ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
(30-րդ մաս)
ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՌՉԱԿԱԳՐԵՐ
ԱՌԵՎՏՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ 1993 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՀՌՉԱԿԱԳՐԵՐ
Առավել թույլ զարգացած երկրների օգտին միջոցների մասին որոշում
Նախարարները,
ըմբռնելով առավել թույլ զարգացած երկրների կացությունը և համաշխարհային առևտրի համակարգում նրանց արդյունավետ մասնակցությունն ապահովելու և նրանց առևտրային հնարավորությունների բարելավմանն ուղղված հետագա միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը,
ընդունելով առավել թույլ զարգացած երկրների առանձնահատուկ կարիքները շուկայի մուտքի բնագավառում, որտեղ շարունակական արտոնյալ մուտքը մնում է որպես նրանց առևտրային հնարավորությունները բարելավելու կարևոր միջոց,
վերահաստատելով իրենց պարտավորվածությունը` ամբողջությամբ իրականացնելու առավել թույլ զարգացած երկրների վերաբերյալ դրույթները, որոնք ընդգրկված են 1979 թ. նոյեմբերի 28-ի Տարբերակված և առավել բարենպաստ մոտեցման, փոխադարձության և զարգացող երկրների առավել լիակատար մասնակցության մասին որոշման 2»դ», 6-րդ և 8-րդ կետերի մեջ,
հաշվի առնելով մասնակիցների պարտավորությունները, որոնք սահմանված են Պունտա դել Էսթեի Նախարարական հռչակագրի 1-ին Բաժնի vii) Գլխում,
1. Որոշում են, որ ՈՒրուգվայի փուլի ընթացքում համաձայնեցված փաստաթղթերում դեռևս նախատեսված չլինելու դեպքում, առավել թույլ զարգացած երկրներից, անկախ նրանից, թե նրանք ընդունել են այդ փաստաթղթերը, թե ոչ, և այնքան ժամանակ, քանի դեռ նրանք այդ դասակարգման տակ են, կպահանջվի միայն պարտավորություններ ստանձնել ու զիջումներ կատարել այն չափով, որ համապատասխանում է նրանց առանձին զարգացման, ֆինանսական և առևտրային կարիքներին կամ նրանց վարչական և սահմանակարգային կարողություններին` պահպանելով վերոհիշյալ փաստաթղթերով սահմանված ընդհանուր կանոնները: Թույլ զարգացած երկրներին մեկ տարի լրացուցիչ ժամանակ է տրվում 1994 թ. ապրիլի 15-ից, ներկայացնելու իրենց ժամանակացանկերը, որոնք պահանջվում են Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի 11-րդ հոդվածով:
2. Համաձայնում են, որ.
(i) Հօգուտ առավել թույլ զարգացած երկրների ձեռնարկված բոլոր հատուկ և տարբերակված միջոցների արագացված իրականացումը, ներառյալ` ՈՒրուգվայի փուլի շրջանակներում ձեռնարկվածներինը, երաշխավորվում է, այլոց թվում, պարբերաբար վերաքննությունների միջոցով:
(ii) Հնարավորության սահմաններում, ՈՒրուգվայի փուլում համաձայնեցված մաքսային և ոչ մաքսային միջոցներին վերաբերող ԱԱԲ զիջումները` առավել թույլ զարգացած երկրների համար արտահանման առումով հետաքրքրություն ներկայացնող ապրանքների մասով կարող են կիրառվել ինքնըստինքյան, նախօրոք և առանց փուլերի: ՈՒշադրություն պետք է դարձվի ԱԸՀ-ի (GSP) և առավել թույլ զարգացած երկրների համար արտահանման առումով հատուկ հետաքրքրություն ներկայացնող ապրանքների մասով այլ համակարգերի հետագա բարելավման վրա:
(iii) Տարբեր համաձայնագրերում և փաստաթղթերում ու ՈՒրուգվայի փուլի անցումային ժամկետների վերաբերյալ դրույթներում նշված կանոնները կիրառվում են առավել թույլ զարգացած երկրների համար ճկուն և օժանդակող ձևով: Այս առումով, համակրական վերաբերմունք է ցույց տրվում համապատասխան Խորհուրդներում և Կոմիտեներում առավել թույլ զարգացած երկրների կողմից բարձրացված առանձնահատուկ և հիմնավորված մտահոգությունների նկատմամբ:
(iv) Ներմուծման վերականգնման միջոցների և ՄԱԳՀ-1947-ի 37-րդ հոդվածի 3»գ» կետում նշված միջոցների և ՄԱԳՀ-1994-ի համապատասխան դրույթի կիրառման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում առավել թույլ զարգացած երկրների համար հետաքրքրություն ներկայացնող արտահանումների վրա:
(v) Էականորեն ավելացվում է առավել թույլ զարգացած երկրներին` նրանց զարգացման, արտադրության և արտահանման, ներառյալ` ծառայությունների մասով, հիմքերի ամրապնդման և բազմազանեցման, ինչպես նաև առևտրի խթանման համար տրամադրվող տեխնիկական աջակցությունը` հնարավորություն տալու նրանց առավելագույնի հասցնելու շուկաների ազատականացված մատչելիության օգուտները:
3. Համաձայնում են վերաքննության ներքո պահել առավել թույլ զարգացած երկրների կարիքները և շարունակել դրական միջոցների ընդունումը, որոնք նպաստում են առևտրային հնարավորությունների ընդլայնմանը` հօգուտ այդ երկրների:
Հռչակագիր
համաշխարհային քաղաքականության մշակման առումով ավելի մեծ
համաձայնեցվածության հասնելու գործում Առևտրի համաշխարհային
կազմակերպության ներդրման մասին
1. Անդամներն ընդունում են, որ համաշխարհային տնտեսության համաշխարհայնացումը բերել է առանձին երկրների կողմից վարվող տնտեսական քաղաքականությունների միջև անընդհատ մեծացող փոխազդեցությունների, ներառյալ` տնտեսական քաղաքականության մշակման կառուցվածքային, մակրոտնտեսական, առևտրային, ֆինանսական և զարգացման բնագավառների միջև եղած փոխազդեցությունները: Այս քաղաքականությունների միջև ներդաշնակության ձեռքբերման խնդիրն ընկնում է նախ կառավարությունների վրա` ազգային մակարդակով, սակայն դրանց միջազգային համաձայնեցվածությունը կարևոր և արժեքավոր տարր է ազգային մակարդակով այդ քաղաքականությունների արդյունավետությունը բարձրացնելու գործում: ՈՒրուգվայի փուլում ձեռքբերված համաձայնագրերը ցույց են տալիս, որ բոլոր մասնակից կառավարություններն ըմբռնում են այն ներդրումը, որ ազատական առևտրային քաղաքականությունները կարող են կատարել իրենց սեփական տնտեսությունների և որպես ամբողջություն համաշխարհային տնտեսության առողջ աճի և զարգացման գործում:
2. Տնտեսական քաղաքականության յուրաքանչյուր ոլորտում հաջող համագործակցությունը նպաստում է այլ ոլորտներում առաջընթացին: Տարադրամի փոխարժեքի առավել կայունությունը, որ հիմնված է առավել կանոնակարգված տնտեսական և ֆինանսական պայմանների վրա, պետք է նպաստի առևտրի ընդլայնմանը, կայուն աճին և զարգացմանը, և արտաքին անհավասարակշռությունների շտկմանը: Տնտեսական աճ ու զարգացում ապահովելու գործում օժանդակելու համար կարիք կա նաև դեպի զարգացող երկրներ զիջումային և ոչ զիջումային ֆինանսական և իրական ներդրումային միջոցների բավարար և ժամանակին հոսքի և պարտքերի խնդիրների շտկմանն ուղղված աշխատանքների: Առևտրի ազատականացումը` մեծաթիվ երկրների կողմից ձեռնարկվող հաճախ նշանակալի անցումային հասարակական ծախսեր ընդգրկող կարգավորման ծրագրերի հաջողության ավելի ու ավելի մեծ կարևորություն ունեցող բաղադրիչ է: Այս կապակցությամբ նախարարները հատկանշում են Համաշխարհային դրամատան և ԱՄՀ-ի դերը` առևտրի ազատականացմանը համապատասխան կարգավորմանը օժանդակելու հարցում, ներառյալ` օժանդակությունը սննդամթերքի զուտ ներմուծող զարգացող երկրներին, որոնք ունենում են գյուղատնտեսական առևտրի բարեփոխումների արդյունքում ծագող կարճաժամկետ ծախսեր:
