Սեղմել Esc փակելու համար:
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈ ...

 

 

040.0588.240510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 մայիսի 2010 թվականի N 588-Ա

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱԵՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 17-րդ հոդվածը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` կոնցեսիոներ) կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի կառուցման առաջին փուլի իրականացման համար ստորագրվել էր վարկային պայմանագիր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) ու Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) հետ, և այդ վարկային ծրագրի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի «Լիազորություն վերապահելու մասին» N 934-Ա որոշման հիման վրա կոնցեսիոների, EBRD-ի և DEG-ի հետ կնքվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ուղղակի պայմանագիր.

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի կառուցման երկրորդ փուլի իրականացման համար կոնցեսիոները գտնվում է EBRD-ի, DEG-ի և Ասիական զարգացման բանկի (ADB) հետ վարկային պայմանագրի և հարակից պայմանագրերի կնքման գործընթացում.

Նոր վարկային պայմանագրով որպես վարկային միջոցների տրամադրման նախապայման նախատեսված է վերախմբագրված տարբերակով ուղղակի պայմանագրի կնքում Հայաստանի Հանրապետության կառավարության, կոնցեսիոների, EBRD-ի, DEG-ի և ADB-ի միջև, ինչպես նաև կոնցեսիոների գույքային իրավունքների գրավադրում վարկատուներին.

Կոնցեսիոները համաձայնություն է տվել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շահագործվող շենքի, այդ շենքով և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցված հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրից բխող` իր ունեցած իրավունքները դադարեցնելու վերաբերյալ, և EBRD-ին և DEG-ին, որոնց գրավադրված են այդ շենքը և հողամասերի նկատմամբ Կոնցեսիոների գույքային իրավունքները, գրավոր համաձայնվել են գրավից ազատելու այդ իրավունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրելու Հայաստանի Հանրապետության կառավարության, կոնցեսիոների, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության («DEG») և Ասիական զարգացման բանկի (ADB) միջև կնքվող ուղղակի պայմանագիրը:

2. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված պայմանագրի թիվ 4 լրացմանը (այսուհետ` լրացում)` համաձայն հավելվածի:

3. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել լրացումը:

4. Լրացման ստորագրումից հետո կոնցեսիոների Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև 2001 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրից բխող իրավունքները` «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շահագործվող շենքի, այդ շենքով և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցրած հողամասերի նկատմամբ համարել դադարեցված:

5. «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում շահագործվող` 5076.0 քառ. մետր մակերեսով, 369799818.84 դրամ մնացորդային արժեքով շենքը, այդ շենքով զբաղեցրած 1565 քառ. մետր մակերեսով հողամասը և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցրած 73 քառ. մետր հողամասը սեփականության իրավունքով հանձնել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերությանը` հաշվի առնելով կոնցեսիոների համաձայնությունը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` սույն որոշման 5-րդ կետում նշված հողամասերի կադաստրային արժեքի չափով ավելացնել «Հայաերոնավիգացիա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարման համար անհրաժեշտ գործողությունների կատարումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի մայիսի 20-ի

N 588-Ա որոշման

 

ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԹԻՎ 4 ԼՐԱՑՈՒՄ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն), որի անունից, որպես լիազոր ներկայացուցիչ, հանդես է գալիս Արտյոմ Մովսեսյանը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության _______ թվականի ______________________________________ որոշման հիման վրա (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, 1) մի կողմից, և «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` կառավարիչ) (հարկ վճարողի հաշվառման համարը` 02562664, գտնվելու վայրը` 0010 Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մաշտոցի 13, գործունեության հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան-42, Զվարթնոց միջազգային օդանավակայան, ԱՄՕ-ի շենք), ի դեմս տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա և օժտված է բավականաչափ լիազորություններով` ստորագրելու սույն փաստաթուղթը, մյուս կողմից (կառավարությունը և կառավարիչը միասին` այսուհետ` կողմեր), հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

A. 2001 թվականի դեկտեմբերի 17-ին կառավարությունը և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ն կնքել են պայմանագիր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի (այսուհետ` օդանավակայան) կոնցեսիայի` կառավարման, շահագործման և օգտագործման մասին (այսուհետ` պայմանագիր).

B. Համաձայն 2002 թվականի մայիսի 17-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի լրացման և նշված լրացման կատարման նպատակով 2002 թվականի մայիսի 22-ին կոնցեսիոն պայմանագրով սահմանված «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի իրավունքներն ու պարտականությունները փոխանցվել են կառավարչին.

