020.0885.250510
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԵՐԿՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 3-ՐԴ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
25 մայիսի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 05.05.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մարտի 5-ին Երևանում` Սկզբնական ծրագրին լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու նպատակով:
2. Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների որակի բարելավման, համայնքային ու քաղաքային մակարդակում լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողությունների խթանման միջոցով օժանդակել անապահովների և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությանը:
3. Համաձայնագիրը բաղկացած է վեց հոդվածից, երեք առդիրից և հավելվածից:
4. Համաձայնագրում ամրագրված կամ նշված պայմաններով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է յոթ միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոխարկվել արժույթի փոխարկման միջոցով վերը նշյալ Ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու համար:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- վճարել սկզբնական վճար վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդի (0.25%) չափով,
- սկսած 2020 թվականի ապրիլի 15-ից մինչև 2034 թվականի ապրիլի 15-ը կիսամյակային մուծումներով մարել վարկի մայր գումարը,
- ՀՍՆՀ կանոնադրությունում կամ ենթաօրենսդրական ակտերում բոլոր էական փոփոխությունները, գործադիր տնօրենի և վարչության պետի պաշտոններում նշանակումները, ինչպես նաև աշխատանքային պայմանների փոփոխությունները համաձայնեցնել Բանկի հետ,
- ապահովել, որպեսզի Ծրագրի շրջանակներում կատարվող գնումներն իրականացվեն համաձայն 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշման` առավելագույնը հարյուր հիսուն հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքների,
- ծրագրի իրականացումը խթանելու նպատակով ստացողի կողմից լրացուցիչ համաձայնագրում փոփոխություններ կատարելու դեպքում ՀՀ իրավունքներն իրականացնել այնպես, որ պաշտպանվեն ՀՀ և Բանկի շահերը, իրագործվեն ֆինանսավորման նպատակները,
- ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և վարկի միջոցներից ֆինանսավորվելիք բոլոր ապրանքներն ու աշխատանքները, ինչպես նաև բոլոր խորհրդատվական ծառայությունները գնվեն Գնումների ուղեցույցի և Առդիրի դրույթներին համահունչ:
Համաձայնագրով սահմանված են նաև դրա գործողության մեջ դնելու և դադարեցման ընթացակարգերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2010 թվականի մարտի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում Սոցիալական ներդրումների հիմնադրամի 3-րդ ծրագրի համար) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
25 մայիսի 2010 թվականի
ՍԴՈ-885