020.0892.030610
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
3 հունիսի 2010թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գյուրջյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մայիսի 27-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 27 մայիսի 2010թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրն ստորագրվել է 2010թ. մայիսի 27-ին:
Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի նպատակն է Հայաստանում իրականացնել լրացուցիչ ծրագիր` ուղղված Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովմանը` կրթական հաստատությունների բարենորոգման և վերակառուցման միջոցով («Դպրոցաշինության երկրորդ ծրագիր»):
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի II հոդվածի 2.1. բաժնի «ա» կետի (i) ենթակետի 2-րդ պարբերությունում նախատեսված ֆինանսական պարտավորությունները կատարել բարեխղճորեն, այն հաշվով, որպեսզի Ծրագիրն ավարտին հասցվի նախատեսված ժամկետին:
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի II հոդվածի 2.1. բաժնի «ա» կետի (i) ենթակետի 4-րդ պարբերությունում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեով միջոցներ հատկացնել Ծրագրի գերազանցող գումարների տարբերությունը փակելու համար:
Հայաստանի Հանրապետությունը, Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի IV հոդվածի 4.6. բաժնի համաձայն, պարտավորվում է «Լինսից», նրա լիազորված ներկայացուցիչներից, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն կամ ՀՀ օրենսդրությամբ ստեղծված մարմիններ չեն, ինչպես նաև Ծրագրի համար օգտագործված նյութերի և ծառայությունների դիմաց ոչ մի տեսակի հարկեր, տուրքեր և կառավարական մարմինների կողմից պահանջվող գանձումներ չգանձել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախապես գրավոր կերպով համաձայնեցված է «Լինսի» հիմնադրամի հետ:
Կողմերը համաձայն են, որ Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրն ընդունվի Հայաստանում որպես միջազգային պայմանագիր և ՀՀ կառավարության համար պարտադիր բնույթ ունեցող ներպետական և միջազգային պարտավորություն: Հայաստանի Հանրապետության համար նշված պարտավորության համար իրավական հիմք են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» 2007թ. փետրվարի 22-ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտ կարող է լինել նաև միջազգային կամ օտարերկրյա պետության ոչ կառավարական կազմակերպությունը կամ միավորումը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է կամ մտադիր է իրականացնել բարեգործական, մարդասիրական, զարգացման կամ տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական աջակցությանն ուղղված գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է կամ տրամադրելու է մարդասիրական կամ ֆինանսական օգնություն»:
Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի VII հոդվածը նախատեսում է, որ կողմերի միջև հնարավոր վեճերի կարգավորման ժամանակ Հուշագիրը պետք է մեկնաբանվի Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքի օրենքների համաձայն և պետք է գերակայեն բոլոր փաստաթղթերի անգլերեն տարբերակները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2010 թվականի մայիսի 27-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3 հունիսի 2010 թվականի
ՍԴՈ-892