C. Պայմանագրի ուժով կառավարիչն ունի բացառիկ իրավունք` օգտագործելու օդանավակայանը, որի առնչությամբ 2003 թվականի մարտի 27-ին վերջինիս տրվել է անշարժ գույքի օգտագործման իրավունքի գրանցման N 1346389 վկայականը.

D. Պայմանագրի ուժով կառավարիչն ունի նաև բացառիկ իրավունք օգտագործելու օդանավակայանի գործունեության մասը կազմող գույքը` անկախ պայմանագրի ստորագրման պահին դրա սեփականատիրոջ ով լինելուց և անկախ դրա նկատմամբ գույքային իրավունքներ (այդ թվում` օգտագործման իրավունք) ունեցող անձի կամ պետական մարմնի փաստից, այդ թվում` պայմանագրի Դ հավելվածում թվարկված գույքը.

Նշված գույքի կազմի մեջ ներառված են նաև «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից օդանավակայանում շահագործվող շենքերը և այդ շենքերով զբաղեցրած հողամասերը.

E. Կառավարությունը կառավարչի հետ քննարկել է «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից օդանավակայանի տարածքում շահագործվող շենքի, այդ շենքով և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցրած հողամասերի նկատմամբ պայմանագրից բխող կառավարչի ունեցած իրավունքները դադարեցնելու հարցը.

Կողմերը համաձայնվեցին`

1. Կառավարիչը սույնով հայտնում է իր համաձայնությունը դադարեցնելու պայմանագրից բխող իր ունեցած իրավունքները «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից օդանավակայանի տարածքում շահագործվող շենքի, այդ շենքով և օդային երթևեկության կառավարման նորակառույց աշտարակի շենքով զբաղեցրած հողամասերի նկատմամբ:

2. Կառավարությունը սույնով հաստատում է, որ կառավարիչը, որպես օդանավակայանի բնականոն գործունեությունը պահպանելու համար պատասխանատու անձ, իրավունք ունի պայմանագրի 10.3-րդ կետի համաձայն հետագայում թարմացնելու Մաստեր Պլանը:

3. Կառավարությունը սույնով հաստատում է նաև, որ եթե որևէ Մաստեր Պլանով նախատեսված լինի, որ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ի կողմից օդանավակայանում շահագործվող շենքը և այդ շենքով զբաղեցրած հողամասերն անհրաժեշտ են օդանավակայանի համար, ապա տվյալ շենքի և դրանով զբաղեցրած հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքները կառավարության կողմից կշնորհվեն կառավարչին, և կառավարիչը կքննարկի կառավարության հետ «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին այլ շենք տեղափոխելու հնարավորությունը: Եթե տվյալ շենքի և դրանով զբաղեցրած հողամասերի նկատմամբ այդ պահի դրությամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը կառավարության կողմից փոխանցված լինի այլ անձի, ապա կառավարությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ նշված շենքը և դրանով զբաղեցրած հողամասերը կոնցեսիայի շրջանակներում կառավարչի օգտագործմանը տրամադրելու նպատակով:

4. Սույն թիվ 4 լրացման նոտարական վավերացման և լրացումից բխող պետական գրանցման բոլոր ծախսերը կիրականացվեն կառավարչի կողմից:

5. Սույն թիվ 4 լրացումը պայմանագրի անբաժանելի մասն է:

6. Այն ամենը, ինչը նախատեսված չէ սույն թիվ 4 լրացմամբ, կկարգավորվի պայմանագրի համապատասխան դրույթներով:

7. Կողմերը համաձայնվում են, որ սույն թիվ 4 լրացումը ենթակա է նոտարական վավերացման:

8. Սույն լրացումը կազմված է հայերենով և անգլերենով` ____ (________) հավասարազոր ուժ ունեցող օրինակներից:

Ի վկայություն դրա` կողմերը 2010 թվականի ____________-ին Երևան քաղաքում կնքեցին սույն թիվ 4 լրացումը:

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                        ԿԱՌԱՎԱՐԻՉ

        ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

    -----------------------                    -----------------------

    Արտյոմ Մովսեսյան                            Խուան Պաբլո Գեչիջյան

 

    ՀՀ կառավարության լիազոր                     «Արմենիա» միջազգային

    ներկայացուցիչ                                օդանավակայաններ» ՓԲԸ-ի

                                                 տնօրեն

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.05.2010
N 588-Ա
Որոշում