Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ...

 

 

040.0624.121098

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հոկտեմբերի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հոկտեմբերի 1998 թվական թիվ 624

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 և 26 հոդվածներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1998

թվականի հոկտեմբերի 12-ի

թիվ 624 որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներն ու իրականացման կարգը:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասությունների սահմաններում:

(2-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

3. Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացնում են համապատասխան մարզպետները` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով սահմանված իրավասությունների սահմաններում:

(3-րդ կետը փոփ. 21.05.09 թիվ 569-Ն որոշում)

4. Սույն կարգի դրույթները տարածվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` քաղաքաշինական գործունեության օբյեկտների և սուբյեկտների վրա:

 

II. Քաղաքաշինական գործունեության պետական

վերահսկողության խնդիրները

 

5. Պետական վերահսկողության են ենթակա քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերը` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների իրականացում, կենսագործունեության միջավայրի ծրագրով փաստաթղթերի մասին իրազեկում, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և նախագծման տեխնիկական պայմանների տրամադրում կառուցապատողներին, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցում, փորձաքննություն ու հաստատում, շինարարության (քանդման) թույլտվություն, շինարարության իրականացում, հեղինակային ու որակի տեխնիկական հսկողություն, շինարարության ավարտական ակտի ձևակերպում, շենքերի ու շինությունների շահագործում:

6. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողության խնդիրներն են`

ա) քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի պահանջների կատարման ապահովումը.

գ) աշխատանքներ իրականացնող սուբյեկտների կողմից քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման ապահովումը.

դ) բնակավայրերի և այլ գործառական տարածքների հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինության նպատակով օգտագործումը.

ե) շենքերի և շինությունների շինարարության (քանդման) և շահագործման ընթացքում բնակչության ու շրջակա միջավայրի անվտանգության ապահովումը.

զ) ինքնակամ շինարարության (քանդման) կանխարգելումն ու կասեցումը, դրա հետևանքների սահմանված կարգով վերացումը:

7. Քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական, պլանային, ընթացիկ և ըստ անհրաժեշտության ստուգումների միջոցով:

 

III. Տեսչական ստուգումների իրականացման կարգը

 

8. Տեսչական ստուգումներն անցկացվում են քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից մարզպետի աշխատակազմում, մարզային ենթակայության ձեռնարկություններում ու կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 19-ի «Հանրապետական գործադիր մարմինների կողմից մարզպետարանների համապատասխան բաժինների, մարզային ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության տեսչական ստուգումների մասին» 257 որոշմամբ հաստատված կարգով:

(8-րդ կետը փոփ. 21.05.09 թիվ 569-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)

9. Տեսչական ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա:

(9-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

10. Տեսչական ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ համապատասխան մարզպետին հաղորդում ներկայացնելու վերաբերյալ առաջարկությամբ.

գ) քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակել վարչական տույժեր.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

(10-րդ կետը փոփ. 21.05.09 թիվ 569-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)

 

IV. Պլանային ստուգումների իրականացման կարգը

 

11. Պլանային ստուգումներն անցկացվում են մարզպետների որոշմամբ ստեղծված հանձնաժողովների կողմից քաղաքաշինության բնագավառում համայնքների ղեկավարների գործունեությունը վերահսկելու նպատակով:

(11-րդ կետը փոփ. 21.05.09 թիվ 569-Ն որոշում)

12. Պլանային ստուգումները անցկացվում են յուրաքանչյուր համայնքում` տարեկան մեկ անգամ` մարզպետի կողմից հաստատված ժամկետացանկին և ստուգման առաջադրանքին համապատասխան:

13. Պլանային ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան երկու օր: Լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտություն առաջանալիս` ստուգումների ժամկետը մարզպետի որոշմամբ կարող են երկարաձգվել ևս երկու օրով` դրա մասին տեղեկացնելով համապատասխան համայնքի ղեկավարին:

14. Պլանային ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն և ներկայացվում մարզպետին, որի հիման վրա մարզպետը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) դիմել համապատասխան համայնքի ղեկավարին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց` իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ առաջարկությամբ.

գ) դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ վարչական տույժեր նշանակելու վերաբերյալ առաջարկությամբ.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով.

