Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ4/0024/04/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ4/0024/02/08

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Կ. Հակոբյան     

                       Տ. Սահակյան        

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

2009 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Արդշինբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2009 թվականի որոշման դեմ` Բանկի դիմումի ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի (այսուհետ` Կոոպերատիվ)` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Կոոպերատիվին սնանկ ճանաչել 11.941.69 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով վարկային պարտավորությունները չկատարելու համար:

ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 27.11.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ Դատարան) 19.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.11.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը և 52-րդ հոդվածի 2-րդ մասը, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1) կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը և 25-րդ հոդվածի 2-րդ մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վճռով սահմանված և վճռից ծագած քաղաքացիական իրավունքների իրականացման համար որոշակի ժամկետ և ընթացակարգ է սահմանվում և եթե պարտատերը, չպահպանելով վճռից ծագած քաղաքացիական իրավունքներն իրականացնելու օրենքով սահմանված ժամկետն ու ընթացակարգը, զրկվել է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ պարտապանն էլ համապատասխանաբար ազատվել է վճռով սահմանված պարտականությունը կատարելու պարտավորությունից, հետևաբար ընկերությունը չի կարող սնանկ ճանաչվել այն անձի հանդեպ պարտավորության, չկատարման համար, որը բաց է թողել վճռից ծագող իրավունքի իրականացման օրենքով սահմանված ժամկետը և հնարավորությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.11.2008 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները.

15.10.2002 թվականի Դատարանի վճիռը, մտնելով օրինական ուժի մեջ, դարձել է պետական մարմնի ակտ, որը գործում է օրենքի նորմերի հիման վրա:

Բացի այդ, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի նկատմամբ երբևէ հայցային վաղեմություն չի կարող կիրառվել, քանի որ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները չեն դադարում այդպիսին համարվել անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել վճռի կայացումից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. ՀՀ տնտեսական դատարանի` 15.10.2002 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ Տ-2669 վճռով հաստատվել է Բանկի և Կոոպերատիվի միջև կնքված հաշտության համաձայնությունը, որով Կոոպերատիվը պարտավորվել է սահմանված ժամկետում մարել վարկային պայմանագրով ստանձնած 9.560,058 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկային գումարը (գ.թ. 19, հ. 1-ին):

2. ՀՀ տնտեսական դատարանի` 15.10.2002 թվականի թիվ Տ-2669 օրինական ուժի մեջ մտած վճիռը կատարման ներկայացնելու համար ՀՀ տնտեսական դատարանը 30.12.2002 թվականին տվել է թիվ Տ-2669 կատարողական թերթը, որի հիման վրա կատարողական վարույթ չի հարուցվել (գ.թ. 21, հ. 1-ին):

3. ՀՀ տնտեսական դատարանի` 18.10.2004 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ մերժվել է Բանկի լուծարային կառավարչի 08.10.2004 թվականի կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը: Որոշման հիմքում դրվել է Բանկի կողմից կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի բացթողումը և դրա ավարտը (գ.թ. 65, հ. 1-ին):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն` պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է: Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե նա առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել երկու պայմանների միաժամանակյա առկայության պայմաններում.

1. պարտապանը պետք է թույլ տված լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 30-օրյա կամ ավելի ժամկետով կետանց,

2. վճռի կայացման պահին նշված կետանցը պետք է շարունակվի:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պատասխանելու համար այն հարցին, թե կարող էր Կոոպերատիվը սնանկ ճանաչվել, անհրաժեշտ է պարզել` արդյոք վերջինս ունի անվիճելի վճարային պարտավորություն:

Սույն գործով Դատարանը, հաստատված համարելով, որ մեկ տարվա ընթացքում կատարողական վարույթ չի հարուցվել, հանգել է այն հետևության, որ Բանկի հանդեպ Կոոպերատիվի ունեցած պարտավորությունները դադարել են:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի դատական ակտը բեկանելով, և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ տնտեսական դատարանի 15.10.2002 թվականի թիվ Տ-2669 օրինական ուժի մեջ մտած վճիռը սահմանված ժամկետում կատարման չի չի ներկայացվել, սակայն դա որևէ կերպ չի ազդել դրա օրինական ուժ ունենալու և նախադատելի լինելու փաստի վրա, այսինքն` թեև դատարանի վճիռը չի կատարվել, սակայն պարտապանի պարտավորությունը դրանով չի դադարել:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք վճարային պարտավորություն սահմանող օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում կատարման չներկայացնելու դեպքում տվյալ վճռից բխող իրավունքներն ու պարտականություններն ենթակա են իրականացման, թե` ոչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության 3-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական թերթը կարող է կատարման ներկայացվել մեկ տարվա ընթացքում` սակայն այն օրվանից, երբ օրինական ուժի մեջ է մտել դատական ակտը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը պահանջատերը ներկայացնում է կատարողական թերթ տված դատարան: Դիմումը կարող է տրվել մինչև կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ տնտեսական դատարանի` 15.10.2002 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ Տ-2669 վճռով հաստատվել է Կոոպերատիվի 9.560,058 ԱՄՆ դոլար գումարի վարկային պարտավորությունը Բանկի նկատմամբ: ՀՀ տնտեսական դատարանի կողմից 30.12.2002 թվականին տրված թիվ Տ-2669 կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ չի հարուցվել, իսկ ՀՀ տնտեսական դատարանը, հիմք ընդունելով կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտը, իր` 18.10.2004 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ մերժել է Բանկի լուծարային կառավարչի 08.10.2004 թվականի` կատարողական թերթի կրկնօրինակ տալու մասին դիմումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ տնտեսական դատարանի` 15.10.2002 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ Տ-2669 վճռով Բանկի մոտ ծագել է վարկային պարտավորությամբ սահմանված գումարը պահանջելու իրավունք, իսկ Կոոպերատիվի մոտ` այն վճարելու պարտականություն: Կոոպերատիվի կողմից նշված պարտավորության չկատարման դեպքում Բանկն իրավունք ուներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին ուժով դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում այն ներկայացնել հարկադիր կատարման: Մինչդեռ Բանկը չի օգտվել օրենքով սահմանված իր իրավունքից և սահմանված ժամկետում կատարողական թերթը կատարման չի ներկայացրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոոպերատիվից գումար պահանջելու և հետագայում նաև սնանկ ճանաչելու Բանկի իրավունքը ծագել է 15.10.2002 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով, և նշված դատական ակտն օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` Բանկը զրկվել է այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից, իսկ Կոոպերատիվը` որպես պարտապան, ազատվել է նույն վճռով սահմանված պարտավորությունից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով բացակայում է Կոոպերատիվին սնանկ ճանաչելու իրավական հիմքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 27.11.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
18.09.2009
N ՀՔԴ4/0024
Որոշում