ կատարելու նպատակով, որոնք պետք է հաստատվեն անդամակցությունից հետո: Այդ ուղղումների համաձայն տեխնիկական կանոնակարգերի հրապարակման և դրանց ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը պետք է կազմի 6 ամիս: Համաձայն «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին պարբերության, յուրացված կամ մշակված տեխնիկական կանոնակարգերի մասին տեղեկությունները նախագծի տեսքով պետք է հրատարակվեն ԱՉՀԲ-ի կողմից ամսական մեկ անգամ տեխնիկական կանոնակարգերի տեղեկագրում, հնարավորություն տալով բոլոր շահագրգիռ խմբերին դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու համար: Պարտադիր սերտիֆիկացման գների աղյուսակը սահմանված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թ. մարտի 20-ի թիվ 91 որոշմամբ:

128. Նա ևս նշեց, որ հետևյալ կետերը առաջնահերթ են համարվում ստանդարտացման բնագավառում`

- որակի և շրջակա միջավայրի կառավարման համակարգերի նորմատիվ հիմունքների հաստատումը` համապատասխան միջազգային ստանդարտների,

- ստանդարտների մշակումը ռազմական արդյունաբերության բնագավառում,

- պաշարների պաշտպանության բնագավառում ստանդարտացում` վառելիքային էներգետիկայի համակարգերում,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ստանդարտացում` համապատասխան միջազգային ստանդարտների,

- ազգային չափագիտական ստանդարտների հիմքերի բարելավում,

- անձնակազմի ուսումնավարժանք և որակավորման բարձրացում:

Համապատասխանության հավաստման բնագավառում առաջնահերթ են`

- որակի համակարգի ներմուծումը` համաձայն ISO 9000 շարքի ստանդարտների պահանջների, որը կօգտագործվի կամավոր կերպով` համաձայն ԱՀԿ դրույթների,

- շրջակա միջավայրի կառավարման համակարգի ներմուծումը` համաձայն` ISO 14000 շարքի ստանդարտների պահանջների, որը կօգտագործի կամավոր կերպով` համաձայն ԱՀԿ դրույթների,

- պարտադիր համապատասխանության հավաստմանը ենթակա ապրանքների ցանկի նվազեցումը,

- համապատասխանության հավաստման արդյունքների փոխադարձ և միակողմանի ճանաչման գործընթացի մշակում,

- համապատասխանության հավաստման կանոնների և կանոնակարգերի ներդաշնակեցումը միջազգային պահանջների հետ,

- համագործակցությունը միջազգայնորեն ճանաչված կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ համապատասխանության հավաստման բնագավառում,

- արտոնագրման համակարգի բարելավումը համաձայն միջազգային պահանջների,

- համակարգված սեփականաշնորհման ընթացակարգերի, հավաստագրման մարմինների և փորձարարական լաբորատորիաների զարգացումը:

Ստանդարտները պատրաստելիս, ընդունելիս և կիրառելիս ՍՉՀԲ-ն հետևում է Առևտրի տեխնիկական արգելքների մասին համաձայնագրի լավ վարվելակերպի օրենսգրքին, որը կստորագրի Հայաստանի Հանրապետությունը ԱՀԿ-ին անդամակցելուց հետո: ՍՉՀԲ-ն համագործակցում է այլ երկրների ստանդարտացման կազմակերպությունների հետ և հանդիսանում է ստանդարտացման ISO միջազգային կազմակերպության անդամ սկսած 1997 թ. հունվարի 1-ից: Ներկայումս ՍՉՀԲ-ն հանդիսանում է ISO-ի և EASC-ի անդամ, որն իրավունք է տալիս Հայաստանին տեխնիկական հանձնախմբերի միջոցով մասնակցելու միջազգային և տարածաշրջանային ստանդարտների մշակմանը և կիրառել այդ ստանդարտները Հայաստանում: Համաձայն կառավարության որոշման, ՍՉՀԲ-ն առաջադրվել է որպես հարցման կետ: Հարցման կետի հասցեն է`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