3. ՈՒրուգվայի փուլի դրական արդյունքը կարևոր ներդրում է ավելի համաձայնեցված ու փոխլրացնող միջազգային տնտեսական քաղաքականությունների վարման ուղղությամբ: ՈՒրուգվայի փուլի արդյունքները երաշխավորում են շուկայի մատչելիության ընդլայնումը հօգուտ բոլոր երկրների, ինչպես նաև կառուցվածք են ապահովում առևտրի ամրապնդված բազմակողմ հիմնադրույթների համար: Դրանք նաև երաշխավորում են, որ առևտրային քաղաքականությունը կվարվի ավելի թափանցիկ և ներքին մրցունակության համար բաց առևտրային միջավայրի տված օգուտների առավել ըմբռնումով: ՈՒրուգվայի փուլից սկիզբ առնող առևտրի բազմակողմ համակարգը կարողություն ունի ազատականացման համար բարելավված հավաքատեղի ապահովելու, նպաստելու ավելի արդյունավետ հսկողությանը և երաշխավորելու բազմակողմ կերպով համաձայնեցված կանոնների և հիմնադրույթների խիստ պահպանումը: Այս բարելավումները նշանակում են, որ առևտրային քաղաքականությունը ապագայում կարող է ավելի էական դեր կատարել համաշխարհային տնտեսական քաղաքականության մշակման համաձայնեցվածությունն ապահովելու հարցում:
4. Նախարարներն ընդունում են, սակայն, որ այն դժվարությունները, որոնց ակունքները առևտրի ոլորտից դուրս են, չեն կարող կարգավորվել միայն առևտրի ոլորտում ձեռնարկված միջոցներով: Սա ընդգծում է համաշխարհային տնտեսական քաղաքականության մշակման այլ տարրերի բարելավմանն ուղղված ջանքերի կարևորությունը ՈՒրուգվայի փուլում ձեռքբերված արդյունքների արդյունավետ իրականացմանը լրացնելու համար:
5. Տնտեսական քաղաքականության տարբեր բնագավառների միջև փոխադարձ կապակցվածությունը պահանջում է, որ այս բնագավառներից յուրաքանչյուրում պատասխանատվություն ունեցող միջազգային հաստատությունները իրականացնեն համաձայնեցված ու միմյանց փոխադարձաբար օժանդակող քաղաքականություններ: Այդուհանդերձ, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը պետք է ձգտի փողի և ֆինանսական հարցերի մասով պատասխանատու միջազգային հաստատությունների հետ համագործակցության և զարգացնի այն` միաժամանակ հարգելով յուրաքանչյուր հաստատության իրավասությունը, գաղտնիության պահանջները և անհրաժեշտ ինքնուրույնությունը որոշում կայացնելու ընթացակարգերում և խուսափելով կառավարությունների վրա խաչվող պայմանականություններ կամ լրացուցիչ պայմաններ դնելուց: Նախարարները այսուհետև ԱՀԿ Գլխավոր տնօրենին հրավիրում են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար-տնօրենի և Համաշխարհային դրամատան նախագահի հետ վերաքննության ենթարկելու ԱՀԿ պատասխանատվության նշանակությունները Բրետոն Վուդզի հաստատությունների հետ համագործակցության մասով, ինչպես նաև այն ձևերը, որ այդ համագործակցությունը կարող է ունենալ` նպատակ ունենալով համաշխարհային քաղաքականության մշակման հարցում ավելի մեծ համաձայնեցվածության հասնելու:
Ծանուցման ընթացակարգերի մասին
որոշում
Նախարարները,
որոշում են Նախարարական համաժողովին առաջարկել` որոշում ընդունել ծանուցման ներքոշարադրյալ ընթացակարգերի բարելավման և վերաքննության մասին:
Անդամները,
ցանկանալով բարելավել Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրով (այսուհետ` ԱՀԿ Համաձայնագիր) սահմանված ծանուցման ընթացակարգերի գործողությունը և դրանով նպաստել Անդամների առևտրային քաղաքականությունների թափանցիկությանը և այդ առնչությամբ հաստատված հսկողության վերաբերյալ համաձայնությունների արդյունավետությանը,
վկայակոչելով ԱՀԿ Համաձայնագրով սահմանված` հրապարակելու և ծանուցելու պարտավորությունները, ներառյալ` անդամակցության առանձին արձանագրությունների պայմաններով, ազատումներով և այլ համաձայնագրերով, որոնց միացել են Անդամները, ստանձնած պարտավորությունները,
համաձայնում են հետևյալի մասին.
