118.0301.290998
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
2 սեպտեմբերի 1998 թ. թիվ 301
 
i
«ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն ՀՀ վարչապետի 30.07.98թ. «Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի մասին» թիվ 462 որոշման 2-րդ կետի
 
Հրամայում եմ
 
Հաստատել «Պետական բաժնետիրական և պետական մասնակցությամբ ընկերությունների կողմից վճարվող շահաբաժինների պետական մասնաբաժինը պետական բյուջե փոխանցելու» կարգը:
 
«Հաստատված է»
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
                                     «02»         09        1998 թ.
                                               թիվ 301 հրամանով
 
ԿԱՐԳ
ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎՈՂ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
 
Սույն կարգը մշակված է ի կատարումն ՀՀ վարչապետի 30.07.98թ. «Պետական բաժնետիրական և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների տրամադրության տակ մնացող շահույթի բաշխման գործընթացի մասին» թիվ 462 որոշման 2-րդ կետի և սահմանում է պետական բաժնետիրական և պետական մասնակցությամբ ընկերությունների (այսուհետև` ընկերությունների) կողմից վճարվող եռամսյակային, կիսամյակային (այսուհետև` միջանկյալ) և տարեկան շահաբաժինների (նաև` նախկինում հաշվարկված և չվճարված) պետական մասնաբաժինը պետական բյուջե փոխանցելու ընթացակարգը:
1. Ընկերությունների կողմից վճարվող շահաբաժինները ընկերությունների կանոնադրական հիմնադրամում պետության մասնակցությունից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական բյուջեի ոչ հարկային եկամուտ է:
2. Ընկերության շահաբաժինը վճարման պարտավորությունը պետական բյուջեի նկատմամբ առաջանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից համապատասխանաբար տարեկան կամ միջանկյալ շահաբաժինների վճարման մասին որոշման ընդունման պահից:
3. Ընկերությունների կողմից վճարվող շահաբաժինների պետական մասնաբաժինները պետական բյուջե են փոխանցվում.
ա) միջանկյալ շահաբաժինների վճարման դեպքում` ընկերության խորհրդի միջանկյալ շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ հաստատված միջանկյալ շահաբաժինների վճարման ամսաթվից հետո 3-օրյա ժամկետում:
բ) Տարեկան շահաբաժինների վճարման դեպքում` ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի տարեկան շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ հաստատված տարեկան շահաբաժինների վճարման ամսաթվից հետո 5-օրյա ժամկետում:
4. Նախկինում ընկերությունների զուտ շահույթից, որպես շահաբաժին հաշվարկված և չվճարված գումարները ենթակա են փոխանցման պետական բյուջե 01.08.98թ. դրությամբ ընկերությունների կանոնադրական հիմնադրամում պետական բաժնեմասի տեսակարար կշռին համապատասխան հաշվարկված չափով:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված շահաբաժինները պետական բյուջե են փոխանցվում մինչև 1998 թվականի նոյեմբերի 1-ը:
6. Ընկերությունների կողմից վճարվող շահաբաժինների պետական մասնաբաժինը փոխանցվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                          «29»  09    1998 Թ.
                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980187