Ստանդարտացման, չափագիտության և հավաստագրման բաժին

Կոմիտասի փ., 49/2

375051, Երևան

Հայաստանի Հանրապետություն

Հեռ. 3741 235 861

Ֆաքս. 3741 285 620

Էլ-փոստ. [email protected]

[email protected]

Ինչպես նշված է 2000 թ. հունվարի 11-ի Կառավարության N 9 որոշման 5-րդ պարբերությունում` Հայաստանի Հանրապետությունը համաձայն ԱՏԽ համաձայնագրի հոդված 2.9.2-ի կտրամադրի ԱՀԿ անդամներին տեղեկատվություն տեխնիկական կանոնակարգերի մասին: Սկսած 2001 թ. հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ ծանուցման աշխատանքները կատարվում են ԱՀԿ Ծանուցման գործակալության կողմից, որի գործունեության մասին նշված է 216 կետում:

129. Ի պատասխան պարտադիր հավաստագրման մասին հարցերի Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ «Նորմատիվ պահանջների արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՀ օրենքը իրավական հիմք է ապահովում ապրանքների, ծառայությունների, աշխատանքի (գործընթացների) և որակի համակարգերի համապատասխանության հավաստման համար: Այն սահմանում է համապատասխանության հավաստման գործընթացի կողմերի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Այդ օրենքում ամրագրվել են համապատասխանության հավաստման մեխանիզմները: Համապատասխանության հավաստման ավելի էժան և առևտուրը պակաս չափով սահմանափակող եղանակների օգտագործումը, ինչպիսիք են` արտադրողի հայտարարագրերը և համապատասխանության նշանները, նույնպես ընդգրկվել են այդ օրենքում: Համաձայն այդ օրենքի, համապատասխանության հավաստագիրը և համապատասխանության վերաբերյալ գրանցված հայտարարագիրը ունեն նույն իրավաբանական ուժը, և տեղական ու օտարերկրյա արտադրողներին և ծառայություն մատուցողներին շնորհված են ապրանքների կամ ծառայությունների համապատասխանության վերաբերյալ հայտարարագրեր կիրառելու հավասար իրավունքներ: Պարտադիր հավաստագրման գործողությունները համակարգվում են ՍՉՀԲ-ի կողմից և կատարվում են հավաստագրման արտոնագրված մարմինների և փորձարարական լաբորատորիաների կողմից:

130. Նա նաև նշեց, որ հավաստագրման մարմինների և փորձարարական լաբորատորիաների արտոնագրման ընթացակարգը հաստատվել է 2000 թ. մայիսի 12-ի N 238 որոշմամբ: Համաձայն այդ որոշման` համապատասխանության հավաստման բնագավառում արտոնագրումը կատարվում է` հավաստագրման մարմինների և փորձարարական լաբորատորիաների արտոնագրման խորհրդի կողմից: Տեղական և օտարերկրյա մարմիններն ու լաբորատորիաները ունեն համապատասխանության հավաստման ազգային համակարգում արտոնագրվելու նույն իրավունքները: Հավաստագրման մարմիններին և փորձարարական լաբորատորիաներին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն ISO/IEC 17025-ին և EN 45011, EN 45012, EN 45002-ին: Համաձայն 2000 թ. մայիսի 12-ի N 239 որոշման` կապված շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության անվտանգության վերահսկողության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության հետ, որոշ ապրանքներ ենթակա են պարտադիր համապատասխանության հավաստմանը: Այդ ապրանքները առանձնացնելիս հաշվի են առնվել տեսչական մարմինների, գյուղատնտեսական նախարարության, սանիտարական հակահամաճարակային պետական կենտրոնի, սպառողների կողմից ստացված զեկույցները, և հիմք են ընդունվել հետազոտական ինստիտուտների և լաբորատորիաների տվյալները: Հայաստանի Հանրապետությունում պարտադիր համապատասխանության հավաստագրմանը ենթակա ապրանքներին ներկայացվող պահանջները իջեցվել են նվազագույնի: Պարտադիր հավաստագրման ընթացակարգերը ներմուծված և տեղական ապրանքների համար նույնն են: Ապրանքատեսակների համար հավաստագրերը տրվում են` կախված հավաստագրման կարգից, հիմնվելով փորձնական նմուշների, արտադրական համակարգերի վերլուծության, որակի համակարգի հավաստագրման կամ մատակարարների հայտարարագրման հիման վրա: Հավաստագրերի թողարկման գները որոշվում են համապատասխան փորձերի ծախսերի հիման վրա, ոչ թե ապրանքների արժեքի հիման վրա: Այդ միջազգայնորեն ընդունված հավաստագրման կարգերը ամրագրվել են AST 5.3 կողմից:

131. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց նաև, որ, համաձայն «Նորմատիվ պահանջների արտադրանքի և ծառայությունների համապատասխանության հավաստման մասին» ՀՀ օրենքի, ապրանքների համապատասխանության օտարերկրյա հավաստագրերի կամ համապատասխանության նշանների ճանաչումը կատարվում է` համապատասխանության հավաստման արդյունքների փոխադարձ ճանաչման կամ միակողմ ճանաչման մասին Հայաստանի Հանրապետության երկկողմանի համաձայնագրով: Այդ ընթացակարգերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թ. մայիսի 18-ի N 247 որոշմամբ: Համաձայն այդ որոշման, փոխադարձ ճանաչման համաձայնագրի բացակայության դեպքում ՍՉՀԲ-ի կողմից ընդունվում է որոշում համապատասխանության միակողմանի ճանաչման վերաբերյալ: Հավաստագրման օտարերկրյա մարմինների կողմից տրված հավաստագրերի ճանաչման ընթացակարգերը կանոնակարգվում են Կառավարության 2000 թ. մայիսի 18-ի N 247 որոշմամբ: Համաձայն 2000 թ. մայիսի 18 N 247 որոշման, նկատի ունենալով օտարերկրյա հավաստագրերի և համապատասխանության նշանների ընդունումը, խորհուրդը պետք է ուսումնասիրի համապատասխանության հավաստման համակարգը և արտահանող երկրի փորձարարական և հավաստագրող մարմինների արտոնագրման համապատասխանությունը միջազգային ստանդարտներին: Տեղական և օտարերկրյա մարմինները և լաբորատորիաները ունեն նույն իրավունքները: 2002 թ. օգոստոսի դրությամբ Կառավարության որոշում է մշակվել 2000 թ. մայիսի 18-ի N 247 Կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու նպատակով: Համաձայն այդ որոշման, օտարերկրյա հավաստագրերի և համապատասխանեցման նշանների ճանաչումը կատարվում է 2000թ. մայիսի 18 N 247 որոշմամբ հաստատված համապատասխանության հավաստման բնագավառում` Հավաստագրման մարմինների և փորձարարական լաբորատորիաների արտոնագրման խորհրդի կողմից, հաշվի առնելով օտարերկրյա հավաստագրերի և համապատասխանության նշանների միակողմ ճանաչման կանոնները, տեխնիկական նկատառումները և խտրականության բացառման հիմքերը: Հիմնվելով վերը նշված օրենսդրության վրա և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ օրենսդրության վրա, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է inter alia և ոչ խտրականության հիմունքներով ընդունել արտոնագրման դիմումները ԱՀԿ անդամների մարմիններից, համապատասխանության հավաստման արդյունքները որակավորող մարմիններից, և համարժեք ընթացակարգերի ճանաչման այլ միջոցառումները: Նկատի ունենալով օտարերկրյա հավաստագրերի և համապատասխանության նշանների ընդունումը, խորհուրդը պետք է ուսումնասիրի արտահանող երկրի փորձարարական և հավաստագրող մարմինների արտոնագրման համապատասխանությունը միջազգային ստանդարտներին և համապատասխանության հավաստման համակարգի առկայությունը: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի անդամակցության օրվանից:

132. Նա ևս նշեց, որ ՍՉՀԲ-ն ստորագրել է համապատասխանության հավաստման փոխադարձ ճանաչման մասին համագործակցության համաձայնագրեր մի շարք երկրների համապատասխան մարմինների հետ, ինչպիսիք են Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, ՈՒկրաինան և ՈՒզբեկստանը: ՍՉՀԲ-ն բանակցություններ է անցկացնում այլ երկրների համապատասխան մարմինների հետ, մասնավորապես` Բուլղարիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ռումինիայի, Սլովակիայի և Միացյալ Նահանգների, որպեսզի նման համաձայնագրեր ստորագրի համագործակցության վերաբերյալ: Փոխադարձ ճանաչման վերաբերյալ համաձայնագրերի բացակայության դեպքում 2000 թ. մայիսի 16-ի N 247 որոշումը կիրառելի է այլ երկրների հավաստագրման մարմինների կողմից տրված հավաստագրերի և համապատասխանության նշանների պարզեցված ընթացակարգերի ընդունման դեպքում, միաժամանակ հաշվի առնելով այդ երկրների անվտանգության համապատասխանությունը Հայաստանի պահանջներին ու նորմերին:

133. Ի պատասխան Աշխատանքային խմբի անդամների հարցերի, Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկը հաստատվել է Կառավարության մայիսի 12-ի N 239 որոշմամբ, որը լրացվել է Կառավարության 2001 թ. փետրվարի 17-ի N 110, 2001 թ. ապրիլի 12-ի N 297 և 2001 թ. սեպտեմբերի 6-ի N 825 որոշումներով: Վերոհիշյալ ապրանքների ցանկը տրված է սույն Զեկույցի Հավելված 1-ում: Նա նշեց, որ ուժի մեջ են հետևյալ տեխնիկական կանոնակարգերը.

- 2001 թ. հունիսի 15-ին ՍՉՀԲ-ի հրամանով հաստատված անվտանգության ցուցանիշները, ներքին այրման շարժիչների վառելիքների ստուգման եղանակները և դրանց սպասարկման, փոխադրման, իրացման և օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պաշտպանության պահանջները: Այդ ցուցանիշները սահմանում են ավտոմեքենաների բենզինի, դիզելային վառելիքի և շարժիչների այլ վառելիքների անվտանգության պահանջները բնութագրող որակի ցուցանիշները, ինչպես նաև վառելիքի սպասարկման, փոխադրման, իրացման և օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության պահանջները: Պահանջվում է, որ ավտոմեքենաների բենզինին, դիզելային վառելիքին և շարժիչների այլ վառելիքներին ներկայացվող պահանջները ընդգրկվեն դրանց նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերում,

- խտացված պայթուցիկ ապրանքներին ներկայացվող անվտանգության պահանջների սահմանման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հունվարի 15-ի N 41 որոշումը: Որոշումը խտացված պայթուցիկ ապրանքների համար կանոնակարգ է սահմանում, որպեսզի դրանք բավարարեն ազգային ստանդարտներում սահմանված պահանջներին,

- AST 214-2001, խտացված պայթուցիկ ապրանքներ, անվտանգության ընդհանուր պահանջներ,

- ԳՈՍՏ 51271-99, խտացված պայթուցիկ ապրանքներ, հավաստագրման փորձարկման եղանակ:

134. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ ընդունվել են առևտրի տեխնիկական արգելքներին վերաբերող հետևյալ իրավական ակտերը.

 

Աղյուսակ 9

 

.________________________________________________________.

|Անվանում                            |Վավերացման ամսաթիվը|

|____________________________________|___________________|

|«Նորմատիվ պահանջների արտադրանքի և   |03.12.99           |

|ծառայությունների համապատասխանության |                   |

|հավաստման մասին» ՀՀ օրենքը          |                   |

|____________________________________|___________________|

|«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքը     |03.12.99           |

|____________________________________|___________________|

|«Չափումների միասնականության մասին»  |30.04.97           |

|ՀՀ օրենքը                           |                   |

.________________________________________________________.

 

135. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ սկսած անդամակցության օրվանից Հայաստանը կճանաչի արտահանող երկրների միջազգայնորեն ճանաչված իրավասու մարմինների, ինչպես նաև համապատասխանության հավաստում տրամադրող անկախ մարմինների և գործակալությունների կողմից համապատասխանության հավաստման հավաստագրերը և թույլտվությունները, այն երկրներից, որոնց հետ Հայաստանը ստորագրել է փոխադարձ ճանաչման համաձայնագրեր: Նա հաստատեց նաև, որ 2004 թ. դեկտեմբերի 31-ից հետո պարտադիր կհավաստագրվեն միայն այն ներմուծումները, որոնք ընդգրկված են տեխնիկական կանոնակարգերում` մշակված Հայաստանի ստանդարտացման կարգի և ԱՀԿ դրույթների համաձայն: ԱՀԿ որևիցե անդամի պահանջով Հայաստանը կքննարկի հնարավոր արգելքների ազդեցությունը առևտրի վրա: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

136. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ սկսած անդամակցության օրվանից կկիրառի ԱՀԿ Առևտրի տեխնիկական արգելքների համաձայնագիրը ինչպես նաև ստանդարտների մշակման, ընդունման և կիրառման գործում կղեկավարվի լավ վարվելակերպի օրենսգրքով: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներ

 

137. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ սանիտարական և բուսասանիտարական միջոցներին վերաբերող հետևյալ իրավական ակտերն են ընդունվել Հայաստանի Հանրապետությունում:

 

Աղյուսակ 10

 

.________________________________________________________.

|Անվանում                            |Վավերացման ամսաթիվը|

|____________________________________|___________________|

|ՀՀ օրենքը «Անասնաբուժության մասին»  |26.10.99 Ազգային   |

|                                    |ժողովի կողմից      |

|____________________________________|___________________|

|ՀՀ օրենքը «Բույսերի պաշտպանության և |20.3.2000 Ազգային  |

|բույսերի կարանտինի մասին»           |ժողովի կողմից      |

|____________________________________|___________________|

|ՀՀ օրենքը «Սննդամթերքի անվտանգության|08.12.99 Ազգային   |

|մասին»                              |ժողովի կողմից      |

.________________________________________________________.

 

138. Հայաստանի ներկայացուցիչը հաղորդեց, որ ՍՉՀԲ-ն համագործակցում է առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների հետ սանիտարական և բուսասանիտարական միջոցառումներին վերաբերող հարցերում: Նպատակ ունենալով պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը և շրջակա միջավայրը, Հայաստանի կառավարությունը սահմանել է այն ապրանքների ցանկը, որում ներառված են որոշ ապրանքներ, որոնք կան Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների մասին համաձայնագրում և ենթակա են պարտադիր հավաստագրման (1998թ. հունիսի 16, որոշում N 15, որ փոխարինվել է 2000 թ. մայիսի 12-ի N 239 որոշմամբ` լրացումներով հանդերձ): Իր տեսակետից, սա հանդիսանում է ապացույց այն փաստի, որ Հայաստանը սկսել է սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների մշակման գործընթացը: 1996 թ. Ազգային ժողովը ընդունել է «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքը սահմանում է գյուղատնտեսական պետական տեսչական հսկողության իրավական, տնտեսական և կազմակերպչական սկզբունքները Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես, օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածները նկարագրում են Գյուղատնտեսության նախարարության պետական տեսչական ծառայության գործունեությունը` հողերի մշակման, պարարտանյութերի օգտագործման, բույսերի հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ պայքարի, թունավոր նյութերի ու հանքային պարարտանյութերի տեղափոխման, պահպանման, օգտագործման և ոչնչացման պայմանների առնչությամբ, ինչպես նաև անասնաբուծության հետ կապված անասնաբուժական ծառայությունների առնչությամբ: Համաձայն Կառավարության 1998 թ. մարտի 11-ի N 171 որոշման սահմանվել են Ագրարային կանոնները: Այս կանոնները առնչվում են մարդու և կենդանիների հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության, կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման, անասնաբուժական դեղամիջոցների և ախտահանիչ միջոցների տեղափոխման, պահպանման և ոչնչացման հարցերի հետ: Սույն որոշմամբ հաստատվել է բույսերի վնասատուների, մոլախոտերի և կարանտինային կարևորություն ունեցող հիվանդությունների ցանկը:

139. Նա նաև հաստատեց, որ գյուղատնտեսական պետական տեսչական հսկողության մասին օրենքի իրականացման համար ընդունվել է «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը: «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բույսերի պաշտպանության պետական ծառայության և բույսերի կարանտինի իրավական, տնտեսական ու կազմակերպական սկզբունքները և կանոնակարգում է հարաբերությունը գյուղական տնտեսությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և անհատների միջև Հայաստանի Հանրապետության տարածքում: Այդ օրենքը կանոնակարգում է բույսերի կամ բուսական ծագում ունեցող ապրանքների ներմուծման/ արտահանման ընթացակարգը: Այդ օրենքը նաև թույլ է տալիս հաշվի առնել ներմուծման երկրի բուսասանիտարական պայմաններն ու պահանջները` բուսասանիտարական հավաստագրեր տրամադրելիս: «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» օրենքը ընդունվել է 2000 թ. մարտի 20-ին:

140. «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի անասնաբուժական պետական ծառայության իրավական, տնտեսական և կազմակերպական սկզբունքները, ամրագրում է` կենդանիների հիվանդությունների կանխման, կենդանիների հիվանդություններից ազգաբնակչության պաշտպանության կարգը և ապահովում է ազգաբնակչությանը որակյալ ապրանքներով, որոնք համապատասխանում են անասնաբուժական և սանիտարական պայմաններին: Օրենքը կանոնակարգում է հարաբերությունները անասնաբուժության համար պատասխանատու պետական մարմնի և ձեռնարկությունների, կազմակերպությունների, ձեռներեցների ու անհատների միջև Հայաստանի Հանրապետության տարածքում: Օրենքը սահմանում է պետական անասնաբուժական հսկողության ընթացակարգը կենդանիների և կենդանական ծագում ունեցող ապրանքների ներմուծման/արտահանման վերաբերյալ: Հայաստանը հանդիսանում է էպիզոտիկայի միջազգային գրասենյակի անդամ սկսած 1997 թ. դեկտեմբերից և հետևում է այդ կազմակերպության ուղեցույցներին և ստանդարտներին: Իր տեսակետից, երկու օրենքներն էլ համատեղելի են Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների մասին համաձայնագրի պահանջների հետ:

141. Հայաստանի ներկայացուցիչը տեղեկացրեց Աշխատանքային խմբին, որ Հայաստանը հանդիսանում է Կոդեքս Ալիմենտարիուս միջազգային հանձնաժողովի անդամ և հետևելու է նրա ստանդարտներին և ուղեցույցներին` սննդամթերքի անվտանգության ընթացակարգերը հաստատելիս:

142. Նա նաև նշեց, որ Հայաստանի սանիտարական կանոնների և նորմերի համակարգում առանցքային փաստաթուղթ է հանդիսանում այսպես կոչվող SanPins-ը (Սանիտարական և հիգիենիկ նորմեր և կանոններ), որը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից: SanPins-ը սահմանում է սննդում և սննդամթերքում թունավոր բաղադրանյութերի, հավելումների, աղտոտող նյութերի քանակության սահմանափակումները և հիմնված է գիտական տվյալների և գիտական ինստիտուտների կատարած վտանգների գնահատման վրա: «Սննդի անվտանգության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է կայունացում` սննդին վերաբերող գործընթացների, մասնավորապես, արտադրության և վերարտադրության, ներմուծման, արտահանման, փոխանակման, պահման, փաթեթավորման, վաճառքի, ինչպես նաև ապրանքների օգտագործման առնչությամբ:

143. Հայաստանի ներկայացուցիչը հաստատեց, որ ԱՀԿ-ին անդամակցելու օրվանից սկսած, Հայաստանում կիրառվող սանիտարական և բուսասանիտարական պահանջները կհամապատասխանեցվեն սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների և ներմուծման լիցենզավորման ընթացակարգերի մասին ԱՀԿ համաձայնագրերի պահանջներին: Համաձայն ԱՀԿ դրույթների Հայաստանը պետք է հիմնադրի հսկողության համակարգ, որը կզբաղվի բույսերի և կենդանիների հիվանդությունների հայտնաբերմամբ: Աշխատանքային խումբը նշում կատարեց այս պարտավորությունը ստանձնելու վերաբերյալ:

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
22.11.2002
N (02-6528)
Միջազգային պայմանագիր