Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով հաստատել ավելի սերտ համագործակցություն զբոսաշրջության բնագավառում և կարևորելով զբոսաշրջությունը որպես Կողմերի պատմությունը, մշակութային ժառանգությունը, ժողովուրդների ապրելակերպը ճանաչելու արդյունավետ միջոց և որպես ժողովուրդների միջև բարի կամքի դրսևորման ձև,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը կիրականացվի մասնավորապես հետևյալ ուղղություններով.

- զբոսաշրջության երկկողմ զարգացում` ակտիվացնելով երկկողմ կապերը մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև.

- երկու երկրների զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած ընկերությունների միջև կապերի ստեղծում.

- երկու երկրների զբոսաշրջության զարգացման գործընթացին երիտասարդության մասնակցություն, ներառյալ երիտասարդության և մասնավոր փոխայցելությունները.

- զբոսաշրջության ոլորտում ներդրումային քաղաքականության աջակցություն.

- տեղեկատվության փոխանակում, այդ թվում` զբոսաշրջության վերաբերյալ օրենսդրության, վիճակագրության և շուկայագիտության.

 

Հոդված 2

 

Կողմերը, զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցություն սկսելու և զարգացնելու նպատակով, իրենց պետական իրավասու մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջային կազմակերպություններին, որոնք իրականացնում են ներդրումային ծրագրեր, ինչպես նաև կազմակերպում են համատեղ աշխատանքներ` ուղղված զբոսաշրջության ոլորտում ծառայությունների տրամադրմանը:

 

Հոդված 3

 

Կողմերը կուսումնասիրեն զբոսաշրջության զարգացման համար երկու երկրներում առկա ներուժը, մասնավորապես հյուրանոցային շինարարության, շուկայագիտության և այլ բնագավառներում: Կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, կնպաստեն այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

 

Հոդված 4

 

Կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, կձգտեն դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը:

 

Հոդված 5

 

Կողմերը կփոխանակեն մասնագիտական խմբեր, որոնք կմասնակցեն մարզական, երաժշտական, թատերական միջոցառումներին և ազգային փառատոներին, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցուցահանդեսներին, համաժողովներին և խորհրդաժողովներին:

 

Հոդված 6

 

Կողմերը միմյանց կօժանդակեն և կաջակցեն երկու երկրների միջև զբոսաշրջության խնդիրներին առնչվող տեղեկատվության փոխանակմանը մասնավորապես`

- զբոսաշրջության ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի վերաբերյալ.

- երկրի զբոսաշրջային ռեսուրսներ վերաբերյալ.

- տեղեկատվական և գովազդային նյութերի վերաբերյալ:

 

Հոդված 7

 

Կողմերը կօժանդակեն միմյանց զբոսաշրջության ոլորտի մասնագետների պատրաստման հարցում, կաջակցեն զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած գիտնականների, մասնագետների և լրագրողների փոխանակումներին:

 

Հոդված 8

 

Կողմերը կաջակցեն իրենց երկրների քաղաքացիներին սույն Համաձայնագրի Պայմանավորվող կողմի տարածքում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու հետ կապված հարցերը կարգավորող գործող օրենսդրությանը ծանոթացնելու հարցերում:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի իրականացումը Կողմերը կհանձնարարեն զբոսաշրջության ոլորտը վերահսկող իրավասու պետական լիազոր մարմիններին:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերը կարգավորելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կողմերը յուրաքանչյուր երկրի հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից կստեղծեն համատեղ հանձնաժողով: Հանձնաժողովի հանդիպումները հաջորդաբար տեղի կունենան տարեկան մեկ անգամ` Երևանում և Աբու Դաբիում: Համատեղ հանձնաժողովը կգործի իր հաստատած կանոնադրության հիման վրա:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունները Կողմերը պետք է լուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածում նշված նորմերի համաձայն:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար երկու երկրների օրենսդրությամբ անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի` միմյանց ծանուցելու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա հինգ (5) տարի և այնուհետ կերկարաձգվի ևս հինգ (5) տարով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին չի ծանուցի այն չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին յուրաքանչյուր ժամանակահատվածի ավարտից առնվազն վեց (6) ամիս առաջ:

 

Կատարված է Աբու Դաբի քաղաքում, 2007 թվականի դեկտեմբերի 12-ին, երկու հավասարազոր բնօրինակներով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն: Տարաձայնությունների դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2009 թ. հուլիսի 13-ին:

 

 

pin
''
12.12.2007
Միջազգային պայմանագիր