Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 188-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 18.05.2006 ԹՎԱԿԱՆԻ «Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/7185/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/7185/05/08                               2009 թ.

Նախագահող դատավոր` Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

                                              

2009 թվականի հոկտեմբերի 16-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.05.2009 թվականի վճռի դեմ` ըստ Սիլվա Կուզիկյանի, Մարտին Կուզիկյանի հայցի ընդդեմ Քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումն անվավեր ճանաչելու և ինքնակամ շինության և հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սիլվա և Մարտին Կուզիկյանները պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումը, ինչպես նաև ինքնակամ շինության և հողատարածքի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.05.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան են ներկայացրել Սիլվա և Մարտին Կուզիկյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ, 6-րդ, 24-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ, 132-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Պետական և համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Քաղաքապետի 21.12.2006 թվականի «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն և թիվ 912-Ն որոշումների կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2250-Ա որոշումներն ու Քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 02.11.2007 թվականի թիվ 18-06/Ի-6424 եզրակացությունը, որի համաձայն` կառույցով զբաղեցված և դրա սպասարկման համար անհրաժեշտ 34,75 քմ մակերեսով հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, որի արդյունքում առաջարկվել է ճանաչել շինության նկատմամբ պետության սեփականության իրավունքը` հետագայում օրինական ճանաչելու և կառուցապատողին օտարելու հնարավորությամբ:

Դատարանը չի նշել, թե վիճարկվող վարչական ակտը ո՞ր օրենքի խախտման, սխալ կիրառման կամ մեկնաբանման արդյունքում է կայացվել, ինչը կարող էր հիմք հանդիսանալ Քաղաքապետի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար:

Դատարանը, Քաղաքապետի վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելով, վճռի պատճառաբանական մասում չի նշել այն ապացույցները, որոնք հիմք են հանդիսացել եզրահանգելու, որ նշված որոշումը կայացվել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ:

Դատարանը, ի պաշտոնե պարզելով գործի փաստերը, պարտավոր էր պարզել այն փաստը, թե արդյո՞ք Քաղաքապետի վիճարկվող որոշման կայացման պահին խախտվել են Սիլվա և Մարտին Կուզիկյանների իրավունքները:

2) Դատարանը կիրառել է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտել ավելի ուշ, քան Քաղաքապետի վիճարկվող որոշումը և չի պարունակում նշված օրենքին հետադարձ ուժ տալու վերաբերյալ նորմ:

Վերոգրյալ հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.05.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները

Դատարանի 07.05.2009 թվականի վճիռը հիմնավոր է և օրինական, իսկ բողոք բերած անձի մատնանշած խախտումները բացակայում են:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Մարտին Կուզիկյանը դիմում է ներկայացրել Քաղաքապետարան` ինքնակամ կառուցված շինությունը և դրա համար առանձնացված հողամասն անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ:

2) Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշմամբ Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում Մարտին Կուզիկյանի կողմից պետական սեփականություն հանդիսացող 34.75 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված շինությունը (բնակելի տանը կից ավտոտնակ) ճանաչվել է պետական սեփականություն (գ.թ. 62):

3) Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթին Սիլվա և Մարտին Կուզիկյանները մասնակից չեն դարձվել:

4) Քաղաքապետի 10.12.2007 թվականի թիվ 09/6478 գրությամբ Մարտին Կուզիկյանը տեղեկացվել է, որ Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշմամբ Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող ինքնակամ կառույցի (ավտոտնակ) նկատմամբ ճանաչվել է Քաղաքապետարանի սեփականության իրավունքը (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի մասնակիցներն են (այսուհետ` վարույթի մասնակիցներ)`

ա) վարչական ակտի հասցեատերը` այն անձը, ով դիմել է վարչական ակտ ընդունելու համար (դիմող), կամ այն անձը, ում նկատմամբ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ ընդունելու է վարչական ակտ.

բ) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի «բ» կետում նշված վարույթի մասնակիցները վարչական վարույթում ներգրավվում են իրենց դիմումի համաձայն կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական մարմինը իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է, իսկ նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչների հնարավորություն տալ արտահայտելու վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` նույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է`

ա) օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով.

բ) կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում:

Նշված հոդվածներից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական նորմի ուժով յուրաքանչյուրի համար երաշխավորված է պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, որը դրսևորվում է նաև դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցվելու, իրականացվող վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու և վարչական ակտի ընդունման մասին իրազեկվելու իրավունքների սահմանմամբ: Որպես անձի` պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների սահմանադրական նորմի իրականացման երաշխիք, օրենքով սահմանված է այդ իրավունքի խախտմամբ ընդունված վարչական ակտի անվավեր ճանաչման հնարավորություն:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վիճարկվող ակտի ընդունման կապակցությամբ Քաղաքապետարանի նախաձեռնությամբ հարուցվել է վարչական վարույթ, ինչի արդյունքում կայացվել է Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումը, սակայն նշված վարչական վարույթին Սիլվա և Մարտին Կուզիկյանները մասնակից չեն դարձվել: Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել, որ Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում պետական սեփականություն հանդիսացող 42 քմ մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակի նկատմամբ Քաղաքապետարանի սեփականության իրավունքը գրանցելու պահին` 04.12.2007 թվականին, Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումը դեռևս ուժի մեջ մտած չի եղել, քանի որ Սիլվա և Մարտին Կուզիկյանները նշված որոշման մասին տեղեկացվել են միայն 10.12.2007 թվականի գրությունից:

Վճռաբեկ դատարանը Դատարանի նշված պատճառաբանությունները համարում է հիմնավոր, քանի որ գործի նյութերով հաստատվում է, որ Մարտին Կուզիկյանն ինքնակամ կառուցված վիճելի շինությունը և դրա համար առանձնացված հողամասն անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Քաղաքապետարան, սակայն Քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ իրականացրել է Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշման ընդունմանն ուղղված վարչական վարույթ, որին Սիլվա և Մարտին Կուզիկյանները մասնակից չեն դարձվել և ընդհանրապես չեն ծանուցվել վարչական վարույթի հարուցման մասին` անտեսելով այն հանգամանքը, որ նրանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի ուժով երրորդ անձինք են: Բացի այդ, գործի նյութերով հաստատվում է նաև, որ Սիլվա և Մարտին Կուզիկյանները վիճարկվող վարչական ակտի ընդունման մասին իրազեկվել են միայն Քաղաքապետարանի 10.12.2007 թվականի թիվ 09/6478 գրությամբ, հետևաբար, Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշումն ուժի մեջ է մտել միայն նրանց իրազեկելուն հաջորդող օրվանից, մինչդեռ նշված որոշման հիման վրա դեռևս 04.12.2007 թվականին Քաղաքապետարանին է տրվել թիվ 2286299 սեփականության իրավունքի գրանցման վկայականը, այսինքն` Քաղաքապետարանի սեփականության իրավունքը գրանցվել է ուժի մեջ չմտած վարչական ակտի հիման վրա:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Քաղաքապետի 12.11.2007 թվականի թիվ 4743-Ա որոշմանն ուղղված վարչական վարույթի իրականացմամբ խախտվել է Սիլվա և Մարտին Կուզիկյանների` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված պետական մարմնի առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, և այդպիսի վարչարարության արդյունք հանդիսացող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման:

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի սույն հիմքում բերված մյուս փաստարկները:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

Նշված նորմերից հետևում է, որ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտը կարող է տարածվել մինչև այդ ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա միայն դրա վերաբերյալ օրենքով կամ տվյալ ակտով նախատեսված դրույթի առկայության դեպքում:

Սույն գործով Դատարանը, կիրառելով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, պատճառաբանել է, որ այն քաղաքացու համար սահմանում է իրավազորություն` օրինական հողամասին կից սահմանազատված մինչև 300 քմ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար, ինչից հետևում է, որ որևէ խոչընդոտ չկար Սիլվա և Մարտին Կուզիկյանների կողմից տիրապետվող ինքնակամ զբաղեցված 42 քմ հողամասը և այդ հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը վերջիններիս սեփականությանը հանձնելու համար:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ, քանի որ այն ուժի մեջ է մտել 19.07.2008 թվականին և չի պարունակում մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվելու վերաբերյալ դրույթ: Մինչդեռ սույն գործով Մարտին Կուզիկյանը վիճարկվող որոշման վերաբերյալ տեղեկացվել է Քաղաքապետարանի 10.12.2007 թվականի թիվ 09/6478 գրությունից, ինչից հետևում է, որ ինքնակամ կառուցված շինությունը և դրա համար առանձնացված հողամասն անհատույց սեփականաշնորհելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է առնվազն 10.12.2007 թվականից առաջ, այսինքն` մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելը: Հետևաբար, հիմնավոր է «Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի սխալ կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը:

Ինչ վերաբերում է ինքնակամ շինության և հողատարածքի նկատմամբ Սիլվա և Մարտին Կուզիկյանների սեփականության իրավունքը ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պահանջը ենթակա չէ դատարանում քննության և այդ մասով գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Երևան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` նույն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված Երևանի քաղաքապետի որոշումը:

Երևանի քաղաքապետի որոշման հետ գրանցող մարմին է ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված համապատասխան հողամասի հատակագիծը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

Նշված նորմերից հետևում է, որ ճանաչման հայց կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ պարտավորեցման հայց ներկայացնել հնարավոր չէ (տե՛ս Գևորգ Ճղլյան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրված ճանաչելու և կառուցապատման իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի թիվ ՎԴ/7081/05/08 որոշումը):

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` չի բացառվել Քաղաքապետին համապատասխան վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հայցի հարուցման հնարավորությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

Վերոնշյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը մասնակիորեն ենթակա է կարճման` այն Դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.05.2009 թվականի վճռի` Երևանի Կալենցի փողոցի թիվ 6/2 հասցեում գտնվող 42 քմ ինքնակամ զբաղեցված հողամասի և ինքնակամ շինությունների նկատմամբ Սիլվա Կուզիկյանի և Մարտին Կուզիկյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասը և այդ մասով գործի վարույթը կարճել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.10.2009
N ՎԴ/7185/05/08
Որոշում