ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
WT/L/506
2002 թ. դեկտեմբերի 17
(02-6874)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
2002 թվականի դեկտեմբերի 17-ի
Գլխավոր խորհուրդը,
նկատի ունենալով Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադիր Մարաքեշի Համաձայնագրի («ԱՀԿ Համաձայնագիր») 12-րդ հոդվածի 2-րդ կետը ու 9-րդ հոդվածի 1-ին կետը և Գլխավոր խորհրդի հավանությանը արժանացած Որոշում կայացնելու ընթացակարգը` ըստ ԱՀԿ Համաձայնագրի 9-րդ և 12-րդ հոդվածների (WT/L/93),
վարելով Նախարարական համաժողովի պարտականությունները հանդիպումների միջև եղած ժամանակահատվածում` համաձայն ԱՀԿ Համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի,
նշելով` ԱՀԿ Համաձայնագրին Հայաստանի անդամակցության պայմանների սահմանմանը ուղղված բանակցությունների արդյունքները և պատրաստելով Հայաստանի անդամակցության Արձանագրությունը.
Որոշում է հետևյալը`
1. Հայաստանի Հանրապետությունը կարող է անդամակցել ԱՀԿ Համաձայնագրին` սույն Որոշմանը կից Արձանագրության պայմաններով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ներածություն
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (այսուհետ` ԱՀԿ)` համաձայն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող Մարաքեշի Համաձայնագրի (այսուհետ` «ԱՀԿ Համաձայնագիր») 12-րդ հոդվածի տրված ԱՀԿ Գլխավոր Խորհրդի հավանության, և Հայաստանը,
ի գիտություն ընդունելով Աշխատանքային խմբի ԱՀԿ Համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության Զեկույցը, որ բերված է WT/ACC/ARM/23 փաստաթղթում` 22 նոյեմբերի 2002 թ. ամսաթվով (այսուհետ` «Աշխատանքային խմբի Զեկույց»),
հարգելով ԱՀԿ Համաձայնագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության համար բանակցությունների արդյունքները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Մաս 1
Ընդհանուր դրույթներ
1. 8-րդ պարբերության համաձայն` սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահից, Հայաստանի Հանրապետությունը միանում է ԱՀԿ Համաձայնագրին` համաձայն այդ Համաձայնագրի 12-րդ հոդվածի, և այսպիսով դառնում է ԱՀԿ անդամ:
2. ԱՀԿ Համաձայնագիրը, որին Հայաստանի Հանրապետությունը միանում է, կհանդիսանա ԱՀԿ Համաձայնագիր, ներառյալ` այդ Համաձայնագրի Բացատրական ծանոթագրությունները, ինչպես դրանք ուղղված են, փոփոխված են կամ այլապես ձևափոխված են այնպիսի իրավական փաստաթղթերով, որոնք ուժի մեջ են մտել նախքան սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթիվը: Սույն Արձանագրությունը, որը կներառի Աշխատանքային խմբի Զեկույցի 218-րդ պարբերությունում հիշատակված պարտավորությունները, կկազմեն ԱՀԿ Համաձայնագրի անբաժանելի մաս:
3. Բացառությամբ Աշխատանքային խմբի Զեկույցի 218-րդ պարբերությունում հիշատակվածի, ԱՀԿ Համաձայնագրին կցված Առևտրի բազմակողմ համաձայնագրերում նշված այն պարտավորությունները, որոնք պետք է կատարվեն` այդ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից սկսվող ժամանակահատվածի ընթացքում, իրականացվում են Հայաստանի Հանրապետության կողմից այնպես, ինչպես եթե այդ Համաձայնագիրը ընդունված լիներ դրա ուժի մեջ մտնելու պահին:
4. Հայաստանի Հանրապետությունը կարող է ամրագրել Ծառայությունների Առևտրի Գլխավոր Համաձայնագրի (այսուհետ` ԾԱԳՀ) 2-րդ հոդվածի 1-ին պարբերությանը չհամապատասխանող միջոցառում, եթե այդ միջոցառումը գրանցված է` 2-րդ հոդվածի Բացառությունների ցանկում և որը կցված է սույն Արձանագրությանը և բավարարում է` 2-րդ հոդվածի Բացառությունների վերաբերյալ ԾԱԳՀ-ի Հավելվածի պայմաններին:
Մաս 2
Ժամանակացույց
5. Սույն Արձանագրության Հավելված 1-ում բերված ժամանակացույցը կհանդիսանա Առևտրի և Սակագների Գլխավոր Համաձայնագրին 1994 թ. (այսուհետ` ԱՍԳՀ 1994 թ.) կցված Կոնցեսիաների ու Պարտավորությունների ժամանակացույց և ԾԱԳՀ-ին կցված Առանձնահատուկ Պարտավորությունների ժամանակացույց, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը: Ժամանակացույցում նշված կոնցեսիաների ու պարտավորությունների իրականացումը կատարվում է, ինչպես նախատեսված է համապատասխան Ժամկետացանկերի հարցին առնչվող մասերում:
6. ԱՍԳՀ-1994-ի 2-րդ հոդվածի պարբերություն 6(ա)-ում բերված` այդ Համաձայնագրի օրվա վերաբերյալ հղման նպատակներով, սույն Արձանագրությանը կցված Կոնցեսիաների ու Պարտավորությունների ժամկետացանկի հետ կապված կիրառման օր է հանդիսանում սույն արձանագրության ուժի մեջ մտնելու պահը:
Մաս 3
Եզրափակիչ դրույթներ
7. Սույն Արձանագրությունը բաց է Հայաստանի Հանրապետության կողմից ընդունման համար` ստորագրելով կամ այլ կերպ մինչև 2003 թվականի մայիսի 10-ը:
8. Սույն Արձանագրությունը ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության կողմից դրա ընդունման օրվանը հաջորդող երեսուներորդ օրը:
9. Սույն Արձանագրությունը ի պահ է տրվում ԱՀԿ Գլխավոր տնօրենին: ԱՀԿ Գլխավոր տնօրենը անմիջապես տարածում է սույն Արձանագրության հաստատված պատճենը և Հայաստանի Հանրապետության կողմից դրա ընդունման մասին ծանուցումը և, համաձայն 7-րդ պարբերության, այն ուղարկում է ԱՀԿ յուրաքանչյուր անդամին և Հայաստանի Հանրապետությանը:
Սույն Արձանագրությունը գրանցվում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:
Կատարված է Ժնև քաղաքում, 2002 թվականի դեկտեմբերի 10-ին, մեկ բնօրինակով` անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով, ընդ որում յուրաքանչյուր տեքստ հավասարազոր է, բացառությամբ, երբ սույն Արձանագրությանը կցված ժամանակացույցը կարող է հատկորոշել, որ հավասարազոր է այդ լեզուներով տեքստից միայն մեկին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆԴԱՄԱԿՑՈՒՄ Է 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՑ: