Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական            Քաղաքացիական գործ թիվ 3-178(ՎԴ)

    դատարանի որոշում                                             2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1979

Նախագահող դատավոր` Ն. Հովսեփյան

Դատավորներ` Է. Մուրադյան

Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Իրինա Գուտովայի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշման դեմ` ըստ Մարիյա Գլազովայի ընդդեմ Յուրի Խվոստովի` սեփականության իրավունքը դադարեցնելու և տիրապետման փաստով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարիյա Գլազովան պահանջել է դադարեցնել Յուրի Խվոստովի սեփականության իրավունքը Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանի նկատմամբ և տիրապետման փաստով ճանաչել սեփականության իրավունքը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 02.11.2005 թվականի վճռով Մարիյա Գլազովայի հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2008 թվականի որոշմամբ գործի քննությանը մասնակից չդարձած Լյուդմիլա Խվոստովայի, Աննա Բալակինայի և Յուրի Խվոստովի իրավահաջորդ Իրինա Գուտովայի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.11.2005 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Գուտովան:

Վճռաբեկ բողոքի դեմ պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը բերվել է նոր երևան եկած հանգամանքների հիմքերով:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 15.07.2009 թվականի գրությունով հիմնավորված է այն փաստը, որ պետական միասնական գրանցամատյանում «Սեբաստիա-2» համատիրությունը գրանցվել է 14.09.1998 թվականին և 21.12.2007 թվականին վերագրանցվել է: ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժնի 23.07.2009 թվականի գրությամբ հիմնավորվել է այն փաստը, որ Երևանի Անդրանիկի փողոցի 105 շենքի թիվ 9 բնակարանում հաշվառված են եղել Յուրի Խվոստովը, Լյուդմիլա Խվոստովան, իսկ Աննա Խվոստովան և Իրինա Գուտովան նշված են եղել ընտանեկան քարտում: Այսինքն` գործին մասնակից չեն դարձվել համասեփականատերերը, այնինչ նրանց բոլորի իրավունքների վերաբերյալ վճիռ է կայացվել:

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2008 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևանի ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 19.11.1992 թվականի թիվ 35/46 որոշմամբ թույլատրվել է Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանը վաճառել բնակարանի վարձակալ Յուրի Խվոստովին` ընտանիքի չորս անդամներով (գ.թ. 93):

2) Պետական և հանրային բնակարանային ֆոնդերի տներում բնակարանները քաղաքացիներին կանխիկ հաշվարկով վաճառելու մասին պայմանագրի համաձայն` Շահումյանի շրջանի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի կողմից Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանը վաճառվել է Յուրի Խվոստովին` ընտանիքի չորս անդամներով (գ.թ. 94):

3) ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մալաթիայի անձնագրային բաժնի 23.07.2009 թվականի գրությամբ հիմնավորվել է այն փաստը, որ Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանում հաշվառված են եղել Յուրի Խվոստովը, Լյուդմիլա Խվոստովան, իսկ Աննա Խվոստովան և Իրինա Գուտովան նշված են եղել ընտանեկան քարտում:

4) Յուրի Խվոստովը մահացել է 03.03.2008 թվականին (գ.թ. 95):

5) Դատարանը 02.11.2005 թվականի դատական նիստի մասին Իրինա Գուտովային պատշաճ կարգով չի ծանուցել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք (արդար դատաքննության իրավունք):

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Գյումրու քաղաքապետարանի ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի` զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջի մասին, թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:

Սույն գործով Շահումյանի շրջանի բնակարանային ֆոնդի հաշվառման և բաշխման բաժնի կողմից Երևանի Անդրանիկի 105 շենքի թիվ 9 բնակարանը վաճառվել է Յուրի Խվոստովին` ընտանիքի չորս անդամներով: Բնակարանում հաշվառված են եղել Յուրի Խվոստովը, Լյուդմիլա Խվոստովան, իսկ Աննա Խվոստովան և Իրինա Գուտովան նշված են եղել ընտանեկան քարտում:

Փաստորեն, Դատարանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձրել Իրինա Գուտովային, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս` Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 10.12.2008 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2008 թվականի որոշումը բեկանել և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.10.2009
N 3-178 (ՎԴ)
Որոշում