Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԱԽ-6-Ո-06

2010 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

    նախագահությամբ`                       Ա. Մկրտումյանի

 

    մասնակցությամբ ԱԽ անդամներ`           Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

                                          Կ. Բաղդասարյանի, Ռ. Բարսեղյանի,

                                          Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,

                                          Գ. Խանդանյանի, Ա. Խաչատրյանի,

                                          Մ. Մակյանի, Մ. Մարտիրոսյանի,  

                                          Հ. Փանոսյանի, Ս. Օհանյանի

 

    մասնակցությամբ դատավոր`               Ա. Հունանյանի  

 

    քարտուղարությամբ`                     Շ. Վարդանյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին Երևան քաղաքում` դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

 

Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի (այսուհետ` Կարգապահական հանձնաժողով) 18.03.2010 թվականի թիվ N-Կ-2-04/2010 որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը` հասցեագրված Արդարադատության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ):

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.

 

Կարգապահական հանձնաժողովը Խորհուրդ է ներկայացրել եզրակացություն` կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որը կարգապահական հանձնաժողովը գնահատել է որպես նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում:

Ըստ եզրակացության`

Քաղաքացի Լևոն Վարդանյանը, 03.03.2009 թվականին դիմելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան), խնդրել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ ինքը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի նախկին վարչական շրջանի տարածքի Ծովակ գյուղի կոլտնտեսությունում աշխատել է 1944 թվականից մինչև 1950 թվականը և 1955 թվականից մինչև 1961 թվականը ներառյալ:

Դատարանը թիվ ԵԱՔԴ 0340/02/09 քաղաքացիական գործով 10.04.2009 թվականին կայացված վճռով կարճել է գործի վարույթը` իրավական հիմքում դնելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

Մասնավորապես, Դատարանը վճռի պատճառաբանական մասում նշել է. ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ աշխատանքային ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Պահանջվող ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:

Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի»:

Վերոգրյալի հիման վրա Դատարանը եզրակացրել է, որ ներկայացված դիմումը հատուկ վարույթի կարգով դատարանում քննության ենթակա չէ:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով գրությունը, գրությանը կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտում, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետի ուժով հիմք է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:

Սույն իրավահարաբերության ժամանակ գործող «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` մինչև նույն օրենքի ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը, ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ՀՀ սահմանադրական դատարանի 29.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշմամբ ճանաչվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ և 37-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` իրավական ակտն անվավեր է ճանաչվում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում:

Օրենքի 74-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահից:

ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն` սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

20.01.2009 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-35-Ն ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ուժը կորցրած են ճանաչվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

Համանման հարցի վերաբերյալ Խորհուրդն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է 26.01.2010 թվականի թիվ N-Կ-2-01/2010 որոշմամբ: Մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ իրավաբանական ուժ չունեցող ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ իրավաբանական ուժը կորցրած իրավական ակտը համարվում է գոյություն չունեցող: Նման ակտի կիրառումը ոչ միայն արգելվում է, այլև հանգեցնում է հոդվածում կոնկրետ նշված հետևանքների` օրենքով նախատեսված պատասխանատվության:

ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, կից ներկայացված նյութերը, գտել է, որ թիվ ԵԱՔԴ-0340/02/09 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում` կիրառելով այն օրենքը, որը չպետք է կիրառեր, ինչի արդյունքում դիմումատուն զրկվել է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման հնարավորությունից, և որն էլ հիմք է ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին:

Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ դատական ակտը, որը պարունակում է նյութական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում, չի կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ: Տվյալ պարագայում դատավորի մեղավորությունն առկա է, քանի որ նա չի դրսևորել բավարար ուշադրություն և շրջահայացություն, որի արդյունքում չեն պահպանվել արդարության և օրինականության սկզբունքները, և թույլ է տրվել նյութական իրավունքի ակնհայտ և կոպիտ խախտում:

 

3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

 

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանը Կարգապահական հանձնաժողովին ներկայացրել է բացատրություն, որում մասնավորապես նշել է.

«13.03.2009 թվականին դատարանի վարույթ է ընդունվել Լևոն Վարդանյանի դիմումը` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին:

Իր դիմումով Լևոն Վարդանյանը խնդրել է հաստատել 1944 թվականից մինչև 1950 թվականը և 1955 թվականից մինչև 1961 թվականն ընկած ժամանակահատվածներում Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի կոլտնտեսությունում աշխատելու փաստը:

Իմ նախագահությամբ վճիռ է կայացվել գործի վարույթը կարճելու վերաբերյալ:

Վճիռ կայացնելիս դատարանի կողմից կիրառվել են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ և 47-րդ հոդվածները:

Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդում է տարածել այն մասին, որ դատավոր Ա. Հունանյանը Լևոն Վարդանյանի դիմումի վերաբերյալ վճիռ կայացնելիս կիրառել է իրավական նորմ, որը ՀՀ սահմանադրական դատարանի 29.01.2008 թվականի որոշմամբ ճանաչվել է հակասահմանադրական:

Գտնում եմ, որ նշված հաղորդումը չի համապատասխանում իրականությանը հետևյալ պատճառաբանությամբ.

19.11.2002 թվականին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը շարադրված է հետևյալ բովանդակությամբ.

«Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:

Դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի:

Նշվածից հետևում է, որ վերը նշված հոդվածը բաղկացած է 4 մասերից:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 26.12.2008 թվականի փոփոխությամբ ուժը կորցրած են ճանաչվել նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, իսկ 4-րդ մասը պահպանվել է նույնությամբ, այն է` դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի:

Նշված տեսքով օրենքի փոփոխությունը հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրի» 26.01.2009 թվականի թիվ 5-ում և ուժի մեջ մտել 05.02.2009 թվականին:

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի` տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը` 25 տարվա ապահովագրական ստաժի դեպքում:

Այսինքն` պահանջվող ապահովագրական ստաժը 25 տարին է:

Դիմող Լևոն Վարդանյանի վերաբերյալ քաղաքացիական գործի փաստերի համաձայն` նրա ընդհանուր ապահովագրական ստաժը, ըստ աշխատանքային գրքույկի, կազմել է 26 տարի 4 ամիս, այսինքն` Լևոն Վարդանյանի ապահովագրական ստաժի չափը գերազանցել է օրենքով պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժը, իսկ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական կարգով ստաժը կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն 10 տարվա ստաժից ոչ ավելի:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատական կարգով կարող է հաստատվել միայն պահանջվող ստաժի պակասող մասը, ուստի տվյալ գործով դատարանը գտել է, որ Լևոն Վարդանյանի դիմումը հատուկ վարույթի կարգով քննության ենթակա չէ, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի վարույթը ենթակա է կարճման:

Փաստորեն, դատարանի կողմից վճիռ կայացնելիս գործի վարույթը կարճելու հիմք է դիտվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասը, որը, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 29.01.2008 թվականի որոշման և «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակված փոփոխության, ուժը կորցրած չի ճանաչվել:

Թյուրիմացությունը կայանում է նրանում, որ ՀՀ սահմանադրական դատարան վերը նշված օրենքի 47-րդ հոդվածը ներկայացվել է 3 մասով, 4 մասի փոխարեն, այսինքն` 2-րդ մասը սխալմամբ միացվել է 1-ին մասին, և ՀՀ սահմանադրական դատարանը ուժը կորցրած է ճանաչել նշված հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, սակայն «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակված փոփոխությամբ օրենքի 4-րդ մասը պահպանվել է, որով էլ դատարանը ղեկավարվել է սույն գործով վճիռ կայացնելիս: Իսկ վճռի պատճառաբանական մասում նշված մեկ նախադասությունը` «Պահանջվող ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում», որպիսին ուժը կորցրած է ճանաչվել, դատարանի կողմից վճիռ կայացնելիս որպես նորմ չի կիրառվել, գործի վարույթը կարճելու հիմք չի հանդիսացել և որևէ իրավական հետևանքներ չի առաջացրել:

Տվյալ դեպքում, ամփոփելով վերը նշվածը, դատարանի կողմից գործի վարույթը կարճելիս ուժը կորցրած որևէ իրավական նորմ չի կիրառվել, ուստի և դատավորի մեղքով նյութական իրավունքի և դիմումատուի իրավունքների խախտում թույլ չի տրվել»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1. Քաղաքացի Լևոն Վարդանյանը դիմել է Դատարան` իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջով.

2. ՀՀ սահմանադրական դատարանը 29.01.2008 թվականի թիվ ՍԴՈ-731 որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր.

3. ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 20.01.2009 թվականի ՀՕ-35-Ն օրենքով ուժը կորցրած են ճանաչվել նույն օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

4. Դատարանը գործի վարույթը կարճելու վերաբերյալ 10.04.2009 թվականի վճռով կիրառել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Կարգապահական հանձնաժողովի անդամի զեկույցը, դատավորի բացատրությունները, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն` եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:

Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն` գործը քննելիս և լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքներով:

Նշված հոդվածից հետևում է, որ չի կարող կիրառվել ուժը կորցրած, անվավեր և հակասահմանադրական ճանաչված, վերացված իրավական նորմը:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն` մինչև նույն օրենքն ուժի մեջ մտնելը և անհատական հաշվառման բազայի ձևավորումը ապահովագրված անձի ունեցած աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է, իսկ 1992 թվականի հունվարից սկսած` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

Դատարանի կողմից վճիռ կայացնելու պահին «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածն ունեցել է վերը նշված խմբագրությունը:

Չնայած դատավորի այն պնդմանը, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը բաղկացած է եղել 4 մասից, իսկ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել միայն 2-րդ և 3-րդ մասերը, Խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրական դատարանի 29.01.2008 թվականի ՍԴՈ-731 որոշման մեջ հստակ նշված է. «Դիմող կողմը գտնում է, որ իր կողմից վիճարկվող դրույթը, համաձայն որի` «պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:

Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի», հակասում է ՀՀ Սահմանադրությանը»:

Քննելով քաղաքացու դիմումը ներկայացված պահանջի շրջանակներում` Սահմանադրական դատարանը որոշել է. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

Վերոգրյալից ակնհայտ է, թե Սահմանադրական դատարանի որոշմամբ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի որ մասերն են վիճարկվել և որ մասերն են ճանաչվել հակասահմանադրական: Որևէ երկմտանքի տեղիք Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը չի տալիս:

Մինչդեռ, Դատարանի, 10.04.2009 թվականի վճռում պարզ շարադրված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը` սկզբնական խմբագրությամբ:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` իրավական ակտն անվավեր է ճանաչվում ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իրավական ակտը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչվելու դեպքում:

Օրենքի 74-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում իրավական ակտն իրավաբանական ուժը կորցնում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահից:

ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն` սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

20.01.2009 թվականի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-35-Ն ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ուժը կորցրած են ճանաչվել 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը:

Այսինքն` Դատարանի կողմից թիվ ԵԱՔԴ 0340/02/09 քաղաքացիական գործով դատավարությունն իրականացվել է կիրառված նորմերի գործողության ժամկետի ավարտից հետո, այն է` 10.04.2009 թվականին:

Դիտարկվող հարցի վերաբերյալ Խորհուրդն իր իրավական դիրքորոշումն արտահայտել է 26.01.2010 թվականի թիվ N-Կ-2-01/2010 որոշմամբ: Մասնավորապես, Խորհուրդը նշել է. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 61.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առոչինչ են և ենթակա չեն կատարման կամ կիրառման: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, իրավաբանական ուժ չունեցող ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Նշված հոդվածից հետևում է, որ իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կիրառումը ոչ միայն արգելվում է, այլև հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության»:

Դրա հետ մեկտեղ, Խորհուրդը հարկ է համարում փաստել, որ դատավորին թյուրիմացության մեջ է գցել ՀՀ օրենսդրական դաշտի ոչ պաշտոնական աղբյուր հանդիսացող` Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (www.arlis.am, www.laws.am, www.legislation.am) հրապարակված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ինկորպորացիան, որի 47-րդ հոդվածում նույնիսկ 22.04.2010 թվականի դրությամբ էլ առկա է 4-րդ մաս, որը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքի տեքստին:

Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1999 թվականին, փորձառու դատավոր է, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, իր գործունեությամբ նպաստում է արդարադատության որակի բարձրացմանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով` Խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հունանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

    Արդարադատության խորհրդի անդամներ`        Գ. Բադիրյան

                                             Կ. Բաղդասարյան

                                             Տ. Բարսեղյան

                                             Ա. Թումանյան

                                             Գ. Խանդանյան

                                             Ա. Խաչատրյան

                                             Մ. Մակյան

                                             Մ. Մարտիրոսյան

                                             Ս. Օհանյան

 

 

pin
Արդարադատության խորհուրդ
22.04.2010
N ԱԽ-6-Ո-06
Որոշում