1. Ծանուցելու ընդհանուր պարտավորություն
Անդամները հաստատում են իրենց հավատարմությունը Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերով և, կիրառելիության դեպքում, Առևտրի բազմակողմ կամավոր համաձայնագրերով սահմանված` հրապարակման և ծանուցման վերաբերյալ պարտավորություններին:
Անդամները վկայակոչում են 1979 թ. նոյեմբերի 28-ին ընդունված Ծանուցումների, խորհրդակցությունների, վեճերի կարգավորման ու վերահսկողության վերաբերյալ փոխհամաձայնության (BISD 26Տ/210) մեջ նշված իրենց հանձնառությունները: Անդամները դրանում եղած իրենց հանձնառության կապակցությամբ, ըստ որի` առավելագույն հնարավորության չափով պետք է ծանուցեն իրենց ընդունած այն միջոցների մասին, որոնք ազդեցություն ունեն ՄԱԳՀ-1994-ի գործողության վրա առանց այդպիսի ծանուցումներով վնաս հասցնելու Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերով և, կիրառելիության դեպքում, Առևտրի բազմակողմ կամավոր համաձայնագրերով սահմանված իրավունքների և պարտավորությունների հետ միջոցների համապատասխանության կամ առնչության մասին տեսակետներին, համաձայնում են, անհրաժեշտության դեպքում, ղեկավարվել միջոցառումների կցված ցանկով: Անդամներն, այդուհանդերձ, համաձայնում են, որ այդպիսի միջոցների ներդրումը կամ փոփոխումը ենթակա է 1979 թ. Փոխհամաձայնության ծանուցման պահանջներին:
2. Ծանուցումների կենտրոնացված գրանցատուն
Քարտուղարության պատասխանատվության շրջանակներում ստեղծվում է ծանուցումների կենտրոնացված գրանցատուն: Մինչ Անդամները կշարունակեն հետևել ծանուցման գոյություն ունեցող ընթացակարգերին, Քարտուղարությունը ապահովում է, որ կենտրոնական գրանցատունը գրանցի խնդրո առարկա Անդամի կողմից` միջոցի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության այն մասերը, ինչպիսիք են նրա նպատակը, առևտրային ընդգրկումը և այն պահանջը, ըստ որի կատարվել է ծանուցումը:
Կենտրոնական գրանցատունը տարին մեկ անգամ յուրաքանչյուր Անդամի տեղեկացնում է պարբերական ծանուցման այն պարտավորությունների մասին, որոնք այդ Անդամը պետք է կատարի հաջորդող տարվա ընթացքում:
Կենտրոնական գրանցատունը առանձին Անդամների ուշադրությունը հրավիրում է պարբերական ծանուցման այն պահանջների վրա, որոնք դեռ չեն կատարվել:
Առանձին ծանուցումների վերաբերյալ կենտրոնական գրանցատանը եղած տեղեկությունները, պահանջ լինելու դեպքում, մատչելի են դարձվում ցանկացած Անդամի համար, որը իրավունք ունի ստանալու տվյալ ծանուցումը:
3. Ծանուցման պարտավորությունների և ընթացակարգերի վերաքննություն
Ապրանքների առևտրի խորհուրդը կձեռնարկի ԱՀԿ Համաձայնագրի 1Ա Հավելվածով սահմանված ծանուցման պարտավորությունների և ընթացակարգերի վերաքննություն: Վերաքննությունը կանցկացվի աշխատանքային խմբի կողմից, որին անդամակցելը ազատ կլինի բոլոր Անդամների համար: Խումբը կստեղծվի ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից անմիջապես հետո:
Աշխատանքային խումբը կունենա գործունեության հետևյալ նկարագիրը.