զ) համայնքների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները գանգատարկել դատարանում:

(14-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

15. Պլանային ստուգման արդյունքում կազմված արձանագրության պատճենը 7-օրյա ժամկետում տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին:

(15-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

 

V. Ընթացիկ ստուգումների իրականացման կարգը

 

16. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են շինարարության օբյեկտներում` աշխատանքներ իրականացնող լիցենզավորված սուբյեկտների գործունեությունը վերահսկելու, իրականացնող շինարարության որակը, քաղաքաշինական փաստաթղթերի, իրավական ակտերի և նորմատիվ-տեխնիկական պահանջներին դրա համապատասխանությունն ապահովելու նպատակով:

17. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի` ստուգումներն իրականացնելու հրամանին կամ հանձնարարագրին համապատասխան:

(17-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

18. Ընթացիկ ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն (խախտումների հայտնաբերման դեպքում), որում նշվում և ամրագրվում են ստուգվող օբյեկտի հասցեն ու բնույթը, շինարարության (քանդման) թույլտվություն տվող իրավասու մարմինը, շինարարություն, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտները, համապատասխան լիցենզիաների առկայությունը և դրանց համարները, շինարարության վարման ընդհանուր մատյանի առկայությունը և գրանցումների համապատասխանությունը գործող կարգին, փորձարկումների, ծածկված ու միջանկյալ աշխատանքների ընդունման ակտերի առկայությունն ու լիարժեքությունը, շինարարական -մոնտաժային աշխատանքներում հայտնաբերված քաղաքաշինական նորմերի (կանոնների, ստանդարտներ) խախտումներն ու դրանց համար պատասխանատու անձինք:

19. Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվող ցուցումները, որպես հավելված, կցվում են արձանագրությանը:

20. Արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը 10-օրյա ժամկետում որոշում է`

ա) արձանագրությունն ընդունել ի գիտություն.

բ) քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված` աշխատանքներ իրականացնող սուբյեկտների նկատմամբ նշանակել վարչական տույժեր` իր իրավասության սահմաններում.

գ) դիմել քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմին` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված` աշխատանքներ իրականացնող սուբյեկտների համապատասխան լիցենզիաների գործողության կասեցման կամ դրանք ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ առաջարկությամբ.

դ) հաղորդում ներկայացնել իրավասու մարմիններ` քաղաքաշինության բնագավառում իրավախախտում թույլ տված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար.

ե) պարտադիր կատարման համար տալ հրահանգ կամ ցուցում` քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով:

(20-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

21. Ընթացիկ ստուգումների արդյունքում կայացված որոշման պատճենը 7-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):

(21-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

 

VI. Ըստ անհրաժեշտության ստուգումների իրականացման կարգը

 

22. Ըստ անհրաժեշտության ստուգումների անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի և մարզպետների կողմից:

(22-րդ կետը փոփ. 21.05.09 թիվ 569-Ն, 10.12.2020 թիվ 2010-Ն որոշումներ)

23. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կարող է ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել`

ա) մարզպետարաններում` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս.

բ) տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան մարզպետարաններում տեսչական ստուգման ընթացքում անհրաժեշտություն առաջանալիս (փաստաթղթերի համադրում, ընդունված որոշումների կատարման վերահսկողություն և այլն).

գ) կառուցվող ու շահագործվող շենքերում ու շինություններում` վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների, հասարակական կազմակերպությունների, հեղինակային ու տեխնիկական հսկողություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության լիցենզավորման իրավասու մարմնի, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հաղորդումների (դիմումների հիման վրա):

(23-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

24. Մարզպետները կարող են ըստ անհրաժեշտության ստուգումներ անցկացնել տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև` քաղաքացիների դիմում -բողոքների հիման վրա:

25. Ըստ անհրաժեշտության ստուգումները չեն կարող դուրս գալ ստուգման պատճառ հանդիսացող խնդրին առնչվող հարցերի շրջանակներից:

26. Ըստ անհրաժեշտության ստուգումները կարող են տևել ոչ ավելի, քան մեկ օր:

Վթարային և մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությանն սպառնացող իրավիճակներում ստուգումները կարող են շարունակվել մինչև վթարի կամ վտանգի վերացումը:

27. Ըստ անհրաժեշտության ստուգման արդյունքում կազմվում է արձանագրություն, որում նշվում են ստուգման հիմքերն ու ժամանակը, ստուգվող օբյեկտը (սուբյեկտը), ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), բացահայտված խախտումների պատճառներն ու դրանց համար պատասխանատու անձինք:

28. Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որոնցից երկրորդ օրինակը տրվում է ստուգվող սուբյեկտին (ստուգվող օբյեկտի պատասխանատու անձին), իսկ երրորդը` համապատասխան մարզպետին:

(28-րդ կետը փոփ. 21.05.09 թիվ 569-Ն որոշում)

29. Ըստ անհրաժեշտության ստուգման արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը կարող է ընդունել որոշում` սույն կարգի համապատասխանաբար 10-րդ և 20-րդ կետերին, իսկ մարզպետը սույն կարգի 14-րդ կետին համապատասխան:

(29-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

30. Սույն կարգով նախատեսված արձանագրությունների, ստուգման առաջադրանքների և պարտադիր կատարման համար տրվող ցուցումների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի ղեկավարը:

(30-րդ կետը փոփ. 10.12.2020 թիվ 2010-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.10.1998
N 624
Որոշում