Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և ՈՒկրաինայի գլխավոր դատախազությունը, այսուհետ` Կողմեր,

 

- կարևորելով հանցավորության դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը.

 

- հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա,

 

- ելնելով քրեաիրավական ոլորտի այն միջազգային պայմանագրերի դրույթներից, որոնց մասնակիցն են հանդիսանում Կողմերը,

 

- ձգտելով բարձրացնել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու բնագավառում համագործակցության արդյունավետությունը,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերն իրենց ընձեռնված լիազորությունների սահմաններում կիրականացնեն փոխհամագործակցություն` սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են Կողմերի պետությունները:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերն իրենց իրավասության սահմաններում պարտավորվում են մյուս Կողմի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ ցուցաբերել փոխադարձ օգնություն և համագործակցել հետևյալ հարցերով`

- դատախազական-քննչական գործունեության նյութերի փոխանակում,

 

- նյութերի տրամադրում, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար,

 

- հանցագործությունների և դրանք կատարողների մասին տեղեկությունների, ինչպես նաև հանցավորության վիճակի և միտումների վերաբերյալ տվյալների տրամադրում,

 

- գործող ազգային օրենսդրության, հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության համակարգման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

 

- դատախազական-քննչական կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, նրանց գիտական, մեթոդական և տեղեկատվական ապահովում,

 

- այլ ձևերով, որոնք չեն հակասում նրանց պետությունների ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերի դրույթներին, որոնց մասնակիցներն են հանդիսանում այդ պետությունները:

 

Հոդված 3

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար Կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են անմիջականորեն, եթե միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներ են հանդիսանում Կողմերը, այլ կարգ նախատեսված չէ:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձ հաղորդակցությունների ժամանակ Կողմերն օգտագործում են իրենց պետական լեզուն` պարտադիր ռուսերեն թարգմանությամբ, կամ ռուսերենը:

 

Հոդված 5

 

Համաձայնագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ խնդրանքները և օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցումները կազմվում են գրավոր, ստորագրվում են իրավասու անձի կողմից և ամրագրվում հայցող Կողմի զինանշանային կնիքով:

Անհետաձգելի դեպքերում խնդրանքները և հարցումները կարող են ուղարկվել ֆաքսիմիլային կապի ուղիներով կամ էլեկտրոնային փոստով դրանց հետագա գրավոր հաստատմամբ:

 

Հոդված 6

 

Կողմերը կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի աջակցեն իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միմյանց հարցումների կատարմանը` հնարավոր սեղմ ժամկետներում և ամբողջ ծավալով:

Այլ իրավասու մարմինների կողմից հարցումների կատարման դեպքում Կողմերից յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկի դրանց արագ և բազմակողմանի կատարումը կազմակերպելու համար:

Իրավական օգնության վերաբերյալ հարցում ուղարկելու ժամանակ հայցող Կողմը, անհրաժեշտության դեպքում, կարող է մատնանշել այն ժամկետը, որի ավարտից առաջ անհրաժեշտ է ստանալ կատարված հարցման նյութերը, իսկ հայցվող Կողմը միջոցներ է ձեռնարկում հարցման կատարման համար` հաշվի առնելով սահմանված ժամկետը:

 

Հոդված 7

 

Սահմանված ժամկետում հարցումը կատարելու անհնարինության դեպքում հայցվող Կողմն այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմին:

Եթե հարցման կատարումը կապված է մեծ թվով քննչական գործողությունների կատարման և զգալի ծավալով փաստաթղթերի ստացման հետ, ապա հայցվող Կողմը հայցող Կողմին է ուղարկում մասնակիորեն կատարված հարցման փաստաթղթերը և նյութերը դրանք ստանալուց անմիջապես հետո:

 

Հոդված 8

 

Իրավական օգնության վերաբերյալ հարցումները պատրաստելիս Կողմերը միջոցներ են ձեռնարկում այն անձանց անկետային տվյալների, փաստացի բնակության վայրի մասին տվյալների իսկության ստուգման ուղղությամբ, որոնց հետ անհրաժեշտ է կատարել հայցվող դատավարական գործողությունները, և ապահովում են հայցվող դատավարական գործողությունների ցանկի և բովանդակության հստակ շարադրումը:

 

Հոդված 9

 

Եթե հայցող Կողմը հարցեր ունի իրավական օգնության մասին հարցման կազմման վերաբերյալ, ապա մինչև ստորագրված հարցումն ուղարկելը կարող է այդ փաստաթղթի նախագիծը ֆաքսիմիլային կապի ուղիներով կամ էլեկտրոնային փոստով ուղարկել հայցվող Կողմին` դրա ուսումնասիրման և շտկման համար:

 

Հոդված 10

 

Հայցող Կողմը հարցմանը կից գրության վրա նշում է քրեական գործի համարը, ինչպես նաև գրանցման համարը, որին այդ հարցման վերաբերյալ հետագա գրագրության ժամանակ պետք է հղում կատարվի:

 

Հոդված 11

 

Իրավական օգնության վերաբերյալ հարցման կատարումն ընդունելիս հայցվող Կողմը ֆաքսիմիլային կապի ուղիներով կամ էլեկտրոնային փոստով տեղեկացնում է հայցող Կողմին հարցումը ստանալու ամսաթվի, կատարման համար հարցումը փոխանցելու ամսաթվի և այն մարմնի մասին, որին հանձնարարվել է հարցման կատարումը (անհրաժեշտության դեպքում` կապի մեջ մտնող անձի տվյալների մասին):

Այդպիսի հաղորդագրության մեջ պարտադիր պետք է նշված լինի հայցող Կողմի գրանցման համարը և հայցվող Կողմի գրանցման համարը:

 

Հոդված 12

 

Կողմերն իրենց իրավասությունների սահմաններում աջակցություն կցուցաբերեն իրենց պետությունների իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ժամանմանը իրենց վարույթում գտնվող քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցումներով քննչական գործողությունների կատարմանը մասնակցելու համար:

Համագործակցության գործող պրակտիկայի համաձայն` քննչական գործողություններին մասնակցելու նպատակով ուղևորությունների հետ կապված ծախսերն իր վրա է վերցնում գործուղող Կողմը:

 

Հոդված 13

 

Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով, հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում դրա 15-րդ հոդվածով նախատեսված կարգով:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր հարցերը Կողմերը լուծում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով` հարգանքի և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու ոլորտում գործնական որոշումներ փնտրելու Կողմերի ձգտումով, ինչպես նաև սույն Համաձայնագրին բնորոշ գործընկերության ոգով:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը կդադարի դրա գործողության դադարեցման մասին ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից 30 օր հետո:

Կատարված է Կիև քաղաքում 2008 թ. նոյեմբերի 13-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելություն կունենա ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009 թ-ի հուլիսի 8-ին:

 

 

pin
''
13.11.2008
Միջազգային պայմանագիր