- ձեռնարկել Անդամների` ԱՀԿ Համաձայնագրի 1Ա Հավելվածով սահմանված ծանուցման բոլոր գոյություն ունեցող պարտավորությունների մանրամասն վերաքննություն` նպատակ ունենալով հնարավորինս պարզեցնել, օրինաչափ դարձնել և միասնականացնել այդ պարտավորությունները, ինչպես նաև բարելավել համապատասխանությունը այդ պարտավորություններին, հաշվի առնելով Անդամների տնտեսական քաղաքականությունների թափանցիկությունը և այդ առնչությամբ հաստատված վերահսկման վերաբերյալ համաձայնությունների արդյունավետությունը բարելավելու ընդհանուր նպատակը, և հաշվի առնելով նաև, որ իրենց ծանուցման պարտավորությունները կատարելու համար որոշ զարգացող Անդամ երկրներ աջակցության կարիք կունենան,
- ոչ ուշ, քան ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո առաջարկություններ ներկայացնել ապրանքների առևտրի խորհրդին:
ՀԱՎԵԼՎԱԾ
Ծանուցման ենթակա միջոցների հատկանշական ցանկ (189)
_______________________________
189) Սույն ցանկով չեն փոփոխվում գոյություն ունեցող` ԱՀԿ համաձայնագրի 1Ա Հավելվածի առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերում կամ, կիրառելիության դեպքում, ԱՀԿ համաձայնագրի 4-րդ Հավելվածի առևտրի բազմակողմ կամավոր համաձայնագրերում ընդգրկված ծանուցման պահանջները:
Մաքսեր (ներառյալ ամրագրումների ընդգրկումն ու շրջանակները, ԱԸՀ (GSP) դրույթները, ազատ առևտրի գոտիների (մաքսային միությունների) անդամների նկատմամբ կիրառվող դրույքաչափերը, այլ արտոնություններ),
Սակագնային քվոտաները և լրացուցիչ գանձումները,
Քանակական սահմանափակումները, ներառյալ` ներմուծումների վրա ազդող արտահանման կամավոր սահմանափակումները և շուկայահանումը կանոնավորող համաձայնությունները,
Այլ` ոչ մաքսային միջոցներ, ինչպիսիք են լիցենզավորումը և զուգակցման պահանջները, տարբերակված գանձումները,
Մաքսային արժեքի գնահատում,
Ծագման կանոններ,
Պետական գնումներ,
Տեխնիկական խոչընդոտներ,
Պաշտպանական գործողություններ,
Հակագնագցման գործողություններ,
Փոխհատուցման գործողություններ,
Արտահանման հարկեր,
Արտահանման լրավճարներ, հարկային արտոնություններ և արտահանման զիջումային ֆինանսավորում,
Ազատ առևտրի գոտիներ, ներառյալ` չմաքսազերծված արտադրությունը,
Արտահանման սահմանափակումներ, ներառյալ` արտահանման կամավոր սահմանափակումները և շուկայահանումը կարգավորող համաձայնությունները,
Կառավարական այլ տեսակի օժանդակություն, ներառյալ` լրավճարներն ու հարկային արտոնությունները,
Պետական առևտրային ընկերությունների դերը,
Արտարժույթի վերահսկումը` կապված ներմուծման և արտահանման հետ,
Կառավարության կողմից հանձնարարված հանդիպական առևտուրը,
ԱՀԿ Համաձայնագրի 1Ա Հավելվածի Առևտրի բազմակողմ պարտադիր համաձայնագրերում ընդգրկված ցանկացած այլ միջոց:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում