Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

i

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՓՈԽՈՂ ԵՎ ԼՐԱՑՆՈՂ ԹԻՎ 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները` 1950 թվականի նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության ստորագրողները,

հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 3-4-ը Հռոմում կայացած` Մարդու իրավունքների վերաբերյալ Եվրոպական նախարարական կոնֆերանսի ընթացքում ընդունված թիվ 1 բանաձևը և Հռչակագիրը,

հաշվի առնելով Նախարարների կոմիտեի 2001 թվականի նոյեմբերի 8-ի, 2002 թվականի նոյեմբերի 7-ի և 2003 թվականի մայիսի 15-ի Հռչակագրերը` ընդունված, համապատասխանաբար, 109-րդ, 111-րդ և 112-րդ նստաշրջանների ընթացքում,

հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2004 թվականի ապրիլի 28-ի թիվ 251 (2004) կարծիքը,

նկատի ունենալով, որ անհրաժեշտ և հրատապ է փոփոխել Կոնվենցիայի որոշ դրույթներ` երկարաժամկետ կտրվածքով վերահսկողության համակարգի արդյունավետությունը պահպանելու և ամրապնդելու նպատակով, գլխավորապես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի աշխատանքի ծանրաբեռնվածության շարունակվող աճի պատճառով,

նկատի ունենալով, մասնավորապես, որ անհրաժեշտ է հետևել, որ Դատարանը շարունակի խաղալ Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության իր առաջատար դերը,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

i

Հոդված 1

 

Կոնվենցիայի 22-րդ հոդվածի 2-րդ կետը հանվում է:

 

i

Հոդված 2

 

Կոնվենցիայի 23-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«Հոդված 23. Պաշտոնավարության ժամկետը և պաշտոնից հեռացնելը

 

1. Դատավորները ընտրվում են ինը տարի ժամկետով: Նրանք չեն կարող վերընտրվել:

2. Դատավորների պաշտոնավարության ժամկետն ավարտվում է, երբ լրանում է նրանց 70 տարին:

3. Դատավորները պաշտոնավարում են մինչև փոխարինվելը: Նրանք, սակայն, շարունակում են քննել իրենց կողմից արդեն քննության առնված գործերը:

4. Դատավորը պաշտոնից կարող է հեռացվել միայն այն դեպքում, եթե մյուս դատավորները քվեների երկու երրորդի մեծամասնությամբ որոշում են ընդունում այն մասին, որ այդ դատավորը այլևս չի համապատասխանում ներկայացվող պահանջներին:»:

 

i

Հոդված 3

 

Կոնվենցիայի 24-րդ հոդվածը հանվում է:

 

i

Հոդված 4

 

Կոնվենցիայի 25-րդ հոդվածը դառնում է 24-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«Հոդված 24. Գրասենյակը և զեկուցողները

 

1. Դատարանն ունի Գրասենյակ, որի գործառույթներն ու կազմակերպումը սահմանվում են Դատարանի ընթացակարգի կանոններով:

2. Երբ դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, նրան աջակցում են զեկուցողները, որոնք գործում են Դատարանի նախագահի ենթակայության ներքո: Զեկուցողները Դատարանի Գրասենյակի անձնակազմի մաս են կազմում:»:

 

i

Հոդված 5

 

Կոնվենցիայի 26-րդ հոդվածը դառնում է 25-րդ հոդված (Դատարանի լիագումար նիստերը), և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.

1. «դ» կետի վերջում ստորակետը փոխարինվում է կետ-ստորակետով ու «և» բառը հանվում է1:

2. «ե» կետի վերջում վերջակետը փոխարինվում է ստորակետով:

3. Լրացվում է հետևյալ բովանդակությամբ «զ» կետով.

«զ. կատարում է ցանկացած խնդրանք` 26-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան:»:

———————————

1 ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետի նկատմամբ, քանի որ հայերենը չունի «;» կետադրական նշանը, և Կոնվենցիայի 26-րդ հոդվածի «դ» կետում «և» շաղկապը արտահայտված է ստորակետով (էջ 10, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի 2002):

 

i

Հոդված 6

 

Կոնվենցիայի 27-րդ հոդվածը դառնում է 26-րդ հոդված, և նրա բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«Հոդված 26. Միանձնյա դատավորի կազմեր, Կոմիտեներ, Պալատներ և Մեծ Պալատ

 

1. Իրեն ներկայացված գործերը քննելու համար Դատարանը նիստեր է գումարում միանձնյա դատավորի կազմով, երեք դատավորներից կազմված կոմիտեներում, յոթ դատավորներից կազմված Պալատներում և տասնյոթ դատավորներից կազմված Մեծ Պալատում: Պալատները կազմում են որոշակի ժամկետով կոմիտեներ:

2. Նախարարների կոմիտեն կարող է, Դատարանի լիագումար նիստի խնդրանքով, միաձայն որոշմամբ և որոշակի ժամկետով Պալատների դատավորների թիվը կրճատել մինչև հինգի:

3. Որպես միանձնյա դատավոր նիստ գումարող դատավորը չի քննում ոչ մի գանգատ, որը վերաբերում է այն Բարձր պայմանավորվող կողմին, որից նա ընտրվել է:

4. Շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Պալատի և Մեծ պալատի ex officio անդամ է: Այդ դատավորի բացակայության դեպքում, կամ երբ նա ի վիճակի չէ մասնակցելու նիստին, այդ պետության կողմից նախօրոք ներկայացված ցանկից Դատարանի նախագահի կողմից ընտրված անձը մասնակցում է որպես դատավոր:»:

5. Մեծ պալատի կազմի մեջ մտնում են նաև Դատարանի նախագահը, Դատարանի նախագահի տեղակալները, Պալատների նախագահները և Դատարանի այլ դատավորները, որոնք ընտրվում են Դատարանի ընթացակարգի կանոններին համապատասխան: Երբ գործը, 43-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, հանձնվում է Մեծ պալատ, որևէ դատավոր, որն ընդգրկված է եղել որոշում կայացրած Պալատում, չի կարող մասնակցել Մեծ պալատի նիստերին` բացառությամբ վերոնշյալ Պալատի նախագահի և շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմի դատավորի:»:

 

i

Հոդված 7

 

Նոր 26-րդ հոդվածից հետո Կոնվենցիայում հետևյալ բովանդակությամբ նոր 27-րդ հոդված է ավելացվում.

 

«Հոդված 27. Միանձնյա դատավորների լիազորությունները

 

1. Միանձնյա դատավորը կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատն անընդունելի հայտարարել կամ հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման:

2. Որոշումը վերջնական է:

3. Եթե դատավորը դիմումն անընդունելի չի հայտարարում կամ այն չի հանում քննության ենթակա գործերի ցուցակից, ապա նա այն փոխանցում է Կոմիտեին կամ Պալատին` լրացուցիչ քննարկման համար:»:

 

i

Հոդված 8

 

Կոնվենցիայի 28-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«Հոդված 28. Կոմիտեների լիազորությունները

 

1. Կոմիտեն միաձայն քվեարկությամբ կարող է 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատը`

ա. հայտարարել անընդունելի կամ այն հանել քննության ենթակա գործերի ցուցակից, եթե նման որոշում կարող է ընդունվել առանց գանգատի լրացուցիչ ուսումնասիրման, կամ

բ. հայտարարել ընդունելի և միաժամանակ ըստ էության վճիռ կայացնել, երբ Կոնվենցիայի և նրա Արձանագրությունների մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցի վերաբերյալ, որը գործի հիմքում է, գոյություն ունի Դատարանի` կայացած դատական նախադեպ:

2. 1-ին կետում նախատեսված որոշումները և վճիռները վերջնական են:

3. Եթե շահագրգիռ Բարձր պայմանավորվող կողմից ընտրված դատավորը Կոմիտեի անդամ չէ, ապա Կոմիտեն կարող է դատավարության ցանկացած պահի հրավիրել նրան` իր կազմում մասնակցելու իր անդամներից որևէ մեկի փոխարեն, հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ այն հարցը, թե այդ կողմը վիճարկե՞լ է արդյոք 1-ին կետի «բ» ենթակետում նախատեսված ընթացակարգի կիրառումը:»:

 

i

Հոդված 9

 

Կոնվենցիայի 29-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«1. 1-ին կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ. «Եթե 27-րդ կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ որոշում չի ընդունվում, կամ 28-րդ հոդվածին համապատասխան որևէ վճիռ չի կայացվում, Պալատը որոշում է կայացնում 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված անհատական գանգատի ընդունելիության մասին և ըստ էության: Ընդունելիության վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առանձին»:

2. 2-րդ կետը լրացվում է հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Գանգատի ընդունելիության մասին որոշումը կայացվում է առանձին, եթե դատարանը բացառության կարգով հակառակը չի որոշում:»:

3. 3-րդ կետը հանվում է:

 

i

Հոդված 10

 

Կոնվենցիայի 31-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

1. «ա» կետի վերջում հանվում է «և» բառը2:

2. «բ» կետը դառնում է «գ» կետ, և հետևյալ բովանդակությամբ նոր «բ» կետ է ավելացվում.

«բ. որոշում է կայացնում 46-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան Նախարարների կոմիտեի ներկայացրած հարցի վերաբերյալ, և»:

———————————

2 ՀՀ արտաքին գործերի նախարարության ծանոթություն. սույն փոփոխությունը կիրառելի չէ Կոնվենցիայի 31-րդ հոդվածի «ա» կետի նկատմամբ, քանի որ, հայերենի առանձնահատկություններից ելնելով, «և» շաղկապը արդեն իսկ արտահայտված է ստորակետով (էջ 11, ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17 (192), 5-ը հունիսի 2002):

 

i

Հոդված 11

 

Կոնվենցիայի 32-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

1-ին կետի վերջում «34» թվից հետո ավելացվում են ստորակետ և «46» թիվը:

 

i

Հոդված 12

 

Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«3. Դատարանը հայտարարում է անընդունելի 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե նա գտնում է.

ա. որ գանգատն անհամատեղելի է Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ, ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, կամ

բ. որ գանգատարկուն չի կրել ոչ մի էական վնաս` բացառությամբ, եթե Կոնվենցիայով կամ նրա Արձանագրություններով երաշխավորված` մարդու իրավունքների պահպանումը չի պահանջում քննարկել գանգատն ըստ էության, և պայմանով, որ այս հիմքով ոչ մի գործ չի մերժվի, որը պատշաճ կարգով չի քննվել ներպետական դատարանի կողմից:»:

 

i

Հոդված 13

 

Կոնվենցիայի 36-րդ հոդվածը լրացվում է հետևյալ բովանդակությամբ հետևյալ նոր երրորդ կետով.

«3. Պալատի կամ Մեծ Պալատի կողմից քննության առնվող ցանկացած գործով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը կարող է ներկայացնել գրավոր դիտողություններ և մասնակցել լսումներին:»:

 

i

Հոդված 14

 

Կոնվենցիայի 38-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«Հոդված 38. Գործի քննությունը

 

Դատարանը քննում է գործը կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ և անհրաժեշտության դեպքում իրականացնում է նախնական ուսումնասիրություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր Պայմանավորվող կողմերը ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները:»:

 

i

Հոդված 15

 

Կոնվենցիայի 39-րդ հոդվածի բովանդակությունը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«Հոդված 39. Հաշտության համաձայնություններ

 

1. Դատավարության ցանկացած պահի դատարանը կարող է իր ծառայությունը տրամադրել գործին առնչվող կողմերին` սույն Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով սահմանված` մարդու իրավունքների պահպանման հիման վրա հարցը հաշտության համաձայնությամբ լուծման ապահովելու նպատակով:

2. 1-ին կետում նկարագրված ընթացակարգը գաղտնի է:

3. Հաշտության համաձայնության դեպքում Դատարանը գործը հանում է իր ցուցակից` կայացնելով որոշում, որում տրվում է փաստերի և ձեռք բերված լուծման հակիրճ շարադրանքը:

4. Այդ որոշումը փոխանցվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկում է որոշման մեջ ամրագրված հաշտության համաձայնության պայմանները:»:

 

i

Հոդված 16

 

Կոնվենցիայի 46-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

 

«Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժը և կատարումը

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում իրենք կողմեր են:

2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտեին, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

3. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ վերջնական վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը խոչընդոտվում է այդ վճռի մեկնաբանության դժվարությամբ, նա կարող է դիմել դատարանին, որպեսզի վերջինս որոշում կայացնի այդ մեկնաբանության հարցի վերաբերյալ: Դատարանին դիմելու որոշումը կայացվում է Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ:

4. Երբ Նախարարների կոմիտեն գտնում է, որ որևէ Բարձր պայմանավորվող կողմ հրաժարվում է կատարել իր մասնակցությամբ վեճով վերջնական վճիռը, նա կարող է այդ Կողմին տեղյակ պահելով և Կոմիտեում մասնակցելու իրավունք ունեցող ներկայացուցիչների ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմել դատարան այն հարցով, թե արդյո՞ք այդ Կողմը չի կատարել 1-ին կետով ստանձնած իր պարտավորությունը:

5. Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի է ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա ուղարկում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա քննարկի ձեռնարկվելիք միջոցները:

Եթե Դատարանը հաստատում է, որ տեղի չի ունեցել 1-ին կետի խախտում, ապա նա վերադարձնում է գործը Նախարարների կոմիտեին, որպեսզի նա որոշի փակել քննարկումը:»:

 

i

Հոդված 17

 

Կոնվենցիայի 59-րդ հոդվածը փոփոխվում է հետևյալ կերպ.

1. Հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ կետ է ավելացվում.

«2. Եվրոպական միությունը կարող է միանալ սույն Կոնվենցիային:»:

2. 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը համապատասխանաբար դառնում են 3-րդ, 4-րդ և 5-րդ կետեր:

 

Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

Հոդված 18

 

1. Սույն Արձանագրությունը բաց է ստորագրման համար Կոնվենցիան ստորագրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից, որոնք կարող են դրանով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել.

ա. ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանի,

բ. ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ կհանձնվեն Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

Հոդված 19

 

Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում սույն Արձանագրության 18-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի անդամ բոլոր պետությունների կողմից` Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը հայտնելու օրվան հաջորդող երեք ամիսը լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Հոդված 20

 

1. Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահին նրա դրույթները կիրառվում են Դատարանում առկախ բոլոր գանգատների, ինչպես նաև բոլոր այն վճիռների նկատմամբ, որոնք գտնվում են Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո:

2. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում սույն Արձանագրության 12-րդ հոդվածով մտցվող ընդունելիության նոր չափանիշը չի կիրառվում մինչև սույն Արձանագրության ուժի մեջ մտնելը ընդունելի հայտարարված գանգատների նկատմամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, ընդունելիության նոր չափանիշը կիրառում են միայն Պալատները և Մեծ Պալատը:

 

Հոդված 21

 

Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու պահին իրենց առաջին պաշտոնավարությունն իրականացնող դատավորների պաշտոնավարման ժամկետը երկարաձգվում է ipso jսre այնքան ժամանակ, մինչև այն հասնի ինը տարվա: Այլ դատավորներն ավարտում են իրենց պաշտոնավարությունը, որը ipso jսre երկարաձգվում է երկու տարով:

 

Հոդված 22

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին.

ա. յուրաքանչյուր ստորագրման մասին.

բ. յուրաքանչյուր վավերագիր, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.

գ. սույն Արձանագրության` 20-րդ հոդվածին համապատասխան ուժի մեջ մտնելու օրվա մասին, և

դ. սույն Արձանագրությանը վերաբերող յուրաքանչյուր ակտի, ծանուցման և կամ հաղորդման մասին:

 

Ի վկայումն վերոշարադրյալի` այդ նպատակով պատշաճորեն լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Արձանագրությունը:

 

Կատարված է Ստրասբուրգում 2004 թվականի մայիսի 13-ին, անգլերեն և ֆրանսերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ բնօրինակով, որը ի պահ կհանձնվի Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը վերջինիս հաստատված պատճենները կներկայացնի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության:

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2010 թ. հունիսի 1-ին

 

 

pin
''
13.05.2004
Արձանագրություն